Եթէ միջազգային առումով քանի մը հայ կերպարուեստագէտներու անուններ պիտի յիշատակենք, ապա առաջիններէն մէկը Երուանդ Քոչարը պիտի ըլլայ:
Ինչո՞ւ:
Անցեալ դարու սկիզբին Երուանդ Քոչար Փարիզի մէջ երբ կը ցուցադրուէր Փապլօ Փիքասոյի, Ֆեռնան Լեժէի եւ կամ Խուան Սիրոյի հետ հաւասարապէս, իբրեւ նորարար-յառաջապահ կերպարուեստագէտ` յաճախ աւելի բարձր կը գնահատուէր, քան` իր ժամանակակից վրձնակիցները: Ան «Գեղանկարչութիւն տարածութեան մէջ» (Peinture dans l’espace) կերպարուեստի տեսակի ստեղծողը, իրագործողը եւ տարածողը եղաւ, եւ այդ պատճառով երկար տարիներ անոր գործերը մնայուն ցուցադրութեան արժանացան Փարիզի «Սանթըր տը Պոպուր» ժամանակակից թանգարանին մէջ: Նախանցեալ տարի անոր միակ ստեղծագործութիւնը` «Գեղանկարչութիւն տարածութեան մէջ», Երեւանի «Բարձր արուեստ» ցուցասրահին կողմէ ցուցադրուեցաւ Մոնաքոյի իշխանական Կրիմալտի Ֆորումին մէջ կայացած միջազգային ցուցահանդէսին, եւ իբրեւ տարուան լաւագոյն ստեղծագործութիւնը` արժանացաւ «Փրի տ՛էքսլաւս Պարոք» մրցանակին: Այսօր Երուանդ Քոչարի մէկ գործը ոչ միայն կը ցուցադրուի «Սանթըր տը Պոպուր»-ի մէջ, այլ աշխարհի ամենամեծներու շարքին տեղ գտած է նաեւ պատկերագիրքին մէջ:
Երեւանի գնացքի կայարանին բակը զետեղուած Քոչարի «Սասունցի Դաւիթ» ձիարձանը ոչ միայն հայ այլեւ աշխարհի լաւագոյն ձիարձաններէն մէկը կը համարուի: Իր յղացքով ու կատարողական մակարդակով պակաս հմայիչ ու ազդեցիկ չէ նաեւ Վարդան Մամիկոնեանի ձիարձանը, որուն յղացման, իրագործման ու գեղարուեստական արժէքին մասին որոշ բացատրութիւններ կու տայ մեզի հեղինակին ստորեւ տրուած յօդուածը, զոր քաղուած է 2007-ին «Մուղնի» հրատարակչատունէն լոյս տեսած «Ես եւ դուք» գիրքէն:
«ԱԶԴԱԿ»
«Վ. Մամիկոնեան» Արձանի
Ստեղծագործական Պատմութիւնից
Ամբողջ իմ ուշքն ու միտքը կենտրոնացրել եմ մեծ զօրավար Վարդան Մամիկոնեանի կերպարը քանդակելու շատ բարդ եւ դժուարին գործի վրայ: Վարդան Մամիկոնեանի արձանը լինելու է Սասունցի Դաւթի արձանի չափ եւ նոյնպէս հեծեալ: Այս միաձուլումը Դաւթի հետ արդէն մեծ դժուարութեան առաջ է կանգնեցնում ինձ: Սասունցի Դաւթի արձանը համաժողովրդական ճանաչում եւ գնահատութիւն գտաւ, եւ հիմա ստեղծել մի նոր հեծեալի կերպար` վտանգաւոր է: Շատերը նոյնիսկ ինձ բարեկամաբար խորհուրդ են տալիս հրաժարուել: Բայց ես միանգամայն վստահ իմ ուժերին, համոզուած ձեռնարկել եմ անցած դարերի, 5-րդ դարի եւ առհասարակ մեր ազգային պատմութեան բոլոր դարերի մեծագոյն հերոսներից մէկին արձանի միջոցով եւս անմահացնելու մեծ գործը. չէ՞ որ Վարդանանց պատերազմով գուցէ եւ որոշւում էր մեր հայ մնալ-չմնալը… Հազար հինգ հարիւր տարի յետոյ պարզ է, որ այդ պատերազմը կորցրել է իր ուժգնութիւնն ու տրամաթիզմը, բայց հենց դրա համար Կարմիր Վարդանի հրաբորբոք կերպարից պէտք է թափ տալ ժամանակի մոխիրն ու բորբոքել մեր ազգային ինքնագիտակցութեան եւ ազատութեան անմար կրակը… Չէ՞ որ Վարդանը 5-րդ դարում մահը աչքի առաջ առնելով` ըմբոստացաւ ազգին ճնշելու եւ պարտադրելու դէմ… Դրա համար է, որ իմ Վարդանը ձիու վրայ նստած, թուրը բարձրացրած` արշաւում է, բայց չի պաշտպանւում: Նա վահանը գցել է ուսին. նրան պէտք չէ վահան, որովհետեւ գնում է մարտիրոսութեան: Այս կռիւը զէնքի զօրութեան կռիւ չէ, այլ` գաղափարի: Վարդանն իր մարտիրոսութեամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզումը, թէ զէնքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ ոգին… Եւ նա դա ապացուցեց:
Ներսիսեան դպրոցի աշակերտ էի եւ կաւագործական խմբակի անդամ, երբ իմ շատ սիրելի ուսուցիչ Արսէն Շահպազեանը ինձ յանձնարարեց ստեղծել Վարդան Մամիկոնեանի կերպարը` հարթաքանդակի ձեւով: Մինչ այդ հայրս ինձ եւ քոյրերիս համար թղթի վրայ շշմեցնող արագութեամբ նկարում էր Վարդան Մամիկոնեանի կիսադէմը:
Անցան տարիներ, տասնամեակներ: Եւ ահա «Սասունցի Դաւթից» յետոյ իմ առջեւ ծառացաւ հին երազիս ասպետը` Վարդան Մամիկոնեանը: Կարծես ճակատագրական մղումով իրականացրի իմ իղձը: Ինչպիսի՞ն պէտք էր լինէր Վարդան Մամիկոնեանը, ի՞նչ կերպարանքով: Դեռեւս պատանեկութեանս տարիներին` Ներսիսեան դպրոցում, երբ անցնում էինք Եղիշէ, ես այնքան կլանուած էի Վարդան Մամիկոնեանի ճառով, որ յիշում եմ` մի օր Մանուկ Աբեղեանը դարձաւ ինձ.
– Հը՞, Քոչարեա՛ն, կարո՞ղ ես նկարել…
Երանի հիմա լինէր Մանուկ Աբեղեանը` ոգեշնչող այդ սքանչելի ուսուցիչը, եւ ասէր` արդեօք կարողացե՞լ եմ կերտել Վարդանի վեհ կերպարը: Այնուհետեւ պակաս չեն ոգեւորել Պատկանեանի Վարդանը եւ Դերենիկ Դեմիրճեանի «Վարդանանքը»:
Այս բոլորը ի մի բերելով` կարծես թէ ամբողջացաւ ցանկացածս կերպարը. Վարդանը պէտք է լինի ձիու վրայ, մերկացրած սուրը ձեռքին, շարժման մէջ, տինամիք: Այդ ոգով եւ մտայղացմամբ, ես գաճից արեցի մէկ մեթրանոց եօթ տարբերակ, բայց դեռ բաւարարուած չէի: Չնայած` Վարդան Մամիկոնեանի ձիաւոր արձանը ցուցադրուեց եւ բարձր գնահատուեց, ես դարձեալ շարունակում էի որոնել վերջնական կոմպոզիցիոն կերպարը, որն ի վերջոյ գտայ:
Վարդանն Աւարայրի ճակատամարտում ունէր 60 հազար զինուոր: Մինչդեռ թշնամին` Յազկերտը, ունէր մօտ 200-հազարնոց բանակ: Բացի դրանից, նա մեր դէմ էր հանել հազար փիղ, որ այն ժամանակուայ հրասայլերն էին: Պարսիկները փղերին հին գինի էին խմեցնում եւ թողնում կռուի դաշտ: Ամէն փղի վրայ մարտկոցներ կային, որտեղից նետեր էին արձակւում:

Վարդանն այդ անհաւասար կռուի մէջ մտաւ, քանի որ գիտէր` մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն: Այս բարձր նշանաբանով զրահաւորուած` իմ Վարդանը վահանը գցել է մէջքին եւ ահարկու սուրը բարձրացրած` արշաւում է թշնամու վրայ: Նա բարոյապէս բարձր է թշնամու զօրութիւնից: Նրա դիրքն արդէն յաղթողի վսեմ դիրք է: Վարդանը նստած չէ ձիու վրայ, այլ բարձրացել է մի փոքր, աջ ոտքով յենուել ասպանդակին, որպէսզի է՛լ աւելի հուժկու լինի թրի հարուածը: Նա ամբողջապէս բաց է` մարմնի ոչ մի մասը չի պատսպարուած, քանզի նա չի վախենում մահից, նա ճանաչում է մահը, նա ընկճել է մահը: Իսկ ձին` իր հաւատարիմ ձին, պէտք էր ներդաշնակ լինէր տիրոջ հետ, մարդը եւ կենդանին պէտք էր իրար լրացնէին: Ուստի ձին էլ տիրոջ նման պէտք էր բացուած լինէր, պէտք էր ձիու չորս ոտքերն էլ օդի մէջ լինէին: Առջեւի երկու ոտքերը օդում պէտք էր կրկնէին տիրոջ ձեռքերի շարժումը, իսկ յետեւի երկու ոտքերը պէտք էր օդում լինէին: Ձիու եւ տիրոջ միասնութիւնը` ներդաշնակութիւնը, գտնուած է. բայց ինչպէ՞ս պահել ե՛ւ ձին, ե՛ւ ձիաւորը օդի մէջ:
Ձիու սմբակների տակից ամպակերտ փոշին բարձրանում եւ հասնում է ձիու փորատակին: Ահա այն յենակէտը, որն, իբրեւ պատուանդան, պահում է ամբողջ արձանը:
Այս արձանն իր մտայղացմամբ երեք հիմնական կէտերով միանմուշ է համաշխարհային արձանագործութեան պատմութեան մէջ: Առաջին. ոչ մի տեղ եւ ոչ մի ժամանակ ձիաւոր կոթողային արձանը չի իջնում վերեւից վար: Վարդանը իր ձիով վերեւից ներքեւ է սլանում, եւ ամբողջ արձանը սուր անկեան ձեւով մխրճւում է թշնամու բանակի մէջ: Այս ինքնատիպ լուծումը կամայական չէ, ես կամեցել եմ ասել` քանի որ զաւթիչները գրաւել են մեր սեւահողերը, դաշտավայրերը եւ մեզ քշել դէպի լեռները, ուրեմն մեր հակահարուածը պէտք էր լինէր լեռներից: Դրա համար Վարդանն իբրեւ արծիւ վերից է մխրճւում թշնամու բանակի մէջ:
Երկրորդ. այս արձանի ձիու չորս ոտքերը օդի մէջ են:
Եւ երրորդ. ոչ մի տեղ եւ ոչ մի ժամանակ չի կանգնեցուել ձիաւոր արձան, որի սմբակներից ելած փոշին քանդակուած լինի: Հները ոչ միայն չեն քանդակել ձիու ոտքերից ելած փոշին, այլեւ չեն նկարել: Լէոնարտոյի աստուածային հանճարն «Անգիարիի ճակատամարտը» նկարում, միւս աստուածային հանճարը` Ռաֆայէլը, որ նկարել է «Կոստանդինոսի պատերազմը», ուր նոյնպէս ձիերն ու մարդիկ թաւալւում են գետնի վրայ, ոչ մի փոշեհատիկ չեն նկարել… հաւանաբար ժամանակների բարոյագիտութիւնը, արուեստի ճաշակը չէին ընդունում այդ… Հակառակ այս երեւոյթին` իմ Վարդանի ձին յենուած է միայն մի կէտի` այն փոշու վրայ, որ բարձրացել սմբակներից եւ հասել է ձիու փորատակը:
Բացի այս բոլորից, Վարդանի արձանը գաղափարային շատ կարեւոր սկզբունքային առանձնայատկութիւն պէտք էր ունենար, ինչով պէտք էր զատուէր շա՜տ ու շա՛տ ուրիշ արձաններից*:
Հայ ժողովրդի մէջ անցած դարի 60-ական թուականներից սրբութիւն է դարձել մի նկար, որ պատկերում է Վարդան Մամիկոնեանին: Այս նկարը ամէն հայ մարդ, ուր էլ որ լինի, ճանաչում, իր սրտի ու մտքի մէջ է պահում: Բայց, աւա՜ղ, դա ոչ մի կապ չունի ո՛չ Վարդանի, ո՛չ նրա դարի եւ ժամանակի հայ սպարապետի կերպարի հետ: Այդ նկարի պատմութիւնը հետեւեալն է. Ս. Փեթերսպուրկում էր ապրում նշանաւոր գրականագէտ, պատմաբան Կարապետ Եզեանը, որ երազում էր ունենալ եւ ժողովրդի մէջ տարածել հայ հին հերոսների պատկերները: Եւ ահա մի օր Ս. Փեթերսպուրկի հայկական եկեղեցի է մտնում մի ղարաբաղցի ուսանող` արտակարգ գեղեցիկ, խաժակն, գանգուր մազերով եւ փոքրիկ մօրուքով: Եզեանը նրա դիմագծերի մէջ գտնելով իր երազած հայ հին իշխանների ու հերոսների կերպարը` ուսանողին տանում է նկարիչ Ստեփան Ներսիսեանի մօտ: Նա էլ իր գիտութեան եւ կարողութեան չափով գեղեցկատես բնորդից նկարում է իր Վարդան Մամիկոնեանը` սաղաւարտով, թիկնոցը սեղմած կրծքին: Բայց ինչո՞ւ Վարդան Մամիկոնեանը հռոմէական սաղաւարտ պիտի ունենար: Չէ՞ որ նա պարսից զօրավար էր եւ հայոց սպարապետ. ուրեմն նա պէտք էր ունենար կա՛մ հայոց, կա՛մ պարսից զօրականի համազգեստ:
Պատմութեան մէջ կան եւ եղել են այդպիսի սխալներ, որոնք ժամանակի կողմից սրբագործուել են: Ուղղել այդ սխալները` նշանակում է ամենամեծ սխալը գործել` խլելով ժողովրդի սրտից ու մտքից այն մտապատկերը, որին նա դարերով կապուած եւ հաւատում է:
Ուստի ես գիտակցաբար պահպանեցի թէ՛ սաղաւարտը, թէ՛ զգեստաւորութիւնը` չուզենալով խաթարել ժողովրդի մէջ ամրացած Վարդանի կերպարը:
ԵՐ. ՔՈՉԱՐ
* Քոչարն ակնարկում է, որ ինքը հաւատի զինուորին` Վարդանին, կերտել է խաչակերպ…