Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Քանի՞ Տարեկան Է Ազրպէյճանցի Ժողովուրդը. Կրկին Ապշերոնեան Մահմետականների Ինքնութեան Շուրջ (Ա. Մաս )

Փետրուար 17, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ

Մերօրեայ Ազրպէյճանը «խաւիարային դիւանագիտութեան» նմանութեամբ զարգացնում է նաեւ «խաւիարային գիտութիւն»` ոչ միայն Ազրպէյճանում, այլեւ արտասահմանում պատուիրելով «հետազօտութիւններ», որոնք ժամանակակից Ազրպէյճանի Հանրապետութեան տարածքը, ինչպէս նաեւ Արցախը, Զանգեզուրն ու Երեւանը ներկայացնում են որպէս հազարամեակների ազրպէյճանական հայրենիք: Յետին թուով Պաքուն որպէս աղուանական է հռչակում նշուած տարածքների կամ հայկական միւս բնակավայրերի քրիստոնէական կոթողները: Անգամ եթէ դրանք աղուանական լինէին, ապա նոյնիսկ այդ դէպքում Ազրպէյճանին Հայաստանի համեմատ որեւէ առաւելութիւն չի տրւում յաւակնելու Աղուանքի պատմականօրէն քրիստոնէական տարածքների ժառանգորդը լինելուն: Ընդհակառա՛կը, աղուանական քաղաքակրթութիւնը շատ մօտ էր հայկականին` որեւէ առնչութիւն չունենալով Ազրպէյճանի թուրք-թաթարական դիմագծի հետ:

Այնքանով, որքանով որ Եգիպտոսի արաբները կարող են յաւակնել բուրգերի պատմական տէրը լինելուն, նոյնքան էլ մերօրեայ Ազրպէյճանի բնակիչները կարող են յայտարարել, թէ իրենք պատմական իրաւունքներ ունեն Աղուանքի քրիստոնէական կոթողների նկատմամբ: Մի տարբերութեամբ, որ Եգիպտոսում նման անհեթեթ յայտարարութիւններ չեն անում:

Սակայն մի բան, որը Պաքուն արդէն ֆիզիքապէս չի կարող փոխել, դա նախորդ հարիւրամեակներում կամ տասնամեակներում մեր տարածաշրջանի վերաբերեալ արդէն իսկ տպուած հետազօտութիւններն են: Այն ժամանակ Ազրպէյճանն անկախ չէր կամ ընդհանրապէս չկար, հետեւաբար «խաւիարային դիւանագիտութիւնն» ու Հայտար Ալիեւի հիմնադրամը չէին գործում, եւ օտար մասնագէտներն ազատ էին սեփական հետազօտութիւններն առաւելագոյնս անաչառ իրականացնելու հարցում:

Եւ հէնց այս աղբիւրների ուսումնասիրութիւնը կարող է եւս մէկ լոյս սփռել թէ՛ արցախեան եւ թէ՛ ընդհանրապէս պատմութեան թեմայով հայ-ազրպէյճանական հակասութիւնների վրայ:

Ընդ որում, նշուած հետազօտողների զգալի մասը գործնականում հակաազրպէյճանական կամ հայանպաստ որեւէ կողմնորոշում չունէր:

Նրանք պարզապէս արձանագրել էին առարկայական իրականութիւնը:

Ի՞նչ Էին Գրում Աշխարհի Հանրագիտարանները

Բրիտանական հանրագիտարանի առաջին տպագրութիւնը թուագրւում է 18-րդ դարով (1768-1771թթ): Ռուսական կայսրութեան Պրոքկաուզի ու Եֆրոնի հանրագիտարանը սկսել է տպուել 1890-ից եւ աւարտուել 1907-ին: Իսլամութեան թեմայով առաջին հանրագիտարանը հրատարակուել է 1913-ից, երբ լոյս տեսաւ առաջին հատորը: Հանրագիտարանների վրայ աշխատել են տասնեակ մասնագէտներից բաղկացած խմբեր լաւագոյն գիտական հաստատութիւններից: Ի՞նչ են նրանք ասել Ազրպէյճանի ու Հայաստանի մասին:

Յատկապէս ուշագրաւ է թւում Իսլամութեան հանրագիտարանը, որի առաջին հրատարակութիւնը տպուել է Հոլանտայի Լէյտըն քաղաքում, «The Encyclopedia of Islam: A dictionary of the Geography, Ethnography and Biography of the Muhammadan peoples» վերնագրով, 1913-1930թթ.: 1960-ին սկսուեց երկրորդ լրացուած հրատարակութեան տպագրութիւնը` «The Encyclopedia of Islam: new edition». Երկու տարբերակներում Ազրպէյճանի բաժինը երկու տարբեր կերպ է ներկայացուած: Դրանց համադրութիւնից տեսանելի է ազրպէյճանական ինքնութեան շուրջ միջազգային ընկալումների շարժաբանութիւնը:

Առաջին տպագրութեան մէջ (1913թ.) Ազրպէյճան անունը վերաբերում էր բացառապէս իրանական Ատրպատականին: Որեւէ Կովկասեան Ազրպէյճանի մասին հանրագիտարանում խօսք չկայ: Ըստ հանրագիտարանի, «ժամանակակից Ազրպէյճանը (խօսքը 1913-ի մասին է, Հ.Ն.) հիւսիսից սահմանակից է Կովկասին»: Այսինքն, հանրագիտարանի համաձայն, Կովկասում Ազրպէյճան չկայ, այլ միայն` Կովկասից հարաւ:

Հանրագիտարանը որպէս մահմետական աշխարհի հետ շփումներ ունեցող եւ աշխարհագրօրէն մօտ երկիր համապարփակ անդրադառնում է Հայաստանին: Ընդ որում, եթէ Ազրպէյճանի բաժինը գրքում զբաղեցնում է մէկուկէս էջ, Հայաստանինը 14 էջ է:

Աշխատութիւնը Ռուսահայաստանի մէկ մասն է համարում Գանձակը` Ելիզավետոպոլի շրջանն ու Օրդուբադ քաղաքը: Նախիջեւանի եւ Արցախի մասին կարդում ենք. «Նախիջեւանը, ինչպէս եւ Երեւանը, շատ առանցքային դեր է ունեցել Հայաստանի պատմութեան մէջ: Շուշին, որը գտնւում է Ղարաբաղի շրջանում, նախկինում առանձին խանութեան մայրաքաղաք էր»:

Ղարաբաղեան խանութեան գոյութիւնը հայկական պատմագիտութեան մէջ չի մերժւում: Այլ հարց է, թէ այն ինչ կապ ունի Ազրպէյճանի հետ: Խանութիւնը չի կոչուել ազրպէյճանական, չի եղել անկախ Ազրպէյճանի մաս եւ մինչեւ Գիւլիստանի պայմանագիրը Պարսկաստանի հսկողութեան տակ էր, ոչ թէ Ազրպէյճանի: Հակառակ դէպքում ցարական զօրավար Ռթիշեւը 1813թ. հոկտեմբերին Գիւլիստանում պայմանագիր կը ստորագրէր Ազրպէյճանի, ոչ թէ` պարսից իշխանութեան հետ: Մերօրեայ Իրանը երբեմնի տիրապետութեան պատրուակով Կովկասի հանդէպ երբեւէ որեւէ տարածքային պահանջ չի ներկայացրել: Բայց Պաքուի գրչակները, չգիտես` ինչո՛ւ, «սեփականաշնորհել» են պարսկական գերիշխանութեան հատուածը, իսկ ինչպէս աւելի ուշ կը տեսնենք` նաեւ պարսիկ բանաստեղծներին:

Ղարաբաղի միջնադարեան պատմութեան համաբնագրում են տեղի հինգ հայկական մելիքութիւնները, որոնք կիսանկախ վիճակ էին ապահովում Արցախի համար:

Իսլամի հանրագիտարանի երկրորդ հրատարակութեան մէջ (1960թ.) պատկերը փոքր-ինչ այլ է: Այստեղ Ազրպէյճանը կրկին ներկայացուած է որպէս Պարսկաստանի շրջաններից մէկը: Այսուհանդերձ, աւելացրել են կէս էջի վրայ տեղաւորուող երեք պարբերութիւն, ուր նշւում է արդէն գոյութիւն ունեցող կովկասեան ոչ անկախ Ազրպէյճանի մասին: Ուշագրաւ է, թէ հեղինակներն ինչ են գրել նորայայտ «Ազրպէյճան-2»-ի մասին. «Թուրքական զօրքերը Նուրի փաշայի գլխաւորութեամբ Պաքուն գրաւեցին 1918թ. սեպտեմբերի 15-ին եւ նախկին շրջանը վերաձեւակերպեցին Ազրպէյճան անուան տակ` դա բացատրելով Պարսկաստանի հիւսիսի Ազրպէյճանի շրջանի թուրքախօսների հետ նմանութեամբ» [2, էջ 191], գրում է հանրագիտարանը:

Այս դէպքում էլ հանրագիտարանը «Ազրպէյճան» բաժինը ներկայացնում է 4 էջ, իսկ Հայաստանի մասին խօսւում է 16 էջ: Ակնյայտօրէն Ազրպէյճանի վերաբերեալ պատմելու առանձնապէս բան չկար, եւ ընդհանրապէս շատ պարզ չէր դեռ, թէ ինչպէս վարուել «Ազրպէյճան 2»-ի հետ: Ստալինեան բռնատիրութիւնն ի զօրու էր նոր ազգ հնարել, ապա նոր ազգի համար հնարել պատմութիւն ու բանաստեղծներ եւ այդ բոլորը պարտադրել ամբողջատիրական համակարգի ներսում: Բայց արտերկրի ակադեմական շրջանակներում, ուր խորհրդային որոշումները հիմք չէին, առժամանակ Ազրպէյճանի հետ կապուած խառնաշփոթ առաջացաւ:

Հայաստանի մասին բաժնում, գալով 1920թ. Ալեքսանդրապոլի ցաւալի պայմանագրին, հանրագիտարանի նոր հրատարակութեան մէջ կարդում ենք. «Թուրքիան վերագրաւեց Կարսը եւ Արտահանը, բռնագրաւելով կցեց Երեւանից հարաւ-արեւմուտք ընկած Իգտիրի շրջանը, ինչպէս նաեւ պահանջեց, որպէսզի Նախիջեւանը ձեւակերպուի որպէս ինքնավար թաթարական հանրապետութիւն»:

Խօսքը 1960-ին, այսինքն` ընդամէնը 54 տարի առաջ տպուած հանրագիտարանի մասին է, որտեղ հեղինակները մերօրեայ ազրպէյճանցիներին բնորոշում են որպէս թաթար:

Իսկ Ղարաբաղի մասով նշւում է, որ նախկինում այն հանդիսացել է Հայաստանի Արցախ նահանգը, «որը 1918-1920թթ. ազատ էր օտար տիրապետութիւնից»: Եւ ոչ թէ մուսաւաթական Ազրպէյճանի մասն էր, ինչպէս պնդում է ազերպրոպը:

1940-ականներին 1-ին հրատարակութիւնը փոփոխութիւններով տպուեց նաեւ Թուրքիայում: Ինչպէս նկատել է պատմաբան Ռուբէն Գալիչեանը, փոփոխութիւններից մէկը վերաբերուել է հանրագիտարանի Ազրպէյճան պարբերութիւն`  ստանալով մի զաւեշտալի ձեւակերպում. «Ազրպէյճան անունն օգտագործուել է Իրանի հիւսիսարեւմտեան շրջանների եւ հազուադէպ`  Արանի եւ Շիրվանի նկատմամբ: 1918թ. մայիսի 28-ից յետոյ Կովկասեան Ազրպէյճան պետութիւնը պաշտօնապէս կոչուեց Ազրպէյճան»:

Վերջին նախադասութիւնը կարող է ծիծաղ առաջացնել իր անհեթեթութեամբ: Ըստ էութեան, այս պարբերութիւնում պաշտօնական Անգարան փորձել է նենգափոխման եղանակով օգնել կրտսեր եղբօրը` խեղաթիւրելով Լէյտընի հանրագիտարանի նախնական գրութիւնը: Բայց արդէն 21-րդ դարի Ազրպէյճանում այս պարբերութիւնը միանշանակ դրական դժուար թէ ընդունուի` ելնելով այն փաստից, որ ընդամէնը 70 տարի առաջ եղբայրական Թուրքիայի համար Արաքսից հիւսիս ընկած հատուածը լաւագոյն դէպքում «հազուադէպ է կոչուել Ազրպէյճան» (եւ ոչ յարատեւ, ինչպէս կը ցանկանային Պաքւում), եւ մերօրեայ Ազրպէյճանն էլ, ըստ թուրքական աղբիւրի, միայն 97 տարի է ստացել իր անունը, եթէ չասենք` մականունը:

Բրիտանական հանրագիտարանի պարագայում մինչեւ 14-րդ հրատարակութիւնը Կովկասեան Ազրպէյճանի մասին յիշատակում չկայ: 1930-ի ապրիլին լոյս տեսած 14-րդ հրատարակութեան 2-րդ հատորում կարդում ենք, որ` «Պարսկաստանի հիւսիսարեւմտեան գաւառ Ազրպէյճանը հիւսիսում Արաքս գետով սահմանակից է Խորհրդային Ազրպէյճանին»: 85 տարի առաջ բրիտանական հանրագիտարանը որեւէ այլ մանրամասն Ապշերոնեան երկրի մասին պարզապէս չի գրել:

Ի դէպ, իրանական Ատրպատականի բնակիչների թուում «Պրիթանիքա»-ն նշում է թուրքեր, հայեր, պարսիկներ ու քրտեր, բայց ոչ ազրպէյճանցիներ: Նոյն աղբիւրի ձեւակերպմամբ,«Իրանական Ատրպատականը արեւելքում սահմանակից է թալիշների երկրին»: Խօսքն այստեղ մերօրեայ Լենքորանի շրջանի մասին է: Ստացւում է, որ ըստ իր ժամանակաշրջանում, թերեւս, ամենահեղինակաւոր հանրագիտարանի, Ազրպէյճան ու ազրպէյճանցիներ չկան, իսկ թալիշ ու թալիշների երկիր կայ:

Նոյն հանրագիտարանում 7 էջի սահմաններում խօսւում է Հայաստանի պատմութեան, գրականութեան, մշակոյթի ու լեզուի մասին` պատկերազարդուած քարտէզով ու նկարներով: Բրիտանական հանրագիտարանի 14-րդ հրատարակութեան տպագրութիւնն աւարտուեց 1973-ին, իսկ արդէն գալիք տարուանից սկսուեց յաջորդ` 15-րդ հրատարակութիւնը` New Encyclopedia Britannica անուամբ: Այս անգամ ազրպէյճանցիների մասին գրուած է, որ այս ժողովուրդն ունի խառը ցեղային ծագում: Հանրագիտարանը որեւէ ակնարկ չի պարունակում, թէ Կովկասի հարաւարեւելեան հատուածը պատմականօրէն պատկանել է ազրպէյճանցի ժողովրդին:

Ռուսական Պրոքկաուզի եւ Եֆրոնի հանրագիտարանի համաձայն, Ազրպէյճան Պարսկաստանի հիւսիսարեւմտեան շրջանն է, որը Ռուսահայաստանից բաժանուած է Արաքս գետով: Ինչից հետեւում է, որ կայսերական հանրագիտարանը ողջ Ղարաբաղը նոյնպէս դիտարկել է որպէս Ռուսահայաստանի մէկ մաս:

1984-ին Միացեալ Նահանգներում տպուած «Մահմետական մարդիկ» հանրագիտարանի Azeri բաժնում կարդում ենք` «Ազերի թուրքերը երբեմն իրենց կոչում են ազրպէյճանցիներ: Նրանք բաժանուած են երկու խմբի` գտնուելով պարսիկների եւ ռուսների տիրապետութեան տակ»:

Ալեքսանդր Տիւմայից Մինչեւ Եոսիֆ Ստալին.
Թաթարից Ազրպէյճանցի Փոխակերպման Հետքերով

«Երեք հրացանակիրների», «Կոմս Մոնթէ Քրիսթոյի» եւ ժամանակի այլ «պեսթ սելըր»-ների հեղինակ Ալեքսանդր Տիւմա-աւագը 1858թ. յունիսից մինչեւ 1859թ. փետրուարն ապրեց Ռուսական կայսրութիւնում, որից վերջին երեք ամիսները` Կովկասում, մասնաւորապէս Թիֆլիսում, տաղստանեան բնակավայրերում եւ Պաքւում: Կովկասեան յուշերն ամբողջացան Տիւմայի «Կովկաս» գրքում, որ 1859-ի գարնանը լոյս տեսաւ Ֆրանսայում, իսկ 1861թ.` Ռուսաստանում (կրճատուած):

Ռուսական ոստիկանութիւնը հետեւում էր Տիւմային, եւ երկրի տարբեր անկիւններից հեռագրեր էին ուղարկւում Փեթերսպուրկ` ֆրանսացի գրողի տեղաշարժի մասին: Ո՛չ Տիւմայի յուշերում եւ ո՛չ էլ աչալուրջ ցարական ոստիկանների զեկոյցներում չի յիշատակւում Ազրպէյճանը կամ ազրպէյճանցին: Օրինակ, ոստիկանութիւնը զեկուցում է, որ 1858թ. հոկտեմբերի 14-ին Տիւման այցելել է Աստրախանի գաւառապետ Սթրուվէի տուն, որտեղ տեսել է «հայերի, թաթարների եւ պարսիկների, տնական կենցաղում եւ ազգային տարազներով:

Տիւմայի կովկասեան նօթերը դժուար վիճակի մէջ են գցել Ազրպէյճանի ներկայիս հետազօտողներին: Գրողի համաշխարհային հեղինակութիւնը գրաւիչ է, եւ ազերպրոպի համար ցանկալի կը լինէր մերօրեայ սերնդին փոխանցել ֆրանսացի հռչակաւոր վիպասանի ջերմ յուշերն Ազրպէյճանի մասին: Բայց ինչպէ՞ս վարուել այն փոքրիկ անյարմարութեան հետ, որ տիւման ընդամէնը 170 տարի առաջ Կովկասում ո՛չ Ազրպէյճան է տեսել, ո՛չ էլ ազրպէյճանցի (ի տարբերութիւն հայերի, վրացիների կամ, ասենք, լեզգինների): Ֆրանսայում բնակուող պատմական գիտութիւնների դոկտոր Այկիւն Էյուպովան «Տիւմայի «Կովկաս» գիրքը եւ նրա տպաւորութիւնները Ազրպէյճանի մասին» խորագրով յօդուածում որոշել է անտեսել այս անյարմարութիւնը: Առաջ անցնելով` Էյուպովան արդէն իր անունից յօդուածում գրել է, թէ Տիւման շատ է սիրել Ազրպէյճանը եւ Կովկասի ժողովուրդներից կոչ է արել վստահել յատկապէս ազրպէյճանցիներին: Էյուպովայի գործը քիչ աւելի էր բարդանում ֆրանսացի հեղինակից ուղղակի մէջբերումներ անելու անհրաժեշտութեան դէպքում: Ի՞նչ անել, եթէ մէջբերումներում Տիւման խօսում է Ապշերոնում բնակուող թաթարների եւ պարսիկների մասին կամ, ասենք, Պաքուն բնութագրում է «պարսկական դիմագծով քաղաք»: Նման դէպքերում մէջբերման կողքին յայտնւում է խմբագրական յաւելումն այն մասին, թէ Տիւման, բանից պարզւում է, պարսիկ կամ թաթար ասելիս` իրականում նկատի չի ունեցել այն, ինչ գրել է:

Իսկ թէ ի՛նչ հրաշքով են 21-րդ դարում ազերի մասնագէտները պարզել այս նրբութիւնները, յօդուածում չի նշւում:

«Յիշեցնենք ընթերցողին, որ «թաթարներ» ասելով` Տիւման նկատի ունէր ազրպէյճանցիներին, իսկ թաթարական ասելով` ազրպէյճանականը- խմբ.»,  կարդում ենք Էյուպովայի յօդուածում` տպուած «Irs-Heritage» ազրպէյճանական հանդէսում: Նոյն յօդուածում մէկ այլ տեղ Տիւմայից հետեւեալ մէջբերումն է արւում` կից մեկնաբանութեամբ. «Մենք գնացինք Մահմուտ Բեկի տուն: Նրա տունը Դերբենտից մինչեւ Թիֆլիս տեսածս ամենահրաշալի պարսկական տներից էր» (Տիւմայի վէպում ազրպէյճանցիներն ու ազրպէյճանականը երբեմն համապատասխանում են պարսկականին, խմբ.)»:

Հաշուի առնելով, որ նշուած են «խմբ.» սկզբնատառերը եւ ոչ թէ յօդուածի հեղինակի անունը, պէտք է ենթադրել, որ դր. Էյուպովան, այնուհանդերձ, չի յանդգնել մեծ վիպասանի «սխալներն ուղղել», դա արուել է աւելի ուշ, IRS-Heritage-ի խմբագրութիւնում:

Տիւման Հայաստան չէր եկել: Սակայն մեզ այցելել է գերմանացի ճանապարհորդ Աւկուսթ ֆոն Կաքսթհաուզենը (1792-1866), որ եղել է Երեւանում եւ Հայաստանի հիւսիսարեւելեան շրջաններում:

«Ելիզավետպոլի գաւառի Շամշատինի շրջանը բնակեցուած է հայերով եւ թաթարներով: Հայերն ապրում են լեռներում, թաթարները, որ աւելի շատ են, հարուստ հարթավայրերում: Հայերը զբաղւում են հողագործութեամբ, այգեգործութեամբ եւ խաղողագործութեամբ: Թաթարները զբաղւում են անասնապահութեամբ, ձիաբուծութեամբ:… Թաթարները հարուստ են ու ծոյլ, հայերն, ընդհակառակը, շատ աշխատասէր են», գրել է գերմանացի ճանապարհորդը:

Յօդուածի առաջին բաժնում ներկայացուած 19-րդ դարավերջի եւ 20-րդի սկզբի հանրագիտարաններից եւ ոչ մէկում ազրպէյճանցի ցեղանունը ցանկացած տարբերակով (Azeri, Azerbaijani, Azerbaidjani) ընդհանրապէս չկայ:

1913թ. «Մարքսիզմը եւ ազգային հարցը» յօդուածում Եոսիֆ Ճուղաշվիլի-Ստալինը 11 անգամ յիշատակում է կովկասեան թաթարներին, բայց ոչ մի տեղ չի գրում «ազրպէյճանցի»: Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ, 1917թ. նոյեմբերի 20-ին, Արեւելքի մահմետականներին ուղղուած կոչում Վլատիմիր Լենինը նոյնպէս չի յիշատակում ազրպէյճանցիներին, այլ գրում է «Կովկասի թուրքերի եւ թաթարների» մասին: Նոյն ժամանակաշրջանում ամերիկեան մամուլում մահմետականներին անուանում էին «թարթար». «Նիւ Եորք Թայմզ»-ը «Պաքուի հայերը ոչնչացւում են» յօդուածում կիրառում է «հարար» տարբերակը: Սպիտակ պահակազօրք` (մոնշեւիկներ. Ա.) հրամանատար Անտոն Տենիկինն իր յուշագրութիւններում մուսաւաթական Ազրպէյճանն անուանում է արհեստական երկիր` անունից սկսած:

1926թ. Խորհրդային Միութիւնում տեղի ունեցաւ առաջին մարդահամարը: Հաշուառուած ազգութիւնների թւում կրկին չկան «ազրպէյճանցիները»: Մարդահամարի արդիւնքները նշում էին այնպիսի ժողովուրդների մասին, ինչպիսիք էին` եաքութները, մորտովացիները, պուրեաթները, վայնախները, փերմեակները, բայց ոչ` ազրպէյճանցիները: Ցանկում տեսանելի է «թիւրքեր» ցեղանունը, որի անուան տակ մասամբ արձանագրեցին այն, ինչ հետագայում կոչուեց ազրպէյճանցի: 1929թ. Թիֆլիսում լոյս տեսած «Անդրկովկասը թուերով»  վիճակագրական պաշտօնական տեղեկատուում կրկին բացակայում է «ազրպէյճանցի ցեղանունը»: 1936թ. յունուարի 21-ին, Քրեմլինում ընդունելով Խորհրդային Ազրպէյճանի պատուիրակութեանը, Վեաչեսլաւ Մոլոթովն Ազրպէյճանում բնակուող ժողովուրդների մասին նշում է` «ռուսներ, հայեր եւ թիւրքեր»: Խորհրդային Միութեան այն ժամանակուայ վարչապետը (ժողկոմխորհի նախագահը) չգիտէր ազրպէյճանցի բառը:

Ստալինեան «Կուլակ»-ը» ցեղին առումով նոյնքան խայտաբղետ էր, որքան Խորհրդային Միութիւնը, եւ 1934-ից սկսած` ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԳԺԿ) ԽՍՀՄ իշխանութիւնների համար ամէնամեայ զեկոյցներ էր պատրաստում ազատազրկուած քաղաքացիների ցեղային պատկերի վերաբերեալ: Ընդհուպ մինչեւ 1940թ. (!) ՆԳԺԿ զեկոյցներում բացակայում էր «ազրպէյճանցին»: Ցանկում հնարաւոր էր հանդիպել անգամ ճափոնացիների կամ քորէացիների, սակայն ոչ` ազրպէյճանցիների»:

Ռուս պատմաբան Վիքթոր Զեմսքովը 1991թ. հրատարակած «Կուլակ. պատմական եւ ընկերաբանական տեսանկիւն» յօդուածաշարում ներկայացնում է արգելափակուած քաղաքացիների ցեղային կազմը: Կցուած աղիւսակը, որ վերցուած է հետազօտողի յօդուածից, պարզորոշ ցոյց է տալիս, որ «ազրպէյճանցի» եզրն առաջին անգամ տեղ է գտել միայն 1940թ., իսկ նախորդ տարիների մասին Զեմսկովը նշել էր. «ազրպէյճանցիների վերաբերեալ տեղեկութիւններ չկան»` յաւելելով, որ մինչեւ 1939թ. ազրպէյճանցիներին գրանցում էին «այլ ժողովուրդներ սանդղակի ներքոյ:

1939թ. ՆԳԺԿ զեկոյցներում ազրպէյճանցի ցեղանունը բացակայում էր, սակայն նոյն տարուայ մարդահամարում, ի տարբերութիւն 1926թ., արդէն կային ազրպէյճանցիները: Այս իրարամերժ վիճակը շարունակւում է եւս մօտ տասը տարի:

Մասնաւորապէս, 1944թ. եւ 1947թ. վիճակագրութեան մասին նշելով` Զեմսկովը նկատում է, որ ազրպէյճանցիների թիւը ԿՈՒԼակ ճամբարներում մի քանի անգամ զիջում էր հայերին եւ վրացիներին: «Մեր կարծիքով, պատճառն այն է, որ ժողովուրդների ցանկում նշուած էին նաեւ թիւրքեր: Ազրպէյճանցիները եւ թուրքերը թուրքախօս ժողովուրդներ էին, եւ ԿՈՒԼակի վիճակագիրները, ըստ երեւոյթին, այս երկու ժողովուրդների կալանաւորների զգալի մասին հաշուառել են որպէս թուրքերի», գրում է նա:

Նորայայտ ազգի ձեւաւորման գործին յատկապէս ընթացք տուեց Անդրկովկասեան ընկերվարական դաշնակցային Հանրապետութեան քայքայումը 1937թ.: Այսպիսով, Ազրպէյճանը դարձաւ միութենական հանրապետութիւն, որը, ի տարբերութիւն Վրաստանի եւ Հայաստանի, չունէր պատմութիւն, եւ որի համար շտապ պէտք էր առանձին պատմութիւն հնարել:

Բնութագրական է «Ազրպէյճանը անկախութիւնից ի վեր» գրքի հեղինակ Սվանթէ Քոռնելի արտայայտութիւնը` արուած 2011թ. յունուարի 13-ին Ուաշինկթընի Ճոն Հոփքինզի համալսարանում: Դիմելով Ազրպէյճանի այն ժամանակուայ դեսպան Եաշար Ալիեւին` նա բացագանչել էր. «Ովքե՞ր էք դուք: Ազրպէյճանցինե՞ր, ազերինե՞ր, թուրքե՞ր…: Շփոթահար դեսպանը կարճատեւ լռութիւնից յետոյ պատասխանել էր` ազրպէյճանցիներ:

Փաստը, որ Ազրպէյճանի մասին գրքի հեղինակն այդպէս էլ չէր հասկացել, թէ ինչ ժողովրդի հետ գործ ունի, ի հարկէ, շատ խօսուն է:

Ո՞վ Է Առաջին Աշխարհահռչակ Ազրպէյճանցին

Ազրպէյճանական կողմը յաճախ է հայերին մեղադրում տարբեր ոչ հայկական անուններով ականաւոր անձանց հայկական ծագում վերագրելու մէջ: Պէտք է ընդունել, որ նման երեւոյթ ընդհանրապէս գոյութիւն ունի: Մենք յաճախ ենք հայկականութիւն փնտռում Հայաստանից դուրս: Բայց արդեօ՞ք անհիմն: Դարերով Հայաստանից զանգուածային արտագաղթ է եղել, եւ աշխարհի չորս ուղղութիւններով հեռացող հայերն աստիճանաբար տարրալուծուել են իրենց ընդունած հասարակութիւններում, լինի դա Լեհաստանը, թէ Սինկափուրը, Հունգարիան, թէ Միացեալ Նահանգները: Բայց եթէ նախկինում հայ մասնագէտներից մանրակրկիտ աշխատանք էր պահանջւում արտերկրի ոչ հայեցի անուամբ մեր հայրենակիցների հայկական ծագումը հիմնաւորելու համար, ապա ժամանակակից «Տի.Էն.Էյ» ծինային քննութիւնները զգալիօրէն դիւրացնում են գործը` նաեւ ոչ հայ մասնագէտներին հնարաւորութիւն տալով ճշդելու, թէ որքան շօշափելի է հայ ծինի առկայութիւնն օտար հասարակութիւններում: Դրա վերջին հնչեղ օրինակը Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլեամի եւ արքայադուստր Տիանայի հայկական ծագման վերաբերեալ տեղեկատուութիւնն էր: Կարելի է ենթադրել, որ նոր հնչեղ բացայայտումներն առջեւում են` յատկապէս «Տի.Էն.Էյ.» ծինային քննութիւնների  ասպարէզի զարգացմանը զուգընթաց:

Աւելի մանրակրկիտ վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ օտարին իւրացնելու հակումն իրականում շատ աւելի բնութագրական է մերօրեայ Ազրպէյճանին: Պատճառն ակնյայտ է. ինքնագովազդից բացի, դա նաեւ սեփական ազգին դարերի ու հազարամեակների անցեալ վերագրելու քաղաքականութեան մէկ մասն է: Ինչպէս շարադրուած բազում օրինակներից հետեւում է, մինչեւ նորագոյն ժամանակները ազրպէյճանցի ազգ չի եղել: Ըստ այդմ, պատմական ցանկացած դարաշրջանում ազրպէյճանցի յայտնաբերելու փորձերն անխուսափելիօրէն կրում են ապատեղեկատուութեան տարրեր:

ՀԱՅԿԱՐԱՄ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ
Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրային Հեռուստատեսութեան թղթակից

«21-րդ Դար»

(Շարունակելի )

 

 

Նախորդը

Եթէ Կայ Դաշնակցութիւն, Ուրեմն Կայ Կարգապահութիւն, Կայ Գաղափար, Կայ Պայքար,Կայ Յաղթանակ. Լեռնիկ Յովհաննիսեան

Յաջորդը

Խօսում Են Եշիլգիւղցի Հայերը

RelatedPosts

Կարմիր Բանակին Յարձակումները Սիւնիքի Վրայ.  Կապանի Ազատագրումը Եւ Արցախը Զանգեզուրին Միացնելու Աշխատանքներ
Պատմական

Կարմիր Բանակին Յարձակումները Սիւնիքի Վրայ. Կապանի Ազատագրումը Եւ Արցախը Զանգեզուրին Միացնելու Աշխատանքներ

Մայիս 21, 2025
Թրքական Բանակին Ներխուժումը Հայաստան
Պատմական

Թրքական Բանակին Ներխուժումը Հայաստան

Մայիս 14, 2025
Բոլշեւիկներու Բռնագրաւումներն Ու Վայրագութիւնները Արցախի Մէջ
Պատմական

Բոլշեւիկներու Բռնագրաւումներն Ու Վայրագութիւնները Արցախի Մէջ

Ապրիլ 30, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?