ԼՈՒՍԻՆԷ ԹՈՓՈՒԶԵԱՆ
Եղեռնի 100-րդ Տարելիցի Առիթով Պապերի
Էրկրից Հող Ու Ջուր Են Բերել Ջաւախք…
«Ուխտագնացութեան» հեղինակը մեր զրոյցի ժամանակ յուզախռով պատմում էր.
«Նախապապերիս ծննդավայրում (Էրզրումի Ճինիս, Սոկիւթլու շէներում) հանդիպել եմ այն մարդկանց, ովքեր այսօր ապրում են հէնց այն հին` արդէն քանդուող քարաշէն տներում, որոնք կառուցուել են իմ ազգականների` Իսոյեան տոհմի նախապապիս ու նրա եղբօր ձեռքերով: Ես ջուր խմելու պատրուակով թակեցի դուռը: Թուրք տանտիրոջ հետ դուրս թափուեցին մի տուն լիքը մանուկներ: Մեհետի էր տանտիրոջ անունը: Նա արդէն տեղեակ էր մեր` իրենց գիւղում լինելու մասին: Նա յարգանքով մեզ հրաւիրեց ներս, քաղցր թէյ հիւրասիրեց, իսկ մենք մանուկներին նուէրներ բաժանեցինք: Ես հանգիստ նստած թուրքի տանը` նայում էի պատերին, առաստաղի ծածկին, իրար կողքի շարուած լուռ ու շուար երեխաներին, մտորում էի այն մասին, որ, ահա, օրեր առաջ Ջաւախքում էի` իմ տանը, իսկ հիմա… Կարծես երազ լինի` ամէն, ամէն ինչը… Հիմա Էրզրումի Ճինիս գիւղում` երբեմնի պապերիս տանն եմ…
Ահա եւ տանտիրոջ հետ իրենց կլոր սեղանի շուրջ նստած` մօտ 10-15 րոպէ խօսում էի գիտցածս թուրքերէնով եւ հասկացնում, որ ժամանակին իմ նախնիներն են այստեղ ապրել: Իսկ նա քթի տակ քմծիծաղ տալով` հասկացնում է, որ 1830-ին` հայերի հեռանալուց յետոյ, իր պապերը, որոնք հարեւան են եղել մեր պապերին, զբաղեցրել են այս տները… այնպէս որ, երկուսս էլ, ճինիսցիների սերունդներ ենք` նոյն գիւղում ապրող երկու հարեւանի սերունդներ, որոնցից մէկս բախտի թէ պատմական դաժան «իրողութեան» չար կատակով ապրում է իր պապենական հողից ու ծննդավայրից հեռու… Ի դէպ, ճինիսցու տունը բաւականին մաքուր էր, բակում կիսահայկական-կիսաքրտական քոլորիտ կար` բազմագոյն փալասներ էին փռուած, իսկ սենեակում` գոյնզգոյն գորգեր, փռոցներ: Բակի խորքից մի դուռ էր բացւում դէպի թոնրատուն, որից այն կողմ գոմն ու օտան էին: Գոմից մի դուռ էր բացւում դէպի դուրս` առուի կողմը: Իմ տատը պատմում էր, որ Իսոյեան տոհմի տներն առուի աջ ափին էին, գիւղի ընդհանուր տներից առանձնացած: Հետաքրքիրն այն է, որ դրանցից ոչ մէկը երկրաշարժից չէր տուժել: Եւ 5 անշուք հողածածկ կտուրներով տները զինուորի նման իրար կողքի կանգնած էին միաշարք, որոնք կառուցուել էին պապերիս ձեռքերով:
Մենք գնացինք նաեւ նախնիներիս գերեզմանատուն: Այնտեղ, մանր-մունր քարերից բացի, ցաւօք ոչինչ չգտանք: Ճինիս գիւղում մեր պապերի հոգեւոր տունը` Սուրբ Գրիգոր եկեղեցին արդէն թուրքական մզկիթի էր վերածուած: Երբ փորձեցինք հարցնել, թէ հայեր կա՞ն գիւղում, նրանք պատասխանեցին` այո՛, եւ ցոյց տուեցին դրկից երկու տուն եւ աւելացրին. «Նրանք վաղուց հայերէնը մոռացել են, հայերէն խօսել են պապերը»: Այդ օրը նրանք հնձի էին գնացել: Հայերէն ոչ մի բառ չգիտեցող հայերին մենք երկար սպասեցինք, սակայն նրանց այդպէս էլ չտեսանք: Գիւղամիջում պատմաբան ընկերոջս` Արտիւշի հետ զրոյցի բռնուեցինք մի մեցխեթցու` Էլտարի հետ: Նա անընդհատ խօսք էր բացում հայերի «հորած ոսկիների» մասին: Խորին ափսոսանքով Էլտարը պատմեց, որ մի անգամ ինքը իբր թէ հիւրընկալել է մի հայի, որը Ճինիս էր եկել իր պապի թաքցրած ոսկիները գտնելու, որոնք իբր թէ պահած են եղել հէնց այդ տանը: «Առաւօտեան արթնանալով, պատմում էր նա,- ես հային իր անկողնում չգտայ, մտայ թոնրատուն եւ ինչ տեսայ` հայը փորել էր թոնրի շուրթի հողն ու տարել այնտեղ թաղուած ոսկիները…»: Մի թուրք էլ, «բարեկամաբար» ինձ յիշեցրեց, որ 1915 թուականին դաշնակները իրենց գիւղում մի գիշերուայ մէջ մորթել են 587 թուրքի: Այս թիւը նա իր ձեռքով գրում է իմ ծոցատետրի մէջ, ինձ ոչինչ չէր մնում անելու, քան այդ թուի կողքին գրել` մէկ ու կէս միլիոն նահատակուած հայ… Թուրքը նայեց աչքերիս (ինչ-որ բան հասկացաւ երեւի) ու լռեց:
Մենք եկեղեցու կողքին տեսանք փլուած տներ, մէկի պազալթէ պատի վրայ փորագրուած էին հայերէն կիսաբառեր` Կիրակ, Գ. Կ.: Ենթադրել կարելի էր, որ այդ թաղում Կիրակոսեան տոհմն է ապրել, այսինքն այդ շէնքը եղել է նրանց սեփականութիւնը: Գիւղի բնական դիրքը, լեռնաշարերը, գիւղի միջով անցնող առուակներն ու առուները, Ճինիս գետը, երկնասլաց բարտիները, շրջապատի կանաչ գօտին, մարդկանց աչքերից ասես թաքցնում էին գիւղի գլխին իջած ողբերգութիւնը: Այդտեղ մենք նկարահանումներ էինք անում, մինչդեռ թուրք գիւղապետը հարց էր տալիս. «Ի՞նչ իրաւունքով էք գիւղ մտել»: Մեր բացատրութիւնը, կարծես, իզուր էր: Նա մեզ տարաւ գրասենեակ, զանգահարեց ոստիկանութիւն: Մենք բացատրում էինք, որ գիւղ գալով ոչ մի չար նպատակ չենք հետապնդել, պարզապէս եկել ենք մեր պապերի բնօրրան` այցելութեան: Ի հարկէ, զարմանք էր յարուցում այն, որ գիւղացիները մեր կողմից էին խօսում, իսկ գիւղապետը «պարզում էր» մեր ով լինելը` «Էրզրում» հիւրանոցի միջոցով, որտեղ մենք իջեւանել էինք: Կասկածամիտ գիւղապետը մեր ով լինելը «պարզելուց» յետոյ մեղմացաւ, մեզ հիւրասիրեց «շիրին» թէյով:
Ես իմ մտքում «մնաս բարով» ասի պապերիս դարաւոր օթեւանին` Ճինիս գիւղին եւ ինձ համարեցի երջանիկ մարդ, որ արժանացայ կարօտաբաղձ երազանքիս` տեսնել նախապապերիս բնօրրանը 175 տարի յետոյ: Ես, որպէս վիրաւոր Էրկրիս մի ուխտագնաց, նախապապերիս ծննդավայրում հանդիպել եմ ծպտեալ հայերի, տեսել եմ ծպտեալ խաչքարեր, աւերուած վանքեր, լացող ու կողպուած դռների կողքով անցնելիս «Տէրունական աղօթք» եմ մրմնջացել… Այսպիսով, մենք` ուխտագնացներս, անցել ենք շատ քաղաքների, գիւղերի, աւերուած հայկական վանքերի կողքով… Եւ երբեմն նոյնիսկ փող ենք առաջարկել քրտերին ու թուրքերին, որպէսզի մեր սրբատեղիների դռները բացեն, ցոյց տան մեզ խաչքարերի վրայի աղօթախօսքերը, տապանագրերը: Այդ սուրբ մասունքները նրանք պահում են իրենց գոմերի մէջ, մսուրներում` զբօսաշրջիկ այցելուներից փող կորզելու նպատակով…»:
«Հայ Զինուոր»