ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
2015-ի առաջին վեց օրերին, պաշտօնական տուեալներով, հայկական զինուժը Արցախ-Ազրպէյճան շփման գծում հակառակորդի ձեռնարկած նախայարձակ գործողութիւնների եւ հայկական դիրքերի գնդակոծութիւնների պատճառով արդէն չորս զոհ եւ մէկ վիրաւոր է տուել: Չնայած հայկական կողմի հաւաստիացումներին, թէ այդ մարտական գործողութիւնների ընթացքում ազերի զինուժը անհամաչափ աւելի մեծ մարդկային կորուստներ է կրում, Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը հետեւողականօրէն հերքում է այդ բոլոր տեղեկութիւնները:
Այն, ինչ տեղի է ունենում յունուարեան այս օրերին, կարծես խօսում է Արցախի հակամարտութեան` բոլորովին նոր փուլ թեւակոխելու մասին: Նախ` նկատելի է, որ այս անգամ ուժային գործողութիւնների թիրախ է դարձել հէնց Արցախ-Ազրպէյճան շփման գիծը:
Ի տարբերութիւն նախորդ տարուայ օգոստոսեան դէպքերի, երբ գնդակոծութեան էին ենթարկւում նաեւ Հայաստանի սահմանամերձ գիւղերը, այս անգամ հակառակորդը կեդրոնացել է միայն Արցախի ուղղութեամբ:
Չի բացառւում, որ սա պայմանաւորուած է Եւրասիական տնտեսական միութեան Հայաստանի անդամակցութեամբ` ցոյց տալու համար, որ իր խնդիրը Արցախի հետ է, եւ որ Հայաստանի եւ Արցախի միջեւ սահմանը պէտք է վերահսկուի լիարժէքօրէն: Յամենայն դէպս դժուար է հաւատալ, որ յունուարի 2-ից, այսինքն` այն օրուանից, երբ Հայաստանը պաշտօնապէս դարձաւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ, Ազրպէյճանի կողմից սահմանագծում իրավիճակի այսքան լարումը զուտ պատահականութիւն է:
Բոլոր դէպքերում` Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութիւնը փոխել է յայտարարութիւնների ոճը` անցնելով ակնյայտ սպառնալիքների լեզուին: Հայկական դիրքապահների կողմից իրենց բնակավայրերի եւ քաղաքացիական կառոյցների իբր հետեւողական գնդակոծման մասին Ազրպէյճանի ռազմական գերատեսչութեան վերջին յայտարարութիւնում խօսւում էր հայկական բանակին ջախջախիչ հարուածներ հասցնելու մասին: Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավար Վաքիֆ Տերկիաղլին նախօրէին յայտարարել է նմանօրինակ կարծիքներ:
Էականը ոչ թէ ինքնին սպառնալիքներն են, որոնց հայ հասարակութիւնն արդէն վարժուել է, այլ` այն իրողութիւնը, որ Տերկիաղլին կամայ, թէ ակամայ քողազերծում է ազրպէյճանական բանակի նոր մարտավարութիւնը, այն է` շարունակաբար մեծացնել լարուածութիւնը շփման գծում հայկական կողմին որքան հնարաւոր է մեծ կորուստներ պատճառելու միջոցով: Նպատակը ոչ միայն մարդկային կորուստներ պատճառելն է, այլեւ` հայկական բանակում խուճապ յարուցելը: Յատկանշական է նաեւ ազրպէյճանական ռազմական գերատեսչութեան կողմից վերջին շրջանում անընդհատ հնչեցուող այն պնդումը կամ հաւաստիացումը, որ բանակը լիարժէքօրէն պատրաստ է ետ վերադարձնելու իրենց հողերը»:
Ի տարբերութիւն նախորդ դէպքերի, այս անգամ հակառակորդը, չբաւարարուելով նախայարձակման գործունէութիւններ իրականացնելու փորձերով, դրանք անում է հայկական դիրքերի անդադար գնդակոծմամբ: Ընդ որում, փոքր տրամաչափի հրաձգային միջոցներից զատ, հակառակորդն արդէն անցել է խոշորին` կիրառելով նաեւ ձեռնառումբեր եւ փոքր տրամաչափի հրետանային միջոցներ, մասնաւորապէս` 60 եւ 82 մմ-անոց ականանետներ:
Սա արդէն դուրս է գալիս հակամարտ դիրքերի միջեւ սովորական փոխհրաձգութեան մակարդակից եւ աստիճանաբար վերածւում` ճակատային տեւական մարտերի, ինչն, ի հարկէ, յղի է երկկողմանի մարդկային աւելի մեծ կորուստներով: Ըստ էութեան, դատելով յունուարի 5-ի գիշերը տեղի ունեցած բախումների մասին Արցախի պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնից, հայկական կողմի վերջին երկու եւ ազրպէյճանական կողմի երեք զոհերը եղել են հէնց նման ճակատային մարտերի հետեւանք:
Նման մարտավարութեան առանձնայատկութիւնն այն է, որ ստիպում է հակառակ կողմին, տուեալ դէպքում` հայկական զինուժին, ձեռնարկել թշնամու գործունէութիւնը ճնշելու միջոցներ, ինչն ինքնին նշանակում է պարտադրաբար տուրք տալ ազրպէյճանական գրգռութիւններին եւ մտնել պատերազմական գործողութիւնների մէջ: Այս իմաստով բացարձակապէս պատահական լինել չի կարող պաշտօնական Պաքուի որդեգրած` շփման գծում ունեցած մարդկային կորուստներն ամբողջութեամբ թաքցնելու նոր մարտավարութիւնը: Եթէ նախկինում դրանք ներքին հանրոյթին մատուցւում էին որպէս դժբախտ պատահարների հետեւանքներ, ապա վերջին երեք-չորս ամիսներին ընդհանրապէս որեւէ տեղեկատուութիւն չի հաղորդւում:
Սա զուտ անպատասխանատուութեան դրսեւորում չէ: Պաքւում թերեւս հասկացան, որ փաստերի նման աղաւաղումներն աւելի շատ են մատնում սեփական բանակի անձեռնահասութիւնն ու սպայակազմի ոչ արհեստավարժութիւնը, որոնք վերջին արդիւնքում ընդամէնը սեփական բանակի նկատմամբ ազրպէյճանական հասարակութեան անվստահութիւնն են մեծացնում: Նման անբնական բան կարող է իրեն թոյլ տալ միայն բարոյական բոլոր արժէքներից զուրկ եւ ամբողջատիրական իշխանութիւնը: Բայց ինքնին կորուստները թաքցնելու այս մարտավարութիւնը ցոյց է տալիս, որ ներկայիս իշխող վարչախմբի համար սեփական զինուորի կեանքը ոչ մի արժէք չունի, որ` Պաքուն չի երկնչում ու չի երկնչելու իր զինուորներին անհրաժեշտութեան դէպքում նաեւ «մսաղացի» բերանը լցնելուց:
Սա կարեւոր հանգամանք է` հասկանալու, որ, զրկուած լինելով զինուորների կեանքը խնայելու հարցում հասարակական ճնշումներից` Ազրպէյճանը ոչ միայն ցուցադրում է իր բացարձակ անկաշկանդուածութիւնը, այլեւ` նորանոր զոհեր տալու միջոցով իր ուղեգիծը շարունակելու տրամադրուածութիւնը: Կարելի է կարծել, որ երկարաժամկէտ կտրուածքով Ազրպէյճանը փորձում է հասնել լայնածաւալ պատերազմի, սակայն դա հասունացնում է աստիճանաբար, փուլ առ փուլ` մի կողմից միջազգային հանրութեանն ընտելացնելով լարուածութեան շարունակական մեծացմանը, միւս կողմից` միջազգային եւ սեփական հանրութեան մօտ հասունացնելով պատերազմի անխուսափելիութեան գաղափարը:
Դժուար է ասել` որքանով է Ալիեւն իսկապէս պատերազմ ցանկանում: Մի կողմից նաւթի գների անկումը խուճապի է մատնում Ալիեւի վարչակազմին եւ հասունացնում այն գաղափարը, որ այս միտումների պահպանման պարագայում ուղղակի յօդս է ցնդում տարածքները վերադարձնելու նպատակադրումը, ինչը եւ կարող էր ստիպել Ալիեւին` գնալ հնարաւորինս շուտ հարցը լուծելու արկածախնդրութեան: Միւս կողմից` նա չի կարող հաշուի չառնել, որ դա կարող է ուղղակի կործանարար լինել իր եւ իր քլանի համար, եթէ նոյնիսկ անտեսենք նաւթային խոշոր ընկերութիւնների ուժեղ դիմադրութիւնը պատերազմ սկսելու` Պաքուի հնարաւոր մտադրութիւններին: Բայց կարճաժամկէտ կտրուածքով Պաքուն թերեւս ձգտում է հասնել նրան, որ հայկական կողմը համաձայնի անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման մեծ եւ համապարփակ պայմանագրի մշակմանը` շրջանցելով Մատրիտեան սկզբունքները:
Մինչդեռ այն պահանջը, թէ հայկական կողմը պէտք է անյապաղ դուրս բերի զօրքերը ներկայիս Արցախի տարածքից, վկայում է, որ անգամ պայմանագրի մշակմանն անցնելու` Երեւանի եւ Ստեփանակերտի համաձայնելը չի զսպելու Պաքուին եւ այն նորանոր միակողմանի պահանջներ է առաջադրելու` չհրաժարուելով շփման գօտում իրավիճակի աւելի ու աւելի շիկացման մարտավարութիւնից: Հէնց այս պատճառով Ազրպէյճանին հիմա սանձահարելու խիստ անհրաժեշտութիւն է առաջանում, որովհետեւ հակառակ պարագայում, որքան էլ ծանր լինի ասելը, արիւնը շարունակելու է թափուել եւ թափուել` աւելի ու աւելի յաճախակի:
Իսկ թէ ինչպէ՞ս պէտք է դա անել, արդէն արհեստավարժների խնդիրն է: