T24-ի թղթակից Ճելալ Պաշլանկըչըն «Ակօս» թերթի հայերէն բաժնի խմբագիր Սարգիս Սերոբեանի մահից յետոյ հրապարակել է յօդուած, որում պատմել է նրա հետ Հայաստան կատարած հաճելի ճանապարհորդութեան եւ Սերոբեանի` մանուկ հասակում չլսած «հեքիաթների» մասին:
Յօդուածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
Դեռ պիտի ճանապարհորդէինք: Հայաստան, Ղարաբաղ պիտի գնայինք Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին: Սակայն այժմ քեզ ճանապարհում ենք դէպի ովկիանոսների անվերջութիւն: Ճանապարհիդ լոյս լինի, Սարգի՛ս եղբայր:
Գրեթէ րոպէներ էին մնացել օդանաւի թռիչքին:
Վազէվազ ներխուժեցինք Երեւանի օդակայանից ներս:
Հայաստան կատարած մէկշաբաթեայ այցից յետոյ, մեր այցելած Լեռնային Ղարաբաղից վերադարձի ճանապարհին մեր մեքենան սահել էր սառոյցի վրայ, եւ ինքնաշարժի արկածի պատճառով ուշացել էինք թռիչքից: Մեծ խցանում կար մեր առջեւ: Եթէ չհասցնէինք թռիչքին, ամենաքիչը չորս օր յետոյ պիտի կարողանայինք վերադառնալ Կ. Պոլիս:
Ահա հէնց այդ պահին նախ թուաց` երկինքն է թնդում, մի ասա` հայերէն գոռգոռում էին: Միակ բառը, որ հասկացել էի, «Ղարաբաղ»-ն էր:
Սարգիս Սերոբեանի ձայնը լսած ամբոխը մի անգամից կիսուեց, ասես` Մովսէսի գաւազանը տեսած Նեղոս գետը (հաւանաբար նկատի ունի Կարմիր ծովը, խմբ.):
Ծափահարութիւնների, սուլոցների եւ որոտացող ողջոյնների միջով անցնելով` ինքներս մեզ գտանք օդանաւի դրան մօտ: Արիւն-քրտինք էինք կապել, բայց չկարողացայ չհարցնել. «Ի՞նչ գոռացիր, որ մարդիկ միանգամից ճանապարհ բացեցին մեզ համար»:
Թռիչքին հասած լինելու հանգստութիւնից ժպտալով` ասաց. «Ասացի` Ղարաբաղից ենք գալիս»:
Ըստ երեւոյթին, բախումների` դեռ նոր աւարտուած շրջանում մեզնից միակ հայ Սերոբեանի` «Ղարաբաղից ենք եկել» խօսքը պատճառ էր դարձել, որ տարածքում գտնուողները մեզ «Ղարաբաղեան պատերազմի մասնակից» կարծէին եւ ծափողջոյններով հասցնէին օդանաւ, որից ուր որ է` ուշանում էինք:
Իրականում` մեր ճանապարհորդութեան պատճառը մէկ շաբաթ Հայաստան այցելելն էր:
«Հիւրրիյէթ»-ից` Սեպաթի Քարաքուրթը, «Միլլիյէթ»-ից` Նազըմ Ալփմանը, «Ակօս»-ից` Սարգիս Սերոբեանն ու «Ռատիքալ»-ից` ես…
Այդ կազմից միակ մարդը, որին չէի ճանաչում, Սարգիս Սերոբեանն էր: Ճանապարհ դուրս գալուց առաջ, երբ հանդիպել էինք, Հրանդ Տինքն ասել էր. «Սարգիս եղբայրին շատ ես սիրելու, մարդու պէս մարդ է»:
1999 թուականի դեկտեմբերի առաջին շաբաթն էր, որ սկսուեց Հայաստան մեր ճանապարհորդութիւնը: Այցելութիւնն աւարտուել էր, բայց մենք լրագրողական կրքոտութեամբ անընդհատ ասում էինք. «Ուզում ենք անպայման Լեռնային Ղարաբաղն էլ տեսնել: Ամէն օր լսում, կարդում ենք ԼՂՀ-ի մասին լուրեր: Այսքան մօտ լինելուց յետոյ ետ չենք դառնայ»:
Հայաստանի պաշտօնեաների` «մի՛ գնացէք, Ղարաբաղը դեռ նոր է պատերազմից դուրս եկել, կան թուրքական զէնքեր, Թուրքիայից եկած կռուողներ, մի փորձանք կը գայ ձեր գլխին» խօսքերն անգամ մեզ ետ չէին պահում:
Հայաստանից Ղարաբաղ ձգուող, վազվզոցով եւ փորձանքով լի այդ ճանապարհորդութիւնով էլ սկսուեց Սարգիս Սերոբեանի հետ մեր ընկերութիւնը:
Այնքան ծանր հեքիաթ է, որ չի կարող պատմուել:
2004 թուականի մայիս ամիսն էր: Սերոբեանի հետ Իսթիքլալ փողոցի Իմամ Ատնան թաղամասը մտանք:
Մեր երբեմն տեղի ունեցող հանդիպումներից էր: Բայց նախ գնալու էինք թատրոն. «Հեքիաթների հարսանիքը» անունով մի շարք միջոցառումներ էին կազմակերպուել: Առաջինը` «Քուրմանչի հեքիաթն» էր (քրտերէն բարբառ): Երկրորդը միջոցառումը «Հայերէն հեքիաթ»-ի մասին էր, եւ պատմողը Սերոբեանն էր:
«Ինձ հեքիաթ չեն պատմել», այսպէս սկսեց իր խօսքը Սերոբեանը:
«Ինձ պատմուած հեքիաթը տեղահանութեան ժամանակ Սեւ ծովի ափից սկսած, Ակն ձգուած եւ Մալաթիայի որբանոցներից մէկում աւարտուած մի ճանապարհորդութեան մասին է: Մօրս, մեծ մօրս, հօրաքոյրներիս եւ քեռուս անցած ճանապարհի մասին եմ խօսում: Նրանք միշտ այս մասին պատմեցին ինձ: Օրօրոցայինի փոխարէն` գիշերը քնելու համար այդ մասին էին պատմում մայրս, մեծ մայրս: Յետոյ մէկ այլ երկրում գտայ քեռուս: Նա էլ նոյն հեքիաթը պատմեց ինձ: Չեմ ուզում այդ հեքիաթը պատմել ձեզ, չեմ ուզում ձեզ տխրեցնել, քանի որ իսկապէս ծանր հեքիաթ է»:
Միջոցառման ընթացքում բոլոր հեքիաթները պատմեց Սերոբեանը: Առաքինութեան եւ համեստութեան մայր, պտղաբերութեան, արգասաւորութեան եւ ծննդաբերութեան աստուածուհի Անահիտի… Հայերի` փոթորկի, անձրեւի, ամպի, կրակի, ուժի եւ յաղթանակի աստուած Վահագնի… Հայերի ամենահին աստուածներից Արայի եւ Ասորեստանի թագուհի Ֆլամիրամի, այսինքն` Շամիրամի հեքիաթը… Բայց ոչ մի կերպ չկարողացաւ պատմել իր մանկութեան` «իսկապէս ծանր հեքիաթները»:
1995-ին, այսինքն ուղիղ 60 տարեկանից յետոյ Հրանդ Տինքի հետ հատուած ուղիները Սերոբեանին տանում են մինչեւ լրագրութեան, «Ակօս»-ի հիմնադրում ու հայերէն էջերի խմբագրում:
Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու մասին յօդուածի պատճառով Հրանդ Տինքի հետ դատապարտուել էր Շիշլիի քրէական 2-րդ դատարանում: Հրանդ Տինքին դէպի սպանութիւն տարած այդ անիծեալ 301 յօդուածով նա դատապարտուել էր պայմանական մէկ տարուան ազատազրկման:
Յետոյ` 2007 թուականի նոյեմբերին, յօդուած էր գրել` քննադատելով Հրանդ Տինքի դատապարտութիւնը: Այս անգամ էլ մեղքը «թրքութիւնը վարկաբեկել» եւ «դատարանի վրայ ազդելու փորձ»-ն էր: Թէեւ այդ «յանցագործութիւնից» ազատուել էր, սակայն չէր մտահոգւում` կը դատապարտուի՞, թէ՞ ոչ:
Քանի որ նա մանուկ հասակում երբեք հեքիաթ չէր լսել: Նրա «հեքիաթները» Ցեղասպանութեան մասին էին, եւ դրանք երբեք չէին լքել նրան: Այդ պատճառով ոչ ոք չէր կարող նրան պատմել «կատարուածի սուտ լինելու» վերաբերեալ ինչ-որ «հեքիաթ»:
Անգամ` Սերոբեանի «հեքիաթի» վերաբերեալ մի ծրագիր էինք որոշել մշակել. ապրիլի 24-ին` Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, Հայաստան, Երեւան, անգամ Լեռնային Ղարաբաղ պիտի գնայինք…
Պարզուեց` շատ մօտ տեղ գնալու համար ենք պայմանաւորուել:
Հիմա Սարգիս Սերոբեանին աւելի երկար, դէպի ովկիանոսների անվերջութիւն ենք ճանապարհում:
Այնքան վստահ եմ, որ նա այս ճանապարհորդութեանն է դուրս եկել` վստահելով մի «հեքիաթի», որի համաձայն, մի օր մարդիկ իմանալու եւ ընդունելու են բոլոր ճշմարտութիւնները…
Մնա՛ս բարով, Սարգի՛ս եղբայր, ճանապարհդ լուսաւոր լինի…
ՋԵԼԱԼ ԲԱՇԼԱՆԳԸՉ
Թարգմանեց`
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆ
Սգակիրներու Աննախընթաց
Բազմութիւն Մը Հետեւեցաւ
Սարգիս Սերոբեանի Յուղարկաւորութեան
Երեքշաբթի, 31 մարտին, հայ, թուրք, քիւրտ եւ բազմազգի այլ սգակիրներու աննախընթաց բազմութեան մը մասնակցութեամբ, Ֆէրիգիւղի Ս. Վարդանանց եկեղեցւոյ մէջ կատարուեցաւ «Ակօս»-ի հայերէն բաժինի խմբագիր Սարգիս Սերոբեանին յուղարկաւորութիւնը, որուն ներկայ գտնուեցաւ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթէշեան` ընկերակցութեամբ եկեղեցւոյ գրեթէ բոլոր («Մարմարա») հոգեւորականներուն:
«Սգակիրները այնքան բազմաթիւ էին, որ եկեղեցիէն ներս մտնելն իսկ անկարելի դարձած էր, ու լեցուած էր նաեւ քովնտի պարտէզը:
Արարողութեան աւարտին դամբանախօսեց Արամ սրբազան: Ապա հանգուցեալին մարմինը, դարձեալ աննախընթաց բազմութեան ընկերակցութեամբ, տարուեցաւ մինչեւ «Ակօս»-ի խմբագրատունը: Երթեւեկն իսկ փակուեցաւ: Ոգեկոչում մըն ալ կատարուեցաւ հոն, խօսեցաւ Եդուարդ Տանձիկեան, որ ներկայիս խմբագիրն է «Ակօս»-ի: Ապա հանգուցեալին մարմինը փոխադրուեցաւ Շիշլիի գերեզմանատունը, ուր հողին յանձնուեցաւ դարձեալ հոծ բազմութեան ներկայութեան: Թուրք մամուլն ալ արձագանգ հանդիսացաւ յուղարկաւորութեան մանրամասնութիւններուն: Հրապարակագիր Ճենկիզ Չանտար այսօր «Ռատիքալ»-ի իր սիւնակին մէջ հրատարակած էր այս մասին գրուած «Վերջին պարոնը» խորագրեալ յօդուած մը: