«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
Լեռնային Ղարաբաղին առնչուող ազրպէյճանական մամուլի հրապարակումներին ծանօթանալը բացայայտեց հետաքրքիր օրինաչափութիւն: Պարզւում է` Ազրպէյճանի հասարակութեան, ներառեալ` իշխող վարչակարգի, տրամադրութիւնն ուղիղ կախուածութեան մէջ է գտնւում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում ընթացող քաղաքական գործընթացներից:
Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս եւ ապացուցում, թէ որքան մօտ է ԼՂՀ-ում մայիսի 3-ին նշանակուած` հերթական խորհրդարանական ընտրութիւնների անցկացման օրը, այնքան աւելի բարձր է ընկճախտի եւ նեարդայնութեան աստիճանն Ազրպէյճանում, որը յաճախ հասնում է պարզունակ ջղագարութեան: Նման եզրայանգման համար հիմքեր են տալիս այնտեղ պարբերաբար առաջ եկող տեղեկատուական ալիքները, որոնք կեղտոտ տիղմ են բարձրացնում ազրպէյճանական քարոզչութեան յատակից, որն ամբողջ ուժով ջանում է աշխարհին ապացուցել, բայց, ամէնից առաջ, սեփական յիմարացուած ժողովրդին, որ խորհրդարանական ընտրութիւնները Լեռնային Ղարաբաղում ապօրինի են եւ ոչ մի նշանակութիւն չունեն: Սակայն, դրանով հանդերձ, ազերփրոփականտայի ներկայացուցիչները, ովքեր ուժեր եւ միջոցներ չեն խնայում ապատեղեկատուական արշաւների համար եւ այդ ոլորտում բարձրակարգ մասնագէտներ են համարում իրենց, չեն նկատում սեփական խօսքերի ու գործերի միջեւ հակասութիւնները: Այդ կապակցութեամբ օրինաչափօրէն հարց է ծագում. եթէ Արցախում կայանալիք հանրապետութեան Ազգային ժողովի ընտրութիւնները, Պաքուի կարծիքով, բոլորովին նշանակութիւն չունեն, ապա ինչո՞ւ Ազրպէյճանում այդպէս իրար են խառնւում` լրատուադաշտը լցնելով նիւթերով, որոնք կոչուած են վարկաբեկելու ԼՂՀ-ում պետական կարեւորութեան հասարակական-քաղաքական այս իրադարձութիւնը:
Բնականաբար այդ հարցի պատասխանն ազրպէյճանական կողմից չենք ստանայ, թէեւ այն գտնւում է մակերեսի վրայ. ԼՂՀ-ում ցանկացած մակարդակի ընտրութիւնների անցկացումը, ընդ որում` համընդհանուր ժողովրդավարական կանոններին ու սկզբունքներին լիովին համահունչ, ինչն արդէն վաղուց աւանդոյթ է դարձել Արցախում, ամրապնդում է ղարաբաղեան անկախ պետականութիւնը եւ մեր հանրապետութեան միջազգային վարկանիշը, մանաւանդ որ ժողովրդավարական զարգացման մակարդակի տեսակէտից Ազրպէյճանը` ԼՂՀ-ի հետ համեմատած, միշտ յետ է մնացել, ինչը բազմիցս հաստատել են մեր ընտրութիւններին ներկայ գտնուող անկախ դիտորդների, ինչպէս եւ «Ֆրիտըմ հաուս» միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան հաշուետուութիւնները. վերջինս ժողովրդավարական ազատութիւնների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան մակարդակով Արցախն աւելի բարձր դասեց Ազրպէյճանից:
Ըստ երեւոյթին, գիտակցելով ԼՂՀ-ում ընտրութիւնների ապօրինի լինելու մասին իր պնդումների թիւր եւ անհամոզիչ լինելը, ազրպէյճանական կողմն աւելի դրական կիրառման արժանի նախանձելի յարատեւութեամբ եւ յամառութեամբ դիմում է միջազգային կառոյցների օգնութեանը` նրանցից կորզելով, «յատուկ կարծիք» եւ այն շահագործելով իր քարոզչական նպատակներում: Այսպէս, ազրպէյճանական զանգուածային լրատուամիջոցներն այս շաբաթ աչքի ընկան Մեծն Բրիտանիայի, Ռուսաստանի, Զուիցերիոյ, Լաթուիայի եւ այլ երկրների արտաքին գործերի նախարարութիւնների` ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ մեկնաբանութիւնների, այսպէս ասած, «համազարկային տարածմամբ»: Ի հարկէ իմաստ չունի մէջբերել իւրաքանչիւր մեկնաբանութիւն, բայց եթէ ի մի բերենք արտաքին քաղաքական այդ գերատեսչութիւններից դուրս քաշած յայտարարութիւնները, դրանց էութիւնը կարելի է հասկանալ այնպէս, այդ երկրները չեն ճանաչում մեր խորհրդարանական ընտրութիւնները, որ` ընտրութիւնները չեն կարող ազդել ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման ընթացքին ու կանխորոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ այլն, եւ այլն:
Ի հարկէ չի կարելի բացառել, որ ազրպէյճանական կողմն իրեն բնորոշ ապատեղեկատուական գործելաոճով յայտնի իմաստով խեղաթիւրել է ասուածի էութիւնը, այդուհանդերձ, ուշադրութիւն է գրաւում այն փաստը, որ վերը յիշատակուած երկրների արտաքին գործոց նախարարութիւնները չեն քննադատել ընտրութիւնների անցկացումը, ինչպէս դա փորձում է ներկայացնել Ազրպէյճանը: Միեւնոյն ժամանակ, ընտրութիւնները ճանաչելու նրանց ցանկութեան բացակայութեան հետ կապուած` տրամաբանական հարց է առաջանում. միթէ՞ միջազգային հանրութիւնը նախընտրում է անիշխանութիւնն ու քաոսը` որպէս այլընտրանք Արցախում իշխանութեան մարմինների, տուեալ դէպքում` օրէնսդիր մարմնի ձեւաւորման գործընթացի: Միթէ՞ ԼՂՀ-ի միջազգայնօրէն չճանաչուած լինելը կարող է արդարացում հանդիսանալ` զրկելու նրա ժողովրդին ժողովրդավարական սկզբունքների եւ քաղաքակիրթ աշխարհի կանոնների հիման վրայ իշխանութեան եւ կառավարման օրինական մարմիններ ստեղծելու իրաւունքից: Ընդսմին` ղարաբաղցիների` համընդհանուր օրէնքներով ապրելու, քաղաքացիական հասարակութիւն եւ գործունակ, պատասխանատու իշխանութիւն ունենալու ձգտումն արդէն ինքնին արժանի է աջակցութեան եւ խրախուսման: Հակառակ դէպքում` միջազգային կառոյցները ջուր են լցնում Ազրպէյճանի ջրաղացին, որը Լեռնային Ղարաբաղը ձեռք բերելու յոյսով անօգուտ փորձում է իր երկար քիթը խոթել հարեւան պետութեան ներքին գործերի մէջ:
Տուեալ պարունակում չի կարելի շրջանցել չափազանց կարեւոր մի գործօն: Հասկանու՞մ են միջազգային կառոյցները, որ Ազրպէյճանը բոլոր ուժերով փորձում է ոչնչացնել Արցախը, քանզի այն խոչընդոտ է ստեղծում Թուրքիայի եւ Ազրպէյճանի տարածքային վերամիաւորման փանթուրքական ծրագիրի կեանքի կոչման ճանապարհին: Որ Անգարայի ու Պաքուի փարիսեցիական բարբաջանքները միջազգային իրաւունքի մասին, որն, իբր, խախտում է Արցախը, ընդամէնը բառային քօղարկում է նշուած նպատակի իրագործման համար: Գիտակցու՞մ են նրանք նման վտանգ` Պաքուի մատուցմամբ այս կամ այն ձեւով քննադատելով պետականաշինութեան գործընթացները ԼՂՀ-ում, որը հռչակուել է ժողովրդի ազատ կամարտայայտութեան հիմքի վրայ: Սակայն եթէ մեր տարածաշրջանից հեռու եւրոպական եւ ամերիկեան դահլիճներում չեն կարող դա հասկանալ, ապա Ռուսաստանը, որը նոյնպէս միացել է «հակաընտրական խմբերգին», իր համար կենսական կարեւորութիւն ունեցող շահերից ելնելով, չի կարող իրեն թոյլ տալ նման բան: Պէտք չէ թոյլ տայ: Ընդհակառակը, որպէս Հայաստանի ռազմավարական դաշնակից` նա պէտք է հասկանայ, որ թուրք-ազրպէյճանական լծակից զոյգի ծրագրի իրականացման դէպքում նրան, իւրայատուկ բարբառով ասած, պարզապէս «կը գցեն», ու նա անխուսափելիօրէն եւ, առաւել հաւանական է` անվերադարձ, դուրս կը մղուի Հարաւային Կովկասի տարածաշրջանից: Յուսանք, որ նա, այնուամենայնիւ, հասկանում է դա:
Իր ժամանակի ռուս մեծ մարդասէր, ակադեմիկոս Անտրէյ Սախարովն ասել էր. «Ազրպէյճանի համար Ղարաբաղը պատուախնդրութեան հարց է, հայերի համար` կենաց ու մահու»: Ռուսաստանը պէտք է միշտ յիշի հայրենասէր իր զաւակի այս խօսքը եւ գործի համապատասխանաբար: Ինչ վերաբերում է Արցախին, ապա ցանկացած մակարդակի ընտրութիւններ նա անցկացրել է եւ կ՛անցկացնի, քանի որ առաջնորդւում է սեփական, այլ ոչ օտար շահերով: