
Չենգիլլիի եկեղեցին գտնւում է Կարսի Քաղըզման (Կաղզուան, «Ակունք»-ի խմբ.) գաւառի կազմում գտնուող Չենգիլլի գիւղում: Այս գիւղն իր անունը ստացել է եկեղեցու զանգից: Գիւղացիներն իրենց մէջ գիւղն անուանում են Չեհնի, Չենգլի, Չանգլը: Եկեղեցի կարելի է գնալ Կարս-Քաղզըման ճանապարհի 15-րդ քմ-ից դէպի հիւսիս-արեւմուտք 30 քմ առաջ ընթանալով: Եկեղեցին գտնւում է Չենգիլլի գիւղում` բարձր բլրի վրայ: Գիւղը ծովի մակարդակից 1900 մ բարձրութեան վրայ է:
Պատմական Ակնարկ
Յայտնի է, որ վրանաձեւ շատ գեղեցիկ այս եկեղեցին, որը յիշատակւում է «Չենգլի/Չանգլը» անուամբ, կառուցուել է Ժ.-ԺԱ. դարերու Բագրատունիների օրօք: Եկեղեցում երկու վրացերէն արձանագրութիւն կայ, որոնցից մէկը արեւմտեան ճակատին է` թուագրուած 1362 թ.: Յիշատակում է հին Լենա Մորի վայրը: Միւս արձանագրութիւնը հարաւային քիւի տակ է: Գրուած է հիմնադրողների անունը` Մոլա Զիպիատա եւ Ռուբէն: Այս արձանագրութիւնները կառոյցի հիմնադրման յստակ թուականը չեն նշում: Եկեղեցու մանրակերտը վերցուած է Ժ. դարում մեծ եկեղեցիներում յաճախակի նախընտրութիւն տրուող «Taoklardsethie-Iberya» ճակտի ձեւից: Իսկ 1791 թ. թուագրուած հայերէն արձանագրութիւնն այսօր գոյութիւն չունի: Մինչ 1918 թ. շրջանը գրաւած ռուսները ու հայերին հետ այն օգտագործել են որպէս եկեղեցի: Ճարտարապետական ժամանակաշրջանը Ժ.-ԺԱ. դար Է:
Նախագիծն Ու Ճարտարապետական
Առանձնայատկութիւնները
Եկեղեցին կառուցուել է ազատ խաչ յատակագծով: 3 մուտք ունի` հարաւային, հիւսիսային եւ արեւմտեան: Վեր է բարձրանում եռաստիճան հիմքի վրայ: Եկեղեցու գլխաւոր մուտքը արեւմուտքից է: Եկեղեցին ունի 20 x 15 մ երկարութիւն եւ 25 մ բարձրութիւն: Նաւը ծածկուած է բարձր օղաձեւ գմբէթով, որը փակ խաչի հիւսիսային եւ հարաւային թեւերը հաւասարաչափ է ծածկում, իսկ արեւմտեան թեւը փոքր ինչ երկար է: Եկեղեցին կոնաձեւ վրան է յիշեցնում:
Արեւելեան ճակատը 3 կլոր կամարից է կազմուած: Միջին կամարի ներսում նեղ եւ երկար որմնանցք է բացուած: Արեւմտեան ճակատից բացւում է եկեղեցու հիմնական մուտքը, որը կլոր կամարով է սկսում: Հարաւային եւ հիւսիսային ճակատներին մէկական նոյնանման մուտքեր կան, իսկ վերին հատուածում` 3 որմնանցք: Քանի որ եկեղեցին ճարտարապետական տեսանկիւնից ներսից դէպի դուրս փակ կառոյց ունի, եկեղեցու ներսը մութ է: Նաւը ծածկող գմբէթի օղաձեւ հատուածից բացուած պատուհանները լուսաւորում են հիմնական ծիսակարգի հրապարակը:
Զարդաքանդակների Առանձնայատկութիւնները
Կառոյցի ներքին հատուածում խորանի խցի վերին հատուածում նկատելի է համադիր ծառերի տերեւների եւ խաղողի որթը ուտող օձի քանդակ: Այս հատուածի վրայ նաեւ քանդակուած են Մարիամ Աստուածածնի եւ որդու` Յիսուսի պատկերները: Այս հատուածում քանդակուած է նաեւ քառատերեւ երեքնուկ: Շինութեան քանդակների մեծ մասը այսօր չի պահպանուել: Զարդանախշերի տեսանկիւնից այնքան էլ հարուստ չէ: Իսկ դրսի ճակատը բաւականին պարզ է զարդանախշերի տեսանկիւնից:
Շինանիւթ Եւ Թեքնիք
Պատերը կառուցուած են 1 մ հաստութեամբ սրբատաշ պազալթէ քարից: Գմբէթի, որն ամբողջութեամբ կոնաձեւ չէ, եւ խաչի թեւերի վերին մասը աղիւսապատ է:
Քաղուած է Սայիտ Քիւչիքի եւ Կիւնիւր Քարաաղաճի գրքից:
«Սիասալպիքերիմ» կայքէջ
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»

