Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանին ծիրին մէջ, շաբաթ, 24 յունուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Ահլի Նապաթիէն:
Երթին նման ՀՄԸՄ-ի կազմը դարձեալ եղաւ յաղթականը, երբ 2-1 արդիւնքով (կիսախաղ` 1-1) պարտութեան մատնեց իր հիւրը:
Հակառակ անոր որ Ահլի Նապաթիէ 17-րդ վայրկեանին փենալթիով մը ինք բացաւ մրցումին հաշիւը, սակայն 28-րդ վայրկեանին Մամաս Քէհէեան նշանակեց ՀՄԸՄ-ի հաւասարութեան կոլը: Մամաս իր փոխանցումը ստացաւ հայրենի ֆութպոլիստ Գէորգ Օհանեանէն, որ քանի մը մարզիկ խաղի բերելէ ետք կատարեց ճշգրիտ փոխանցում մը:
Բ. կիսախաղին սկիզբը` 55-րդ վայրկեանին, ազատ հարուածով մը Գէորգ Օհանեան նշանակեց մրցումին երրորդ կոլը եւ ՀՄԸՄ-ի յաղթանակի կոլը, որուն շնորհիւ ՀՄԸՄ արձանագրեց տարեշրջանի իր 7-րդ յաղթանակը:
Մրցումին վերջին 20 վայրկեանը ՀՄԸՄ մրցեցաւ տասը մարզիկով, երբ Խաժակ Սինանեան կարմիր քարտ մը ստացաւ:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք, ՀՄԸՄ այժմ 24 կէտով կը գրաւէ երրորդ դիրքը` երկու կէտով ետ մնալով Իժթիմահիէն եւ Սաժեսէն, որոնք ունին 26-ական կէտ:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Իժթիմահի | 11 | 26 (20-10) |
2.- Սաժես | 12 | 26 (28-13) |
3.- ՀՄԸՄ | 12 | 24 (24-17) |
4.- Ահլի Սայտա | 12 | 20 (20-15) |
5.- Ռիատա Ուալ Ատապ | 12 | 20 (20-15) |
6.- Իսլահ Պըրժ Շիմալի | 12 | 16 (19-17) |
7.- Շեպիպեթ Մազրաա | 11 | 13 (8-9) |
8.- Ամալ Թրիփոլի | 12 | 11 (12-24) |
9.- Ահլի Նապաթիէ | 12 | 10 (17-25) |
10.- Խըյուլ | 12 | 7 (9-29) |
11.- Մապարրա | 12 | 7 (18-28) |