Շ. ՍՏԵՓԱՆԵԱՆ
Հ.- Ցաւօք, մեր զրոյցը պէտք է սկսենք յունուարի 29-ին տեղի ունեցած չափազանց տխուր, միեւնոյն ժամանակ զազրելի, մեր ժողովրդի նկարագրին անյարիր դէպքից: Երեւանում տեղակայուած ուսումնական զօրամասի մարզահրապարակում կախուած վիճակում յայտնաբերուել էր հիմնարկի ծառայող Հայկազ Բարսեղեանի դին: Աւելի ուշ 4 ուսանողի մեղադրանք է առաջադրուել համածառայակցին սպաննելու համար: Լրատուամիջոցներում նշուեց, որ սպանութիւնը կենցաղային հիմք ունէր, բայց այն կարծես աւելի երիտասարդների արժեհամակարգի ձեւախեղման հետեւանք է… Պարո՛ն Յովսէփեան, որտե՞ղ ենք թերացել…
Պ.- Վերջերս շատ ենք հպարտանում, ուրախանում մեր բանակի կայացածութեամբ: Իրաւամբ, եթէ բոլոր ոլորտները դիտարկենք, ապա ամենակայացածը բանակն է: Բայց ինձ միշտ անհանգստացրել է այն միտքը, այն զգացողութիւնը, որ չափից աւելին ենք բարդում բանակի վրայ: Եթէ դա սահմանների պաշտպանութիւնն է, անվտանգութիւնն է, թերեւս ճիշդ է, բայց չի կարելի հասարակական որեւէ ոլորտ այդքան առանձնացնել եւ ասել, որ կայացած է, եկէք` հանգիստ քնենք: Այդպէս չի լինում: Զարգացող հասարակութիւնը պէտք է բոլոր ոլորտների ներդաշնակութեան մասին մտածի: Հնարաւոր չէ բանակը կատարեալ համարել, եթէ հասարակութեան այս կամ այն ոլորտը թոյլ է զարգացած: Թուլութիւնը անմիջապէս հաղորդակից անօթների օրէնքներով գալիս եւ ներթափանցում է բանակ: Այդ տեսանկիւնից տեղի ունեցածը բոլորիս խնդիրն է, բայց բանակի չափաբաժինը շատ աւելի մեծ է: Տուեալ ուսումնական զօրամասը պիտի կարողանայ ընտրութիւն կատարել: Սա առաջին դէպքը չէ, ինչը վկայում է, որ ընտրութիւնը սխալ է կատարւում կամ վատի ընտրութիւն է կատարւում: Ոչ միայն դասախօսները, սպաները, հրամանատարները պէտք է առաջին կարգի լինեն, այլեւ` ուսանողները, որովհետեւ վաղը իրենք են աշխատելու զինուորի հետ: Ի վերջոյ, բանակը պէտք է ներծծուած լինի հասարակութեան մէջ, ոչ թէ մեկուսացած, ինչպէս` մեր բոլոր կառավարական օրկանները, ամէն մէկն իր համար է աշխատում, ամբողջի ընկալում չկայ: Բանակն այն ժամանակ լիարժէք, հասունացած, կայացած կը լինի, երբ նրա կապը հասարակութեան միւս ոլորտների հետ ամուր լինի, նոյնիսկ` անհատական մակարդակում: Ես չեմ տեսնում սպաներին մեր հասարակութիւնում: Գնում եմ թատրոն եւ չեմ տեսնում, որ դահլիճում երկու-երեք զօրավար նստած լինի: Կամ, օրինակ, գրքի շնորհահանդէսին գնդապետներ մասնակցեն, ո՞ւր են…
Հ.- Պարո՛ն Յովսէփեան, այսօր բանակը անհաշտ պայքար է ծաւալել փողոցային, յոռի բարքերի, «գողական» դրսեւորումների դէմ, անգամ նկատելի յաջողութիւններ է արձանագրել, բայց, ինչպէս տեսնում ենք, դեռ շատ անելիք կայ… Դուք կարեւորեցիք բանակ-հասարակութիւն գործուն կապը… Ես ընդամէնը մէկ օրինակ բերեմ… Հայաստանի հեռուստաընկերութիւններից մէկը յամառօրէն գովաբանում է օրէնքով գողերի նիստուկացը` նրանց ներկայացնելով համարեա որպէս բարերարներ, արցախեան պատերազմի հերոսներ` փոխելով այսօրուայ երիտասարդի` ապագայ զինուորի, զինուորականի մտածողութեան, ընկալման ու գնահատման չափանիշները: Չէ՞ որ գողական բարքերի գովքը տարփողող հեռուստածրագրի լսարանը նաեւ մեր վաղուայ զինուորն է…
Պ.- Ես այդ հաղորդումը չեմ դիտել, բայց կարիք էլ չկայ, որովհետեւ ամէն օր ականատես եմ լինում գողական աշխարհի, գողական բարքերի հերոսացման թէ՛ ժապաւէններում, թէ՛ սերիալներում, թէ՛ բեմադրութիւններում, թէ՛ գրքերում: Ի՞նչ պատահեց, որ մեր ժողովուրդը յանկարծ սկսեց դրանց դնել քարոզչութեան ամենավերին ալիքի վրայ… Բոլորս էլ մեծացել ենք փողոցում, որտեղ ուժը միշտ նշանակութիւն է ունեցել, մի քիչ «լաւ տղայ» լինելը նշանակութիւն է ունեցել, բայց դպրոց կար, ընտանիք կար, որ չափի մէջ էին դնում այդ ամէնը… Իմ մանկութիւնը անցել է յետպատերազմեան շրջանում` Հայրենական պատերազմի, երբ պայմաններն անհամեմատ աւելի ծանր էին, բայց հազարից մէկն էր ընտրում այդ ճանապարհը… Պարզապէս այդ ուղին ընտրողների մասին ոչ ոք հերոսական խօսքեր չէր ասում, ընդհակառա՛կը, ասում էին` «շեղուեց, էս ի՞նչ պատահեց էս տղային, ինչո՞ւ այսպէս եղաւ»: Հասարակութիւնը ցաւ էր ապրում, իսկ հիմա հակառակն է: Հասարակութեան մտածողութեան մէջ պէտք է արմատական փոփոխութիւն լինի:
Հ.- Իսկ ո՞վ է այսօր ժամանակակից գրողի, ստեղծուող գրականութեան հերոսը, ո՞ւմ եւ ինչի՞ միջոցով է դաստիարակւում երիտասարդը:
Պ.- Այդ հարցը յաճախ է հնչում` ո՞վ է մեր ժամանակի հերոսը… Հարցի յետեւից ընկնելով` մեծ ուժ ենք ծախսում` այդպէս էլ չգտնելով լուծումը: Ամէն ժամանակ ծնում է իր հերոսին: Երբ հերոսը ծնւում է, նաեւ գեղարուեստական միտքն է մղւում դէպի նրան: Ի հարկէ, հնարաւոր է, որ գեղարուեստական միտքն էլ օժանդակի հերոսի ծննդին… Ի՞նչ է քննարկում այսօր մեր հասարակութիւնը` արդարութեան գաղափարը, անվտանգութեան խնդիրները, ընկերային հարցերը… Եթէ այս խօսքաշարում առաջ է գալիս մէկը, որ իր գործունէութեան հիմքում դնում է բարոյականութիւնը, դառնում է ժամանակի հերոսը, որովհետեւ այսօր բարոյականութեան պահանջարկ կայ:
Հ.- Այդ դէպքում` ինչո՞ւ չենք հերոսացնում պատասխանատու զինուորին, բանիմաց ուսուցչին, պարտաճանաչ կօշկակարին, ինչո՞ւ ենք իւրաքանչիւրի մէջ հերոս փնտռում եւ չենք տեսնում այդ հերոսին` սովորական մարդկանց մէջ…
Պ.- Այո՛, ամբողջ խնդիրը մեր չտեսնելն է, չնկատելը… Մեր հասարակութիւնը հաւկուրութիւն է դրսեւորում այն արարքների նկատմամբ, որոնք շատ են պէտք իրեն առողջանալու համար: Մի օրինակ էլ ես բերեմ: Պատկերացրէք` երեխան ուզում է փողոցը հատել չնախատեսուած տեղում կամ չնախատեսուած պահին, քիչ է մնում վրաերթի ենթարկուի: Մի լաւ երիտասարդ նետւում է անիւների տակ եւ փրկում է նրան: Բոլորս ծափահարում ենք, ասում` «նա հերոս է»: Ինչո՞ւ: Որովհետեւ սա ակնյայտ է, տեսանելի, սուր: Փոխարէնը, եթէ երեխայի կողքին կանգնած մէկը նրա թեւից բռնի` ասելով` «կանգնի՛ր, տղա՛յ, մեքենաները թող անցնեն, նոր կը հատես ճանապարհը», այդ դէպքում ոչ ոք չի տեսնի, որովհետեւ գուցէ ցածրաձայն է ասուած, առանց ուշադրութեան հրաւիրելու: Կարծում եմ` երկրորդի արածը շատ աւելի կարեւոր է: Մենք սովորել ենք հերոսութիւն համարել արարքը` անիւի տակից երեխայ հանելը… Իսկ ինչո՞ւ թողնենք գործը հասնի դրան… Ցուցադրականն ենք գնահատում, չերեւացողը աչքաթող անում, իսկ մեզ չերեւացողն է պէտք ջրի երես դուրս բերել: Մեզ կանխարգելումն է պակասում, որպէսզի չընկնենք ծայրայեղ իրավիճակի մէջ: Մեր բանակին էլ այսօր անհրաժեշտ է աւելի շատ կանխարգելման մասին մտածել, քան հերոսութեան: Հերոսութիւնը ինքն իրեն է լինում:
Հ.- Իսկ ո՞րն է մտաւորականի, գրողի դերը հասարակութեան առողջացման գործում:
Պ.- Իմ մասնագիտութիւնը մտքեր, զգացողութիւններ վերարտադրելն է, պատմելը: Դրանք կարող են տեղ հասնել կամ ոչ, բայց սա է իմ անելիքը: Չի կարելի մէկից ամէն ինչ պահանջել: Եթէ ամէն մարդ իրեն տրուած շնորհքը, ձիրքը ծառայեցնի նպատակին, մեր կեանքը բաւականին կը փոխուի, շատ նկատելի կը փոխուի: Իւրաքանչիւրից աւելի մեծ բան սպասելը պահանջը տեղափոխում է պատահականութեան տիրոյթ: Բացառուած չէ, որ ես վաղը գրիչն ու թուղթը թողնեմ եւ անեմ այն, ինչ պահանջուի, բայց դրանք եզակի պահեր են: Սովորական կեանքում բարեփոխում ապահովելը հնարաւոր է, եթէ միայն ամէն մէկն իր գործը լաւ անի:
Հ.- Ե՞ւ, ստեղծւո՞ւմ են գործեր` ի զօրու շարժման մէջ դնելու մեր կեանքը բարեփոխելուն կոչուած թափանիւը:
Պ.- Նախ, ասեմ` այո՛, ստեղծւում են այդպիսի գործեր: Եւ եթէ նոյնիսկ չստեղծուեն էլ, ապա աշխարհում արդէն իսկ այնքան լաւ գրքեր կան գրուած, որ եթէ մենք այդ գրքերից օրինակ վերցնելու, սովորելու ընդունակութիւն ունենայինք, գուցէ եւ այսօր կարիք էլ չլինէր, որ Ռուբէն Յովսէփեանը գրէր… Ինձնից առաջ հազարաւոր գրողներ են եղել եւ այնպիսի գրքեր են գրել, որոնցից մարդկութիւնը մի քանի դար կարող է դասեր քաղել: Ինչո՞ւ այդ մասին չենք մտածում: Փոխարէնը անընդհատ հարցնում ենք` «իսկ կա՞յ այսօր մի մտաւորական, գրող, որ…»: Սա նման է փախուստի: Հրանտ Մաթեւոսեանի անունն են տալիս, Սեւակին են մէջբերում, թէ` «ա՛յ, եթէ Մաթեւոսեանը լինէ՜ր, Սեւակը լինէր…»: Հրանտ Մաթեւոսեանը կայ… Այսինքն` ի՞նչն է խանգարում վերցնել գոյութիւն ունեցողը…
Հ.- Գուցէ այն, որ ժամանակը նրանց առաջ այլ խնդիրնե՞ր էր դրել, իսկ մեզ յուզող իրականութիւնը հիմա այլ է…
Պ.- Ամբողջ խնդիրն այն է, որ, ցաւօք, շատ բան չի փոխուել: Րաֆֆու արծարծած հարցերը դեռ չեն լուծուել, ուր մնաց` Մաթեւոսեանինը: Այսօր հրաշալի գրականութիւն ունենք, բայց տեղ չի հասնում: Գրականութիւնը պէտք է տարածել: Այսօրուայ գրականութիւնը չի կարդացւում, որովհետեւ արդէն իսկ պիտակաւորուած է` «չունենք ոչ մի բան. ո՛չ մտաւորական ունենք, ո՛չ գրող ունենք…»: Ես չգիտեմ, թէ ինչո՞ւ չի գնահատւում այսօրուայ արուեստագէտը: Անուններ կան, բայց նրանք անցած դարում, անցած կարգերի օրօք գնահատուածներն են, այդ թուում եւ Հրանտ Մաթեւոսեանը: Ժամանակին այնքան լաւ է կատարուել նրանց տարածումը, որ հասել են մեզ: Ես մի 6-7 անուն կարող եմ նշել, նրանք հրաշալի պատմուածքներ են գրում այսօր… Բայց նրանց չեն տեսնում: Կը տեսնեն, երբ մի լաւ պախարակուեն… Կամ մահուանից, յուղարկաւորութիւնից յետոյ կը լսէք` «վա՜յ, սա էլ գնաց, վա՜յ, էս ի՛նչ կորուստ ունեցանք, ո՞նց ենք ապրելու…»: Բայց չէ՞ որ ձեզ հետ, ձեր կողքին էր ապրում, ինչո՞ւ չէինք նկատում:
Հ.- Մեր թերարժէքութիւնի՞ց է:
Պ.- Մեր ծուլութիւնից է: Եւ, ի հարկէ, արժեհամակարգի խաթարումից: Եթէ անգամ հասարակութիւնը ուժ եւ կարողութիւն ունի ինչ-որ բան կամ ինչ-որ մէկին բարձրացնելու, գովերգելու, ապա անում է անարժէքի, անարժանի դէպքում: Ասում են` «երկիրն աղքատ է, չեն կարողանում գիրք առնել», բայց յաջորդ պահին տեսնում ես, որ այդ աղքատ հասարակութիւնը հոծ խմբերով «լցւում է» մարզադաշտ` ռաբիս լսելու: Ոն՞ց պատահեց… Ես դժուարանում եմ ասել, գիտեմ, բայց դժուարանում եմ… Թերեւս դեռ շատ պէտք է ինքնամաքրուենք, ինքնակրթուենք: Անհատի դերը երկրորդական ենք դարձրել, թերագնահատում ենք… Տարօրինակ մի տարիմաստութիւն կայ, ինչքան դու թերագնահատում ես կարող մարդուն, անհատին, այնքան, կամքիցդ անկախ, բարձրացնում ես տկարամիտին, միջակութեանը` հակահերոսին: Մենք բոլորս պէտք է փոխուենք, որպէսզի փոխուի բանակը, մենք բոլորս պէտք է ընդվզենք փողոցային բարքերի, մշակութային ցածրարժէք գործերի, արատաւոր, նենգ ու քսու յարաբերութիւնների, կեղծ բարոյական արժէքների հանդէպ, եթէ ուզում ենք բոլոր առումներով հզօր բանակ, հզօր հասարակութիւն ունենալ: