Պատրաստեցին ՏԱԹԵՒԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ եւ ԱՆԻ ՆԱԶԱՐԵԱՆԸ
Եթէ անգամ ժամանակը կարողանում է փոխել մարդկանց դիմագծերը`ընդգծելով ծերութիւնը, ապա այն անկարող է թաքցնել հէնց առաջին հայեացքից մատնող բարութիւնը, որն ամէնից լաւ է բնութագրում 1910 թ. Կարսում ծնուած Արաքսի Ենգոյեանին: Կոտայքի մարզի ամենատարեց բնակիչներից մէկի` Հայոց ցեղասպանութեան ականատես-վերապրածի հայրենիքը Կարսն է:
«Թուրքիայից է գաղթել, Ղարսից, գիւղի անունը չեմ յիշում: Սկզբում եկել են Բէզաքլու գիւղ, որն այժմ կոչւում է Սարանիստ, ապա գնացել Գեղաշէն, այնտեղից էլ Արամուս»,– կեսրոջ ընտանիքի պատմութիւնը մեզ է ներկայացնում հարսը` Աիդան, ով գաղթի մասին առաւել շատ լսել է Արաքսիի ամուսնու` Խաչիկի պատմածներից:
Պատմական հայրենիքի հետ մեր հերոսուհուն կապել են ոչ այնքան յիշողութիւնները, որքան հանդիպումը ամուսնու` նոյնպէս ղարսեցի Խաչիկի հետ, ով յայտնուել էր Գիւմրիի ամերիկեան որբանոցում: Արաքսին գաղթել է Արեւելեան Հայաստան ծնողների հետ, քոյրեր կամ եղբայրներ չի ունեցել:
Պատմական Տեղեկանք
Կարսում են ծնուել հայ մշակոյթի ու գիտութեան մի շարք երախտաւորներ, այդ թւում` բանաստեղծ Եղիշէ Չարենցը: Կարսը (կոչուել է նաեւ Կարուցբերդ, Կարուց քաղաք, Վանանդ, Ղարս եւ այլն) Ախուրեանի աջակողմեան վտակ Կարս գետի ափին է` բլուրներով շրջապատուած բարեբեր դաշտում: 1918 թ.-ի ապրիլի 25-ին Անդրկովկասեան սէյմը լաւ զինուած կայազօր ունեցող Կարսն առանց կռուի յանձնել է թուրքերին. 1919 թ.-ի մայիսին քաղաքն անցել է Հայաստանի առաջին հանրապետութեանը (1918-1920 թթ.): Կարճ ժամանակամիջոցում վերադարձել են բազմաթիւ հայեր, սակայն 1920 թ-ի հոկտեմբերի 30-ին քեմալական զօրքերը, կրկին առանց դիմադրութեան, գրաւել են Կարսը եւ կոտորել 8 հազար հայի: 1921 թ.-ի մարտի 16-ի Մոսկուայի պայմանագրով Կարսը յանձնուել է Թուրքիային: 2010 թ. դրութեամբ 65 հազար բնակիչ (հիմնականում` քրտեր եւ թուրքեր) ունեցող գաւառական քաղաք է, Թուրքիայի համանուն վիլայէթի վարչական կենտրոնը: Կարսի պատմաճարտարապետական յուշարձաններից ամենաարժէքաւորը մայր եկեղեցին է (Ժ. դար): Յայտնի էին նաեւ հայկական Ս. Նշան, Ս. Աստուածածին, Ս. Գրիգոր, Ս. Մարիամ, Ս. Առաքելոց, ինչպէս եւ Միքայէլ Հրեշտակապետի ռուսական եւ Ս. Գէորգ յունական եկեղեցիները, Կարսի բերդը, Կարս գետի քարաշէն 3 կամուրջները եւ այլ շինութիւններ:
Տարեց կինը չորս տարի առաջ կորցրել է միակ որդուն, այժմ ապրում է նրա կնոջ, երեխաների ու թոռների հետ:
Գաղթի մասին հազուադէպ յիշելիս երգել է «Արազն անցայ էն կուռը» երգը, որը եւս մէկ անգամ կատարելու առաջարկը մերժեց` «Դու երգի», փոխարէնը առաջարկելով:
Արդէն եօթ տարի է ականատես-վերապրածը անկողնային է, տարիներ առաջ ջարդել էր ոտքը, որից յետոյ չվերականգնուեց: Նախքան առողջական խնդիրներն աշխուժօրէն զբաղւում էր կենցաղային գործերով:
«Այնքան լաւ բնաւորութիւն ունի, բարի է, խելօք, խեղճ, վերին աստիճանի աշխատող», հաւաստիացնում է Աիդան:
Աշխատասիրութեամբ աչքի ընկնող կինը, հարսի խօսքով` ոչ միայն երբեւէ վատութիւն չի արել ոեւէ մէկին, այլեւ որեւէ վատ խօսքի չի արժանացրել: Նա աշխատել է գիւղի կոլխոզում: Ողջ կեանքում հպարտօրէն յիշել է Մոսկուա այցելութիւնը:
«Բրիգադիրը, որպէս առաջատար աշխատողի, եւս երկուսի հետ, իրեն տարել է Մոսկուա: Տարիքի համեմատ կոլխոզի ժողովուրդը զարմացել է իր աշխատասիրութեան վրայ, միշտ ասել են, գաղթած է, դրա համար իր բնաւորութիւնը լրիւ ուրիշ է», մէջբերում է հարսը` յաւելելով, որ Արամուսում իր կեսուրը վայելում է համագիւղացիների յարգանքը:
«Սուրճ բացարձակ չի խմում, շատ ժամանակ առաջ կոլխոզում էր փորձել սուրճի համը, վատացել էր, այնուհետեւ առհասարակ չի խմում, իւղոտ բաներ չի սիրում, մսեղէն` նոյնպէս, փոխարէնը նախընտրում է թոնրի թարմ լաւաշ», պատմում է հարսը, ով լաւ է յիշում կեսրոջ պատրաստած դդումով ճաշերի համը:
Զրոյցին կիսաբաց աչքերով հետեւող Արաքսին միայն վերջում համաձայնեց մի քանի խօսք ուղղել երիտասարդներին:
«Ուրախութեամբ գնան, ուրախ սրտով, առողջութիւն եւ երկար կեանք, ապրէք եւ զօրանաք», ընդգծում է տարեց կինը, ով վաղ առաւօտից օրհնում է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլեւ` բոլորին:
Այս ընտանիքում աւանդոյթ է առաջինը բարեւել աւագ տատին, ուտելիքի առաջին բաժինն առանձնացնել հէնց նրա համար:
«Իմ հարսը նրան շատ է յարգում, խնամում քաղցր լեզուի, լաւ վերաբերմունքի համար», նկատում է Աիդան:
Ենգոյեանների տան բակում կանգուն է աւելի քան յիսուն տարուայ պատմութիւն ունեցող, ինչպէս իրենք են անուանում, «շէկ մատուռը», որը գործում է Սուրբ Յակոբ եկեղեցու հարեւանութեամբ: Ընտանիքի անդամների կողմից կառուցուած այս հոգեւոր շինութիւնը գիւղաբնակների համար փոքրիկ աղօթատեղի է, ուր կարող են այցելել նաեւ բոլոր ցանկացողները: Տարիներ առաջ, Արաքսին անձամբ է զբաղուել մատուռի մաքրման, բարեկարգման աշխատանքներով: Շատերի նման նա ունի ընկերային աջակցութեան, ուշադրութեան կարիք:
Շուրջ երկու տարուայ կենսագրութիւն ունեցող «ականատեսը» յատուկ նախագիծը ընթերցողի դատին է ներկայացնում 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան` Հայաստանի տարածքում բնակուող վերջին կենդանի վկաների յիշողութիւնները: Ականատես-վերապրածների պատմութիւնների հետքերով «Արմէնպրես»-ի ստեղծագործական խումբը շարունակում է մարզային այցելութիւնները:
Լուսանկարները` Էդուարդ Սեպետչեանի
«Արամուս»
