1917-ին Շուշիում լոյս տեսնող եւ ապա 1990-ականներին վերածնուած «Ապառաժ»-ը հայ մամուլի այն եզակի պարբերականներից է, որը ծնուել է ազգային զարթօնքի ու պատմական բեկումնային ժամանակաշրջանում: Այն եղել է ոչ միայն լրատուական հարթակ, այլեւ` գաղափարական դիրքորոշում, ազգային մտքի ու պայքարի խօսնակ:
Տասնամեակների ընթացքում «Ապառաժ»-ը անցել է դժուար ճանապարհ. պատերազմներ, լռեցում, վերածնունդ եւ կրկին ընդհատում: Սակայն, ինչպէս իր անունն է յուշում, այն կանգուն է մնացել` դիմակայելով ժամանակի մարտահրաւէրներին:
Այսօր «Ապառաժ»-ը վերադառնում է ոչ միայն անցեալը յիշեցնելու, այլ` ներկան բացայայտելու եւ ապագայի հանդէպ պատասխանատուութիւն ստանձնելու նպատակով: Վերադարձ` վերադարձի յոյսով. յոյս` խօսքի ազատութեան, ազգային արժանապատուութեան եւ հայ հասարակութեան առողջ ինքնագիտակցութեան վերականգնման:
Այսօր, ցաւօք, ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խօսքը վտանգաւոր է, իսկ լռութիւնը` յանցաւոր:
«Ապառաժ»-ը շարունակելու է իր առաքելութիւնը` բարձրաձայնել այն, ինչ լռեցւում է, պաշտպանել ազգայինը, քննադատել ապազգայինը եւ լինել հանրային մտքի հարթակ` անկախ ժամանակաւոր շահերից:
«Ապառաժ»-ը շարունակելու է օրակարգում ունենալ Արցախի հարցն ու արցախահայութեան իրաւունքների պայքարի ուղին:
Վերադարձը սկիզբ է: Վերադարձ լինելու է:
19 դեկտեմբեր 2025


