ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ
Հայաստանն ու Ազրպէյճանը լայնածաւալ դիւանագիտական պատերազմ են վարում միջազգային կազմակերպութիւններում. արեւմտեան մամուլն այսպէս բնութագրեց Միացեալ ազգերի կազմակերպութիւնում երկու երկրների միջեւ վերջին շաբաթուայ ընթացքում ծաւալուած պայքարը:
Միջազգային այս կառոյցում Ազրպէյճանը քննարկման է դրել մի փաստաթուղթ, որում մի շարք մեղադրանքներ են ներկայացուած Հայաստանին. հարեւան երկիրը, սովորութեան համաձայն, փորձում է ղարաբաղեան խաղաղ կարգաւորման գործընթացում հերթական անգամ Հայաստանը ներկայացնել որպէս ապակառուցողական դիրքորոշում որդեգրած կողմ, եւ ամենակարեւորը` որոշակիօրէն «թարմացնում» է իրեն հոգեհարազատ` ղարաբաղեան կարգաւորման ներկայ ձեւաչափը փոփոխութեան ենթարկելու թեման:
Ազրպէյճանը հակամարտութեան կարգաւորումը պատկերացնում է ԵԱՀԿ Մինսքի խմբի ձեւաչափից դուրս: Այդ երկրի պաշտօնեաները քանիցս հրապարակաւ արտայայտուել են կարգաւորման իրենց երազած տարբերակների մասին` յընթացս Մինսքի խմբի համանախագահող պետութիւններին մեղադրելով անգործութեան մէջ:
Ազրպէյճանը նման փաստաթուղթ է շրջանառութեան մէջ դրել` ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից 1993թ. ընդունուած բանաձեւերը հերթական անգամ
շահարկելու նպատակով` դրանք մեկնաբանելով ընտրողաբար, իր քիմքին հաճելի ձեւով: Դրա լաւագոյն պատասխանը կարող է լինել ԵԱՀԿ Մինսքի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլատիմիր Քազիմիրովի մեկնաբանութիւնը, որը հնչեց Ստեփանակերտում, հրադադարի հաստատման 20-ամեակի առնչութեամբ նրա ունեցած ելոյթում: Նախկին համանախագահն ասաց, որ Ազրպէյճանի ղեկավարութիւնը դիտաւորեալ խեղաթիւրում է ղարաբաղեան հակամարտութեանն առնչուող փաստերն ու փաստաթղթերը եւ, մասնաւորապէս, շահարկում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից 1993թ. ընդունուած յայտնի 4 բանաձեւերը` մոռանալով, որ հէնց ինքն է հրաժարուել դրանք կատարելուց: Նախկին համանախագահն ուշադրութիւն հրաւիրեց 1994-ի ապրիլի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի յայտարարութեան վրայ, որում նշուած էր, որ կարգաւորման հրամայականը կրակի շուտափոյթ դադարեցումն է, եւ դրանից յետոյ` հրադադարի յուսալի ամրապնդումը: Իսկ այդ յուսալի ամրապնդումը մինչ օրս չկայ, եւ հէնց դա է գլխաւոր խնդիրը, ընդգծել է Վ. Քազիմիրովը: Պաքուն այդքան աշխուժօրէն շրջանառում եւ կեղծում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 4 բանաձեւերը, որպէսզի մենք մոռանանք, թէ ինչ հիմքի վրայ են իրականում կողմերը հասել զինադադարին, եզրակացրել է Քազիմիրովը:
Դառնանք ՄԱԿ-ում ազրպէյճանցիների ներկայացրած փաստաթղթին, որում առկայ է հետեւեալ «տեղեկատուութիւնը». մարտ ամսին հայկական կողմն իբր աւելի քան 1200 անգամ խախտել է հրադադարը հայ-ազրպէյճանական սահմանում եւ Ազրպէյճանի ու ԼՂՀ զինուած ուժերի շփման գծում, եւ այդ ամսուայ ընթացքում վիրաւորուել է 9 եւ զոհուել 4 ազրպէյճանցի: Այդ առթիւ Միացեալ Նահանգներում Հայաստանի փոխդեսպան Հրաչեայ Թաշչեանն արտայայտեց պաշտօնական տեսակէտ` յայտարարելով, որ այն շինծու փաստաթուղթ է եւ հայկական կողմին ուղղուած զրպարտանք: Նա հարկ է համարել տեղեկացնել նաեւ, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչութիւնը գրեթէ ամէն ամիս ծանուցում է ազրպէյճանական կողմի` զինադադարը խախտելու դէպքերի մասին:
Քաղաքական փորձագէտների դիտարկմամբ, ազրպէյճանական այս աշխուժութիւնն, ամենայն հաւանականութեամբ, կը շարունակուի մինչեւ սեպտեմբերի կէսերը` Նիւ Եորքում ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի 70-րդ նստաշրջանի բացումը: Նստաշրջանի շրջանակներում հնարաւոր է, որ կազմակերպուի Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հերթական հանդիպումը:
Նման հնարաւորութիւնն, ինչ խօսք, հայկական կողմը կարող է օգտագործել հակամարտ զօրքերի շփման գծում ազրպէյճանական կողմի վարքագիծը ներկայացնելու նպատակով` միջազգային հանրութեանը մէկ անգամ եւս ի ցոյց դնելու իրականութիւնը, որ ազրպէյճանական կողմը, որպէս կանոն, հրադադարը խախտում է պարբերաբար, ինչը յաճախ ուղեկցւում է խափանարարական-հետախուզական գործողութիւնների ձեռնարկմամբ, որի արդիւնքում լինում են մարդկային կորուստներ երկու կողմից:
Միջազգային այս կառոյցում հանրութեանը մէկ անգամ եւս պէտք է յստակ իրազեկուի, որ Ազրպէյճանը շարունակում է վարել այն նոյն քաղաքականութիւնը, ինչը վարում էր ազրպէյճանա-ղարաբաղեան զինուած հակամարտութեան տարիներին: Պատերազմը դեռեւս չաւարտուած` ՄԱԿ-ը իր բանաձեւերում կոչ է արել դադարեցնել ռազմական գործողութիւնները, ինչին պաշտօնական Պաքուն վերաբերուել է քամահրանքով: Սակայն պատերազմի վերջին փուլում, երբ ազրպէյճանական կողմի պարտութիւնն առաւել քան ակնյայտ էր, պաշտօնական Պաքուն ինքն էր աղերսում ԼՂՀ իշխանութիւններին դադարեցնել կրակը:
Դիտարկուող իրադարձութիւնների ընդհանուր պարունակում պէտք է նկատի ունենալ նաեւ Ազրպէյճանի հասցէով Քրեմլինից հնչած վերջին հաճոյախօսութիւնները եւ ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Լաւրովի յայտարարութիւնն առ այն, որ Ռուսաստանը ղարաբաղեան հակամարտութեան կողմերի միջեւ համաձայնութիւն ձեռք բերելուն նպաստելը համարում է իր արտաքին քաղաքականութեան առաջնայնութիւններից մէկը: Այս յայտարարութեան արցախեան արձագանգին մենք արդէն իրազեկ ենք: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանի յայտարարութիւնում ընդգծուեց, որ պաշտօնական Ստեփանակերտը խորապէս հաւատացած է, որ Ռուսաստանն իսկապէս ցանկանում է կարգաւորուած տեսնել ղարաբաղեան հակամարտութիւնն այնպէս, ինչպէս ցանկանում են ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող միւս երկրները` Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան: Հէնց այդ կառոյցի շնորհիւ է, որ տարածաշրջանում այսօր պահպանւում է զինադադարը, ասել է վարչութեան պետն ու յաւելել. «Ռուսաստանը, հաշուի առնելով Ուքրանիայում տեղի ունեցող գործընթացները, շահագրգռուած է, որ մեր տարածաշրջանում խաղաղութիւն լինի»:
Պաշտօնական Ստեփանակերտն ասաց իր խօսքը, որը միանգամայն համահունչ էր ԵԱՀԿ-ի դիրքորոշմանը: Վերջինիս մասին անհրաժեշտ համարեց իրազեկել ինքը` այդ կառոյցի նախագահը, Սերպիայի արտաքին գործերի նախարար Իւիցա Տաչիչը, ով տարածաշրջանային այցով յունիսի 1-ին ժամանեց Պաքու, իսկ յունիսի 3-ին արդէն գտնւում էր Երեւանում:
Այն, ինչ ասաց պարոն Տաչիչը, միանգամայն սպասելի էր թէ՛ ազրպէյճանցիների եւ թէ՛ միջազգային հանրութեան համար. ի զուր է պաշտօնական Պաքուն ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորումը մէկ այլ հարթութիւն դուրս բերելու յոյսեր փայփայում: Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Է. Մամետեարովի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահը մէկ անգամ եւս յիշեցրեց, որ հակամարտութեան հանգուցալուծումը հնարաւոր է միայն խաղաղ ճանապարհով, եւ այնուհետեւ իր հաւատն արտայայտեց առ այն, որ Մինսքի խմբի ջանքերով իրենք կը կարողանան հասնել երկարատեւ կարգաւորման:
Յունիսի 3-ին ԵԱՀԿ գործող նախագահը Երեւանում հանդիպում ունեցաւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի հետ: Նա որպէս միջնորդական առաքելութիւն իրականացնող միջազգային կառոյցի ղեկավար, դիւանագիտական բարոյագիտութեան համաձայն, պաշտօնական Պաքուի առաջարկութիւնը հասցրեց Երեւան: Ազրպէյճանն առաջարկում է ընդլայնել Մինսքի խմբի ձեւաչափը, այսինքն` աւելացնել համանախագահների թիւը:
Նկատենք, որ Ազրպէյճանի դիրքորոշումը Հայաստանին փոխանցելուց յետոյ գործող նախագահն անմիջապէս ներկայացրեց իր անձնական տեսակէտը, որով փաստօրէն հակադրուեց ազրպէյճանական կողմին: Նրա խօսքով, Ազրպէյճանի առաջարկը նորութիւն չէ, բայց այն ընդունելու համար համախոհութեամբ կայացուած որոշման կարիք կը լինի, որը պէտք է ընդունուի մասնակից բոլոր երկրների կողմից: Խօսքն ամբողջացնելով` պարոն Տաչիչն ասաց, որ, իր կարծիքով, ԵԱՀԿ Մինսքի խումբը պէտք է շարունակի աշխատել, եւ եթէ որեւէ կողմ գոհ չէ աշխատանքի արդիւնքներից, այնուամենայնիւ, սա միակ ձեւաչափն է, որի շրջանակում տարաբնոյթ բանակցութիւններ են ընթանում, երկխօսութիւն է տեղի ունենում, եւ սա պէտք է պահպանուի:
Ընթացիկ իրադարձութիւնների տրամաբանութիւնը յանգում է նրան. որ նախ` Ազրպէյճանն ինքն է իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացին` խնդիրներ ստեղծելով միջնորդական առաքելութիւն իրականացնող կառոյցի համար: Այդ պատճառով էլ ազրպէյճանական բոլոր «նախաձեռնութիւնները» հակազդեցութեան են արժանանում առաջին հերթին միջնորդների կողմից, քանի որ դրանք կարգաւորման իրական հնարաւորութիւնների հետ ոչ մի ընդհանուր եզր չունեն:
Վերը շարադրուածին յաւելենք մէկ միտք եւս. ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Է. Մամետեարովը յոյս էր յայտնել, որ այդ այցից յետոյ խնդիրը կը շարժուի մեռեալ կէտից: Այս մասով պարոն Տաչիչը նրան չի պատասխանել, ըստ երեւոյթին, առանց խօսքի հասկանալ է տուել, որ ազրպէյճանական կողմն այնքան կը հասունանայ, որ մի օր ղարաբաղեան խնդրի կարգաւորման շուրջ բանակցութիւններում կը պատկերացնի նաեւ ղարաբաղեան կողմի մասնակցութիւնը:
«Ազատ Արցախ»