«Արմ Ուիքլի Նիուզ»
Թուրքական հետախուզութիւնը միայն մէկ փոքրիկ շրջանում 1600 հայ ընտանիք էր յայտնաբերել:
Թուրքիայում իսլամացած հայերի խնդիրը բարդ է այնքանով, որ բազմաթիւ ընտանիքներ իրենց համարում են թուրք կամ քիւրտ, հանգիստ ապրում են առանց ազգային ինքնութեան վերանայման անհրաժեշտութեան` ամենեւին չկասկածելով, որ յոյժ գաղտնի ծրարներում իրենք հայ են համարւում:
Հայկական մամուլի կողմից պատշաճ արձագանգ չգտաւ 2011 թուականի մի իրադարձութիւնը, որը կարող է լուրջ ազդեցութիւն ունենալ Թուրքիայի տարածքում իսլամացած հայերի խնդրի վրայ: Եւ այսօր աւելի քան տեղին է անդրադառնալ այդ իրադարձութեանը:
Յիշեցնենք մի դատավարութիւն:
2011 թուականի սեպտեմբերին Պոլսի 16-րդ ծանր յանցագործութիւնները քննող դատարանում լսուող «ՕՏԱ Թի.Վի.» գործով մեղադրանք էր ներկայացուած լրագրող Սեներ Եալչընին, որ նրան թուրքական զինուած ուժերի եւ թուրքական հետախուզութեան ծառայութեան գաղտնի գործակալ Կաշիֆ Կոզինօղլու կողմից գաղտնի բովանդակութեամբ 17 փաստաթղթեր են յանձնուել: Մեզ հետաքրքրողը ոչ այնքան լրագրողի դատավարութիւնն ու Թուրքիայի պետական գաղտնի փաստաթղթերի հեռուստատեսութեանը յանձնման փաստն է, որքան` ծպտեալ եւ իրենց արմատներին անտեղեակ 1600 հայ ընտանիքների ցուցակը, որը բաղկացած է 84 էջից: Սա նշանակում է, որ թուրքական հետախուզութեան ծառայութիւնը` «ՄԻԹ» երկար տարիներ յատուկ ուսումնասիրութիւն է կատարել Թուրքիայի յատկապէս հարաւ-արեւելեան մարզերում եւ մասնագիտութեանը բնորոշ ջանասիրութեամբ եւ ճշդութեամբ հաշուել է հայ ընտանիքների քանակը:
Սակայն պէտք է փաստել, որ այս տուեալները վերաբերում են միայն Տիգրանակերտի Լիճէ շրջանին: Այսինքն մէկ փոքրիկ շրջանում թուրքական հետախուզական ծառայութիւնը հաշուել է 1600 հայ ընտանիք:
Եթէ հաշուի առնենք, որ Տիգրանակերտի շրջանում կան 14 շրջաններ, ապա մինչ օրս մեր պատկերացումները ծպտեալ եւ իսլամացած հայերի մասին Թուրքիայի տարածքում պէտք է փոփոխութիւնների ենթարկուեն: Լիճէ շրջանը Տիգրանակերտի մարզի ամենափոքր շրջաններից մէկն է: Իսկ ի՞նչ արդիւնքներ կը լինի յայտնաբերած թուրքական հետախուզութիւնը ներկայիս Կուլպ, Չընար, Էրկենի եւ Սիլվան համեմատաբար մեծ շրջաններում: Նոյնիսկ երեւակայել հնարաւոր չէ: