ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ
Հակահայկական քարոզչութիւն իրականացնելիս Ազրպէյճանն ու Թուրքիան, որպէս կանոն, հանդէս են գալիս միասնական ճակատով ու համակարգուած գործողութիւններով, եւ եթէ թուրք բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւններում Հայոց ցեղասպանութեան հարցում միջազգային հանրութեան կարծիքի վրայ ճնշում գործադրելու մարմաջն է, ապա ազրպէյճանական կողմի բարբաջանքների հիմքում ղարաբաղեան հիմնախնդիրն է ու նրա լուծման ազրպէյճանական տեսլականը:
Նկատենք նաեւ, որ եղբայրական պետութիւնների քարոզչական գործերին երբեմն, կամայ թէ ակամայ, մասնակցում է նրանց ընդհանուր դաշնակից Փաքիստանը, որին այս անգամ, չգիտես ինչու, սկսել են անհանգստացնել Արցախի Հանրապետութիւնում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները:
Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 17-ին աշխատանքային այցով Կարս քաղաքում էր: Այնտեղ էլ Հայտար Ալիեւի անուան զբօսայգի կայ, եւ հարկ է լինում երբեմն ծաղկեպսակ դնել «համազգային առաջնորդի» յուշարձանին: Այս այցի նպատակը միայն դա չէր. Կարսում նախատեսուած էր Հայտար Ալիեւի անուան արհեստից վարժարանի բացման արարողութիւն, որի ժամանակ պէտք է ելոյթ ունենար Իլհամ Ալիեւը: Ինչ-ինչ պատճառներով Ազրպէյճանի նախագահի սիրտը նեղուած էր. ասաց, որ ինքը մեծ ցաւ է ապրում, քանի որ` «այսօր Ազրպէյճանի եւ Թուրքիայի դէմ կեղտոտ արշաւ է անցկացւում»: Նրա խօսքով, մի շարք արտասահմանեան շրջանակներ երկու պետութիւնների անցեալն արատաւորելու, զրպարտելու եւ այսօրուայ յաջող զարգացումը ժխտելու արշաւ են անցկացնում: Իսկ դրան, յաւելել է մտահոգ նախագահը, եղբայրական պետութիւնները պատասխանում են միասնական գործունէութեամբ:
Ինչպէս տեսնում ենք, յարձակողական ոճն այս անգամ բացակայում է: Ալիեւ կրտսերը թուրք-ազրպէյճանական անխախտ միասնութիւնը ցուցադրելու անհրաժեշտութիւն է զգացել, եւ իր խօսքում շեշտել է, թէ շատ դժուար է աշխարհում գտնել երկու պետութիւններ, որոնք համագործակցում ու զարգանում են այնպէս, ինչպէս` Թուրքիան եւ Ազրպէյճանը: Ազրպէյճանի նախագահն այնուհետեւ խօսել է պատմութիւնից` ցուցադրելով իր` պատմութիւն չունեցող երկրի ղեկավարի բարդոյթը: Կարելի է վկայակոչել նրա մտքի գոհարներից մէկը. մենք մեր ապագան կառուցում ենք պատմական ճշմարտութեան հիման վրայ, պատմութիւնը երիտասարդ սերնդին ենք յանձնում այնպէս, ինչպէս որ կայ, ի տարբերութիւն մի շարք այլ պետութիւնների` մենք չենք աղաւաղում այն: Ի. Ալիեւը, սովորութեան համաձայն, «բռնագրաւող» բառն է նետել Հայաստանի ուղղութեամբ` լաւ գիտակցելով, որ ինքն այդ պահին գտնւում է թուրքական բարբարոսութեանը զոհ գնացած հայկական քաղաքում:
Իլհամ Ալիեւը, բնականաբար, պէտք չէ սահմանափակուէր հայ-ազրպէյճանական յարաբերութիւնները շօշափող ելոյթով. նա խօսել է նաեւ աւագ եղբօր անունից` այս անգամ սրտացաւութիւն յայտնելով հայ-թուրքական յարաբերութիւնների առնչութեամբ: Նախ վկայակոչել է պատմութիւնը` անտեղեակ մարդկութեանն ասես իրազեկելով Հայոց ցեղասպանութեան մասին: Ըստ Ազրպէյճանի նախագահի, պատմական փաստաթղթեր կան, որոնք ենթակայ են ուսումնասիրման:
Զարմանալու ոչինչ չկայ. Ռեճեփ Էրտողանն ու Իլհամ Ալիեւը յայտարարութիւններ անելու յարմար մի այնպիսի վայր են ընտրել, որտեղ կարելի է խօսել պատմական թեմաներից: Ի հարկէ, չէին կարող ասել, որ Կարսն Արեւմտեան Հայաստանի ծաղկուն քաղաքաներից մէկն էր, որն իր բնակիչներով ու պատմամշակութային արժէքներով զոհ գնաց Ցեղասպանութեանը: Բացառիկ շնական պէտք է լինել` բարբարոսութեան հետքերը նման ձեւով քողարկելու եւ պատմական ճշմարտութիւնը նման ձեւով մատուցելու համար: Բայց դա, միւս կողմից, գաղափարաքարոզչական սով ապրող պետութիւնների ղեկավարների վարքագծի վկայութիւնն է:
Պարզ է, միջազգային կառոյցների կեցուածքը Հայոց ցեղասպանութեան հարցում, մասնաւորապէս վերջերս ընդունուած բանաձեւերն ափերից հանել են ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Ազրպէյճանի նախագահներին: Եւ ահա նրանք ձեռք ձեռքի` փորձում են ինչ-որ կերպ դիմակայել քաղաքակիրթ մարդկութեան` 20-րդ դարի սկզբի մեծ ոճրագործութեան նկատմամբ ցուցաբերած դիրքորոշմանը:
Ազրպէյճանի եւ Թուրքիայի նախագահներն ընդամէնը ցուցադրեցին իրենց քարոզչական դատարկ զինանոցը. իմացէք, Թուրքիան ու Ազրպէյճանն անարատ անցեալ ունեն, բայց միջազգային շրջանակներում արատաւորւում է այդ անցեալը: Ումի՞ց են նեղանում, եթէ համաշխարհային պատմութեան մէջ իրենք յայտնի են որպէս աւերող ու թալանող, հնագոյն պատմութիւն ու մշակոյթ ունեցող ժողովուրդների արժէքներին տիրացող ցեղեր:
Համայն մարդկութեանն է յայտնի, որ եղբայրական երկու պետութիւնները դրական ազդեցութիւն չեն ունեցել համաշխարհային քաղաքակրթութեան զարգացման վրայ ու այսօր էլ չեն ցանկանում առերեսուել իրենց անցեալին ու պատմութեանը: Նոյնիսկ չեն ուզում լսել եւրոպական երկրների խորհուրդներն ու յորդորները Ցեղասպանութիւնը ճանաչելու, հատուցելու եւ առաջ շարժուելու մասին: Նորագոյն պատմութեան ժամանակաշրջանը չի զարգացրել եւ չի քաղաքակրթել նրանց, համամարդկային արժէքներին նրանք այդպէս էլ մնացել են անհաղորդ: Պատճառը թերեւս այն է, որ առայսօր նրանց չի յաջողուել ստեղծել իրենց սեփական արժէքները: Այդ երկրների կազմալուծումը ակնառու է. նոյնիսկ մեր օրերում թուրքական իշխանութիւններին յաջողւում է մէկ միլիոն տոլար կաշառքի դիմաց ոչնչացնել Եգիպտոսի արխիւներում պահպանուած` Հայոց ցեղասպանութեան մասին ապացոյցներ պարունակող փաստաթղթեր:
Կարծում ենք` հարկ է ուշադրութիւն դարձնել նաեւ Թուրքիայի նախագահ Էրտողանի` մարտի 27-ին «Ֆրանս» 24 պատկերասփիւռի կայանին տուած հարցազրոյցին, որի ընթացքում շօշափուել է Հայոց ցեղասպանութեան թեման: Նա խօսել է Կալիփոլիի ճակատամարտի 100-ամեակին նուիրուած միջոցառումներ անցկացնելու իր որոշման մասին, 2014 թուականին տարածած իր ապրիլքսանչորսեան ուղերձից եւ հայ-թուրքական յարաբերութիւններից: Նրան հարց են ուղղել, թէ ինչո՞ւ է Թուրքիայում ապրիլի 24-ը ընտրուել Կալիփոլիի ճակատամարտի յիշատակի միջոցառումների օր, որին ի պատասխան` Էրտողանն ասել է, թէ իրենք չեն պատրաստւում թոյլտուութիւն վերցնել` այս կամ այն քայլին դիմելուց առաջ, եւ որ դա պատմութեան մէջ տեղ գտած իրադարձութիւն է: Հէնց հայկական կողմն է իր միջոցառումներն այնպէս կազմակերպել, որ դրանք համընկնեն մեր օրերի հետ, յայտարարել է Էրտողանը:
Այդ խօսքերով Թուրքիայի նախագահն առանց ոեւէ մէկի օգնութեան վարկաբեկեց ինքն իրեն. իբր միջազգային հանրութիւնն անտեղեակ է, որ 100 տարի շարունակ հայ ժողովուրդն ապրիլի 24-ին յարգում է Ցեղասպանութեան անմեղ զոհերի յիշատակը, որ Կալիփոլիի ճակատամարտը Թուրքիայում ամէն տարի յիշւում է մարտի 18-ին:
Նոյն օրը, երբ Էրտողանը հարցազրոյց էր տուել ֆրանսական հեռուստաընկերութեանը, վարչապետ Ա. Տաւութօղլուի խորհրդական Է. Մահչուփեանը պելժիքական Կենտ քաղաքի համալսարանում կազմակերպուած «Նոր Թուրքիա» խորագրով համաժողովի ընթացքում ասաց, թէ Կալիփոլիի ճակատամարտի
100-ամեակին նուիրուած տօնակատարութիւններն ապրիլի 24-ին կազմակերպելու որոշումն այնքան էլ լաւը չէր:
Ի՞նչ է նշանակում «այնքան էլ լաւը չէր» արտայայտութիւնը: Այսինքն Թուրքիայի նախագահի ընդունած որոշումը մի քիչ լաւն էր, մի քիչ էլ` վատը: Որ՞ն է որոշման լաւ կողմը եւ ո՞րը` վատը: Այս մարդը մի քանի օր առաջ Թուրքիայով մէկ յայտարարեց, թէ ինքն աւելի շատ իրեն օսմանցի է զգում, քան հայ:
Եղբայրական պետութիւններն իրենց միասնական քարոզչութեան մէջ երբեմն ներքաշում են դաշնակից պետութիւններին: Այսպէս, ազրպէյճանական աղբիւրը, վկայակոչելով Փաքիստանում Ազրպէյճանի դեսպանատունը, տեղեկատուութիւն է տարածել, որի համաձայն` Փաքիստանի Ծերակոյտի պաշտպանութեան յանձնախումբը քննադատել է «Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի կողմից մայիսի 3-ին ծրագրած խորհրդարանական ընտրութիւնները»: Սա էլ համարենք հետաքրքիր իրադարձութիւն, քանի որ Ազրպէյճանի թեթեւ ձեռքով միջազգային ասպարէզում վարկաբեկւում է իսլամական մէկ այլ պետութիւն:
Թուրք-ազրպէյճանական քարոզչութիւնը ոչ այլ ինչ է, քան` անսահմանութեան ձգտող դատարկութիւն: Դատարկութիւնն էլ գալիս է այդ երկրների ղեկավարների դատարկամտութիւնից: Սա այն դէպքն է, երբ իրականութեանը շիտակ նայելու եւ իրերն իրենց անուններով կոչելու համարձակութեան բացակայութիւնն իսկական փորձանք է դառնում տիրապետող վարչակարգի գլխին:
«Ազատ Արցախ»