Ցեղասպանագիտութեան համաշխարհային մակարդակի հեղինակութիւններ այս տարուան յուլիսին պիտի համախմբուին Երեւանի մէջ` մասնակցելու համար Ցեղասպանագէտներու միջազգային ընկերակցութեան գիտաժողովին. արդարեւ, աշխարհի տարբեր երկիրներէ Հայաստան պիտի գան 300-է աւելին գիտնականներ:
«Արմենփրես»-ի հետ ունեցած զրոյցին ընթացքին այս տեղեկութիւնը փոխանցած է Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանը: Ստորեւ կը ներկայացնենք այս մասին «Արմենփրես»-ի կատարած հարցազրոյցին ամբողջութիւնը:
«ԱՐՄԵՆՓՐԵՍ».- Ինչո՞վ է կարեւոր այս գիտաժողովը, չէ՞ որ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը մշտապէս կազմակերպում է միջազգային գիտաժողովներ:
ՍՈՒՐԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- 2007 թուականից իւրաքանչիւր տարի Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը հայ եւ օտարազգի առաջատար մասնագէտների մասնակցութեամբ միջազգային գիտաժողովներ է անցկացնում, որոնք վեր են հանում Հայոց ցեղասպանութեան այս կամ այլ երեւոյթը: Օրինակ` 2009 թ. Ատանայի կոտորածի 100-րդ տարելիցին նուիրուած, 2010 թ. մշակութային ցեղասպանութեան, 2012-ին հայասէր Նանսենի ծննդեան 150-ամեակին նուիրուած «Հայոց ցեղասպանութեան սկանտինաւեան արձագանգը», 2014-ին Ա. Աշխարհամարտի Կովկասեան ճակատը թեմայով եւ այլն: Սակայն այն, ինչ տեղի է ունենալու այս տարի յուլիսի 8-12-ին Երեւանում, առանց որեւէ վերապահութեան կարելի է համարել աննախադէպ իրադարձութիւն:
Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը հիւրընկալելու է Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան (ՑՄԸ) 12-րդ համագումարը: Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը (International Association of Genocide Scholars) ցեղասպանութիւնները եւ մարդկութեան դէմ կատարուած յանցագործութիւններն ուսումնասիրող գիտնականների ամենաառաջատար եւ խոշորագոյն միաւորումն է: Այն ստեղծուել է 1994թ. հանրայայտ գիտնականներ, այդ ոլորտի հեղինակութիւններ Իսրայէլ Չառնիի, Հելեն Ֆայնի, Ռոպերթ Մելսոնի եւ Ռոճեր Սմիթի կողմից եւ այսօր միաւորում է հարիւրաւոր գիտնականների ամբողջ աշխարհից: Շատ երկրներում մշտապէս կազմակերպուող ցեղասպանագիտական գիտաժողովներից բացի, երկու տարին մէկ Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութիւնը կազմակերպում է մեծ համագումարներ, որոնք ուղենշային են դառնում գիտական ոլորտի զարգացման համար:
«Ա.».- Ինչո՞վ է դա արտայայտւում:
Ս. Մ.- Նախ այդ գիտաժողովները աննախադէպ են մասնակիցների թուով: Սովորաբար դրանց մասնակցում են մօտ 250-300 գիտնական: Թէեւ սա ինքնին շատ տպաւորիչ թիւ է, Երեւանում անցկացուելիք գիտաժողովի պարագայում մենք աւելի մեծ թուի ակնկալիք ունենք:
Բացի այդ, բազմաթիւ զուգահեռ հարթակներում հնչող գիտական զեկուցումները, թեմատիկ խմբերում քննարկումները, ժապաւէնների դիտումները, գրքերի շնորհահանդէսները, կլոր սեղանները բիւրեղացնում են այն հիմնական հարցադրումները, մօտեցումները եւ միտումները, որոնց ուղղութեամբ ընթանալու է ցեղասպանագիտութեան ակադեմական զարգացումը մօտ ապագայում:
Սա նաեւ համաշխարհային հնչեղութեան միջոցառում է, եւ լաւ առիթ` հիւրընկալելու գիտութեան համաշխարհային մեծութեան գերաստղերի:
«Ա.».- Ինչպիսի՞ն է լինելու հայկական կողմի մասնակցութիւնն այս գիտաժողովին:
Ս. Մ.- Առիթն օգտագործելով կոչ եմ անում հայաստանեան գիտնականներին նոյնպէս աշխուժօրէն մասնակցել գիտաժողովին: Դրա համար պէտք է լրացնել յայտ մինչեւ յունուարի 23-ը եւ ուղարկել այն Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան ընդունող յանձնաժողովին: Մեր կայքում կարելի է գտնել բոլոր տեղեկութիւնները: Ուզում եմ ընդգծել, որ մասնակիցների ընտրութիւնը նոյնպէս կատարւում է Ցեղասպանագէտների միջազգային ընկերակցութեան յանձնաժողովի կողմից, որի մասն է ՀՑԹԻ-ի ներկայացուցիչը: Կարեւոր է ապահովել Հայոց ցեղասպանութեան թեմայի վերաբերեալ շատ զեկոյցներ եւ հայ մասնագէտների ներկայութիւնը, քանի որ, ցաւօք, տարէցտարի նրանց թիւը այս համագումարներում կրճատւում է: Պատճառը մէկն է. ոչ այնքան արդիւնաւէտ սերնդափոխութեան գործընթացը, յատկապէս սփիւռքում: Մեր աւագ սերնդի վաստակաշատ գիտնականներին` Վահագն Տատրեանին, Ռիչըրտ Յովհաննէսեանին, Ռուբեն Ադալեանին, Ռուբինա Փիրումեանին փոխարինող երիտասարդներ սփիւռքում, ցաւօք, չենք տեսնում:
«Ա.».- Եւ վերջին հարցը. ինչպէ՞ս ստացուեց, որ հէնց Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին վստահուեց նման ներկայացուցչական միջոցառում կազմակերպելու պատիւը եւ ինչի՞ արդիւնք է դա:
Ս. Մ.- Ցաւալի մի իրողութիւն էր այն, որ երկար տարիներ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութիւնը Հայաստանում զարգացել է ինքնուրոյն, մեկուսացած` համաշխարհային ցեղասպանագիտական համայնքից եւ շատ դէպքերում` անտեղեակ հիմնական զարգացումներին: Հայաստանում գրուել են շատ արժէքաւոր աշխատութիւններ, Մեծ եղեռնի թեմայի վերաբերեալ բացառիկ նիւթեր են շրջանառութեան մէջ դրուել, սակայն Հայաստանի սահմաններից դուրս դրանք հիմնականում չեն եկել: Մինչեւ 2007 թ., եթէ չեմ սխալւում, միայն մէկ գիտնական` Նիկոլայ Յովհաննիսեանն էր, որ մասնակցել էր 1998 թ. ՑՄԸ գիտաժողովին:
Մենք վճռական էինք այդ վատ աւանդոյթը փոխելու ուղղութեամբ աշխատանք տանելու հարցում: 2007 թուականին Սարայեւոյում կայացած գիտաժողովին մասնակցութիւն ունեցաւ ՀՑԹԻ տնօրէն Հայկ Դեմոյեանը, եւ դեռ 2007 թ. մենք սկսեցինք բանակցութիւններ վարել այդ գիտաժողովը 2015-ին Երեւանում հիւրընկալելու համար: Ներկայացուեց յայտ, որը յաղթող ճանաչուեց, եւ մեզ տրուեց գիտաժողովն անցկացնելու իրաւունքը: Սա, առանց աւելորդ համեստութեան, կարող եմ համարել նաեւ ՀՑԹԻ ու մեր աշխատակիցների աճող հեղինակութեան վկայութիւն: 2013 թ. մեր թանգարանի հինգ գիտաշխատողների զեկոյցներ էին ընդգրկուել Սիենայում կայացած հերթական գիտաժողովին:
Եթէ ուսումնասիրէք նախորդ համագումարների հարթակները, կը տեսնէք, որ բոլորը խոշորագոյն եւ հեղինակաւոր ցեղասպանագիտական կենտրոններ են: Հէնց սա է վկայութիւնն այն բանի, որ հէնց այնպէս այս իրաւունքը ոչ մի հաստատութեան չի տրւում: Եւ, ինչո՞ւ ոչ, 2015-ի գիտաժողովը փաստօրէն վաւերացնելու է, որ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկը նոյնպէս համալրել է խոշորագոյն եւ հեղինակաւոր ցեղասպանագիտական կենտրոնների շարքը:

