Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայերի Ունեզրկման Գործընթացը 1915-1923 Թթ. (Ա. Մաս)

Յունիս 24, 2015
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐԵՆ ՊԵՏՈՒՆՑ

Առաջաբան

Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականութեան մէջ Հայկական հարցը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթութիւններից մէկը: Նման պայմաններում շատ կարեւոր է ուսումնասիրել պատմութիւնը, ինչպէս նաեւ` աշխուժօրէն հետեւել այժմեան  Թուրքիայի Հանրապետութեան վարած քաղաքականութեանը: Հարկաւոր է լաւ սերտել պատմութեան դասերը եւ Հայկական հարցի լուծման գործընթացը կառուցել ձեռք բերուած փորձի եւ գիտելիքների հիման վրայ: Հայկական հարցի լուծման պարունակում շատ կարեւոր է հայ ժողովրդին թուրքերի կողմից հասցուած նիւթական վնասի փոխհատուցումը, ուստի պէտք է մեծ ուշադրութիւն դարձնել հարցի այս կողմին եւս:

Յօդուածիս նպատակն է փաստերի հիման վրայ կառուցել 1915-1923 թուականներին թուրքերի կողմից հայերի ունեզրկման գործընթացի առարկայական պատկերը: Մեծ եղեռնի հարիւրամեակի պարունակում 1915-1923 թուականներին Օսմանեան կայսրութիւնում հայերի  ունեզրկման գործընթացի ուսումնասիրութիւնը ունի ոչ միայն գիտաճանաչողական, այլեւ արդիական-քաղաքական կարեւոր նշանակութիւն: Պատմական այս փուլում կարեւոր է Հայոց պահանջատիրութեան նիւթական եւ ֆինանսական կողմի ամփոփումն ու ամբողջացումը: Նման ողբերգական անցեալի պարագայում, որը կապում է հայ եւ թուրք ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան յարաբերութիւնների քաղաքակիրթ եղանակով հանգուցալուծումը ենթադրում է Թուրքիայի Հանրապետութեան կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչում, հայերին պատճառած բարոյական վնասի փոխհատուցում, հայերի ունեցուածքի վերադարձ` զոհերի ժառանգներին: Այս երեք կէտերը անբաժանելի եւ խիստ փոխկապակցուած են, եւ թէկուզ սրանցից մէկի բացակայութեան կամ թերի բաւարարման պարագայում հարցի լուծումը չի կարող լինել ամբողջական եւ վերջնական:

Պատմական անհերքելի ճշմարտութիւն է, որ թուրքերի կողմից ծրագրուած եւ իրականացուած հայասպանութեան քաղաքականութեան մէջ, ի թիւս այլ գործօնների (պետական քաղաքականութիւն, կրօնական ատելութիւն) մեծ ազդակ էր հանդիսանում տնտեսական գործօնը` հայերի հարստութեանը տիրելու թուրքական ձգտումը: Հպատակ քրիստոնեայ ժողովուրդներին կողոպտելը բնորոշ էր օսմանեան հասարակութեանը առհասարակ, եւ այս հանգամանքը նպաստել է հայերի կոտորածների սանձազերծմանը: Երիտթուրքական կուսակցութեան պարագլուխները իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի ունեզրկումը կազմակերպելուն ուղղուած քայլերն ու եղանակները: Ա. Համաշխարհային պատերազմից առաջ Օսմանեան կայսրութիւնը սնանկութեան էր մատնուած եւ կքած էր արտաքին ահռելի պարտքի տակ: Ա. Աշխարհամարտի նախօրէին Օսմանեան կայսրութեան արտաքին պարտքը հասնում էր 64 միլիոն սթերլինի, իսկ պատերազմի մէջ մտնելուց յետոյ դրան գումարուեցին նաեւ պատերազմական մեծագումար ծախսերը: 1912-1913 թուականների Պալքանեան պատերազմներից յետոյ այս ամէնին գումարուել էր նաեւ թուրք գաղթականների բնակեցման հարցը:

Տեղահանուած հայերի տները թուրք վտարանդիներին յանձնելը համարւում էր հարցի լուծում: Օսմանեան վերնախաւը որոշեց տիրանալ հայ ժողովրդի ունեցուածքին եւ ի հաշիւ դրա վճարել արտաքին պարտքը, հոգալ պատերազմական ծախսերը եւ օթեւան տալ թուրք գաղթականութեանը: Այսպիսով հայ ազգաբնակչութեանը գոյութեան միջոցներից նպատակաուղղուած զրկելու խնդրով սկսեց զբաղուել թուրքական պետութիւնը: Այս գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ էր հայերի ունեցուածքը դարձնել տիրազուրկ: 1915 թուականի յունիսի 1-ին երիտթուրքական իշխանութիւնները հրապարակեցին կառավարութեան կողմից 1915 թուականի մայիսին 30-ին հաստատուած «Տեղահանութեան օրէնքը»:  «Տեղահանութեան օրէնքի»  հրապարակումից յետոյ, յունիսի 10-ին հրապարակուեց «Այլ վայրեր տեղափոխուած հայերին պատկանող անշարժ գոյքերի եւ հողատարածքների կառավարման ձեւի մասին» կանոնադրութիւնը, ինչը ցուցումներ էր պարունակում «պատերազմի եւ քաղաքական արտակարգ պայմանների իբրեւ հետեւանք տեղահանուած հայերի անշարժ եւ շարժական գոյքի» հետ վարուելու վերաբերեալ: «Տեղահանութեան» ժամանակաւոր օրէնքը չնայած կառավարութեան կողմից հաստատուելուն, խորհրդարանի կողմից չէր ընդունուել, ինչը սահմանադրութեան 36-րդ յօդուածի խախտում էր: Ըստ թուրքական պաշտօնական պատմագրութեան վարկածի, խորհրդարանը համաձայնել է միայն 1915 թուականի սեպտեմբերի 15-ին: 1915 թուականի սեպտեմբերի 26-ին իշխանութիւնները ընդունեցին «լուծարման» կամ «Լքեալ գոյքերի մասին» 11 յօդուածից կազմուած  օրէնքը, որի նպատակն էր իրաւական հիմք տալ մինչ այդ պահը տեղահանուած հայերի` հեռագրերի, հրամանագրերի միջոցով կազմակերպուած գոյքի կողոպուտի գործողութիւններին: Այսինքն հայերի գոյքերի կողոպուտից, վաճառքից եւ բաժանումից յետոյ էր միայն օրէնքով սահմանւում եւ հեռագրերով քաղաքներին ու գիւղերին հրահանգւում կատարել հայերի լքեալ գոյքերի ցուցակագրումը եւ դրանց ապահովութեան կազմակերպումը: Հարկ է նշել, որ այս օրէնքը նոյնպէս կիրարկուեց սահմանադրութեան 36-րդ յօդուածի խախտմամբ` առանց խորհրդարանի քննարկման: 1915 թուականի սեպտեմբերի 15-ի օրէնքի 8-րդ յօդուածի եւ 1915 թուականի հոկտեմբերի 26-ին իշխանութիւնների կողմից ընդունուած կանոնադրութեամբ նախատեսւում էր ստեղծել լուծարման կամ լքեալ գոյքերի յանձնաժողովներ` իրենց յանձնախմբերով, որոնք պէտք է զբաղուէին այլ վայրեր տեղափոխուած անձանց լքեալ գոյքերի, պարտքերի եւ պահանջների օտարմամբ: «Լքեալ գոյքերի մասին» օրէնքի եւ կանոնադրութեան առաջնային նպատակն էր զսպել զանգուածային թալանը եւ լցնել պետական գանձարանը, պետական պաշտօնեաների միջոցով ցուցակագրել եւ վերջնականապէս իւրացնել հայերի ունեցուածքը` տները, հողերը, շէնքերը, արտերը, դպրոցները, վարժարանները, եկեղեցիներն ու վանքերը: Այս օրէնքին ու կանոնադրութեանը յաջորդեցին կառավարութեան կողմից առաքուած բազմաթիւ հեռագրեր, հրահանգներ, կարգադրութիւններ, շրջաբերականներ, որոնց կատարումը սկսուել էր դեռ պատերազմի նախօրեակին: Դրանցով կենտրոնական իշխանութիւնները տեղական իշխանութիւններին հրահանգում էին թոյլ չտալ հայերին գոյքերի վաճառքը, տեղահանուողներին իրաւունք էր տրուել իրենց հետ վերցնել միայն մէկ կամ մի քանի օրուայ սնունդ եւ վերջ: Յատկապէս մեծ հսկողութիւն էր սահմանուել թանկարժէք իրերի եւ զարդերի վրայ, որոնց տանելը խստիւ արգելուած էր: Այսպիսով, հայերի կոտորածները ուղեկցուեցին անշարժ եւ շարժական գոյքի կողոպուտով, անհատական եւ հաւաքական ունեցուածքի իւրացմամբ, ինչը ծրագրուած էր պետութեան կողմից: Հարուստ կողոպուտի հեռանկարը համախոհների մեծ բանակ եւ ժողովրդական լայն զանգուածների համախմբեց Երիտթուրքական իշխանութիւնների շուրջ: Ըստ գերմանացի պետական եւ քաղաքական գործիչ  Շտրեզմանի, 1916 թուականի յունուարի 26-ին կայացած հանդիպման ժամանակ Օսմանեան կայսրութեան ռազմական նախարար Էնուէրը իրեն յայտնել է, որ արդէն մէկուկէս միլիոն հայեր սպաննուած են, որից մօտ մէկ միլիոնի ունեցուածքը բռնագրաւուած է:  Ա. Աշխարհամարտից յետոյ` 1918 թուականի հոկտեմբերի 30-ին,  Լեմնոս կղզու Մուտրոս նաւահանգստում Թուրքիայի` որպէս պարտութիւն կրած կողմ եւ Դաշնակից պետութիւնների միջեւ կնքուեց զինադադարի պայմանագիր:  Ըստ Մուտրոսի զինադադարի առանձին կէտերի, ազգային փոքրամասնութիւններին, որոնք պատերազմի շրջանում տեղահանուել էին կայսրութեան տարբեր շրջաններ, իրաւունք էր տրւում վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը: Օսմանեան խորհրդարանի 1918 թուականի նոյեմբերի 4-ի նիստը «Լքեալ գոյքերի մասին» օրէնքը չճանաչեց սահմանադրութիւնից դուրս եւ իրաւական առումով անվաւեր: Դրա հետ մէկտեղ կառավարութեան նոյեմբերի 1-ի հրամանագրով նախատեսւում էր հայերից բռնագրաւուած հողերի եւ գոյքերի վերադարձը իրենց օրինական տէրերին նրանց վերադարձի եւ պահանջ ներկայացնելու դէպքում: Հակառակ այս հրամանագրի թուրքական իշխանութիւնների կողմից ընդունւում էին յաւելեալ օրէնքներ եւ կարգադրութիւններ, որոնց կիրարկումը անհնար էր դարձնում հայերի ունեցուածքի վերադարձը:

Օրինակ` ներքին գործոց նախարարութիւնը Թալէաթ փաշայի գլխաւորութեամբ վերոյիշեալ հրամանագրին կցել էր մի կարգադրութիւն, ըստ որի, տարագիրներին իրենց ունեցուածքը եւ կալուածքները անմիջապէս կարող էին վերադարձուել, եթէ նրանք անձնապէս ներկայանային, իսկ այն դէպքերում, երբ տէրը սպաննուած էր կամ մահացած` կալուածները եւ ունեցուածքը չէր կարող վերադարձուել նրա ո՛չ մերձաւոր, ո՛չ հեռաւոր ազգականներին: Վերոնշեալ կարգադրութեանը յաջորդած ներքին գործերի նախարարութեան մէկ այլ կարգադրութեան համաձայն էլ մահացածների ժառանգները, իրենց ազգականի մահուան մասին վկայական ներկայացնելով, կարող էին ստանալ իրենց ժառանգութիւնը: Իշխանութիւնները քաջ գիտակցում էին, որ հայերը չեն կարող ձեռք բերել տարագրութեան ճանապարհին մահացած իրենց հարազատների մահուան վկայականները եւ տէր դառնալ իրենց ունեցուածքին: Այսպէս, այս կանոնադրութիւնները երկրով մէկ սահմանափակում էին հայերի ժառանգական իրաւունքները:

Արեւմտեան Հայաստանի եւ կայսրութեան տարբեր շրջանների հայ ազգաբնակչութեան մեծ մասն այս շրջանում արդէն բնաջնջուած էր, իսկ տարագրութիւնից վերադարձած սակաւաթիւ խմբերը վախենում էին հանդէս գալ իրենց ունեցուածքի վերադարձման պահանջով` մտածելով, որ դա կարող է գրգռիչ ազդեցութիւն ունենալ, եւ իրենք աւելի մեծ վնաս կրեն: Հակառակ հայերի բռնագրաւուած գոյքը վերադարձնելու եւ հատուցման հարցը լուծելու թուրքական իշխանութիւնների խոստումների` շարունակւում էին զինադադարից յետոյ իրենց տները վերադարձող հայերի հալածանքները, ֆիզիքական բնաջնջման սպառնալիքը եւ կողոպուտը: 1919 թուականի օգոստոսին թուրքական «Վաքըթ»  թերթի գլխաւոր խմբագրի հետ զրոյցի ժամանակ Կ. Պոլսոյ Հայոց պատրիարք Զաւէն Տէր Եղիայեանը տեղեկացրել է, որ հայ տարագիրների կալուածքները եւ գոյքերը շարունակւում են բռնագրաւուել ու վաճառուել, եւ հայերը չեն կարողանում ետ ստանալ իրենց ունեցուածքը: Կառավարութիւնը ստեղծել էր յատուկ յանձնաժողովներ, որոնք զբաղւում էին հայերի ունեցուածքի վաճառքով, որն իրականացւում էր ամենացածր գներով, ինչը սովորաբար լինում է տիրոջ բնական մահից յետոյ, բայց այն    տարբերութեամբ սոսկ, որ ստացուած գումարները յանձնւում էին ոչ թէ մահացածի ժառանգներին, այլ մուտք էին արւում թուրքական կառավարութեան գանձանակ:

1920 թուականի օգոստոսի 10-ին ստորագրուեց Սեւրի հաշտութեան պայմանագիրը, որն անօրինական ճանաչեց 1915 թուականին  օսմանեան   կառավարութեան կողմից  ընդունուած «Լքեալ գոյքերի մասին» օրէնքը: Սեւրի հաշտութեան պայմանագրի 114-րդ յօդուածը վերաբերում էր հայերի լքեալ գոյքերին: Դաշնակից պետութիւնների ճնշման տակ Թուրքիայի սուլթանական կառավարութիւնը 1920 թուականի յունուարի 8-ի որոշմամբ անվաւեր համարեց «Լքեալ գոյքերի մասին» օրէնքի գործադրութիւնը եւ ընդունեց որոշումներ, ըստ որոնց, 1915 թուականի սեպտեմբերի 26-ի օրէնքով եւ 1915 թուականի նոյեմբերի 8-ի կանոնադրութեամբ պէտք էր տեղահանուած անձանց պետական գանձարանի եւ վաքըֆների անուններով արձանագրուած գոյքերը, նախ, անմիջապէս վերադարձնել սեփականատէրերին, ապա նրանց անուններով արձանագրութիւն կատարել, ուղեւորութեան պաշտօնագրով եւ անցագրերով մեկնողների գոյքերը լքեալ չհամարել, ժառանգորդ չունեցողների եւ մահացածների գոյքերի արժէքը յանձնել համայնքի կրօնապետերին` որբերին եւ աղքատներին բաժանելու համար:

Այս որոշման շատ յօդուածներում նշւում էր, որ տեղահանուածների գոյքերը ապասեփականացուած են: Սոյն որոշման հիման վրայ ֆինանսների նախարարութեան լքեալ գոյքերի յանձնաժողովի տնօրէն Շեքիպ պեյի գլխաւորութեամբ կազմուեց նոր յանձնաժողով, որը պէտք էր զբաղուէր հայերի կրած վնասի հատուցման հարցերով: Գաւառներում գործող լքեալ գոյքի յանձնաժողովներին յանձնարարուած էր մանրամասն քննել հայերի ներկայացրած իւրաքանչիւր դիմում, որից յետոյ դրանք եւս մէկ անգամ պէտք էր քննուէին Պոլսում ստեղծուած յանձնաժողովի կողմից, եւ հայերին հատուցում տրուէր: Չնայած այս որոշմանը եւ դաշնակից պետութիւնների ճնշումներին, թուրքական իշխանութիւնները շարունակում էին քայլեր ձեռնարկել` խափանելու հայերի ունեցուածքի վերադարձը: Համաձայն կառավարութեան 1920 թուականի յունուարի 8-ի որոշման, այն գոյքերը, որոնք հայերից բռնագրաւուելուց յետոյ օգտագործուել էին  հասարակական նպատակների համար, չէին վերադարձուելու:

ԱՐԵՆ ՊԵՏՈՒՆՑ,
ԹՈՒՐՔԱԳԷՏ

«Թուրքագիտական Փորթալ»

 

(Շարունակութիւնը` ուրբաթ 26 յունիսի Հայ Դատի էջով)

 

 

Նախորդը

Ցուցահանդէս` «Եղեռն` Եղեռնից Յետոյ»

Յաջորդը

Առ Յայտնութիւնն Գարնանային

RelatedPosts

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի
Հայ Դատ

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Մարտ 12, 2020
Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ.   «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»
Հայ Դատ

Կլոր Սեղան Ֆրանսայի Ազգային Ժողովին Մէջ. «Հայութիւնը Ներկայ Աշխարհաքաղաքական Եւ Ներազգային Մարտահրաւէրներու Դէմ Յանդիման»

Յունուար 23, 2017
Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ
Հայ Դատ

Նիքոլա Սարքոզի Հանդիպում Ունեցաւ Փարիզի Եւ Լիոնի Շրջանի Հայութեան Հետ

Նոյեմբեր 19, 2016

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In