Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Փաշինեանը Պատերազմ Է Յայտարարել Հայ Ժողովրդին

Օգոստոս 6, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Որպէսզի այս յօդուածի խորագիրը չափազանցութիւն չթուայ, նախ ներկայացնենք ամենաակնառու օրինակը: Փաշինեանը դուրս է եկել Հայ առաքելական եկեղեցու դէմ` շատ լաւ գիտենալով, որ աշխարհում առաջինը պետականօրէն ճանաչուած 1700-ամեայ քրիստոնէական ուսմունքը հայ ժողովրդի բացարձակ մեծամասնութեան հաւատն է` շաղախուած վերջինիս հոգեկերտուածքի հետ: Հայ եկեղեցին, պետականութեան բացակայութեան պայմաններում, հարիւրամեակներ շարունակ, ըստ էութեան, ստանձնել է ժողովրդի առաջնորդութիւնը` իրականացնելով բազմազան, այդ թւում` ազգային-քաղաքական գործունէութիւն: Հայ եկեղեցու պատմութիւնը հայ ժողովրդի պատմութեան անբաժանելի մասն է, իսկ նրա գործիչները հայ ժողովրդի ամենանշանաւոր գործիչներից` ինչպէս հոգեւոր, այնպէս էլ` գիտական, մշակութային, եւ ազգային գործունէութեան մարզերում:

Եւրոպական մի կազմակերպութիւն, ընկերաբանական ուսումնասիրութեան հիմքի վրայ, եթէ չեմ սխալւում, երկու տարի առաջ գրել էր, թէ որպէս հաւատացեալ ժողովուրդ` աշխարհում առաջիններից մէկը հայերն են: Առաջին հայեացքից մտորումների տեղիք է տալիս այս յայտարարութիւնը, մանաւանդ երբ նկատի ենք ունենում հայրենաբնակ հայութեան աթէիստական ոչ հեռաւոր անցեալը, բոլոր ժամանակներում հայերիս հեռու լինելը կրօնական մոլեռանդութիւնից եւ այլն: Միւս կողմից` անգամ խորհրդային ժամանակաշրջանում մեր ժողովրդի կեանքը սերտօրէն կապուած էր եկեղեցու, նրա աւանդոյթների` ծէսերի, սովորոյթների ու տօնակատարութիւնների հետ: Պատահականութիւն չէ նաեւ, որ դարեր շարունակ մեր ժողովրդին օտարները յաճախ անուանել են հայ-քրիստոնեայ:

Այստեղից էլ կարելի է հետեւութիւն անել, թէ ինչի՛ դէմ է ուղղուած «Նոր Հայաստան» ծեփել փորձող Նիկոլ Փաշինեանի հարուածը: Իրականում սին են կեղծարարութեան մեծ աճպարարի հաւաստիացումները, թէ իր պայքարն առանձին հոգեւորականների դէմ է: Նախ` նիկոլական իշխանութեան շատ ներկայացուցիչներ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն եւ վերջինիս մասին բազմիցս անյարգալից են արտայայտուել: Ամենայն հաւանականութեամբ, քրիստոնէական աղանդաւորական ուսմունքի են դաւանում նաեւ նրանց առաջնորդը եւ նրա ընտանիքը: Դեռեւս իշխանութեան գալու սկզբնական շրջանում  Փաշինեանը պաշիպոզուքին հանեց փողոց «Նոր Հայաստան` նոր կաթողիկոս» պահանջով: Իր ղեկավարման անցնող տարիներին Նիկոլն ինքը տարբեր առիթներով կոպիտ որակումներ է կատարել մայր եկեղեցու եւ նրա սպասաւորների հասցէին: Նա մերժել է հոգեւոր իշխանութեան գոյութիւնը` յայտարարելով, թէ պետութեան մէջ պէտք է լինի միայն մէկ իշխանութիւն, եւ այդ մէկն իր իշխանութիւնն է: Նրա ցուցումով Հայաստանի դպրոցական ծրագրերից դուրս բերուեց Հայոց եկեղեցու պատմութիւն առարկան, Հայ եկեղեցու ներկայացուցիչները այս իշխանութեան օրօք օտարուած են երկրի պետական կեանքից, զանազան  ազգային եւ պետական բնոյթի միջոցառումների մասնակցելու հնարաւորութիւնից: Իսկ ասուածի ամենաակնառու վկայութիւնն այն է,

որ հերթական անգամ ոտնահարելով սահմանադրական կարգը` Փաշինեանը ոչ միայն միջամտում է Եկեղեցու ներքին կեանքին, այլեւ որոշել է այնտեղ  բռնի յեղաշրջում իրականացնել` իր ճաշակով վերափոխելով եկեղեցին` ե՛ւ ծառայողների ե՛ւ ներքին կանոնադրութեան փոփոխութեամբ: Եթէ նրան յաջողուի իրականացնել իր խելայեղ ծրագիրը, աւանդական ազգային եկեղեցուն կը փոխարինի նիկոլականութեան նոր աղանդը: Եթէ յիշենք նաեւ, որ այս պահին արքեպիսկոպոսներ ձերբակալուած են բռնի իշխանափոխութեան եւ դրան ուղղուած կոչերի կեղծ մեղադրանքով, ապա կարելի է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցողը Հայ եկեղեցու դէմ օտար բռնակալների եւ նրանց դրածոների կողմից 1930-ականներին ծաւալուած բռնութիւնների կրկնութիւնն է: Իր անպատկառ ու սրբապիղծ գործունէութեամբ Փաշինեանն, ըստ էութեան, թքում է հայ ժողովրդի հոգու մէջ, նրա ամենասուրբ զգացումների վրայ:

Իր վերընտրութեան նպատակը հայրենիքից եւ պետութիւնից վեր դասող ղեկավարը սրանով փաստում է նաեւ, որ ժողովրդի համընդհանուր հակակրանքին արժանանալը երկրորդական նշանակութիւն ունի, եւ իր յոյսերը կապուած են արտաքին ուժերի հետ. այսինքն` նրանց, որոնք շահագրգռուած են համազգային վստահութիւն եւ սէր վայելող ազգային գլխաւոր հաստատութեան խարխլմամբ:

Ժողովրդի դէմ ուղղուած պատերազմի դրսեւորումներ են յարձակողապաշտ եւ սադրիչ գործողութիւններն ընդդիմադիր ուժերի, գործիչների` բոլոր նրանց դէմ, որոնք կարող են անհամաձայնութիւն յայտնել իշխանութեան վարած քաղաքականութեան վերաբերեալ: Լինի` կին, զոհուած ազատամարտիկի ծնող, պարզ գիւղացի, մտաւորական կամ այլ մէկը, բոլոր դժգոհողների գլխին սրի նման կախուած է բռնի իշխանափոխութեան ամբաստանութիւնը եւ վերեւների համար ցանկալի պահին ձերբակալուելու սպառնալիքը: Ընկերային տրամադրութիւնների ամենաակնյայտ ուսումնասիրութիւնների հիման վրայ կարելի է վստահօրէն յայտարարել, որ Փաշինեանն իր նոր ազգային պետական քաղաքականութեամբ հայ հանրութեանը փորձում է պարտադրել այնպիսի լուծումներ եւ «նորարարութիւններ», որոնք անընդունելի են ժողովրդի բացարձակ մեծամասնութեան համար:

Իշխանութիւնը կորցնելու վախով առաջնորդուող ղեկավարը անհիմն մեղադրանքով ձերբակալել է լայն հանրութեան համակրանքը վայելող ազգային մեծ բարերար միլիառատիրոջը եւ օրերի ընթացքում, ազգայնացման անուան տակ, ապօրինաբար նրանից փորձել է խլել երկրի ելեկտրացանցերի ռազմավարական նշանակութեան համակարգը:

Սրանով նա իր թուրք-արեւմտեան տէրերին փորձում է հաւատացնել, որ Հայաստանում հետեւողականօրէն զրոյացման է տանում ռուսական ազդեցութիւնը: Զելենսկու օրինակով, նա ներկայանում է որպէս Արեւմուտքի յառաջապահ Ռուսաստանի դէմ, ակնկալելով, որ Արեւմուտքը նրա ամէն մի բռնութեան ու անօրինականութեան վրայ աչք կը փակի` համաշխարհայնացման միաբեւեռութեան դէմ այս պայքարում ըստ արժանուոյն գնահատելով վերջինիս հակառուսական գործունէութիւնը:

Որպէս նման օրինակներ` յիշենք, որ  Արեւմուտքից բերուած 300.000 քուէներով Մոլտովայում վերարտադրուեց արեւմտամէտ ղեկավարի իշխանութիւնը, խայտառակ անօրինականութեամբ Ռումանիայում չեղարկուեց ոչ արեւմտամէտ ղեկավարի յաղթանակը: Վրաստանի իշխանութեան դէմ շարունակւում է Արեւմուտքի կոշտ ճնշումը`  պարտադրանքով սեփական  ինքնիշխանութեան կորստի հաշուին վերադառնալու Արեւմուտքի գիրկը: Իրենք` արեւմտեան ժողովրդավարութեան դրօշակիրները, իրենց երկրներում ընդդիմադիր կուսակցութիւններին վախեցնում են արգելելու, իսկ ընդդիմադիր գործիչների դէմ` քրէական հետապնդումներ ձեռնարկելու սպառնալիքով:

Փաշինեանն իր հակաժողովրդական վտանգաւոր քայլերով ակնյայտօրէն բախում է հրահրում եկեղեցու, ժողովրդի ու քաղաքական ուժերի հետ: Նախորդ առաջնորդողում արդէն գրել ենք, որ վախենալով իրադարձութիւնների բնականոն եւ իր համար ոչ ձեռնտու զարգացումից` Նիկոլը կարծես ցանկանում է ոչ միայն քարտերը խառնել, այլեւ` խաղասեղանը շուռ տալ: Այո՛, բռնի իշխանափոխութեան եւ դրա կոչերն անելու ամբաստանութեամբ շարունակւում են զանազան գործունեայ ընդդիմադիրների ձերբակալութիւնները, եւ կասկած չկայ, որ դրանք կը շարունակուեն: Փաշինեանը, սակայն, հասկանում է, որ իր անձնական օգտագործման իրաւաբանների կցած-կցմցած հիմքերը շատ խախուտ են, եւ հաւանաբար  նրան անհրաժեշտ են փողոցային բախումներ, որպէսզի դրանք ներկայացնի որպէս բռնի իշխանափոխութեան ծանրակշիռ փաստեր, ընդլայնի հետապնդումների հնարաւորութիւնը: Վեհափառի եւ վեհարանի դէմ անհաւատ խուժանին դուրս բերելը թերեւս կարող է դառնալ ժողովրդական ըմբոստութիւն սադրելու լաւագոյն հնարաւորութիւնը: Իսկ որ Փաշինեանն իր նպատակին հասնելու համար ո՛չ ժողովրդին կը խնայի, ո՛չ պետութիւնը, համոզւում ենք արդէն եօթ եւ շատ աւելի տարիներ շարունակ: Սա նոյն Փաշինեանն է, որ վիժեցնելով բանակցութիւնները` 2008 թուականին բախումների քաոսի մէջ ներքաշեց մայրաքաղաքը, որ` 10 տարի անց յայտարարում էր, թէ` «Կա՛մ ես կը դառնամ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենայ» եւ դագաղներ էր պտտեցնում Երեւանի փողոցներով, որ` հիմա յայտարարում է, թէ 2019 թուականին կարող էր ասել, որ Արցախը Ազրպէյճանի կազմում է լինելու, իսկ 20 թուականի պատերազմից յետոյ յայտարարում էր, թէ տարածքները  կարելի էր յանձնել առանց պատերազմի, սակայն այդ դէպքում ժողովուրդն իրեն դաւաճան կը համարէր:

Արտաքին պատուէրի սպասարկմանն ուղղուած գործողութիւններով շեղելով մարդկանց ուշադրութիւնը, նոյն ժամանակ քուլիսների ետեւում նա իրականացնում է մէկ այլ յանցագործ ծրագիր` Զանգեզուրի, այսպէս կոչուած, միջանցքն օտարին յանձնելու  դաւադրութիւնը: Տուեալ պահին իր համար անցանկալի, հասարակական հնչեղութիւն ունեցող քայլերից հասարակութեան ուշադրութիւնը  շեղելու փաշինեանական գործելակերպը ծանօթ է բոլորիս: Յիշենք նաեւ, որ Պոլսում Էրտողանի եւ Ապու Դապիում Ալիեւի հետ վերջին հանդիպումներին զուգահեռ` տեղի ունեցան նոր հետապնդումները եւ ձերբակալութիւնները: Փաշինեանն այսօր Հայաստանի գլխին բերում է նոյն փորձանքը, ինչ որ ժամանակին բերեց Արցախի գլխին: Նոյն 2019 թուականին Ստեփանակերտի հրապարակում նա ճչում էր, թէ` «Արցախը Հայաստան է եւ` վերջ», 2020 թուականին,   պատերազմում պարտուելուց յետոյ, անօրինականօրէն Արցախից տարածքներ զիջեց, երբ մինչ այդ ասում էր, թէ Արցախի ճակատագիրը որոշել ինքը չի կարող, որովհետեւ արցախցիներն իրեն չեն ընտրել: Այնուամենայնիւ, 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ ամրագրուեց ե՛ւ Արցախի հայկական մնացած տարածքը, ե՛ւ Լաչինի հայապատկան ճանապարհը, սակայն յետոյ  Փաշինեանը դրանք էլ զիջեց` այս անգամ յայտարարելով, թէ Արցախը պատկանում է Ազրպէյճանին:

Այս ողջ ընթացքում ինչ-որ չափով իր պահանջները բաւարարելով եւ արձանագրելով նոր վիճակը` Ազրպէյճանի ղեկավարն այնուհետեւ տեսնում էր, որ Փաշինեանից կարելի է նորանոր զիջումներ կորզել, որոնց մասին նախկինում չէր էլ կարող երազել: Նա առաջադրում է իր նոր պահանջները եւ հասնում է դրանց իրականացմանը: Արցախի հարցը հայկական կողմի ջանքերով տասնամեակներ շարունակ աշխարհն ընդունել էր որպէս արցախահայութեան ինքնորոշման խնդիր, բայց Նիկոլ Փաշինեանն իր ապուշութեան պատճառով, իսկ աւելի շուտ` միտումնաւորութեամբ, վերածեց այն տարածքային վէճի, այսինքն` Հայաստանի յաւակնութեան ազրպէյճանական տարածքների նկատմամբ: Այսօր հասել ենք այնտեղ, որ տարածքային վէճերի հետ ոչ մի առնչութիւն չունեցող Զանգեզուրն է դարձել  պետութիւնների միջեւ վէճի առարկայ:

Հայաստանի ինքնիշխանութիւնը զիջելու, Հայաստանի հարաւային դարպասներն անկայունութեան  գօտու վերածելու գործընթացը Փաշինեանի ձախող, յանցաւոր եւ դաւադիր գործունէութեան հետեւանքն է` ինչի գինը թուրք-ազրպէյճանական փանթուրանական եւ արեւմտեան աշխարհաքաղաքական շահերի դիմաց սեփական իշխանութեան պահպանելն է: Հայաստանը, փաստօրէն, վերածուել  է Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու, Իրանի հիւսիսային սահմանները թշնամական յենակէտի վերածելու գործիքի, եւ այս բարդ խաղին պատանդ դառած Փաշինեանը փորձում է պահպանել իշխանական աթոռը` միաժամանակ խաբելով բոլորին: Պէտք է խոստովանել, որ անընդհատ ներքին խնդիրներ հրապարակ նետելով` Փաշինեանին ցայսօր յաջողւում է քթից բռնած ողջ հայ ժողովրդին տանել իր օրակարգերի ետեւից: Նրան ցայսօր յաջողուել է բարեկամութեան ու հաւատարմութեան երդումներ տալով` ապահովել Ռուսաստանի եւ Իրանի կրաւորական պահուածքը իր փրոթուրք, փրոարեւմտեան խաղերի դիմաց: Միաժամանակ իր անվերջանալի խուսանաւումների, անկանխատեսելիութեան պատճառով նա կորցնում է նաեւ Արեւմուտքի վստահութիւնը, եւ այս ամէնին հակազդելու այլ միջոց չունի, քան` ցուցադրելը երկրի ներսում իր իշխանութեան կայունութեանն ուղղուած հետապնդումները եւ հայկական խաղաքարտի շահարկումը` որպէս առեւտրի միջոց:

Կը յաջողուի՞ Նիկոլին բախումներ հրահրել  առաջիկայում եւ դրանց թոհուբոհում չէզոքացնել ազգային ուժերին  իր անձնատուական ծրագրերի եւ իշխանական վերարտադրութեան ճանապարհից, թէ՞ այլեւս սպառւում են նրա արտաքին ու ներքին խուսանաւումների հնարաւորութիւնները: Փաշինեանը նախաձեռնող է, Փաշինեանը լաւագոյնս զգալով իրավիճակի բարդութիւնը` գնում է վա պանք: Ունի՞ սրա դիմաց ընդդիմութիւնը հակաքայլեր, թէ՞ դեռ պատրաստ է միայն իր դաշտում հակադարձելուն: Ժամանակն այլեւս Նիկոլի օգտին չի ընթանում, բայց դեռեւս չկան հիմքեր մտածելու համար, որ ազգային ուժերը դարձել են իրավիճակի եւ ժամանակի տէրը, իսկ ժամանակի կշիռքին Հայաստանի ինքնիշխանութիւնն է:

«ԴՐՕՇԱԿ» թիւ 7, 2025թ.

Նախորդը

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի Յուլիսի Թիւը

Յաջորդը

Հայաստան Ամէն Բանէ Վեր

RelatedPosts

Ստորագրութիւններ Յանուն (Ոչ)ինչի՞
Անդրադարձ

Ստորագրութիւններ Յանուն (Ոչ)ինչի՞

Օգոստոս 21, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Արամ Ա. Կաթողիկոսի Պատգամին Հետքերով

Օգոստոս 20, 2025
Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Հարեւանիս Շան Հաջոցը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Սիրտս Արդեօք Յանցաւո՞ր Է

Օգոստոս 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?