«Արարատի ստորոտին» երեւանեան միջազգային եռօրեայ տեղեկատուական ֆորումին ընթացքում սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն իր ելոյթի ընթացքին լրագրողներուն ուշադրութիւնը հրաւիրեց Ցեղասպանութեան առնչուող այն կէտերուն վրայ, որոնք լուրջ ուսումնասիրութեան կարիք ունեն, ինչպէս նաեւ այն անհերքելի փաստերուն, որոնք բացարձակ ճշմարտութիւն են եւ ապացուցելու կամ քննարկման ենթակայ չեն:
Հրանուշ Յակոբեան իր խօսքին մէջ յայտնեց.
«Կը խնդրէի ուշադրութիւն դարձնէք, որ եւրոպական տարածաշրջանում միակ փակ սահմանն ունի Հայաստանը, քանի որ Թուրքիան շրջափակման մէջ է պահում մեր երկիրը` հասցնելով միլիառների վնաս:
Ցեղասպանութեան հետեւանքները շարունակւում են սփիւռքում, որովհետեւ ցանկացած սփիւռքահայ ֆինանսական ու հոգեւոր ահռելի միջոցներ է ծախսում, որպէսզի հասնի արդարութեան, եւ ով կարող է «հաշուել» այդ տառապանքը:
Թուրքիան ակնյայտօրէն կեղծում է իր եւ համաշխարհային պատմութիւնը, այս հարցը քրէանօրէն հետապնդուող արարք, եւ հարցով պէտք է լրջօրէն զբաղուել:
Հրանդ Տինքի, Հունգարիայում մեր զինուորի սպանութիւնը մնաց անպատիժ, իսկ սպաննողը Ազրպէյճանում հերոսացուեց. Թուրքիան, անցեալում մնալով անպատիժ, այժմ էլ շարունակում է իր յանցագործ քաղաքականութիւնը:
Կը ցանկանայի, որ Հայոց ցեղասպանութեան դասերը ճիշդ ներկայացնէք աշխարհին, որպէսզի ոչ մէկն անպատիժ չմնայ: Վերականգնելի վնասը պէտք է վերականգնուի, չվերականգնելի վնասը` հատուցուի:
Յարգելի՛ լրագրողներ,
Արդեօք ոեւէ մէկն իրեն հարց տուե՞լ է, թէ անցնող 100 տարուայ ընթացքում քանի՛ միլիոն երեխայ չծնուեց, ինչպիսին է եղել հայ կնոջ, հայ որբերի տառապանքն այդ օրերին: Հայ կանայք ոչ միայն բռնաբարուել են, այլեւ բռնի կրօնափոխ են դարձել: Շատերը ստիպուած են եղել իրենց նետել Եփրատ գետը, որպէսզի փրկուեն թուրքական հալածանքներից:
Կը ցանկանայի, որ թերթէք 1895-1923 թուականների միջազգային մամուլը: Մենք հրատարակել ենք միայն մինչեւ 1915 թուականը «Նիւ Եորք թայմզ» թերթում հրապարակուած յօդուածների 1600 էջանոց ժողովածուն: Հրապարակումներն անդրադառնում են Ցեղասպանութեան նախապատրաստմանը, եւ թէ այդ օրերին ինչ է գրուել Ցեղասպանութեան մասին:
Միւսը Թուրքիայի ղեկավարի եւ հանրային կառոյցների դիրքորոշման տարբերութիւնն է: Սա եւս ուսումնասիրելու խնդիր է, որովհետեւ հանրային կարծիքը գնալով փոխւում է, իսկ իշխանական կարծիքը, ցաւօք, չի փոխւում:
Յաջորդն այն է, որ Ցեղասպանութիւնից յետոյ երկու կարգի հայեր են «առաջացել»: Այսօր Թուրքիայում Դուք անընդհատ կարող էք լսել «տատիկի թոռ» արտայայտութիւնը: Կը ցանկանայի, որ Դուք անպայման կարդաք թուրք յայտնի իրաւաբան, հրապարակախօս Հրանդ Տինքի իրաւապաշտպան Ֆեթիհէ Չեթինի «Մեծ մայրիկ» գիրքը: Մահուանից առաջ նրա 94-ամեայ հայ տատիկը, որը միշտ թուրք է ներկայացել, պատմում է իր թոռնուհուն Ցեղասպանութեան ողջ ոճրագործութիւնը: Հասկանում է, թէ ինչ է արել իր ազգը հայերի նկատմամբ եւ գրում է «Մեծ մայրս» գիրքը, որը հրատարակուել է տարբեր լեզուներով:
Ձեւաւորուել է նաեւ «երկկենցաղ» հայը, ով մինչեւ 18:00-ն ապրում է որպէս թուրք, իսկ դրանից յետոյ դառնում է հայ` ապրելով իր ընտանիքում: Պատկերացրէք հոգեբանական ու բարոյական տառապանքները, որի մէջ յայտնւում է այդ մարդն ամէն օր:
Այն թուրքերին, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանութիւնը, հարց ուղղէք` ի՞նչ եղան 2.5 միլիոն մարդիկ, ովքեր ապրում էին այնտեղ: Հարցրէք` ինչո՞ւ էր Տէր Զօրի անապատը պատուած մարդկային անթաղ ոսկորներով:
Ցեղասպանութիւնը ակնյայտ փաստ է եւ մաթեմատիկական աքսիոմի նման` ապացուցելու կարիք չունի:
Ինչո՞ւ աշխարհասփիւռ եղաւ ողջ հայ ժողովուրդը, ինչո՞ւ ստեղծուեցին այդքան որբանոցներ ու ծերանոցներ, ինչո՞ւ այդ օրերի դեսպանները սարսափահար նամակներ էին գրում իրենց ղեկավարներին:
Մեծն Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսան յայտնեցին, որ հայերի նկատմամբ կատարուածը մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ կատարուած յանցագործութիւն է. այդ ժամանակ «ցեղասպանութիւն» եզրոյթը մարդկութեանը դեռ յայտնի չէր: Սա ասել են երեք մեծ պետութիւնները:
Ասացէ՛ք խնդրեմ, ինչ դատավարութեան մասին էր խօսքը, երբ 1921 թուականին Թուրքիայի ռազմական դատարանը երիտթուրքերի պարագլուխներ` Թալէաթին, Էնվերին, Ճեմալին մահապատժի դատապարտեց:
Վերջում ուզում եմ ասել, որ մենք մահին յաղթած ժողովուրդ ենք, մենք յաղթել ենք թուրքական քաղաքականութեանը, 100 երկրներում արմատներ ենք ձգել եւ դարձել ենք հզօր, կայացած, զարգացած հայեր: Որեւէ երկրում կրօնափոխ կամ դաւանափոխ չենք եղել: Մենք ստեղծել ենք խոշոր համայնքներ եւ շարունակել ենք ապրել ու արարել, ստեղծել ենք մեր ազատ, անկախ պետութիւնը: Մենք անցնող 100 տարիների ընթացքում ստեղծել ենք հայրենիք-սփիւռք-Արցախ գործակցութիւնը եւ շարունակելու ենք մեր պայքարը, որպէսզի կանխարգելենք ցեղասպանութիւնները:
Պայքարելու ենք, որպէսզի վերականգնենք մարդու իրաւունքները, ցեղասպանութեան նահատակների ժառանգների իրաւունքները, մեր անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքները: Պայքարելու ենք, որպէսզի շարունակենք յիշել ու յիշեցնել մեր անթաղ նահատակների մասին, ստուերի նման մեզ հետեւող 1,5 միլիոն նահատակներին: Սրբադասելով` մենք նրանց ուղարկում ենք երկնքի արքայութիւն: Բոլորս միասին տարբեր լեզուներով պէտք է «ամէն» ասենք` նրանց յիշատակի համար:
Մենք պէտք է պայքարենք, որ աշխարհի ոչ մի երկրում այլեւս երբեք ցեղասպանութիւնը չկրկնուի: Եւ, վերջապէս, թուրքը պիտի իմանայ, որ մենք չենք լռելու եւ շարունակելու ենք մեր պայքարը: Այսօր արդէն 1915 թուականը չէ, որ գլխատի մի ողջ ժողովուրդ: Աշխարհի 100 երկրներում հայերը շարունակելու են պայքարել: Ես հաւատում եմ, որ գալու է մի օր, որ թուրքը ճանաչելու է Հայոց ցեղասպանութիւնը, եւ արդարութիւնը վաղ թէ ուշ` յաղթանակելու է:
Խօսքս ուզում եմ աւարտել մի պատմութեամբ. «Հայրը մեռնելուց առաջ իր որդուն ասում է` որդիս, մենք` 15,000 կոյր որբուկներ հասանք Տէր Զօր, եթէ մի օր դու մոռանաս ցեղասպանութիւնը` յիշի՛ր իմ աչքերը»: