ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Այսօր աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացած է երկու հզօր պետութիւնների` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման վրայ, որի արդիւնքից կախուած է նաեւ աշխարհի խաղաղութիւնը:
Սակայն մեր երկրում այլ մթնոլորտ է տիրում: Մենք վաղուց Ռուսաստանից վիրաւորուած, քանի որ նա չի փրկել մեզ, երբ մենք չենք դիմել ու արհամարհել ենք իրեն, երբ մեր երկրի ղեկավարը ազերի ղեկավարի հետ համաձայնեցուած Արցախն էր յանձնում, մեր դաւաճանութիւնը ծածկելու համար փորձում ենք նրանից ազատուել եւ մեր նոր տիրոջը ընդունել, քանի որ նոր տէրը ցանկութիւն է յայտնել մէկ դարով գրաւել մեր տարածքը եւ մեր հայրենի տարածքի անունն էլ փոխարինել իրենով:
Արդէն աւելի քան մէկ շաբաթ է անցել ուաշինկթընեան հանդիպումից, պարզ են այն կէտերը, որոնց շուրջ կազմուել են հայ-ազերիական համաձայնագրերը, իսկ երկրում այդ համաձայնագրի դէմ ժողովուրդը լուռ է, լուռ է ազերիների բոլոր պահանջների դէմ:
Զանգեզուրեան միջանցքի յանձնման մասին, որի համար այդքան ոգեւորուած էր Ամերիկայի նախագահը, որ չգիտեր` ինչպէ՛ս ընդունէր իր հպատակներին, ներեցէք` «հիւրերին», մենք ասելիք չունենք: Բայց չէ՞ որ դա մեզ է պատկանում:
Հետեւում եմ հայկական լուրերին, վերլուծաբանների, քարտէսագէտների, յատկապէս նոյն շրջանում ապրող գիւղացիների կամ քաղաքաբնակների հարցազրոյցներին եւ ապշած եմ, հաւանաբար նաեւ չկարողանամ յարմար բառեր գտնել արտայայտելու իմ վերաբերմունքը այս ամէնի հանդէպ:
Մէջս անվերջ թմբկահարում է մի միտք` ինչպէ՞ս, ինչպէ՞ս հասանք այս վիճակին, այս համատարած, համազգային բարձիթողին, այս վարակիչ, թունաւոր անտարբերութեանը, այս անհոգ ծուլութեանը, միշտ դրսից սպասուող օգնութիւն տենչացողի անկեալութեանը, թափթփուկ, իր իսկ երկրի դէմ գործող իշխանութեան կոյր պաշտամունքին:
Ըստ իս, այն պահից, երբ կորցրինք մեր ազգային իրաւունքի պահանջները, երբ ինչպէս հարկն է չհետապնդեցինք այն, փոխարէնը անսակարկ ձեռք մեկնեցինք մեր ոչնչացմամբ իրենց ծրագրերը, իրենց շահերը ապահովող մեր թշնամիներին, գաղտնի գործարքի մէջ մտանք նրանց հետ մեր իսկ կեանքերի գնով մեր հողերը նրանց յանձնելու, երբ թշնամացանք մեր թիկունքը պաշտպանողների հետ, քանզի նոր տէրերը այդ էին պահանջում:
Մեր ազգային, քաղաքական, հասարակական բոլոր կազմակերպութիւններն ու կուսակցութիւնները թերացան իրենց պարտականութեան, ազգային շահերը ամէն գնով պաշտպանելու գործում, մինչեւ իսկ ընդդիմութիւնը տեղաշարժ չունեցաւ, չկարողացաւ իրական փաստերով արթնացնել, գործի մղել ժողովրդին: Մեր բոլոր գործօններում աւելի շատ ժողովրդավարութեան սուտ կանոններին հետեւեցինք, քան աշխատեցինք անառարկելիօրէն փրկել, ինքներս մեզ դուրս քաշել մեզ պարտադրուած ճահճից:
Մենք միշտ գերադասում ենք խոնարհ աշակերտ մնալ աշխարհի ազգակուլ դպրոցում, քան` դառնալ կուլ տուողներից մէկը, ուստի միշտ փնտռում ենք հովանիներ, նոր տէրեր, հներին ոտնահարում, նորերից էլ ի վերջոյ խաբւում ենք ու ամէն ինչ կորցնում: Այսօր մեզ մօտ յստակ այդ իրավիճակն է կրկին:
Մեր նոր տէրերը, որոնք իրենց հպատակին կարգեցին որպէս առաջին ղեկավար մեր երկրին, եւ որից սկսուեց մեր թոյլ, այլոց մանրէներով վարակուած անկախութիւնը, անմիջապէս տիրոջ իրաւունքով ծաւալուեցին մեր ոտնաչափ տարածքում իրենց ամրոց շինութեամբ, իշխելով ոչ միայն մեզ, այլ ողջ տարածաշրջանին, բնականաբար արդէն տիրոջ իրաւունքով ցանկացած մասով տիրում են մեր երկրին, տիրոջ իրաւունքով խօսում մեզ հետ, քանի որ մենք երկրի ղեկավար չունենք, այլ ունենք մի նենգ իշխանութիւն, որը գլխակորոյս ծառայում է թշնամուն, աւելի ճիշդ` պատրաստակամօրէն կատարում է իր ազդեցիկ տէրերի հրամանները:
Եւ մենք քանի որ ստրկամիտ ենք դարձել, խոնարհօրէն տանում ենք մեր ստրկութիւնը երկրի ներսում, իսկ դրսի բաժանուած հայութեան մի մասի համար միայն ՀԱՅՐԵՆԻՔ բառն է կարեւորը: Բայց որ հայրենիքը աստիճանաբար լուծւում, քայքայւում, անհետանում է, ինչպէս իրենք` օտար երկրում, դա իրենց չի վերաբերւում, ինչպէս միշտ, նրանք չեն ուզում հակառակուել տիրող իշխանութեանը, թէկուզ` դաւաճան, երկիրը վաճառող իշխանութեանը:
Մեր ժողովրդին ոգեւորել է Ամերիկայի միջամտութեան փաստը, հայը իրեն հպարտ է զգում, որ աշխարհի հզօրագոյն երկիրը կրկին միջամտում է իր կեանքին, ապահովութիւն խոստանում իրեն, ինչպէս խոստացան 1920 թուականին Սեւրի համաձայնագրով, որը այդպէս էլ չիրականացած դաշնագիր մնաց: Ըստ այդ համաձայնագրի, յօդուած 89-ով Հայաստանը դէպի Սեւ ծով ելք էր ունենալու:
Դեռ այն թղթի վրայ ստորագրեալ սոսկ խոստում է մինչ օրս:
Իսկ մինչ «ծով ելք ունենալը ընդամէնը 3 տարի յետոյ, Լոզանի պայմանագիրը` 1923թ. ոչնչացրեց հայերին խոստացուածը, բայց փոխարէնը Թուրքիայի նոր սահմանները հաստատեց` Արեւմտեան Հայաստանի սահմանների ներառմամբ:
Սակայն հայութեան ոգեւորութիւնն ու յոյսերը հզօրագոյն երկրի խոստումի հանդէպ երբեք չմարեցին, այլ 105 տարի շարունակ սպասեցին սեւծովեան ելքը սկուտեղի վրայ իրենց մատուցուելուն:
Այսօր այն մատուցւում է Թրամփի «Խաղաղութեան խաչմերուկ» անուամբ, բայց արդէն` մեր սեփական հողի, մեզ համար կենսական հատուածը մէկ դարով «իրենց» տրամադրելով: Այս անգամ ոչ թէ իրենք են տալիս, այլ մեզնից են վերցնում, մինչեւ իսկ փոխում են մեր տարածքի անունը, փոխարէնը` իրենցը հաստատում: Մենք չգիտենք նոյնիսկ, թէ այդ «իրենցը» ո՛վ է, բայց ոգեւորուած եւ հարստացած ենք զգում «իրենց»-ով: Տեսնո՞ւմ էք` այս 105 տարում որքա՜ն ենք «առաջադիմել»…
Հայ գիւղացին իրեն երջանիկ է զգում, որ ամերիկացին է պաշտպանելու իրեն, ոչ թէ` ռուսը: Նրան այդպէս են հաւատացրել, որ նա ռուսից լաւ է, եւ քանի որ նա անտեղեակ է ամերիկեան ռազմամոլ քաղաքականութեանը, այլեւս հարցադրում չունի, հաւատում է այդ «խոստացեալ» խաղաղութեանը: Դէ ինչ, մի կտոր հող է, մի մեծ բան չէ: Բայց փորձիր իր կալուածից, իր պարտէզից մէկ սանթիմեթր ներս մտնել, գլուխդ կը կոտրի, բայց հայրենական հողը կարելի է մէկ դար, մի քանի սերունդ տալ թէկուզ թշնամուն:
Քարտէսագէտին հարցնում են` սահմանազատման ժամանակ մենք տարա՞ծք ենք կորցրել: Նա ժխտում է` ասելով, որ կորցրել ենք, բայց նաեւ իրենցից էլ վերցրել ենք: Իսկ այդ «իրենցից»-ը ո՞ւմ հողն է: Մեր հողն է, չէ՞, մեր պատմական, պապենական հողն է: Այդ ինչպէ՞ս էք անտէր, երկիր չունեցող քոչուոր ազերիներին հողի տէր դարձնում եւ պարծենում, որ իրենցից էլ դուք էք վերցրել: Մեր հողերը այդ ե՞րբ դարձան «իրենցը»: Սա ի՞նչ տրամաբանութիւն է: Իրապէս մարդու սիրտ է ճաքում:
Ես, որ հողին, բնութեանը եւ յատկապէս իմ հողին կապուած անձ եմ, խղճում եմ մեր հողին, որ այդքան ասպատակութիւններին, բարբարոսութիւններին դիմանալուց յետոյ էլ հիմա հանդուրժում է իր սնած, իր բարիքներով մեծացած ժողովրդի դաւաճանութեանը:
Բոլորը նոյն հարցադրումն են տալիս. մենք մեր հողի դիմաց ի՞նչ ենք ստանում: Այդ հարցը երբեք ոչ մէկը չտուեց, երբ Արցախն էին յանձնում, երբ Ստեփանակերտն էին դատարկում, երբ արցախցին իր տունն էր այրում, որ թշնամուն չմնայ, երբ իրենց հարազատների դիակներն էին գերեզմաններից տեղափոխում: Ոչ մէկը այդ հարցը չտուեց ներկայ յանցագործ իշխանութեանը եւ խրախուսուելով ժողովրդի լռութիւնից, անշուշտ այն համաձայնութիւն ընդունելով, նա դեռ շարունակում է իր ազգակործան քաղաքականութիւնը:
Դուք ի՞նչ էք ստանում. մի՞թէ պարզ չէ` ձեր պաշտելի դաւաճանապետը իր ՔՊ-ական խունթայով մնալու է իշխանութեան, մի՞թէ դա հաւասարաարժէք փոխհատուցում չէ, չէ՞ որ նա կարողացաւ իր երկիրը վաճառել ոչ միայն թուրքին, այլ նաեւ` հզօրագոյն Ամերիկային:
Նոյնիսկ օտար յայտնի վերլուծաբան- քաղաքագէտները, տնտեսագէտներն են զարմացած անդրադառնում մեր երկրի այդ հողակտորի վաճառքին: Յանկարծ անյայտ Զանգեզուրի այդ փոքրիկ հատուածը, որը մենք այսքան արհամարհում ենք, որ յանձնում ենք «իրենց», յայտնուել է աշխարհի ուշադրութեան կենտրոնում: Եւ բոլորի եզրակացութիւնը, բացի մեզնից անշուշտ, հաստատում է, որ դա արւում է տարածաշրջանում ամերիկեան դիրքի ուժեղացման համար` ընդդէմ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, որի միջանցքում խեղդուելու ենք մենք` ըստ թուրքի վաղեմի ծրագրի:
Վստահաբար, աւելի քան երբեւէ, ներկայ թափթփուկների դիրքն է ամրացել, բաւական մեծ գումար է տրամադրւում երկրի վերջնական կործանման համար, դաւաճանապետի հսկողութեան համար, հնարաւորինս վարկաբեկուելու, ոչնչանալու են ազգային արժէքներն ու աւանդոյթները, նորելուկների գործունէութիւնն է աւելի աշխուժանալու` շնորհիւ Սորոսի նիւթական նեցուկին, որով պատահական, անուղեղ, իրենց կեանքը չդասաւորած անձինք դարձան եւ դեռ դառնալու են նոր քոչեր, մարզիչներ, կանանց, երեխաներին, մինչեւ իսկ զինուորական ղեկավարներին հասարակական «նոր» պահանջներով ուղղորդելու:
Ինչպէս տեսանք աշխարհի երկու տիրակալների հանդիպումը, որը տեղի ունեցաւ ռուսական հին հողի` Ալասքայի վրայ, որը 158 տարի առաջ վաճառուեց Ամերիկային, Ռուսաստանի ղեկավարը շեշտեց այդ հողի վրայ դեռ կանգուն մնացած Ուղղափառ եկեղեցիների եւ այդ հողի համար իրենց կեանքը զոհածների յիշատակների գոյութիւնը: Տեսնո՞ւմ էք` մշակոյթ եւ աւանդոյթ ունեցող, յարգող, գնահատող ղեկավարները չեն սողում, չեն նուաստանում, նրանք հաստատում են իրենց ուժը:
Եթէ հողը չլինի ոտքերիդ տակ, ժողովրդի պայքարը որեւէ անարդարութեան դէմ անօգուտ է: Եւ ի վերջոյ, մի՞թէ մեր հողը մի մարդկային կեանք չարժէ, որ նրա մէկդարեայ խլումը այսքան անուշադրութեան է մատնւում նոյն հողի վրայ ապրողներից:
Մի՞թէ այս օրերին աշխարհի ուշադրութիւնը իր վրայ սեւեռած մեր այդ փոքրիկ հողակտորը նոյն իշխանութեան կողմից միտումնաւոր, նոյն անօրինութեամբ ու դաւադրութեամբ չի յանձնւում թշնամուն, ինչպէս յանձնուեց Արցախը, ինչպէս առեւանգուեցին Արցախի նախկին ղեկավարները:
Բայց քանի որ դուք մոռացել էք արդէն Արցախի գոյութիւնն անգամ, ձեզ համար անկարեւոր է գերիների եւ նոյնիսկ երկրի գոյութիւնն անգամ:
15 օգոստոս 2025