«ԹՐՔԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐԹԱԼ»
«Չանաքքալէի (Կալիփոլիի, Ա.) ճակատամարտի արարողութիւններին մասնակցելու համար Թուրքիայի` Հայաստանի նախագահին ուղղուած հրաւէրը մէկ քայլ է յետ Էրտողանի ապրիլքսանչորսեան ուղերձից», նման տեսակէտ է յայտնել թուրք պատմաբան Ումիթ Քուրթը, որը հայ շրջանակներին յայտնի է Թաներ Աքչամի հետ համատեղ հեղինակած «Լքեալ գոյքերի» մասին օրէնքներում հետեւելով Ցեղասպանութեան հետքին» գրքով:
«Ռատիքալ» թերթում «Անգարայի Տարտանելի խուսանաւումն ամօթալի է» վերտառութեամբ յօդուածում Ումիք Քուրթի հետ զրուցել է թուրք լրագրող Սերտար Քորիւճիւն:
«Ցաւօք, ցաւակցութիւնից (Էրտողանի ապրիլքսանչորսեան ուղերձը-խմբ.) յետոյ Չանաքքալէի (Կալիփոլիի) այս խուսանաւումն ամօթ յարուցող իրավիճակ է: Սա պատմութեան խեղաթիւրում է, ուրիշ ոչինչ: Եթէ ասում են (Թուրքիայի իշխանութիւնները, խմբ.) «արդար յիշողութիւն», այդ ժամանակ Չանաքքալէում (Տարտանելում) օսմանեան բանակում այդ պետութեան համար կռիւ մղած եւ զոհուած հայերի, այդ ընթացքում թիկունքում բռնագաղթի ենթարկուող եւ կոտորուող նրանց ընտանիքների համար ցաւակցութիւն թող կարդան: Թող ուրբաթօրեայ աղօթքից յետոյ այս մարդկանց համար մի ֆեթուա (իսլամական կրօնական հրամանագիր, խմբ.) հրապարակեն…», նշում է Ումիթ Քուրթը:
Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրտողանը յունուարի 18-ին Անգարա այցելած Ազրպէյճանի նախագահի Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսում յայտարարել էր, թէ թուրքական կողմը պատրաստւում է Տարտանելի ճակատամարտի (յայտնի է նաեւ Չանաքքալէի, Կալիփոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցութեամբ 102 երկրի ղեկավարի պաշտօնական հրաւէր է ուղարկուել` Թուրքիայում նշելու ճակատամարտի հարիւրամեակը: Էրտողանի կողմից հրաւիրուածների թւում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, որը պատասխան նամակով արդէն հրաժարուել է այդ միջոցառումներին մասնակցութիւնից, ինչպէս նաեւ` նշել հրաժարուելու պատճառները:
Այսպիսով, Էրտողանն իր այս հրաւէրով նախեւառաջ մերժել է Հայաստանի նախագահի` աւելի վաղ իրեն ուղարկուած հրաւէրը` ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ եւ միասին յարգելու Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
Էրտողանի` Կալիփոլիի ճակատամարտի 100-ամեակն ապրիլի 24-ին նշելու որոշումը միմիայն կապուած է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ հետ, քանի որ ապրիլի 24-ը Տարտանելի գործողութեան տեսանկիւնից առանձնացող եւ նշանաւոր օր չէ: