
«Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Եդուարդ Տանձիկեանը յօդուած է գրել` ամփոփելով Թուրքիայի ներկայ կառավարութեան եւ, յատկապէս, վարչապետ Էրտողանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ: Յօդուածը թարգմանաբար ներկայացուած է ստորեւ:
Լաւ դիմադրեցիր: Պրաւօ՛: Միանգամից տուեցիր սփիւռքի եւ Հայաստանի 100 տարի բարձրացրած հարցերի արժանի պատասխանը: Նրանց չթողեցիր աչք թարթեն եւ խօսքը բերանները թողիր: Ոչ մի միլլիմեթր չշեղուեցիր քո գծից, էս մի փորձանքից էլ ազատուեցիր:
Ասացիր` մի ականջից մտնում, միւսից դուրս է գալիս, ասացիր` կարող ենք հայաստանցիներին արտաքսել անել, բայց չենք անում, ասացիր` ինչ խնդիրներ կան` բարձրաձայնէք, տեսնենք, ասացիր` ընդհանուր ցաւ, ասացիր` արդար յիշողութիւն, ասացիր` իմանալով ու ուզենալով չէ, որ Ցեղասպանութիւն ենք արել, ասացիր` տեղահանել ենք, բայց հարցրէք` ինչո՞ւ ենք այդպէս արել, ասացիր` հայերը հարիւր հազարաւոր մուսուլմանների արիւնն են թափել, դրա համար ենք տեղահանել, ասացիր` Պոլսի ամենահարուստ մարդիկ հայերն են:
Հնարաւոր ամէն ինչ ասացիր: Տէ` Տարտանելի միջոցառումներն ապրիլի 24-ին նշելն աւելի վաղ էիր արել: Բայց դա էլ հերիք չէր, վերջում ասացիր նաեւ` «Ապրիլի 24-ին հայերն իրենք իրենց կ՛երգեն ու կը պարեն»:
Միւս կողմից` երկար-բարակ ցաւակցական ուղերձներ ես գրել: Շնորհակալութի՛ւն, լաւ լինես, սակայն այնպիսի ցաւակցական ուղերձ էիր գրել, որ քիչ էր մնացել մենք ներողութիւն խնդրէինք, էդ էլ հերիք չէր, միաժամանակ մեծահոգութիւն ցուցաբերելով` մեզ սովորեցրել ես, թէ ինչպէ՛ս կարող ենք մեր պապերի ու տատերի տառապանքը յիշել:
Ասացիր ` «Այդ օրը շատ աւելի խելամիտ կը լինէր, եթէ Թուրքիան ու Հայաստանը կարողանային միասին յարգել օսմանեան հայերի յիշատակը», ասացիր` «Մենք համոզուած ենք` երբ պատմութիւնն այլեւս չի շահարկւում քաղաքական նպատակների համար, հնարաւոր է հասնել հասուն եւ բարոյապէս առողջ արդիւնքի», սակայն կանգ չառար ու սահմանեցիր, թէ ո՛րն է հասուն ու բարոյական մօտեցումը: Ասացիր` «Ընդհանրացումների միջոցով ամբողջ մեղքը դնել թուրք ազգի վրայ եւ ամէն ինչ հաւասարեցնել մէկ բառի (ցեղասպանութիւն)` այն զուգակցելով ատելութեան քարոզի հետ, խնդրայարոյց է թէ՛ բարոյական, թէ՛ իրաւական առումով»:
Ցաւակցական ուղերձով ամէն ինչ խճճեցիր ու բարդացրիր, չպահեցիր ցաւակցութեան ոճը, կարգն ու կանոնը, միւս կողմից էլ Պոլսի հայոց պատրիարքարանի կազմակերպած պատարագին ներկայացուցիչ ուղարկեցիր, այնտեղ էլ ասացիր` այն, ինչ եղել է, իմն է: Անում ես այն, ինչ միշտ ես արել` խաղարկում ես ձեռքիդ տակ եղած ամէն ինչ:
Ի՞նչ ասենք` պրաւօ՛, յաջողեցիր: Ցեղասպանութեան 100-րդ տարելիցից անվնաս դուրս եկար, շատ էիր, է՜, անհանգստացել: Յայտնի է` այս ու այն կողմից եկող ճնշումների դէմ պայման էիր դրել, որ անարձագանգ էիր թողնելու: Նաեւ չեղան քո սպասած խորը հակազդեցութիւնը եւ սուր քննադատութիւնները Հայաստանից եւ սփիւռքից: Սակայն կրկին անհանգիստ էիր: Անհանգիստ էիր` եթէ բոլորը Հայաստան գնան, ու դու այստեղ մենակ մնաս, ի՞նչ ես անելու: Իսկ եթէ ոեւէ մէկը, Աստուած չանի, ասի այդ բառը, այդ ժամանակ ի՞նչ կը լինի:
Ինչեւէ, մի կողմ եմ թողնում յայտարարութիւնները: Խօսքերն արդէն ասուած են, յետ բերելն անհնար է: Ինձ հետաքրքրում է միայն, թէ ինչի՛ համար էր այդ ամէնը: Ցեղասպանութիւն ասացին` ա՞յդ պատճառով: Եթէ Ցեղասպանութիւն չի եղել, ինչո՞ւ մտար նման հաշուարկուած խելագարութեան մէջ: Ամենակարեւորը` ինչո՞ւ ես այդ չարիքը գործողների ու քո միջեւ այդքան ամուր կապ ստեղծում: Ոչ ոք տեղի ունեցածը չի վերագրում մէկ ազգի, ոչ ոք այն չի վերագրում կրօնին: Փորձում են այդ տարի եւ հետագայում տեղի ունեցածի արդիւնքներին ու հետեւանքներին մէկ անուն տալ: Փորձում են հաշուի նստել ու առերեսուել այդ չարիքի հետ: Խօսում են նաեւ այն մասին, թէ ինչո՛ւ այդ չարիքի պատճառ դարձած մտածողութիւնը մշտապէս քեզնից վանել, սակայն այդ հարցում տէր ես կանգնում դրան: Ի՞նչն է միաւորում քեզ այդ ամէնի հետ:
Այս հաշուարկած խելացնորութիւնը ուզած-չուզած ինձ մտորումների գիրկն է գցում: Լա՛ւ, դու ինքդ գո՞հ ես արդիւնքներից: Գո՞հ ես, որ հայերն այս երկրում ընդամէնը մէկ բուռ են մնացել ու այնքան քիչ են, որ նրանց ներկայացուցիչները ստիպուած քեզ հետ լաւ յարաբերութիւններ են հաստատում: Դժուար է, չէ՞, հակառակը մտածել: Որովհետեւ, եթէ այդ «բանը» տեղի չունենար, այսօր այս երկրում լինելու էին հազարաւոր եկեղեցիներ, հազարաւոր դպրոցներ եւ միլիոնաւոր հայեր: Եթէ այդ «բանը» տեղի չունենար, այդքան գոյք էլ չէր բռնագրաւուի, թուրքական տնտեսութիւնն էլ գուցէ այդքան ազգայնացուած չէր լինի:
Դրա համար շնորհաւորում ենք ձեզ: Լա՛ւ, ես էլ չէի սպասում, որ այս տարի կ՛ընդունէք տեղի ունեցածը, սակայն կարելի էր մի տեղից սկսել ու առաջ ընթանալ: Կարող էինք սկսել խօսել այն մասին, թէ 100 տարի առաջ ի՛նչ է արուել այս հողերում ապրող հայերի հետ, կարող էինք ուսումնասիրել պետութեան կողմից հայերի դէմ թշնամութիւն սերմանելու արմատները, կարող էինք ուղիներ մտածել` ինչպէ՞ս անել, որ արդէն 100 տարի այս երկրում անհանգիստ վիճակում ապրող եւ նոյնիսկ սեփական անունն արտաբերելուց վախեցող հայերը վերջապէս խօսեն: Կարճ ասած` վէրքերը բուժելու կամ միմեանց բուժելու համար կարող էինք ճանապարհներ որոնել:
Չարեցիր: 100-րդ տարում կտրուկ շրջադարձի փոխարէն` նախընտրեցիր ամուր եւ պինդ փարուել պաշտօնական տեսակէտին, նոյնիսկ չհանգստացար այդքանով, դուրս եկար բոլոր սահմաններից, սկսեցիր ծաղրել, շփանալ ու ցոյց տուեցիր չարութեան հազար ու մի օրինակ:
Արդէն լսել էիր, որ Օպաման չի ասելու այդ «բանը»: Քեզ համար լաւ լուր էր: Ինչեւէ, այս անգամ էլ լաւ դիմադրեցիր, պրաւօ՛ քեզ: