«Ակօս»
Փրոֆեսէօր Սելիմ Տերինկիլը խօսեց Օսմանեան կայսրութեան կրօնափոխութեան գործընթացների
եւ 1894-96 թթ. կոտորածների մասին, որոնց ժամանակ բազմաթիւ հայեր ստիպուած էին իսլամ ընդունել:
Պատմաբան Էրոլ Քեթենճիի գտած եւ երեք շաբաթ առաջ «Ակօս» թերթում հրապարակած համշենցիների (թուրքերէն գրականութեան մէջ օգտագործւում է հեմշինցի եզրը եւ Հեմշին տեղանունը: Յօդուածում թարգմանիչը կիրառում է համապատասխան հայերէն եզրն ու տեղանունը` համշէնցի, Համշէն, իսկ Արեւմտեան Հայաստանի համար` Անատոլիա եզրը, «Ակունք»-ի խմբ.) վերաբերեալ փաստաթղթերը մէկ անգամ եւս ցոյց տուեցին, որ օսմանեան ժամանակաշրջանը Անատոլիայում կրօնափոխութեան է յանգեցրել: «Կրօնափոխութիւնն ու ուրացողութիւնը Օսմանեան կայսրութեան ուշ շրջանում» գրքի հեղինակ փրոֆեսէօր Սելիմ Տերինկիլի հետ խօսեցինք համշէնցիների, Օսմանեան կայսրութեան կրօնափոխութեան գործընթացների եւ 1894-96 թթ. կոտորածների մասին, երբ բազմաթիւ հայեր ստիպուած էին իսլամ ընդունել:
Համշէնցիները համարւո՞ւմ են իսլամացուած հայեր:
Եր՞բ է սկսուել համշէնցիների կրօնափոխութեան գործընթացը:
«Մուսուլման հայ» եզրը խնդրայարոյց հասկացողութիւն է: Հայերի` իսլամ ընդունելուց եւ իսլամանալուց յետոյ հայ մնալու հարցը յաճախակի քննարկման առարկայ է դառնում: Քանի որ «ծպտեալ հայերի», այսինքն` դրսի համար մուսուլման, իսկ տանը քրիստոնէական կենցաղը շարունակող հայերի գոյութիւնը յաճախ է օրակարգ բարձրանում, այս հարցն էլ աւելի կարեւորութիւն է ստանում: Թէեւ շատ յստակ տեղեկութիւն չունենք, սակայն ԺԸ. դարի վերջին Համշէնի, Տրապիզոնի եւ Քարատերէի շրջանում բնակուող հայերը բռնի իսլամացւում են: Կրկին յստակ տեղեկութիւններ չկան, թէ այս բռնի կրօնափոխութիւններն ինչո՛ւ են եղել, սակայն այդ շրջանը ԺԸ. դարում գնալով աւելի զգայուն է դառնում եւ կարեւորութիւն ձեռք բերում, քանզի գիտենք, որ Ռուսական կայսրութեան, յատկապէս կայսրուհի Եկատերինայի օրօք այդ շրջանի վերաբերեալ լուրջ նպատակներ են եղել: Օսմանեան կայսրութիւնն էլ այդ շրջանում վստահելի բնակչութիւն ստեղծելու համար փորձում էր այն դարձնել արգիլեալ գօտի: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նպատակադրուած էր այնտեղի բնակչութեանն իսլամացնել: Միեւնոյն ժամանակ փորձում էր արգիլեալ գօտի ստեղծել նաեւ Պուլկարիայում: Ահա այսպէս են ի յայտ գալիս հայերէն խօսող մուսուլման մարդիկ, որոնց մենք հետագայում համշէնցի ենք անուանում: Չգիտենք, թէ այդ մարդիկ «ծպտեալ հայե՞ր» էին, թէ՞ ոչ: Այժմ իրենց որպէս համշէնցի բնորոշող մարդկանց մեծամասնութիւնը եթէ անգամ չի ընդունում հայկական ինքնութիւնը, վերջին ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ այն աւելի տարածուած ինքնութիւն է, քան` «ծպտեալ հայկականութիւնը» կամ «ծպտեալ քրիստոնէութիւնը»: Սեւ ծովի ափերում ապրում են նաեւ քրոմրիտեսները կամ էլ Ալպանիայում միասին ապրող երկու կրօն դաւանող ժողովուրդներ:
Թանզիմաթեան բարեփոխումներով հաստատուած համեմատական հանգստութիւնն
ինչպիսի՞ ազդեցութիւն է ունենում քրիստոնէական ինքնութեան վրայ:
1856 թ. Հաթթ-ը Շերիֆի հրապարակումից յետոյ Քարատերէում հետաքրքիր դէպք է տեղի ունենում: Այնտեղ զգալի թուով մի խումբ, հռչակուած «կրօնական ազատութիւնից» ոգեւորուելով, դիմում է իրենց աղաներից սուիչմեզօղլուններին` ասելով, թէ` «ուզում ենք վերադառնալ քրիստոնէութեան գիրկը»: Աղան այս խմբին առաջարկում է մի փոքր սպասել, քանի որ պետութեանը չէր կարելի շատ վստահել: Այնուհետեւ մօտ 3 տարի այս խումբը սպասում է: 1859 թ. կրկին յայտնում են իրենց ցանկութեան մասին` այս անգամ դիմելով Պոլիս, որից յետոյ Պոլսից պատուիրակութիւն է գալիս, որն իմանալով` այս մարդկանց թիւը հասնում է գրեթէ 10 հազարի, խիստ զարմանում է: Մինչ պատուիրակութիւնը ուսումնասիրութիւններ էր կատարում, այս անգամ Օֆից է մի խումբ գալիս պատուիրակութեան հետ հանդիպման եւ ասում, որ` «եթէ այս խումբը կրկին քրիստոնեայ դառնայ, մենք էլ ենք դառնալու, քանի որ մեր պապերն էլ են քրիստոնեայ եղել, նրանց իսլամացրել են»: Գիտէք, որ Օֆը յայտնի է իր հոճաներով` որպէս արմատական շրջան: Այդ իսկ պատճառով պատուիրակութիւնն ասում է, թէ` «այս գործը իրենց խելքի բանը չէ», եւ խոստանալով, որ Պոլիսում խորհրդակցելուց յետոյ կը վերադառնայ, հեռանում է, սակայն այլեւս չի վերադառնում, եւ հարցն էլ ինչ-որ կերպ մոռացւում-գնում է: Այստեղից կարելի է եզրակացնել, որ օֆցիները այս պնդումը որպէս շանթաժ են օգտագործում, որպէսզի թոյլ չտան, որ համշէնցիները քրիստոնեայ դառնան:
«Եթէ մէկը կատարի, մնացածներն էլ կը հետեւեն նրա օրինակին»
Օսմանեան կենտրոնական կառավարութիւնն ինչպէ՞ս էր վերաբերւում այս կրօնափոխութիւններին:
Ամենայն հաւանականութեամբ օսմանցիներն արտաքին ուժերի ճնշման տակ են կրօնական ազատութիւն յայտարարում: Եթէ անգամ արտաքին ուժերի ճնշումը չլինէր, օսմանցիներն իրօք բարեփոխումների ցանկութիւն ունէին, սակայն ուզում էին այն կեանքի կոչել` առանց համակարգն ու հասարակութեանն աւելորդ ցնցելու, իր հունով, հետեւաբար մտածում էին, որ գաղտնի քրիստոնեաների բացայայտումը խնդիրների առաջ կը կանգնեցնի, քանի որ եթէ մէկը կատարի, մնացածներն էլ կը հետեւեն նրա օրինակին: Համշէնցիների հետ միասին Աքտաղում իսթաւրիները, Տրապիզոնում քրոմրիտեսները եւ Ալպանիայում փարաթաքսներն են ի յայտ գալիս: Վերջ ի վերջոյ, եթէ անգամ նման բան չլինէր էլ, կարծում էին` այս իրավիճակը լրջօրէն կը վնասի կայսրութեան հեղինակութիւնն ու կազդի բնակչութեան թուի վրայ: Միգուցէ եւ քրիստոնեայ եղածների հարեւանները նրանց ասէին` «իսլամից հրաժարուել էք» ու սպաննէին: Քանի օր օսմանցիները երերուն ժամանակաշրջանում էին, ուզում էին նման ցնցումներից հեռու մնալ:
Իսլամից քրիստոնէութեանը վերադարձածների նկատմամբ հակազդեցութիւն կա՞ր:
Այս հարցը Թուրքիայի պատմաբանների աչքից վրիպել է, սակայն աւելի առաջնային գիծ է մղւում թանզիմաթեան հրովարտակների չափ կարեւորութիւն ունեցող եւս մէկ ֆերման` 1844 թ. սուլթան Ապտիւլ Մեճիտի` գաւառներ ուղարկած հրովարտակը` «Այսուհետ կրօնափոխը կեանքով չի վճարելու»: Այսուհետ, «իսլամից հրաժարուողին պէտք է սպաննել» հրամանն այլեւս կեանքի չի կոչւում, սակայն այս հրովարտակն ուղարկելիս յայտնում է` «Կարիք չկայ այս հրամանը այստեղ-այնտեղ յայտարարել»: Քանզի համարւում է, որ որպէս խալիֆ` իսլամի դրոյթները կեանքի չկոչելն օրինականացնելը մեծ օրինազանցութիւն է: Այս հրամանը Օսմանեան կայսրութիւնում գործունէութիւն ծաւալող միսիոնարների մօտ մուսուլմաններին քրիստոնեայ դարձնելու մեծ յոյսեր է առաջացնում, սակայն մեծ մասամբ ձախողում են: Օսմանեան կայսրութեան պատմութիւնում միսիոնարների ազդեցութեամբ քրիստոնեայ դարձած մուսուլմանների ընդհանուր թիւը չի անցնում հազարը: Այս հարցում ընդհանրապէս ազդեցիկ չեն կարողանում լինել:
Կարելի՞ է ասել, որ թանզիմաթեան բարեփոխումներով կրօնը
որպէս ինքնութիւն առաջին գիծ է մղւում:
Թանզիմաթը այս գործընթացի հետ կապ չունի: Ֆրանսական յեղափոխութիւնից ծագող ազգային զարթօնքն է դրսից Օսմանեան կայսրութիւն թափանցում: Պալքաններում սկիզբ է առնում մի իրադրութիւն, երբ` «իրենց որպէս խումբ առանձնայատուկ են համարում»: Այսինքն լուսաւորութիւնը ազգայնականութիւնը լոյս աշխարհ է բերում որպէս ապօրինի երեխայ: Մի հոսանք, որը խօսում է ողջ ժողովուրդների փրկութիւնից եւ եղբայրութիւնից, իւրաքանչիւր խմբին մեղադրում է միւսից իրեն վեր դասելու մէջ: Սա էլ, բնականաբար, շատ պայթիւնավտանգ միջավայր է ստեղծում: Այդ ժամանակաշրջանում կրօնն այլեւս դադարում է լինել միայն հոգեւոր եւ Աստծոյ ու իր ծառայի միջեւ եղած յարաբերութիւն, այլեւս ձեռք է բերում ազգային ինքնութեան յատկանիշ: Սա ԺԹ. դարի կարեւոր յատկանիշ է: Ազգային ինքնութեան եւ կրօնի միախառնումը ծպտեալ քրիստոնէութեանն ու կրօնափոխութիւններին նոր յատկանիշ են յաւելում: Շատ թոյլ կայսրութեան վերածուած օսմանեան պետութիւնը այս հոսանքից մեծ վնաս է կրում: Այն, որ Անատոլիայում քրիստոնէութիւնը կրկին ի յայտ էր գալիս որպէս ինքնութիւն, խօսում էր այն մասին, որ այս հոսանքը այնտեղ էլ էր վարակ տարածել:
Օսմանեան պետութեան կասկածները
Օսմանցիները հանգիստ բարեփոխումներ անցկացնելու հետ մէկտեղ
այս հոսանքին զանգուածային իսլամացմա՞մբ էին պատասխանում:
Կարող եմ ասել ե՛ւ այո, ե՛ւ ոչ: Հետաքրքիր է, որ թանզիմաթեան շրջանում եւ Ապտիւլ Համիտի օրօք օսմանցիները չէին ցանկանում, որ ոչ ոք իսլամանայ, քանի որ դա էլ կը լինէր հրահրութեան պատճառ: Յատկապէս զանգուածային իսլամացումն էր ընդհանրապէս անցանկալի: 1894-96 թթ. հայերի կոտորածների ընթացքում տեսնում ենք, որ Անատոլիայի հայերն իրենց կեանքը փրկելու համար ցանկանում են զանգուածային իսլամ ընդունել: Այս խնդրանքը պետութեան հաւանութեանը չի արժանանում: Շրջանի հիւպատոսներից եւ միսիոնարներից քաշւում են եւ` մտածում, որ դա կը խախտի հաւասարակշռութիւնը: Ի պատասխան այս խնդրանքների` կենտրոնը հաւանութիւն էր տալիս անհատական իսլամացումներին` մերժելով զանգուածային իսլամացման խնդրանքները: Սվազի, Մալաթիայի, Փոթուրգէի եւ Խարբերդի հայկական գիւղերը խմբակային իսլամ ընդունելու ցանկութիւն են յայտնում: Պոլիսը պատասխանում է, որ սա գործընթաց է եւ լոկ «շահատա»-ն (իսլամական հաւատքի հռչակում) արտասանելով` մուսուլման չեն դառնում: Այս անգամ որոշ գիւղերում հայերին ստիպում են, որ զանգուածաբար թլփատուեն կամ էլ եկեղեցիները մզկիթ դարձնեն, սակայն կրկին պետութիւնը այս խնդրանքների մեծամասնութիւնը մերժում է, քանի որ ինչպէս ցոյց են տալիս փաստաթղթերը, հաւատում են, որ հայերն անկեղծ մուսուլման չեն, հետագայում կրկին վերադառնալու են իրենց կրօնին եւ օսմանեան պետութեան դէմ բողոքելու են օտարներին: Սա էլ վտանգաւոր իրավիճակ էր ստեղծում, քանի որ շրջանի ժողովուրդը գիտէր իրականութիւնը, անորոշութեան մէջ յայտնուած հայերը կրկին դառնում են կոտորածների թիրախ: Այս անորոշութիւնը շարունակւում է մինչեւ 1898 թ.: Մինչեւ որ 1915 թ. ջրերը պղտորւում են: Անգլիայի եւ Ֆրանսայի ճնշմամբ Ապտիւլ Համիտը որքան որ կարողանում է, հեռու է քաշում Համիտիյէ գնդերը:
Մուսուլման դառնալու համար պետութիւնն
ի՞նչ գործընթաց էր պահանջում:
Ես կրօնի մասնագէտ չեմ, սակայն ուսումնասիրել եմ այս հարցը: Սովորաբար, երբ հաւատքով ինքներդ ձեզ համար արտասանում էք «շահատա»-ն, դառնում էք մուսուլման: Որեւէ գործընթաց չկայ, կարիք էլ չկայ, որ սա վկաների ներկայութեամբ արտասանէք, սակայն Օսմանեան կայսրութիւնում իսլամական խմբերը, բնականաբար ցանկանում էին լսել եւ ասել տալ: Այդ ժամանակ մարդիկ կեանքը փրկելու համար կամ էլ տնտեսական նկատառումներից ելնելով` վկայ էին փնտռում, որի ներկայութեամբ արտասանէին «շահատա»-ն: Սովորաբար մարդիկ այդ ժամանակ կնոջ սենեակում եւ երկու վկայի ներկայութեամբ էին մուսուլման դառնում: Թանզիմաթով այս համակարգը շարունակւում է, սակայն աւելի է դիւանակալայնացում: Եթէ անձն ապրում էր աւանում, ապա պէտք էր գայմագամի ներկայութեամբ իսլամ ընդունէր, իսկ եթէ վիլայէթում` վալիի ներկայութեամբ: Որպէսզի ապացուցէին, որ կրօնափոխութիւնը բռնութեամբ չի եղել, պահանջում էին, որ անձի մտերիմներն էլ ներկայ գտնուեն: Անգամ 1844 թ. յետոյ, որպէսզի մտերիմները կրօնափոխ լինել ցանկացողին չմտափոխեն, իրաւունքով էին օժտում: Այս գործընթացին նաեւ դիւանագիտական երես է աւելանում, քանզի ԺԹ. դարում իւրաքանչիւրը շատ հեշտութեամբ կարողանում էր դառնալ մէկ այլ պետութեան քաղաքացի: Եթէ կրօնափոխ լինողը նաեւ մէկ այլ պետութեան քաղաքացի է, ապա պէտք է շրջանի հիւպատոսն էլ ներկայ գտնուէր: Սա ապացուցում էր, որ կրօնափոխութիւնը կամաւոր եւ օրինական է:
Կրօնափոխ եղողներն առաւելապէս երիտասարդնե՞ր էին:
Իմ դիտարկումները ցոյց են տալիս, որ ընդհանրապէս երիտասարդ էին լինում: Պատճառներն ինձ համար էլ են անհասկանալի: Ըստ իս, պատճառներից մէկն այն է, որ այս տարիքային խումբը հասարակութեան մէջ շատ աւելի թոյլ շերտ է: Բնականաբար նրանց թիրախ ընտրելը շատ աւելի հեշտ է: Օրինակ, երեխաներին իսլամացնելով` որպէս ծառայ էին աշխատեցնում: Մուսուլման հովանաւորներն առաջին գիծ են մղւում: Նրանք հովանաւորում էին իսլամ ընդունող աձին, պաշտպանում եւ անգամ ամուսնացնում, սակայն նորից շեշտեմ, որ վերջանականապէս պատճառները սահմանուած չեն: Բայց քանի որ թէ՛ Պալքաններում, թէ՛ Անատոլիայում աւելի շատ երեխաներն ու երիտասարդներն են կրօնափոխուել, գիտենք, որ կենտրոնական կառավարութիւնը գաւառներ հրաման է արձակել: Կենտրոնը չէր ցանկանում, որ ընդունեն երեխաների կրօնափոխութիւնը:
Ողջ մնալու համար
Գիտէ՞ք, թէ քանի՛ հոգի է կրօնափոխուել:
Շատ դժուար է թիւ նշել: 50-200 հազարի չափ թուեր եմ տեսել: Հետեւաբար կարելի է ասել, որ յստակ թիւ չկայ: 1894-96 թթ., երբ կոտորածները հասան իրենց գագաթնակէտին, հիւպատոսները նշում էին, որ Անատոլիայում մօտ 100 հազար մարդ է կրօնափոխ եղել, սակայն սա էլ վստահելի վիճակագրութիւն չէ:
Կարո՞ղ ենք ասել, որ կրօնափոխութիւնը փրկում էր հայերի կեանքը:
Դա էր օգնում: Այդ ժամանակ իսլամացածների մեծ մասը կրկին վերադառնում էր քրիստոնէութեանը: Եկեղեցին էլ էր ընդունում այս մարդկանց: Սակայն գիտենք, որ մի մասն էլ կրկին քրիստոնեայ չէր դառնում: Բնականաբար միակ պատճառը չէր, սակայն կարող ենք ասել, որ այս մարդիկ իսլամ ընդունելու համար էին ողջ մնացել:
Երեք շաբաթ առաջ «Ակօս» թերթում հրապարակած Էրոլ Քեթենճիի` Համշէնի վերաբերեալ յայտնաբերած փաստաթղթերը ցոյց են տալիս, որ «իսլամացումը քրիստոնեաներին միսիոնարների ազդեցութիւնից փրկելու» համար են օգտագործել: Անատոլիայի հայերի համար եւս կարելի՞ է այս թեզը կիրառելի համարել:
Պետութիւնը Համշէնի շրջանում կրօնափոխուածների գրանցումները մէկ առ մէկ, անուն առ անուն պահում է: Նպատակը` «արգելել, որպէսզի միսիոնարների գայթակղութեանը չենթարկուեն»: Դրա համար միւս շրջաններում եւս դպրոց եւ մզկիթ կառուցելու քաղաքականութիւն են մշակում: Սա Ապտիւլ Համիտի դասական քաղաքականութեան անհրաժեշտութիւնից էր բխում:
Ցեղասպանութեան ընթացքում ինչպէ՞ս է
իսլամացման քաղաքականութիւնն իրականցւում:
Այս հարցում մեծ կարեւորութիւն են ձեռք բերում հայ որբերն ու յատկապէս Լիբանանի Այնթուրայի նման պետական որբանոցները: Ինչպէս նշւում է Թաներ Աքչամի «հայերի բռնի իսլամացումը» գրքում, Թալէաթ փաշայի տեղահանութեան մասին որոշումից առաջ մի շրջաբերական է հրապարակուել, որտեղ հրամայւում է «տեղահանութեան ժամանակ որբ մնալու հաւանականութիւն ունեցող երեխաներին տալ պետական որբանոցներին»: Հետեւաբար շատ յստակ կարելի է տեսնել, որ պետութիւնը այս երեխաներին իսլամացնելու քաղաքականութիւն է իրականացնում: Քանզի թէեւ Այնթուրայում մօտ 300 քիւրտ երեխայ էր ապաստանել, այն Ճեմալ փաշայի հրամանով ստեղծուած փորձնական շրջան էր, որտեղ հայ երեխաների նկատմամբ նման քաղաքականութիւն էին կիրառում:
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»