Հայապատկան Չորս Գաւառները`
Չորիցս Արդարագոյն
Մեր Պահանջները Քրեմլինից
Խ. Միութեան գաղութային կայսերապետութեան ենթակայ 15 «հանրապետութիւններից» ամէնից փոքրը արդի Հայաստանն է:
Նա ներկայիս ունի 30.000 քառ. քիլոմեթր տարածութիւն: Մօտ 15.000 քառ. քիլոմեթր պակաս` Հանրապետական Հայաստանից, որի տարածութիւնը հաւասար էր 45.000 քառ. քիլոմեթրի, երբ հայ ժողովրդի գլխին դեռ իջած չէին մահիկի եւ մուրճի համակարգուած հարուածները:
1965 թուականի սկզբին, ըստ «Սովետական Հայաստան» պաշտօնաթերթի տուեալներին, Հայաստանի բնակչութեան թիւը կազմել է երկու միլիոն 200.000 շունչ: Այս հաշուով ներկայիս իւրաքանչիւր քառ. քիլոմեթրի վրայ ապրում է 73 մարդ: Մինչդեռ, ըստ 1959 թ. յունուարի մարդահամարի, Հայաստանի բնակչութեան թիւը հասել էր 1.767.825-ի, մէկ քառ. քիլոմեթրի վրայ մօտ 60 մարդ, այսօրուան 73 հոգու դիմաց:
Դարձեալ Անդրկովկասի երեք «ռեսպուբլիկաների» մէջ ամէնից քիչ հողային տարածութիւն ունի ներկայ Հայաստանը: Սակայն բնակչութեան խտութեամբ առաջինը կը հանդիսանայ Հայաստանը` Վրաստանի եւ Ազրպէյճանի հետ համեմատած:
Հայաստանի բնակչութեան աճի վերի համեմատութիւնները անառարկելիօրէն հայ ժողովրդի կենսունակութեան ցայտուն ապացոյցներից են հանդիսանում: Նշանակում է նաեւ` քաղաքական խաղաղ պայմաններն էլ ազդակ են ծառայում նշուած աճմանը:
Յոյժ մխիթարական եւ յուսադրիչ իրողութեանց դիմաց, սակայն, Հայկական Հանրապետութիւնը սահմանների արդար ընդարձակում չունեցաւ: Ինչպէս վերեւում յիշեցինք, տարածութիւնը մնաց 30.000 քառ. քիլոմեթր, մինչ բնակչութիւնը հասաւ 2.200.000-ի:
Հակասական սոյն իրողութիւնը ամէն հայ քաղաքացու մղում է խորհրդածելու բուն արգելառիթ ազդակի մասին, որ ուղղակի հետեւանքն է խորհրդային կայսերապետութեան վարած անուղիղ, անարդար քաղաքական վարքագծին` Անդրկովկասում: Այդ պատճառով մօտ կէս դարի մօտեցող մի ժամանակաշրջանում քարացած մնաց Հայաստանի ներքին սահմանների իրաւական արդարագոյն սրբագրութիւնը:
Աչքառու իրադարձութիւններից մէկն էլ այն է, որ Անդրկովկասի ժողովուրդներից վրացիք եւ ազրպէյճանցիք գրեթէ «սփիւռք» չունեն. ո՛չ դրսի` արտասահմանեան երկրներում եւ ո՛չ էլ խորհրդային կայսրութեան սահմաններում: Վրացիք եւ ազրպէյճանցիք զուրկ են այդ ներքին ցաւից: Նրանք 95 տոկոսով համախմբուած բնակւում են իրենց հողամասերում:
Պարագան նոյնը չէ հայերիս համար:
Մենք ունենք գաղթաշխարհի մէջ «սփիւռք», ուր ապրում են շուրջ մէկ միլիոն երկու հարիւր հազար հայեր: Թերեւս` աւելին էլ:
Սրանից բացի, ունենք «ներքին սփիւռք»-ը, որ տարտղնուած է Խ. Միութեան տարածքներու վրայ. Մոսկուայում, Խրիմում, Ուքրանիայում, Հիւսիսային Կովկասում, Աստրախանում, միջին Թուրքմենստանում, Վրաստանում, Ազրպէյճանում: Ըստ «Խորհրդային Մեծ Հանրագիտարան»-ի, նոյն վայրերում ապրում են 1.200.000 հայեր: Սրանք համարեա հոգեկան, ազգային, մշակութային կապ չունեն մայր հայրենիքի հետ: Առանձին ձգուած, ենթակայ են տիրող ներքին պայմաններին եւ ուծացման ու ապասերման: Ակներեւ, բայց ցաւալի իրականութիւն է սա:
Միանգամայն «ներքին սփիւռքի» ներկայ յոյժ անմխիթարական պատկերը հասկնալի ընծայելու համար շատ սեղմ գծերի մէջ յիշատակենք նախախորհրդային շրջանի պատկերը:
Նախախորհրդային շրջանին այնքան տարածուն չէր հայկական սփիւռքը` համեմատած ներկայի հետ: Հայ գաղութները Թիֆլիսում եւ Պաքւում հայկական մթնոլորտում էին ապրում եւ իբրեւ հայ ստեղծագործում: Գործում էին «Ներսիսեան» միջնակարգ վարժարանը` տղայոց եւ «Յովնանեան»-ը աղջկանց համար: Թիֆլիսում ու Պաքւում ուռճանում էին հայ միտքը, մամուլն ու պարբերականները, ինչպէս, օրինակ, «Մշակ», «Նոր Դար», «Լումայ», «Աղբիւր», «Տարազ», «Արձագանգ», «Ազգագրական Հանդէս», «Գործ», «Գուտենբերգի» հրատարակչականը, «Արտիստիկականի» թատերասրահը: Զանազան հայկական առեւտրական տներ: Վրաստանի եւ Իմրեթի թեմը, իր առաջնորդարանով, 20-ի հասնող եկեղեցիներով, Ս. Սարգսի վանքը եւ այլն, միայն Թիֆլիսի մէջ: Սոյն թուումների վրայ աւելացնենք Շուշի քաղաքի թեմական դպրանոցը: Հիւսիսային Կովկասում Ս. Խաչ մենաստանը եւ Նախիջեւանի Հայոց Թեմական դպրոցը: Մոսկուայի պատմական «Լազարեան» ճեմարանը, Հայ օգնութեան եւ բարեսիրական ընկերութիւնները: Հնամենի «Հիւսիսափայլը» եւ «Արաքս» կիսամեայ պարբերականը Փեթրոկրատում եւ Մոսկուայում էին հրատարակուել:
Այս բոլորի դիմաց այսօր կայ մի անյոյս, մի սպաննիչ դատարկութիւն միայն, ուր գոսանում են «խորհր. սփիւռքի» հայ բեկորները, որոնք տակաւ առ տակաւ լուծւում են խորհրդային ջրերի մէջ… Հայաստան կամ Երեւան անճրկած կը մնան…
Արդ, եթէ ամփոփենք հայ ժողովրդի քանակի շուրջ եղած փաստերը, կը տեսնենք, որ ներկայ Հայաստանի մէջ ապրում է 2.000.000 մարդ (որի 90 տոկոսը հայեր են), 1.200.000 խորհրդային «ներքին սփիւռքում» եւ 1.200.000 արտասահմանում: Համագումարը կազմում է 4 միլիոն 600.000 հոգի:
Այսպէս, ուրեմն, թուով, Մեծ եղեռնից մէկ յիսնամեակ անց, հայ ազգը դարմանել է իր մարդկային կորուստները` մօտենալով Ա. Համաշխարհային պատերազմի նախօրէին 5.000.000 հաշուող թուին:
Թուական սոյն դարմանումի հետ զգալապէս բարձր մակարդակի է հասել որակական արժէքը` ի դէմս գրականութեան, գիտութեան, արուեստների եւ այլ ճիւղերի ասպարէզներում, շատ շատ հայերի վայելած համաշխարհային հռչակ իրենց բեղուն վաստակներով` միջազգային չափանիշով:
Միւս կէտը, դա Հայաստանի սահմանների լայնացման արդարագոյն իրաւունքներին կը վերաբերի:
Յիսնամեակի տօնակատարումով, ի յիշատակ մէկուկէս միլիոն զոհերի, հանգամանօրէն նշուեց թէ՛ հայկական արտասահմանում եւ թէ՛ Հայաստանի մէջ, որ հայկական բռնագրաւուած նահանգների խնդիրը միանգամայն անժամանցելի է: Պահանջատէր կը մնայ թուապէս եւ որակապէս զօրացած ազգը: Առանց դասակարգի եւ յարանուանութեանց խտրութեան:
Սրանից բացի, հայ ժողովուրդը, թէ՛ երկրում եւ թէ՛ արտահայաստանում, ունի եւ անժամանցելի է համարում ներկայ Հայաստանի սահմանային սրբագրման պահանջը, քանի որ մեր ժողովրդի կամքին հակառակ` չորս գաւառները կը մնան Վրաստանի եւ Ազրպէյճանի միացուած:
Ձայն բարձրացնելով ամբողջապէս հայապատկան գաւառների անունից` Հայաստանի վերադարձուելու են նրա պատմական չորս գաւառները.
Ա.- Ախալքալաքը, որն ունի 2400 քառ. քմ տարածութիւն, 130.000 բնակիչ, 75 առ հարիւր` հայ:
Բ.- Լեռնային Ղարաբաղը` 6400 քառ. քմ տարածութիւն, 170.000 բնակիչ, 95 առ հարիւր հայ:
Գ.- Լեռնային Գանձակը` 5000 քառ. քմ տարածութիւն, 85.000 բնակիչ, 88 առ հարիւր հայ:
Դ.- Հին Նախիջեւան` 5400 քառ. քմ տարածութիւն, 1921 ռուս եւ թուրք դաշնագրով անջատուելով Հայաստանից` Ազրպէյճանին յանձնուած է «Նախկրայ» անունով: Հայ բնակչութիւնը ցիրուցան է եղել:
Հ. ԿՈՍՈՅԵԱՆ