ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Երկու դարի արանքում, երկու քարի արանքում,
Յոգնել եմ նոր ընկերի ու հին ցարի արանքում:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ
Այս տարուայ ապրիլն ուրիշ էր: Հուժկու էր ամէն ինչ, նոյնիսկ` ապրիլքսանչորսեան անձրեւը: Կարծես բոլորը, խօսքները մէկ արած, հարուածում էին: Եթէ հանդիսավարից կամ որեւէ միջոցառման կազմակերպչից լսում ես, թէ սպասւում են անակնկալներ, եւ պատրաստւում ես դրանց, այս դէպքում, առանց սպասելու, առանց յուշարարութեան, առանց նախնական պայմանաւորուածութեան, անակնկալներն այնքան յաճախակի էին եւ անսպասելի, որ չէինք հասցնում մէկի ազդեցութիւնից դուրս գալ, յայտնւում էինք միւսի ներքոյ: Մինչեւ ապրիլի 24-ն արդէն երակում արիւնը եռում էր, եւ այդ եռը օրըստօրէ նոր որակ էր ստանում` կանգնեցնելով մեզ նոր իրավիճակի առաջ: 2015-ի գարնան երկրորդ ամիսը յաւակնում էր դառնալ շրջադարձային` մեր իղձերի, երազների, պահանջների առումով, եւ արժանի նախորդողը` յաղթանակների մայիսին: Հարիւր տարի անց ապրիլը, հայութեան համար վերածուելով ապրելու ապրիլի, դադարեց ողբի ամիս լինելուց: Եւ դա դարձաւ ամենամեծ անակնկալը: Սա` որպէս նախաբան:
Ես լրագրող եմ: Ես պարտաւոր եմ լրագրողի մասնագիտական աչքով դիտարկել, գնահատել իրադարձութիւնները, նկատել բացթողումները, սխալները եւ բարձրաձայնել դրանց մասին: Կարգն է այդպիսին: Սակայն այսօր, հակառակուելով իմ համոզմունքին, ստիպուած եմ արձանագրել, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի կողմից նախատեսուած ձեռնարկների ողջ փաթեթը իրականացուեց անթերի: Սա թերեւս ամենամեծ անակնկալն էր, որովհետեւ անկախութեան 25 տարիների ընթացքում չէր եղել համապետական մի միջոցառում, որի համար ստեղծուած պետական բազում յանձնաժողովները խնդրին մօտենային այսպիսի սրտացաւութեամբ, պատրաստակամութեամբ, դեղատան կշիռքի ճշգրտութեամբ:
Թուրքիայի հիմնական մտավախութիւնը` «հայկական ցունամին», ստացուեց: Այն մեզ տեղափոխեց քաղաքական նոր իրավիճակ եւ պարտադրում է հետեւողական լինել ու չընկրկել հիւսիսհարաւեան քամիների ազդեցութիւնից: Սա, իրօք, նոր եւ պարտաւորեցնող իրավիճակ է, որին տէր կանգնելու համար ահռելի ջանքեր է անհրաժեշտ ներդնել: Ունե՞նք այդ կամքը, կարողութիւնը:
Գաղտնիք չէ, որ ցանկութիւն ունենալը դեռ գործի սկիզբն է, իսկ կամքն ու կարողութիւնը` գործն աւարտական հանգրուանին հասցնելու հիմնական պայմանը: Ակնյայտ է, որ առանց ազգային միասնութեան առկայութեան հնարաւոր չէ հասնել յաղթանակի: Բայց այս դէպքում մեր միասնութիւնն ամրագրուեց նաեւ համաշխարհային հանրութեան աջակցութեամբ: Աշխարհն արթնացաւ թմբիրից` հայկական հարցը դարձնելով համայն մարդկութեան արժանապատուութեան հարցը: Բազմաթիւ հայկական գաղթօճախներում տեղի ունեցած բազմահազարանոց ցոյցերը դրա վառ ապացոյցն են: Բայց այդ ցոյցերը նուազ արժէք կ՛ունենային, եթէ դրանց թիկունքում կանգնած չլինէր Հայաստան պետութիւնը: Միայն մէկ համեմատական փաստ, որ ներկայ իրավիճակի լաւագոյն ցուցիչն է: Վերջին անգամ Միացեալ Նահանգներում նման բազմահազարանոց ցոյց տեղի էր ունեցել 1963-ին` Մարթին Լութեր Քինկի կազմակերպած` «Դէպի Ուաշինկթըն երթը»` սեւամորթներին քաղաքացիական իրաւունքներ շնորհելու պահանջով: Հարկ չկայ յիշեցնել Մարթին Լութեր Քինկի սկսած շարժման յաղթական աւարտի մասին, բոլորին է յայտնի: Այդպէս է` չկայ յաղթանակ, եթէ չկայ պայքար: Մեր պայքարը հանգրուանային է, եւ այն միս ու արիւն ստացաւ 20-րդ դարի սկզբին` 1918թ. մայիս 28-ին` Սարդարապատի ճակատամարտով: Դարեր շարունակ պետականութեան բացակայութիւնը չէր կարող չյանգեցնել աղէտալի հետեւանքների, բայց աղէտից ընդամէնը երեք տարի յետոյ կարողանալ ոտքի կանգնել եւ ստեղծել պետականութիւն, ցանկութիւն եւ անդադար պայքարի կամք ունենալու առկայութիւնն էր: Հարիւրամեակներ յետոյ` 1918 թուականին, մենք յայտնուեցինք քաղաքական իրավիճակում: Սա 20-րդ դարում մեր պայքարի առաջին հանգրուանն էր: Երկրորդը` դարավերջի արցախեան ազատագրական պայքարը, որը եւս աւարտուեց հայութեան յաղթանակով եւ մեզ տեղափոխեց քաղաքական նոր հանգրուան: Երկու դէպքում էլ յաղթանակների հիմքում ազգային միասնութիւնն էր, առանց որի` հնարաւոր չէր լինի յաջողութեան ակնկալիք ունենալ:
21-րդ դարը մեզ տեղափոխեց նոր քաղաքական հանգրուան: Այդ նոր հանգրուանում մենք յայտնուեցինք ապրիլի 24-ին եւ` դարձեալ ազգային միասնութեան շնորհիւ: Այս` երրորդ հանգրուանը թէ՛ հայութեան ներուժը անմնացորդ օգտագործելու պարտադրանք է, թէ՛ պարտաւորեցնում է: Յետքայլի կամ յապաղելու, շունչ առնելու ժամանակ չի տրուած: Մեր առջեւ դրուած է «կամ-կամ»-ի տարբերակը. կա՛մ կ՛ապրենք նորովի, կա՛մ կրկին կ՛արժանանանք լուսանցքում յայտնուելու ճակատագրին: Ամէն ինչ պայմանաւորուած է մեզանով: Այն բոլոր դրական լիցքերը, ուղերձները, որ ստացանք աշխարհից, պէտք է ճիշդ օգտագործել: Իսկ ճիշդ եւ թիրախային օգտագործելու միակ պայմանը հզօր, մարտունակ, ժողովրդավարական աշխարհի հետ համաքայլ շարժուող պետութիւն ունենալն է: Պէտք է խոստովանենք, որ այստեղ առայժմ կաղում ենք: Նոր իրավիճակը, որում ինչ-որ առումով նաեւ անակնկալ ենք յայտնուել, պահանջում է եւ պարտաւորեցնում նոր մօտեցումներ: Իսկ դրանց հասնելու համար կայ մէկ մարտավարութեամբ երկու ճանապարհ: Մարտավարութիւնը յեղափոխութիւնն է, ճանապարհները` արիւնոտ եւ անարիւն` թաւշեայ: Առաջինի դէպքում` մեր կարգի երկրի համար դա անընդունելի է եւ կործանարար, երկրորդը` պարտադիր: Այլապէս պետութիւնը կը ցամքի եւ կը վերջանայ տիրող անարդարութիւնների, կաշառակերութեան եւ հիմնականում դրանից բխող արտագաղթի ճիրաններում: Երկրորդի նախաձեռնողն ու իրականացնողները պէտք է լինեն իշխանութիւն-հասարակութիւն դաշինքը: Ո՛չ մէկը, ո՛չ էլ միւսը առանձին-առանձին ի վիճակի չեն դա իրականացնել, բայց մի տարբերութեամբ` հասարակութեան մօտ առկայ` փոփոխութիւնների ահռելի ցանկութիւնը կարող է յանգեցնել ոչ ցանկալի իրավիճակի, որի արդիւնքում առաջին հերթին կը տուժի հէնց հասարակութիւնը, ինչը եւ կը կասեցնի մեր հանգրուանային երթը: Ելքը մէկն է` պէտք լինի յեղափոխութիւն, բայց այն պէտք է լինի մտքի յեղափոխութիւն: Այդ յեղափոխութեան նախաձեռնութիւնն իր ձեռքը պէտք է վերցնի իշխանութիւնը: Այստեղ, ի հարկէ, վիճակը բարդանում է, բայց իշխանութեան ամենավերնախաւը պէտք է ունենայ այդ կամքը եւ առաջին հերթին պարտադրի իր ենթականերին` հրաժարուել քծնանքից, օտարամոլութիւնից, զզուանքի աստիճանի հասած կեղծաւորութիւնից, քաղքենիութիւնից: Նոր Հայաստանը եկել է, եւ այն պէտք չէ հերթական անգամ անտեսուի միայն նրա համար, որ մենք պատրաստ չենք: Ժողովուրդը պատրաստ է… Հերթը քաղաքական առաջնորդներինն է:
Չէի ուզենայ` այս ամէնը մնար անարդիւնք եւ, մեզանից խռոված, հեռանար պատմութեան գիրկը:
Ապրիլքսանչորսեան «ցունամին» մեզ հպարտութիւն բերեց: Այսօր շատերն են հպարտ: Ես, օրինակ, հպարտ եմ, որ 100 տարի յետոյ մենք պետականութիւն ունենք, Արցախով միացեալ Հայաստան ունենք, բանակ ունենք, առիւծասիրտ տղերք ունենք, որ այս պահին կանգնած են երկրի սահմաններին: Մտահոգ եմ, բայց նաեւ հպարտ` բանակ ճանապարհելու երկու զաւակ ունեմ: Կ՛ուզէի այսույետ ամէն օր արթնանալ այսօրուայ Հայաստանում: Ոչ թէ երէկուայ, այլ` այսօրուայ: Մենք աշխարհին էլ ապացուցելու բան չունենք, մենք մեզ պէտք է ապացուցենք, որ կարող ենք, որ ի վիճակի ենք կառուցել բնական երկիր, ընկերային արդարութեան երկիր, քաղաքացուն յարգող, իշխանութիւն ընտրող օրէնքի երկիր:
Մսխել այս ամբողջը եւ ճիշդ չօգտագործել հնարաւորութիւնները` ամենասոսկալի յանցագործութիւնը կարող է լինել արդէն 21-րդ դարում:
Յօդուածը գրուած է մայիսին։ Առաջին անգամ կը հրատարակուի «Ազդակ»-ով։