ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
Անդրադառնանք Պաքուի կողմից որպէս ականաւոր ազրպէյճանցիներ ներկայացուող մի քանի անունների` Նիզամիից մինչեւ Մուսլիմ Մակոմայեւ:
Անիրազեկ անձին թիւրիմացութեան մէջ գցելու համար բանաստեղծ Նիզամի Գեանջեւիի (1141-1209) ազրպէյճանցի լինելն «ապացուցելու» միակ «փաստարկ» կարող է ծառայել այն, որ նա ապրել է Գեանջա-գանձակում, որը ներկայիս Ազրպէյճանի Հանրապետութեան տարածքում է: Բայց այդ նոյն տրամաբանութեամբ որպէս ազրպէյճանցի կարող են գրանցել նոյն վայրում ու մօտաւորապէս նոյն ժամանակահատուածում ապրած հայ պատմիչ Կիրակոս անձակեցուն (1203-1271), նոյնիսկ եթէ նրա աշխատութիւնը կոչւում է «Պատմութիւն հայոց»:
Նիզամին, ի հարկէ, ազրպէյճանցի չէր: Դա չխանգարեց Միացեալ Նահանգներու Ազրպէյճանի դեսպան Էլին Սուլէյմանովին 2013թ. յունուարին Ուաշինկթընում Մշակութային դիւանագիտութեան թեմայով միջազգային խորհրդաժողովին դարակազմիկ յայտարարութիւն անել, թէ` «գիտնականները մինչեւ օրս չեն պարզել` ազրպէյճանցի բանաստեղծ Նիզամի՞ն է ազդուել Շէյքսփիրից, թէ՞ Շէյքսփիրը` Նիզամիից»: Սա կրկին փաստում է, որ զեղծարարութեան ընթացքում հարեւանը կարող է յայտնուել, մեղմ ասած, ծիծաղելի վիճակներում: Բանն այն է, որ Շէյքսփիրն ապրել է Նիզամիից գրեթէ չորս դար յետոյ, այնպէս որ, վերջինս ոչ մի դէպքում չէր կարող ծանօթ լինել անգլիացի գրողի գործերին: Հակառակը նոյնպէս խիստ անհաւանական է թւում. Շէյքսփիրը դժուար թէ կարողանար տպաւորուել Նիզամիի բանաստեղծութիւնից, քանի որ արեւելեան լեզուներին չէր տիրապետում, որպէսզի կարդար եւ ազդուէր: Շէյքսփիրի կեանքի օրօք Նիզամիի ստեղծագործութիւնները դեռ անգլերէն չէին թարգմանուել, իսկ համակարգչային «Կուկըլ»-ի թարգմանիչ կամ միւս ծրագրերը չկային: Նիզամիին իւրացնելու սեփական կեղծիքն աւելի համոզիչ դարձնելու համար Պաքուն փորձում է զգայացունց յայտարարութիւններ անել` հասնելով հակադարձ համեմատական արդիւնքի:
Սուլէյմանովի ելոյթից մօտ 120 տարի առաջ հրէական ծագումով հունգարացի հետազօտող Վիլհելմ Պաքերը (1850-1913) հրատարակեց համապարփակ ուսումնասիրութիւն Նիզամիի մասին: 1870թ., Լայփցիկի համալսարանն աւարտելիս` Պաքերը տոքթորական աշխատանք պաշտպանեց Նիզամիի թեմայով, որն աւելի ուշ տպուեց առանձին գրքով եւ անգլերէն թարգմանուեց 1873-ին: Սոյն գրքում Պաքերը Նիզամիին համարում է պարսիկ բանաստեղծ, որի մայրը քրտուհի էր: «Մայրը քրտական ծագում ունէր, եւ բանաստեղծը նրան մի քանի տողեր է նուիրել»,- գրում է Պաքերը:
Մայրս` քիւրտ ազնուական
մահացաւ, ինչպէս շատերը մեռան:
որդու աչքի առաջ նա գնաց,
ո՞ւմ պատմեմ թախիծն իմ անցած:
Այսպէս է գրում ինքը` Նիզամին: Բանաստեղծի տողերն իր քրտական ծագման մասին բացարձակապէս չեն խանգարում ազերպրոպին շարունակելու պնդել, թէ նա ազրպէյճանցի է:
1876-ին Պաքերը տպագրեց նոր գիրք` «Պարսկական բանաստեղծութեան անգլիացի ընթերցողների համար» խորագրով, որի հիմքում աւելի վաղ տպած աշխատութիւնն էր: Ինչպէս վերնագրից է հետեւում, հեղինակը Նիզամիին կրկին բնութագրում է պարսիկ բանաստեղծ:
Նիզամիի իւրացումը տեղի ունեցաւ 1930-ականների վերջերին: Սթալինեան յանձնարարականով այս գործի գլուխ կանգնեց իրանագէտ Եւկենի Պերթելսը: Ընդ որում, նա աւելի վաղ` ցարական շրջանում, աշխատութիւններ էր հրատարակել, որոնցում Նիզամին դեռ պարսիկ էր: Պատմական այս դրուագին մանրամասն անդրադարձել է հետազօտող եւ լրագրող Արիս Ղազինեանը:
Նշենք, որ Նիզամիին պարսիկ է համարում նաեւ Իսլամութեան հանրագիտարանը, իսկ Բրիտանական հանրագիտարանում կարդում ենք, որ պարսիկ Նիզամին, ըստ մի վարկածի, ծնուել է ոչ թէ Գանջայում (Գանձակ, Ա), այլ բուն Պարսկաստանում` Թեհրանից 125 քմ հարաւ-արեւմուտք ընկած Քոմ քաղաքում, ապա փոխադրուել է Գանջա (Գանձակ, Ա):
«Իր ծննդավայրը կամ առնուազն իր հօր տունը Քոմի բարձունքներում է, բայց նա իր գրեթէ ողջ կեանքն անց է կացրել Գանջայում (Գանձակ), որն Առանում է, այդ պատճառով յայտնի է դարձել Նիզամի Գանջա (Գանձակի) անուամբ նշում է հանրագիտարանը:
Հետաքրքիր է նաեւ, որ Գանձակ, ըստ հանրագիտարանի, ոչ թէ Ազրպէյճանում է, այլ Առանում:
Ազրպէյճանի դեսպան Էլին Սուլէյմանովը վերոնշեալ գիտաժողովին որպէս ազրպէյճանցի ներկայացրեց եւս մէկ գրողի` Քուրպան Սայիտին: Եթէ Նիզամիի դէպքում ազերպրոպը միակարծիք է նրա` իբր թէ ազերի լինելու մասին, ապա Քուրպան Սայիտի դէպքում եզակի բացառութիւններ կան, երբ նոյնիսկ Ազրպէյճանում ընդունում են, որ Քուրպան Սայիտն, այնուամենայնիւ, ազրպէյճանցի չէր:
Քուրպան Սայիտի անուան շուրջ առժամանակ ընդհանրապէս առեղծուածային մթնոլորտ էր ձեւաւորուել: 1935թ. նրա առաւել յայտնի ստեղծագործութեան` «Ալի եւ Նինօ» վիպակի ձեռագիրն անհասկանալի կերպով յայտնուել է Աւստրիայի Էօ. Բի. Դալ հրատարակչատանը, որն այն լոյս է ընծայել 1937թ.: Գիրքը դարձել է պեսթսելըր: Յաջորդ տարի հրատարակչատունը տպել է Քուրպան Սայիտի երկրորդ ու վերջին գործը` «Ոսկեղջիւրի աղջիկը»:
Ամերիկացի հետազօտող Թոմ Ռէյսի «Արեւելցին. լուծելով տարօրինակ եւ վտանգաւոր կեանքի առեղծուածը» խորագրով հետազօտութիւնը պարզում է, որ գրքի հեղինակն էր Լեւ Նուսիմպաումը:
Լեւ Նուսիմպաումը ծնուել է 1905-ին Քիեւում, հրէական ընտանիքում, թէեւ ըստ Ռէյսի, հնարաւոր է` նա ծնուել է Զիւրիխից Թիֆլիս Նուսիմպաումների ճամբորդութեան ժամանակ եւ ստոյգ վայրն անյայտ է: Յայտնի է, որ Լեւ Նուսիմպաումի հայրը` գործարար Աւրամ Նուսիմպաումը, ծնունդով թիֆլիսցի էր: Մայրը` Պերթա Սլուցքին-Նիսիմպաումը, պիելոռուս հրեայ էր, յեղափոխական:
Երբ Լեւը մէկ տարեկան էր, ծնողները փոխադրւում են Պաքու` նաւթային առեւտուրով զբաղուելու: 1918-ին, Պաքւում 26 կոմիսարների իշխանութեան ժամանակ նրանք հեռանում են Կասպիցի միւս ափ, այնուհետեւ` Պարսկաստան ու նորից վերադառնում Ազրպէյճան: 1920-ին պոլշեւիկեան կարգերի հաստատմամբ, 14-ամեայ Լեւ Նուսիմպաումն ու հայրը վերջնականապէս հեռանում են Պաքուից նախ մենշեւիկեան Վրաստան, ապա` Պոլսի վրայով Գերմանիա, որտեղ նա ծաւալում է գրական գործունէութիւն:
Ազրպէյճանական քարոզչամեքենան պնդում է, թէ Քուրպան Սայիտի ծածկանունով ստեղծագործել է ոչ թէ Նուսիմպաումը, այլ` ազրպէյճանցի գրող եւ դիւանագէտ Եուսիֆ Վեզիր Չամանզամինլին: Վերջինս եղել է մուսաւաթական Ազրպէյճանի դեսպանը Պոլսում, իսկ խորհրդայնացումից յետոյ փոխադրուել է Փարիզ, ապա 1926թ. դիմել է Խորհրդային Ազրպէյճանի այն ժամանակուայ ղեկավար Սերգէյ Քիրովին` Պաքւում վերահաստատուելու խնդրանքով: Դիմումը բաւարարուել է, եւ Չամանզամինլին վերադարձել է Պաքու: 2011թ. Միացեալ Նահանգներում հրատարակուող Ազրպէյճան Ինթըրնաշընըլ հանդէսը մի ամբողջ թողարկում նուիրեց «Ալի եւ Նինօ» պատումի Չամանզամինլիի հեղինակային իրաւունքն «Ապացուցելուն»: 1994թ. Ազրպէյճանի գրականութեան հիմնարկը (ի դէպ, կրում է Նիզամիի անունը) վճռեց «Ալի եւ Նինօ» վիպակը տպագրել ոչ թէ Քուրպան Սայիտ, այլ Եուսիֆ Չամանզամինլիի անուան ներքոյ:
Որքան Նիզամին էր ազրպէյճանցի, այդքան էլ Չամանզամինլին էր գրքի հեղինակը: Որպէս վերջինիս` «Ալի եւ Նինոյի» գրող լինելու ապացոյցներ ներկայացուող ազրպէյճանական «փաստարկները» ներկայացուած են ստորեւ` փակագծերում մեկնաբանութիւններով:
Ա. Եուսիֆ Վեզիր Չամանզամինլին գրող էր, գեղարուեստական եւ գրականագիտական մի շարք գործերի հեղինակ (Լեւ Նուսիմպաումը նոյնպէս: Տարբեր հաշուարկներով նա Եւրոպայում բնակութեան տարիներին մինչեւ 40 գիրք է գրել հիմնականում Էսատ Պէյ ծածկանուամբ):
Բ. Չամանզամինլին, ինչպէս եւ գրքի հերոս Ալի Շիրվանշիրը, դիւանագիտական նշանակում էր ստացել Փարիզում (ճիշտ չէ, նա աշխատել է Պոլսում, ապա խորհրդայնացումից յետոյ փոխադրուել է Փարիզ` բնակութեան):
Գ. Չամանզամինլիի դուստրը սովորել է Ռէալական գիմնազիայում, ինչ որ գրքի հերոս Նինոն (Քուրպան Սայիտը, Պաքւում ապրելիս, սովորել է նոյն գիմնազիայում, ինչ որ գրքի հերոս Ալին):
Դ. Չամանզամինլին, ինչպէս եւ գրքի հերոսը, Պաքւում դիտել է «Եւկենի Օնեկին» օփերան (այս «խիստ տրամաբանական» փաստարկը թողնենք առանց մեկնաբանութեան):
Ներկայացնենք մի քանի պարզ դատողութիւններ, որոնք պարզապէս բացառում են Չամանզամինլիի տարբերակը: Նախ, գրքի ձեռագիրը հրատարակչութիւն է ներկայացուել 1935-ին, երբ մուսաւաթ գործիչն արդէն մէկ տասնամեակ Ազրպէյճանում էր: Ինչպէս նշուեց, վիպակը գրուել է գերմաներէն: Ազրպէյճանցի գրող դիւանագէտը գերմաներէնին չի տիրապետել: Ճիշտ է, ազերպրոպը պնդում է, թէ նա դպրոցում գերմաներէն է անցել: Բայց արդեօ՞ք դպրոցական գիտելիքը բաւարար է քսան տարի յետոյ գիրք գրելու համար:
Գրքում Պաքուի մասին փաստագրական անճշտութիւններ կան, որ պաքուեցի Չամանզամինլիի մօտ չէին կարող լինել, իսկ այստեղից 14 տարեկանում հեռացած Նուսիմպաումի պարագայում հնարաւոր էին:
«Ալի եւ Նինօ» վիպակում կան ձեւակերպումներ, որոնք խիստ անհաւանական են դարձնում, եթէ չասենք` բացառում, որ դրա հեղինակը կարող էր լինել մուսաւաթականը: Բերենք մի քանի օրինակ:
Գրքի հերոս Ալի Շիրվանշիրի հայրը, դիմելով որդուն, ասում է. «Թշնամուդ չգթաս: Մենք քրիստոնեայ չենք»:
«Ղարաբաղցիները [իրենց հողը] կոչում են Սիւնոք, իսկ աւելի վաղ կոչուել է Աղվար»:
«Յիմարութիւն է այդպէս ատել հայերին» եւ այլն:
Դժուար է պատկերացնել, որ մուսաւաթական պաշտօնեան Ղարաբաղը կ՛անուանէր Սիւնոք, որ հաւանաբար հայկական Սիւնիքի աղաւաղուած տարբերակն է, ապա Աղվար, որ հաւանաբար Աղուանքից է գալիս: Թոմ Ռէյսը, ծանօթանալով ազերպրոպի թեզերին, յայտարարել է. «զարմանալի է, եթէ ինչ-որ մէկը կարող է լուրջ վերաբերուել այս տեսութեանը: Վէզիրը պարզապէս մոլի ազգայնական էր»:
Հրեայ Լեւ Նուսիմպաումը Գերմանիայում եւ Աւստրիայում բնակւում էր ֆաշականութեան ծաւալման տարիներին: Սկզբում նա իր գրական ստեղծագործութիւնները ստորագրում էր Էսատ Պէյ գրական կեղծանունով` թաքցնելով իր հրէական ինքնութիւնը: 1935 թ., այնուհանդերձ, բացայայտուել է, որ Էսատ Պէյը հրեայ Նուսիմպաումն է: Այդ պատճառով նա ընտրել էր նոր գրական կեղծանուն` Քուրպան Սայիտ:
Նշենք, որ Թոմ Ռէյսն իր հետազօտութիւնների ընթացքում յայտնաբերել է Լեւ Նուսիմպաումի ձեռքով գրուած ինքնակենսագրութիւնը` ստորագրուած Քուրպան Սայիտ: «Ինձ թւում է,- գրում է ազրպէյճանցի լրագրող Չինկիզ Հիւսէյնովը,- վէպի հեղինակը ոչ մի դէպքում չի կարող լինել Չամանզամինլին, որքան էլ դա ցանկանայի»:
Խորհրդային ժամանակաշրջանի սերնդին քաջածանօթ է Մուսլիմ Մակոմայեւի անունը: Նա յատկապէս յաջող աշխատել է հայ մեծանուն յօրինողներից մէկի` Առնօ Պապաջանեանի, ինչպէս նաեւ Ալեքսանդր Հեքիմեանի, Ալեքսանդր Դոլուխանեանի հետ: Մակոմայեւը ծնուել է Պաքւում, 1942-ին, երգեր է ձօնել այս քաղաքին: Բայց արդեօ՞ք նա ազրպէյճանցի էր:
«Մայրս ցայտուն արտաքին ունէր… թերեւս, հիմնականում այն պատճառով, որ իր մէջ խտացնում էր տարբեր արիւններ: Նրա հայրը թուրք էր, մայրը` կէս ադիգէյ եւ կէս ռուս: Նա Մայքոփից էր», գրում է Մակոմայեւը:
Հօրական տատի` Պայտիկիւլի մասին Մակոմաեւը նշում է, որ թաթար էր: Քանի որ երգիչն իր յուշերը գրել է խորհրդային ժամանակաշրջանում, երբ արդէն գոյութիւն ունէր ազրպէյանցի բառը, պէտք է ենթադրել, որ թաթար ասելով նա նկատի ունէր հէնց թաթարներին: Ազրպէյճանում մինչեւ օրս բնակւում է թաթար ազգային փոքրամասնութիւնը` մօտ 25,000-ի սահմաններում: Նրանք խօսում են թաթարերէն լեզուով, մի մասը սերում է Խրիմից: Պայտիկիւլը թաթարական եւ ոչ թէ ազրպէյճանական անձնանուն է:
Անդրադառնանք Մակոմայեւի հօրական պապին, այսինքն` Մակոմայեւների գերդաստանին: Հէնց հօրական պապը` Ապտիւլ-Մուսլիմ Մակոմայեւը, վճռական դեր է ունեցել Մուսլիմի երգիչ դառնալու գործում: Նա եղել է յօրինող, ղեկավարել է Պաքուի ֆիլհարմոնիան: Բնականաբար, Ազրպէյճանում պնդում են, թէ ազգութեամբ էլ ազրպէյճանցի է: Սակայն չեն կարող խուսափել այն փաստից, որ «ազրպէյճանցի» համարուող Ապտիւլ-Մուսլիմ Մակոմայեւը ծնուել է… Կրոզնիում:
Չեչենիոյ մշակոյթի նախարարութեան պաշտօնական կայքում կարդում ենք. «Մակոմայեւների գերդաստանը սերում է Չեչենիայի Սթարիէ Աթագի գիւղից»: Ապտիւլ-Մուսլիմ «Մակոմայեւը ծնուել է Կրոզնիում 1885-ի սեպտեմբերի 6-ին, դարբին-զինագործ Մակոմեթի ընտանիքում, որից եւ հաւանաբար սերում է Մակոմայեւ ազգանունը: Ընդ որում, Ապտիւլ-Մուսլիմի եղբայրը` Մալիք Մակոմայեւը, նոյնպէս երաժիշտ էր, շարունակել է բնակուել Չեչենիայում եւ երբեք չի կոչուել ազրպէյճանցի: Մալիք Մակոմայեւին է պատկանում Չեչենիայում յայտնի «Շամիլի լեզգինկան» պարային եղանակը:
1960-ականներին դեռեւս պատանի Մուսլիմ Մակոմայեւն առժամանակ նոյնիսկ ապրել է Կրոզնիում: Ընդ որում, Պաքւում նա վերահաստատուել է պատահական ձեւով. արձակուրդին Կրոզնիից գնացել էր Ազրպէյճան, երբ իրեն հրաւիրում են Կոմերիտմիութեան կենտրոնական կոմիտէ եւ առաջարկում մեկնել Հելսինքի որպէս Ազրպէյճանի ներկայացուցիչ` Երիտասարդութեան միջազգային փառատօնին: Երիտասարդ երգիչը նախ Հելսինքիում շահում է գլխաւոր մրցանակը, ապա շատ յաջող ելոյթ է ունենում Մոսկուայի Քրեմլինի համագումարների պալատում: Ի հարկէ, այդքանից յետոյ Ազրպէյճանի համայնավար ղեկավարները Մակոմայեւին չէին վերադարձնի Չեչենիային: Նիւթական խրախուսանքներով, մասնաւորապէս լուծելով բնակարանային հարցը, նրան տեղաւորում են Պաքւում:
Չեչենիայում ապրած տարիներին Մուսլիմ Մակոմայեւը մօտ է եղել չեչեն երգիչ Մակոմէտ Ասայեւի հետ, որն իր խօսքով` ոգեշնչուել է Մակոմայեւից: Ասայեւը նոյնպէս նշում է, որ Մուսլիմ Մակոմայեւի պապը ծնուել էր Չեչենիայում, ժամանակին երաժշտութիւն էր ուսանել Կորի քաղաքում, սակայն երբ վերադարձել էր Կրոզնի, Ռուսական կայսրութեան իշխանութիւնները թոյլ չէին տուել ուսուցչութեամբ զբաղուել, քանի որ այդ ժամանակահատուածում միայն քրիստոնեաները կարող էին Չեչենիայում աշխատել որպէս ուսուցիչ: Այդպէս Ապտիւլ-Մուսլիմ Մակոմայեւը որոշել էր փոխադրուել Պաքու, որտեղ համեմատաբար ազատ վիճակ էր: Ի դէպ, ազրպէյճանական կայքերում, Ապտիւլ-Մուսլիմ Մակոմայեւի գործերից նախընտրում են նշել խորհրդային ժամանակաշրջանում գրած «Ազրպէյճանի դաշտերում» կամ «Ազատագրուած ազրպէյճանուհու պարը» ստեղծագործութիւնները, սակայն ոչ մի դէպքում չեն նշում չեչենական թեմաներով նրա սիմֆոնիք գործերի մասին: Մակոմայեւ աւագի «Չեչենական պարի» կամ «Չեչենիայի երգերի ու պարերի» վերաբերեալ ապշերոնեան կայքերից տեղեկանալ հնարաւոր չէ:
Չեչեն ականաւոր պարող Մահմուտ Էսամպայեւը մի անգամ հարցրել է Մուսլիմ Մակոմայեւին, թէ ինչո՛ւ է ներկայանում որպէս «ազրպէյճանցի» (թէեւ` ոչ միշտ- Հ.Ն.):
– Ես ծնուել ու ողջ կեանքս ապրել եմ Ազրպէյճանում,- պատասխանել է երգիչը:
– Յետո՞յ ինչ: Իսկ ես ծնուել եմ աւտոտնակում, բայց դրանով ես չդարձայ աւտոմեքենայ,- կատակով նկատել է Էսամպայեւը:
Բայց սոյն փաստերը նշանակութիւն չունեն ազերպրոպի համար, որը Մակոմայեւին մէկընդմիշտ պիտակել է «ազրպէյճանցի». մի դժուար ըմբռնելի ազգ, որի հետ Մուսլիմ Մակոմայեւը որեւէ ծինային կապ չունի:
«Համաշխարհայի Բ. պատերազմի» օրերին, իւրաքանչիւր ճակատամարտից առաջ, 35-րդ հրասայլին զօրամասի հրամանատար Ազի Ասլանովը սիրում էր բարձրաձայն կրկնել` շիմոն: Շատերին անյայտ էր մնում, թէ ինչ ասել է` շիմոն, այդ թուում նաեւ իր ենթակայ հազարապետ Ստեփան Միլիւթինին: Ասլանովը վախճանուեց Համաշխարհայի Բ. պատերազմի աւարտից հաշուած ամիսներ առաջ` 1945թ. յունուարի 25-ին, իսկ Միլիւթինն այս բառի խորհուրդը պարզեց տարիներ անց: Ազգութեամբ թալիշ համայնքային գործիչ Տաւլաթ Կախրամանովից նա իմացաւ, որ շիմոն թալիշերենից թարգմանւում է «առաջ»:
Թալիշ-մուղանեան տարծաշրջանում, մասնաւորապէս Լենքորանի մերձակայ Կամեաթուք գիւղում ծնուած Ազի Ասլանովին (1910-1945) Պաքուն նոյնպէս իւրացրեց` դարձնելով ազրպէյճանցի: Նոյն զօրամասի զինուորներից Իւան Օկուլչանսքին պատերազմից յետոյ գեղարուեստական գիրք գրեց զօրավար, Խորհրդային Միութեան հերոս Ասլանովի մասին: Յստակ երեւում է, որ գրողը կենսագրական գրքում խուսափել էր Ազի Ասլանովի ազգութիւնը մասնաւորեցնելուց: 1937-ից Խորհրդային Միութիւնում թալիշական ինքնութիւնն արգելքի տակ էր, իսկ «ազրպէյճանցի» գրել հեղինակն ըստ էութեան չէր ցանկացել: Տեսականօրէն չի բացառւում, որ Օկուլչանսքին գրել էր եթալիշէ, սակայն գրաքննութիւնը խմբագրել է այդ մասը: Գրքում մի քանի ուշագրաւ դրուագներ կան Ասլանովի ազգութեան հետ կապուած.
«Լայն ուսերով տարեց մարդը բարձրաձայն հարցրեց.
– Դուք ի՞նչ էք ազգութեամբ:
Ասլանովը պատասխանեց»:
Օկուլչանսքին չի նշում, թէ Ասլանովը յատկապէս ինչ պատասխանեց:
Իսկ գրքի ուքրանիացի հերոսներից մէկը, դիմելով Ասլանովին, ասում է. «Կեցցէ ուքրանիացիների եւ Ազրպէյճանի միջեւ բարեկամութիւնը»: Փաստը, որ նշուած է «ազրպէյճանի» ու ոչ թէ «ազրպէյճանցիների», ինչպէս տրամաբանօրէն պէտք էր լինէր, կրկին ցոյց է տալիս Օկուլչանքու երկակի վիճակը:
1985-ին Խորհրդային Ազրպէյճանը նկարահանեց «Ես ձեզ սիրել եմ կեանքից շատ» գեղարուեստական շարժանկարը հրամանատար Ասլանովի մասին: Շարժապատկերի հերոսը ռուսերէնի հետ միասին խօսում է ազրպէյճաներէն, բայց եւ նշում հայրենի Լենքորանի մասին` ազգային պատկանելութիւնը թողնելով անորոշ: Պէտք է ենթադրել, որ շարժանկարի արտադրողները նախընտրել էին շրջանցել նուրբ թեման: Սակայն «շիմոն» բառին շարժապատկերում փոխարինել էր ազրպէյճաներէն նոյնիմաստ «Կեաթթիք»-ը:
Այսօր Ազրպէյճանում աւելի վստահ են գործում: Ազի Ասլանովի մասին Ուիքիփետիայի յօդուածում մօտ երկու տարի առաջ դեռ հնարաւոր էր տեսնել յիշատակում, թէ Ասլանովը թալիշ է: Բայց ազերպրոպի ջանքերով այս «աւելորդութիւնը» հանուել է, եւ այժմ Ասլանովն ելեկտրոնային շտեմարանում ներկայացւում է բացառապէս ազրպէյճանցի: Ի դէպ, այս պնդումը հիմնաւորելու համար Ուիքիփետիայի ազերի գրչակները յղում են տալիս Օկուլչանսքու գրքին, նոյնիսկ մասնաւորեցնում էջը, որտեղ, սակայն, նման ձեւակերպում չկայ:
Այս բոլոր ականաւոր մարդիկ ազրպէյճանցի չէին: Հնում յայտնի ազերի գտնելու բոլոր փորձերը նախապէս դատապարտուած են տապալման: Ազրպէյճանցի հռչակուած յօրինող Ուզէյիր Հաճիբեկովը տաղստանցի է, նրա եղբայրը նոյնիսկ ստեղծագործել է Տաղստանցի ծածկանունով:
Օտար արուեստագէտներին գողանալու եւ դրանով ծիծաղելի վիճակի մէջ յայտնուելու բարձրակէտը, թերեւս, համարենք Սայաթնովային ազրպէյճանցի յայտարարելու ցնցիչ թեզը: Միջնադարեան քնարերգու Յարութիւն Սայադեանի նոր ազգութիւնը յայտնաբերել է ազրպէյճանցի լրագրող եւ մշակութաբան Էլչին Ալիպէյլին: Բայց նա չի պարզաբանել, թէ ինչպէս ստացուեց, որ «ազրպէյճանցին» թաղուել է Թիֆլիսի Ս. Գէորգ հայկական եկեղեցու բակում, որտեղ եւ մինչեւ օրս գտնւում է Սայաթնովայի տապանաքարը:
Ըստ հեղինակի դիտարկման, աշխարհում քիչ թէ շատ յայտնի առաջին ազրպէյճանցի կարող է պայմանականօրէն համարուել… Հայտար Ալիեւը:
Չնայած բոլոր աճպարարութիւններին` աւելի վաղ ապրած որեւէ ականաւոր (թէկուզ` վատահամբաւ) ազրպէյճանցի ուղղակի չկայ:
Ամփոփում
Վերադառնանք վերնագրում նշուած հարցին. քանի՞ տարեկան է ազրպէյճանցի ժողովուրդը: Խորհրդային մարդահամարի տարեթուից ելնելով` 75, իսկ ՆԺԿ գրագրութեան համաձայն` 74:
Ի հարկէ, մէկ մարդահամարով նոր ազգ չի կարող ստեղծուել: Բայց, թերեւս, հէնց 1939-1940թթ. սթալինեան եւ Բերիայի թղթաբանութիւնը զուտ խորհրդանշական ձեւով կարելի է համարել ազրպէյճանցի ժողովրդի «ծննդեան վկայականը»: Չէ՞ որ նոյն Ստալինը պնդեց, որ Ազրպէյճանին նուիրաբերուի Արցախը («Կաւպիւրոյ»-ի մեծամասնութիւնը դէմ էր), ստալինեան որոշմամբ ազրպէյճանցի «դարձաւ» Նիզամին: 1937-1938 թթ. ՆԳԺԿ ճնշիչ մեքենան ճնշեց Ազրպէյճանի ազգային խմբերի ինքնութիւնը` աքսորելով ու գնդակահարելով թալիշ, լեզգի, ուտի եւ միւս ժողովուրդների մտաւորականներին, փակելով նրանց թերթերն ու դպրոցները եւ հարիւր հազարաւոր մարդկանց «վերափոխելով» որպէս ազրպէյճանցի: 1936թ. Կովկասեան դաշնակցային պետութեան կազմալուծմամբ եւ նոյն թուականին ընդունուած ստալինեան սահմանադրութեամբ սկսուեց ազրպէյճանական ինքնութեան արհեստական եւ ուռճացուած ձեւաւորումը: Եւ վերջապէս, նոյն ՆԺԿ համակարգում է իր սրընթաց ասպարէզի առաջին քայլերն արել Հայտար Ալիեւը, որին Զարտուշթ Ալիզատէն համարում է «Ստալինեան քաղաքական ժառանգութեան վերջին ներկայացուցիչը»:
Ուրեմն, ինչո՞ւ հէնց այս ժամանակաշրջանը չգրանցել իբրեւ ազրպէյճանցիների ծննդեան տարեթիւ:
Եոսիֆ Ստալինին իր կեանքի օրօք կոչում էին «ժողովուրդների հայր»:
Առնուազն մէկ ժողովուրդ նրան կարող է այդպէս համարել նաեւ մեր օրերում:
Յ. Գ. 1764թ. գերմանացի հետազօտող Քարսթեն Նիպուրն արտագրեց ու Գերմանիա բերեց Պարսկաստանի Պիհիսթունի լերանը փորագրուած սեպագիր արձանագրութիւնը: Երբ այն վերծանեցին, 26-րդ պարբերութիւնում կարդացին. «Իմ հայ ծառայ Դադարսիին ուղարկեցի Հայաստան»:
Պիհիսթունեան սեպագիրը գրուել է մեզանից աւելի քան 2500 տարի առաջ:
Այս պահին այն հայերի մասին յայտնի հնագոյն արձանագրութիւնն է…
( Վերջ )
ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրային
հեռուստատեսութեան թղթակից
21րդ Դար»