ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ
Թուրքիայի Արդուին նահանգի Քեմալփաշա գիւղախմբի համշէնահայ բնակիչ Ռամազան Պալճըօղլուն (47 տարեկան) լրագրող եւ լուսանկարիչ է, նաեւ` Պոլսում 2011 թուականից գործող ՀԱՏԻԿ միութեան ղեկավարներից մէկը: Մեզ հետ զրոյցում Պալճըօղլուն պատմեց ՀԱՏԻԿ-ի հիմնադրման նպատակների եւ գործունէութեան մասին, ինչպէս նաեւ` ներկայացրեց Թուրքիայի իսլամացած համշէնահայերի ինքնութեան վերաբերեալ սեփական պատկերացումները:
«ՀԱՏԻԿ-ը ստեղծման օրուանից նպատակադրուել է պահպանել համշէներէնը եւ համշէնական մշակոյթը: Ինքս եղել եմ այս կազմակերպութեան կանոնադրութիւնը կազմողներից մէկը: ՀԱՏԻԿ միութեան նպատակն է նպաստել համշէնական մշակոյթի պահպանմանն այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսին է, օրինակ, Պոլիսը, քանզի նոր սերունդը հետզհետէ կորցնում է լեզուն եւ մշակոյթը: Տեղեկատուական արհեստագիտութիւնների զարգացման այս դարում համշէներէնն անհետացման վտանգի տակ է, քանի որ համշէնցիներն սկսել են իրարից հեռու ապրել: Լեզուն պահպանել են միայն Խոպայի համշէնցիները, քանի որ նրանք չեն խառնուել, մեկուսացուած են ապրել,-մեզ հետ զրոյցում ասաց համշէնցի լրագրողը եւ շարունակեց,-համշէնցիներն իսլամացուելուց յետոյ սկսել են իւրացնել մահմետական ինքնութիւնը: Խոպայի համշէնցիների 80 տոկոսն իրեն մուսուլման է համարում, իսկ ոչ ուսեալ 20 տոկոսը կրօնը չի կարեւորում: Համշէնցիների մօտ առկայ է Թուրքիային պատկանելու գիտակցութիւն: Նրանցից շատերը կարծում են, թէ համշէնցիների հայկական ծագմանն ուղղուած ուսումնասիրութիւնները կարող են վնասել իրենց: Նրանց հայ լինելն անընդհատ շեշտելը կարող է գրգռել ազգայնամոլական խմբերին»:
Երբ Ռամազան Պալճըօղլուն նշեց` «Թէեւ ասւում է, որ նրանք հայ են, սակայն գիտական ուսումնասիրութիւններ չեն արուել այդ ուղղութեամբ», մենք միջամտեցինք` ընդգծելով, որ բազմաթիւ հայ գիտնականներ են կատարել նման ուսումնասիրութիւններ: Պալճըօղլուն հակադարձեց` ասելով, թէ այդ ուսումնասիրութիւններն արուել են միայն հայերի կողմից, այնինչ անհրաժեշտ է, որ համշէներէնի` հայերէն լեզուից ծագելու մասին դրոյթն ապացուցուի նաեւ թուրք գիտնականների կողմից: Նա, սակայն, բացասական պատասխան տուեց մեր այն հարցին, թէ արդեօք Թուրքիայում կա՞ն այնպիսի որակեալ հայագէտներ, ովքեր կը կարողանան նման ուսումնասիրութիւն կատարել:
«Ես, որպէս Թուրքիայում բնակուող համշէնցի, ուզում եմ, որ պահպանուի Համշէնի մշակոյթը,-խօսքը շարունակեց Պալճըօղլուն:- Այդ նպատակով ենք հիմնել ՀԱՏԻԿ միութիւնը: Սոյն կազմակերպութեան ստեղծման հիմնական դրդապատճառը մեծ քաղաքներում համշէնական մշակոյթի պահպանումն է եւ Ատապազարի պէս` համշենցիներով հոծ բնակեցուած բնակավայրերում նրա մասնաճիւղերի հիմնումը: Ըստ իս, Խոպայում մասնաճիւղ բացելը լաւ գաղափար չէ, քանի որ այստեղ մենք ապրում ենք լազերի եւ վրացիների հետ միասին. Խոպայում մասնաճիւղ ստեղծելը ճիշդ չի լինի միւս բնակիչների վերաբերմամբէ:
Ինչպէս յայտնեց Պալճըօղլուն, Թուրքիայում համշէնցիների երկու խումբ կայ` Խոպայինը եւ Ռիզէինը: Նրա կարծիքով, արեւմտեան կամ Ռիզէի խմբի համշէնցիների 80-90 տոկոսը թուրքացուած է եւ ազգայնամոլ: Արեւմտեան խմբի համշէնցիները բաժանուած են երկու ենթախմբերի` լեռներում ապրողներ եւ ծովափին ապրողներ: Վերջիններս արհամարհանքով են վերաբերւում լեռներում ապրողներին, քանի որ լեռնաբնակների շրջանում պահպանուած մշակութային շատ տարրերի պատճառով ծովափին կամ քաղաքում բնակուողները լեռներում ապրողներին քամահրանքով ասում են` դուք հայ էք: Ըստ նրա, արեւմտեան համշէնցիները մշակութային առումով միախառնուել են թուրքական եւ իսլամական մշակոյթին:
Նրա խօսքով, ՀԱՏԻԿ-ի մէկ այլ նպատակն էլ համշէնցի տարեցներից խաղիկներ ու երգեր գրառելը եւ դրանք «Գոր» ամսագրում հրատարակելն է:
Պալճըօղլուն բացասական պատասխանեց մեր այն հարցին, թէ արդեօք ՀԱՏԻԿ միութիւնը ճնշումների ենթարկուե՞լ է պետական մարմինների կողմից: Աւելի՛ն. նա ընդգծեց, որ նման կազմակերպութիւնների շնորհիւ դիւրին է այս հարցերը պահել կառավարութեան վերահսկողութեան տակ: Նա նաեւ յայտնեց, որ ՀԱՏԻԿ-ը ներկայում 280 անդամ ունի:
Ռամազան Պալճըօղլուն «Ակունք»-ի լրագրողների հետ զրոյցում նաեւ նշեց, թէ մի խումբ համշէնցիներ նոր հաստատութիւն են ստեղծում, որը կը կոչուի Համշէնցիների ծառայութեան հիմնադրամ: Ստեղծուելիք սոյն հիմնադրամի նպատակը կը լինի ֆինանսապէս մեծ կարողութիւն ունեցող համշէնցիների միջոցով տնտեսապէս վատ դրութեան մէջ գտնուող համշէնցի ընտանիքներին, ուսանողներին, ինչպէս նաեւ արտասահմանում բնակուող համշէնցիներին աջակցելը: Հիմնադրամը կ՛ունենայ նաեւ «Լեզուի յանձնաժողով», որի նպատակը կը լինի «բացայայտել» համշէներէնի ծագումը: Կազմակերպիչները մտադիր են այդ նպատակով յանձնաժողովում մասնագէտներ ընդգրկել ինչպէս Թուրքիայից, այնպէս էլ` Հայաստանից եւ արտերկրից:
Մենք կատակեցինք` ասելով, որ այդ յանձնաժողովը նման է Ցեղասպանութեան փաստը կասկածի տակ դնել փորձող թուրքերի` «Պատմաբանների յանձնաժողով» ստեղծելու գաղափարին, քանի որ համշէներէնի` հայոց լեզուի բարբառներից մէկը լինելու փաստը վաղուց է ապացուցուած:
Իսկ մեր այն հարցին, թէ ի՞նչ կը լինի նրանից յետոյ, երբ «Լեզուի յանձնաժողովի» անդամներն ապացուցեն, որ համշէներէնը հայերէն է, Պալճըօղլուն պատասխանեց. «Թուրքիայի Հանրապետութիւնում դժուարին ժամանակներ են ազգային խմբերի համար… Եթէ հիմա նման բան ասուի, քաոս կ՛առաջանայ: Համշէնցիներիս մեծ մասի մէջ թրքութեան պատկանելութիւնն առաջնային է: Կարծում եմ` եթէ ապացուցուի համշէնցիների հայկական ծագումը, մենք առնուազն երկու-երեք խմբի կը բաժանուենք: Բայց եւ այնպէս, կարեւոր է, որ լեզուաբաններն ուսումնասիրեն եւ մի միասնական որոշման յանգեն: Այնուամենայնիւ, կարծում եմ, որ եթէ անգամ ապացուցուի, որ համշէնցիները Հայաստանից են ծագում, որեւէ բան չի փոխուի…»:
Պալճըօղլուն յայտնեց նաեւ, որ գնացել է Քրասնոտար, Սոչի, Աբխազիա եւ հարցազրոյցներ վարել այնտեղի քրիստոնեայ համշէնահայերի հետ` բնականաբար օգտագործելով իր մայրենի լեզուն: Իր այդ այցին անդրադառնալով` նա նշեց.
«200 հազար քրիստոնեայ համշէնցի կայ Աբխազիայում: Նրանց ֆինանսական դրութիւնը լաւ է: Ինձ դուր է գալիս, որ նրանք պահպանել են համշէնական մշակոյթը: Ինձ երջանիկ զգացի, երբ նոյն լեզուով խօսեցինք: Ես անձամբ շատ մօտ եմ զանազան մշակոյթներին. Տարբեր մշակոյթների հետ եմ առնչւում… Եթէ Հայաստանին պատկանեմ, ինձ երջանիկ կը համարեմ, կ՛իմանամ, թէ որտեղից եմ: Սակայն երջանիկ եմ նաեւ, որ Թուրքիայում եմ ապրում: Ես այստեղ ոչ մի խտրականութեան չեմ ենթարկուել, ոչ մի ճնշում չեմ տեսել պետութեան կողմից: Եւ մենք` համշէնցիներս, ամէն բան անում ենք, որ պահպանենք մեր մշակոյթն ու լեզուն: Կրօնի հարցում ես զգայուն չեմ: Լայն աշխարհընկալում ունեմ, չեմ նեղացնում այն. աշխարհը տեսնում եմ մէկ ամբողջութեան մէջ: Կարծում եմ` մարդիկ պէտք է ապրեն առանց լեզուի, կրօնի սահմանափակումների: Ատում եմ օրէնքներն ու սահմանափակումները: Աստծու ստեղծած ամէն մի արարած պէտք է ազատ ապրի այս աշխարհում…է:
Զրոյցի վերջում Ռամազան Պալճըօղլուն յայտնեց, որ իրենք նախատեսում են նաեւ Պոլսում բացել մի իւրօրինակ թանգարան` Համշէնական տուն, որում կը ցուցադրուեն Համշէնի մշակոյթն արտացոլող ցուցանմուշներ:
Խոպա / 17.03.2015 թ.
* Խոպա ուղեւորութիւնը եւ հարցազրոյցն իրականացուել են «Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամի հովանաւորութեամբ:
«Ակունք»