«Արմինիըն Ճենոսայտ 100»
Էմինի ընտանեկան պատմութիւնը բաղկացած է մէկ անցքից. իրենց ընտանիքը 1925թ. Էրզընճանից (Երզնկա) փախել է Քըրշեհիր, որովհետեւ հայերը վառում էին գիւղերն ու կոտորում մարդկանց:
«Իմ ընտանիքը շատ բան չգիտի իր անցեալից, ու ես մեր անցեալի մասին լսել եմ միայն սա, որը հիմնուած է մեծ հօրեղբօրս ասածների վրայ,-«Հետքին» պատմում է Էմինը,- ու ես սկսեցի հօրս հարցեր տալ այդ պատմութեան վերաբերեալ»:
Էմինի հայրը նոյնպէս այս պատմութեան կրողն է, ու քանի որ նրա հայրը մահացել է, երբ վերջինս 6 տարեկան էր, միակ աղբիւրը նրա աւագ եղբայրն է, որ ծնուել է հէնց Էրզընճանում, ու իր խօսքով` փախուստի ժամանակ եղել է մօտ 5-6 տարեկան, երբ հայերը «բարբարոսութիւններ» էին անում: Նրա հօրեղբայրը դեռեւս կենդանի է, սակայն անկողնային հիւանդ է, ու նրա հետ դժուար է հաղորդակցուել:
1915թ. Ցեղասպանութիւն լինելու պարզ պատճառով Էմինին այս պատմութիւնը հաւաստի չի թւում:
«Եթէ նրանք փախել են 1925թ., հարց է առաջանում, թէ ումից էին փախնում, որովհետեւ այդ ժամանակ եթէ անգամ Ցեղասպանութիւնից յետոյ Էրզընճանում հայեր էին մնացել, նրանք չէին կարող գիւղեր վառել կամ մարդկանց սպաննել», ակնյայտ հակասութիւնը փաստում է էմինը:
Էմինի հայրը իր կեանքի ընթացքում մէկ անգամ է գնացել իրենց հարազատ գիւղը, որպէսզի որոշ տեղեկութիւն հաւաքի իր ընտանիքի այլ անդամների մասին, որովհետեւ յայտնի էր, որ փախուստի ժամանակ մեծ ընտանիքն ամբողջութեամբ չի կարողացել տեղափոխուել Քըրշեհիր: Նրա հայրը գիւղում ոչինչ չի հարցրել հայերի մասին, որովհետեւ նրան հետաքրքրում է միայն իր ընտանիքի ճակատագիրը:
«Նրան ոչինչ չի յաջողուել իմանալ, միայն մի ծեր մարդ հօրս ուղեկցել է մի շատրուանի մօտ ու ասել, որ սա իր հայրն է սարքել, բայց մենք ոչինչ չգիտենք այդ մասին», ասում է Էմինը:
Էմինի յաջորդ հարցը վերաբերում է իրենց գիւղի անուանը, որ նա լսել է ամբողջ կեանքում` Բագառիճ:
«Նրանց մտքով երբեւէ չի անցել, որ այդ բառը թուրքերէն չէ,- ժպտում է Էմինը,- Ես հօրս հարց տուեցի, թէ ի՛նչ է նշանակում մեր գիւղի անունը թուրքերէնով, ու նա չկարողացաւ այդ հարցին պատասխանել, յետոյ ես նրան ասացի, որ դա հայերէն է, ու այդ գիւղում հայեր են ապրել»:
Էմին Աքփընարը Սեւան Նշանեանի քարտէզի միջոցով գտել է գիւղն ու անուան մեկնութիւնը, ու յայտնաբերել, որ Բագառիճը հայերէն բառ է, որը նշանակում է Աստծոյ տաճար կամ բնակավայր:
«Ես փաստօրէն յայտնաբերեցի, որ իմ ընտանիքը նախ` չի փախել հայերից, եւ երկրորդ` այդ գիւղի անունը թուրքական չէ, ու երրորդ` այդ գիւղում շատ հայեր են եղել», ասում է Էմինը:
Արեւմտեան Հայաստանում կայ Բագառիճ անունով երկու գիւղ. մէկը գտնւում է Էրզրումի վիլայեթի Դերջան գաւառում, միւսը` Դարանաղի կամ Կամախ գաւառում, որն այժմ կոչւում է Քեմահ: Էմինը Սեւանեանի կայքից վերցնելով հայերէն գրուած Բագառիճ բառը` տարբեր հայկական ֆորումներում ու կայքերում որոշ տեղեկութիւններ է հաւաքել իր գիւղի մասին, որը հասկանալու համար օգտուել է «Կուկըլ»-ի համացանցային թարգմանիչից:
Սկզբնապէս չիմանալով երկու Բագառիճների գոյութեան մասին, Էմինը յայտնաբերել է Սողոմոն Թեհլիրեանին, որ ծնուել է այս գիւղում, սակայն յետոյ հասկացել է, որ Թեհլիրեանը այլ Բագառիճից է:
Ըստ Ռայմոնտ Գէորգեանի «Հայկական Ցեղասպանութիւն» գրքի, Ցեղասպանութեան նախօրէին Դերջանում եղել են 41 հայկական գիւղ` 11690 ընդհանուր հայկական բնակչութեամբ, դրանցից ամենամեծը եղել է հէնց Բագառիճը` 1060 հայկական բնակչութեամբ:
Որոնումների ժամանակ Էմինը հանդիպել է նաեւ Հայաստանի Ազգային արխիւի կողմից հրապարակուած «Հայոց ցեղասպանութիւնը օսմանեան Թուրքիայում. Վերապրածների վկայութիւններէ եռահատոր ժողովածուի թուրքերէն թարգմանութեանն ու այնտեղ գտել որոշ յիշատակութիւններ իրենց գիւղի մասին: Վարդան Աւետիսեան անունով ականատեսը, որ Ցեղասպանութեան ժամանակ եղել է 11 տարեկան, վկայութիւն է թողել, որ պատերազմից առաջ հայերն ու թուրքերը միասին շատ երջանիկ են ապրել:
32-ամեայ Էմինն ասում է, որ նրան չի հետաքրքրում, թէ արդեօք իր պապը հա՞յ է, թո՞ւրք, թէ քուրտ: «Իմ ընտանիքի պատմութիւնը աղօտ է, ու շատ անհասկանալի բաներ կան,- մեկնաբանում է նա,- Իմ ընտանիքում միշտ խօսուել է, որ մենք մաքուր 100 տոկոսով թուրք ենք, բայց ես չեմ սիրում այդպիսի ազգայնական բաներ ու պատասխաններ եմ փնտռում»:
Մինչեւ 20-րդ դարասկիզբը, երբ Եւրոպայում արդէն լայնօրէն տարածում գտած ազգայնականութիւնը` ազգային պետութիւն ստեղծելու մարմաջով, դեռեւս չէր ծաւալուել դէպի Արեւելք, Օսմանեան կայսրութիւնում ապրող մարդիկ համարւում էին օսմանահպատակներ, ու մարդիկ տարբերակւում էին ըստ կրօնական պատկանելութեան` մահմետականներ եւ քրիստոնեաներ: Թուրք եզրոյթը որպէս Թուրքիայի քաղաքացի շրջանառութեան մէջ է դրուել 1923թ. ազգայնական պետութեան հիմնադրումից յետոյ, եւ ժամանակի ընթացքում ամենատարբեր միջոցներով Թուրքիայում ապրող մարդկանց պարտադրուել է թուրքական ինքնութիւն:
Թուրք գրող եւ ընկերաբան Փընար Սելեքը փաստում է, որ թուրքական ինքնութիւնը ստեղծուել է ոչ մահմետականների բնաջնջման հիման վրայ` հայերի ցեղասպանութիւն, յոյների վտարում եւ այլն ու Անատոլիայում` Պալքաններից եւ Կովկասից մահմետական համայնքներ ընդունելու միջոցով, որոնց ասուել է, որ նրանք թուրքեր են. « Երանի նրան, ով իրեն թուրք է կոչում»:
Սակայն այս գործընթացը, որը ժամանակին արդիւնք է տուել, այժմ այլ տեղ է տանում, որովհետեւ Թուրքիայում բազմաթիւ մարդիկ հարցադրումներ ունեն իրենց անցեալի եւ, հետեւաբար, ինքնութեան վերաբերեալ, իսկ որոշ առաջադէմ մարդիկ էլ իրենց թուրք չեն անուանում:
Էմինը մեծացել է մաքուր թուրքական ինքնութեամբ եւ, հետեւաբար, թուրք հասարակութիւնում մեծամասնութիւն համարուող ընտանիքում, որտեղ քարոզուել է թուրք/ճիշդ/արդար լինելու գաղափարախօսութիւնը, սակայն նա համոզուած է, որ հնարաւոր չէ Անատոլիայում լինել 100 տոկոսով թուրք: Նա չի կարողանում հասկանալ, թէ ի՛նչն է նրան դրդում քննել իրենց ընտանիքի անցեալը:
«Հնարաւոր է, որ ես այդ բացայայտմամբ ուզում եմ իմ ընտանիքին ցոյց տալ, թէ նրանք ճիշդ չեն, որովհետեւ նրանք շատ ազգայնական են, ու ես չեմ սիրում ազգայնական բաներ, սակայն ես այդ հարցի պատասխանը չունեմ», ասում է նա:
Միեւնոյն ժամանակ Էմինին այս հարցադրումներին դրդել են իր հայկական արմատներով ընկերների պատմութիւնները, որոնք ընկերական միջավայրում խօսել են իրենց ընտանեկան պատմութիւններից:
«Նրանք մեծանալով` յանկարծակի իմանում են, որ իրենց տատը կամ պապը հայ է, որ իսլամացուել է, ու նրանք ունեն այդ պատմութիւնները, բայց իմ պատմութիւնը շատ տարբեր է նրանցից, որովհետեւ պարզապէս պատմութիւն չկայ», ասում է նա:
Նա առաջ է քաշում յաջորդ հակընդդէմ հարցը. եթէ, օրինակ իր ընտանիքը թուրք է եղել, ի՞նչն է նրանց դրդել փախչելու, որովհետեւ վստահապէս նրանք չէին կարող հայերից փախչել: Նա ասում է, որ եթէ անգամ իր ընտանիքը չի փախչել, այլ պարզապէս գիւղից տեղափոխուել է քաղաք, ինչը յաճախ պատահում է, ապա դրա հակափաստարկն այն է, որ նման դէպքում մեծ ընտանիքները տեղափոխւում են ամբողջութեամբ, իսկ յայտնի է, որ իրենց ընտանիքը մասնատուած է. նրանք գնացել են տարբեր ուղղութիւններով, ու միմեանց մասին չգիտեն: Մէկ այլ հարց է, թէ ինչո՛ւ են նրանք ընտրել Քըրշեհիրը, որովհետեւ այդ քաղաքը Անգարայի մօտ է եւ Բագառիճից բաւական հեռու, իսկ մարդիկ փախուստի ժամանակ սովորաբար գնում են ամենամօտ անվտանգ տեղը:
«Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես չգիտեմ ու որոնում եմ», ասում է Էմինը:
Էմինն իր բացայայտումները յայտնել է հօրը, որն էլ նրան սկսել է հարցեր տալ: Նրանք երկուսով նախատեսում են ամրանը գնալ Բագառիճ, որպէսզի ուսումնասիրեն իրենց ընտանիքի պատմութիւնը:
«Ես պատրաստւում եմ ճանապարհորդութեան ու մեկնելու եմ իմ լուսանկարչական գործիքով: Ես գիտեմ, որ այնտեղ բազմաթիւ եկեղեցիներ կան, ու պատրաստւում եմ գիւղի բնակիչներից հարցնել, թէ ովքե՛ր են կառուցել այդ եկեղեցիները», ասում է Էմինը: