ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

Ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտ զօրքերի շփման գծում եւ Հայաստանի ու Ազրպէյճանի սահմանում հակառակորդի` վերջին շրջանում ձեռնարկած խափանարարական գործողութիւնները վերստին ի ցոյց դրեցին Ազրպէյճանի իշխանութիւնների նպատակը. հակամարտութեան գօտում մշտական լարուածութիւն ստեղծելով` հասնել ղարաբաղեան հիմնախնդրի` իրենց ուզած քաղաքական լուծման:
Դա շանթաժի քաղաքականութիւն է, որի հասցէատէրը ոչ այնքան հայկական կողմն է, որքան` միջազգային հանրութիւնը: Հետեւաբար միջազգային հանրութեանն է առաջին հերթին անհրաժեշտ համապատասխան հետեւութիւններ անել Ազրպէյճանի վարած քաղաքականութիւնից:
Արձանագրենք, որ հակամարտ զօրքերի շփման գծում հերթական սրացումը նկատուեց Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի օգնական Վիքթորիա Նուլընտի` տարածաշրջան կատարած այցից յետոյ: Պաշտօնական Պաքուին, ըստ երեւոյթին, լկտիացրել էր Նուլանտի` հայկական կողմին ուղղած յորդորը Ստեփանակերտում դատուած երկու ազրպէյճանցի խափանարարներին Ազրպէյճան վերադարձնելու մասին: Ուաշինկթընից ժամանած պաշտօնեան, չգիտես ինչու, որոշել էր մարդասիրութեան դաս տալ հայկական կողմին` ասելով, թէ ազրպէյճանցիներին վերադարձնելը կը դիտուի որպէս բարի կամքի դրսեւորում: Տիկին Նուլանտը պաշտօնական Ստեփանակերտից ստացաւ համարժէք արձագանգ, ինչը, կարծում ենք, պիտի որ նախապէս անցած լինէր նրա մտքով:
Ամերիկեան այդ պաշտօնեան որոշակի տեղում որոշակի չափաբաժնով բառակոյտ սփռելուց յետոյ հեռացաւ տարածաշրջանից, թերեւս, հասկանալ տալով, որ ինքը քաղաքական դէմք է եւ յայտարարութիւններ է հնչեցնում իր երկրի կողմից վարուող աշխարհաքաղաքականութեանը համահունչ:

Դրանից լկտիացած` Միացեալ Նահանգներում Ազրպէյճանի դեսպան Էլին Սուլէյմանովը մարտի 3-ին ելոյթ ունեցաւ ամերիկաիսրայէլական հասարակական գործերի կոմիտէի կողմից կազմակերպուած` «Նոր գործընկերներ. Իսրայէլը եւ կովկասեան տարածաշրջանը» թեմայով ամէնամեայ խորհրդաժողովում եւ ափսոսանք յայտնեց, որ գործընկերների կողմից ըստ արժանուոյն չի գնահատւում Ազրպէյճանի աւանդը տարածաշրջանում խաղաղութեան հաստատման գործում: Նրա կարծիքով, Պաքուի հանդէպ երկակի չափանիշներ են կիրառւում, իսկ նման չափանիշների առկայութիւնը եւ ռազմավարական մերձեցման բացակայութիւնը չի համապատասխանում ո՛չ Միացեալ Նահանգների, ո՛չ էլ նրա գործընկերների շահերին:
Միացեալ Նահանգներում Ազրպէյճանի դեսպանատան մամլոյ ծառայութիւնը հաղորդագրութիւն էր տարածել, ըստ որի, դեսպանը կարեւորել է Ուաշինկթընի հետ ռազմավարական մերձեցման անհրաժեշտութիւնը, որը պէտք է յենուի Հարաւային Կովկասի հետ կապուած նրա երկարաժամկէտ շահերի վրայ: Տեղեկատուական աղբիւրների փոխանցմամբ, խորհրդաժողովին մասնակցել են Միացեալ Նահանգների եւ տարբեր երկրների տասը հազարից աւելի ներկայացուցիչներ, այդ թւում` ակադեմական շրջանակների ու հասարակական կազմակերպութիւնների անդամներ, աւելի քան 300 քոնկրեսականներ, նաեւ` մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ:
Եթէ նկատի ունենանք Արեւմուտք-Ազրպէյճան բարդ յարաբերութիւնները եւ, մասնաւորապէս, վերջին շրջանում «մայտան»-ի մասին արեւմտեան ակնարկները, ապա այս վերջին զարգացումները, ներառեալ` Վ. Նուլընտի խօսքերը, հնչողութիւն են ստանում զուտ քաղաքական հարթութիւնում:
Միացեալ Նահանգներում Ազրպէյճանի դեսպանի խօսքերը տարածաշրջանում իր երկրի` խաղաղութեան հաստատման գործում ունեցած աւանդի մասին հազիւ թէ յարուցէին ոեւէ մէկի զարմանքը: Պատկերացնել կարելի է, թէ ինչքան թանկ է տարածաշրջանի խաղաղութիւնը մի երկրի համար, որը գրեթէ ամէն օր խափանարարական գործողութիւն է ձեռնարկում ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտ զօրքերի շփման գծում: Դեսպան Սիւլէյմանովը չի հասկացել նոյնիսկ, որ նման տեսակէտ արտայայտելու համար համապատասխան լսարան եւ ականջներ են հարկաւոր, մանաւանդ որ գտնւում է մի երկրում, որը միջնորդական առաքելութիւն է իրականացնում ղարաբաղեան խաղաղ կարգաւորման գործընթացում:
Դեսպան Սիւլէյմանովը նաեւ յիշողութեան կորուստ ունի, հակառակ դէպքում նա պէտք էր յիշէր ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների ս. թ. յունուարի 27-ի համատեղ յայտարարութիւնը, որն ուշագրաւ էր հասցէականութեան առումով: Եթէ նախկինում Մինսքի խումբը մշտապէս հաւասարութեան նշան էր դնում հակամարտող կողմերի միջեւ, այս անգամ համանախագահները կոչ են արել Ազրպէյճանին` հետեւել խաղաղ կարգաւորման գործընթացում իր ստանձնած պարտաւորութիւններին: Իսկ Հայաստանին կոչ էին արել ձեռնարկել բոլոր միջոցները` լարուածութիւնը վերացնելու համար:
Համանախագահները մեր հարեւանների հետ խօսեցին դիւանագիտական լեզուով` մեղադրելով նրան հրադադարը պարբերաբար խախտելու մէջ, ասել է թէ` առաջին անգամ միջնորդները տարբերութիւն դրեցին կողմերի միջեւ, ինչից պէտք է հետեւութիւն անէր Ազրպէյճանը:
Անդրադառնանք Ազրպէյճանին ուղղուած ամերիկեան հաճոյախօսութեան, որը հնչեցուեց Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի օգնականի շուրթերով: Նուլընտը հաւանաբար չէր պատկերացնում, որ Ազրպէյճանին ոչ պակաս հաճոյախօսութիւն կարող է անել մրցակից գերտէրութիւնը: Մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Փութինը հրամանագիր ստորագրեց Ազրպէյճանի նախագահի հասարակական եւ քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովին եւ Միլլի մեճլիսի (խորհրդարան) նախագահ Օկթա Ասատովին «Բարեկամութեան» շքանշանով պարգեւատրելու մասին: Ազրպէյճանի հանդէպ Քրեմլինի բարեկամական զգացմունքներն, ինչպէս գիտենք, խոր արմատներ ունեն, բայց որ դրանք կարող են աւանդական դառնալ յետխորհրդային ժամանակների համար, կասկած է յարուցում:
Ազրպէյճանցի քարոզիչներն այդ ուշադրութիւնից խելակորոյս գրում են, թէ իրենց երկիրն արտաքին աշխարհի համար մի այնպիսի գործընկեր է, որի մասին շատերը միայն կ՛երազեն: Մեր հարեւանների ինքնագովազդին վերաբերուենք ըմբռնումով. ուրիշ էլ ո՞վ պիտի Ազրպէյճանին անուանի լուրջ գործընկեր կամ էլ նրան համարի Հարաւային Կովկասի խաղաղութիւնը պահպանող հրեշտակ: Այս դէպքի համար արտառոց ոչինչ չկայ. հարեւան երկրում իրօք զբաղուած են մի գործով, որը դժուար թէ անցնէր քաղաքակիրթ երկրի իշխող վերնախաւի մտքով: Իրենք պարբերաբար խախտում են հրադադարը` մարդկային կորուստներն աւելացնելով, իրավիճակը մշտապէս լարուած պահելու նպատակով շփման գծից չեն հեռացնում դիպուկահարներին, եւ այդ ամէնից յետոյ էլ միջազգային խորհրդաժողովներում ներկայանում են որպէս խաղաղութեան պահապաններ` իրենց գործընկերներին մեղադրելով նրանում, որ յաւուր պատշաճի չեն գնահատում Ազրպէյճանի խաղաղասիրական ջանքերը:
Նոյնը նկատւում է տնտեսական հարթութիւնում. ըստ ազրպէյճանցիների, եթէ կասպիական բնական հարստութիւնները չհասցուեն Եւրոպա, ապա այնտեղ մեծ խնդիրների առաջ կը կանգնեն, միջազգային տնտեսական նախագծերը դատապարտուած են ձախողման, եթէ յանկարծ Ազրպէյճանը դրանցում ներառուած չլինի: Մի խօսքով, աշխարհը չի կարող գոյատեւել առանց Ազրպէյճանի, նրա տնտեսական ներուժի եւ խաղաղատենչ ջանքերի:
Այս դէպքում, ինչպէս ընդունուած է ասել, խեղկատակի հետ վիճելն անիմաստ է: Թերեւս կարելի է համաշխարհային հանրութեանը մի սովորական պատգամ ուղարկել առ այն, որ ի դէմս Ազրպէյճանի` նա գործ ունի գիտակցութիւնից եւ յիշողութիւնից զուրկ, արտաքին աշխարհի ազդանշանները չընկալող էթնիկ հանրութեան հետ, որը միջազգային հարթակներն օգտագործում է ինքնագովազդի եւ յատկապէս իրականութիւնը խեղաթիւրուած ներկայացնելու նպատակով:
Մէկ այլ բովանդակութեան պատգամ պէտք է ուղարկել գերտէրութիւններին` ակնարկելով, որ նման երկրի վերնախաւի հետ շփումներում անհրաժեշտ է առաւելագոյն զգուշութիւն ցուցաբերել, քանի որ ի նպաստ ազրպէյճանցիներին արուած ամէն մի յայտարարութիւնից յետոյ նրանք իրենց շուրջը մահ եւ աւերածութիւններ են սփռում: Ինչպէս դա տեղի ունեցաւ Նուլանտի յայտարարութիւնից յետոյ: Իսկ Ռուսաստանի նախագահին կարելի է խորհուրդ տալ ռուս-ազրպէյճանական բարեկամութեան մասով. չմոռանալ պրեժնեւ-ալիեւեան փոխադարձ սիրոյ եւ պարգեւատրումների տխրահռչակ ժամանակաշրջանը, երբ այդ երկու կարկառուն դէմքերի անսահման բարեկամութիւնը հասաւ մի այնպիսի աստիճանի, որ խորհրդային պետութիւնն ի վերջոյ կանգ առաւ փտածութեան մէջ թաղուած Հայտար Ալիեւին իշխանութիւնից հեռացնելու հրամայականի առջեւ: Ծանր հետեւանք:
Փոխադարձ հանդուրժողականութեան այս դարաշրջանում Ազրպէյճանի նման պետութեան հետ էլ կարելի է շփուել` բայց մշտապէս զսպելով նրա վայրենի կրքերն ու ծինային ստախօսութիւնը:
«Ազատ Արցախ»