Այս օրերին աշխարհի հզօրների ուշադրութիւնը մեր երկրի մի փոքրիկ` 43 քմ հատուածի վրայ է սեւեռուած, որը կրում է «Զանգեզուրի միջանցք» անունը, որի մասին խօսում են ամենայայտնի լրատուամիջոցներից սկսած մինչեւ նորելուկները, մասամբ` առանց հասկանալու, թէ որտե՛ղ է այն գտնւում, ո՛ւմ հողի վրայ եւ ի՛նչ տեսք ունի, առաւել եւս անթաքոյց յայտնում են նաեւ, որ դա լաւագոյն հնարաւորութիւնն է Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի դէմ:
Եւ քանի որ Ամերիկայի առաջարկն է 100 տարով օգտագործելու օտար երկրի հողը, ինչպէս միշտ այն ընդունւում է մեծ ոգեւորութեամբ, յատկապէս` մեր ժողովրդի կողմից: Առանց մտածելու, որ դա նշանակում է, մենք ինքնակամ, չմտածելով մեր սերունդների ապահով եւ շահաւէտ կեցութեան մասին` յանձնելու ենք նրանց, նոյն անտարբերութեամբ, ինչպէս յանձնեցինք ազատագրուած Արցախը, կրճատեցինք մեր երկրի սահմանները, ինչպէս անտարբեր մնացինք Նախիջեւանի ճակատագրին:
Տարիներ, գոնէ իմ կեանքի տեւողութեան ընթացքում, շարունակ դժգոհութիւն, անէծք ու թերագնահատում ենք լսել մեր երկրի, մեզ բաժին հասած, մեր այսօրուայ կեցութեան հիմնական վայրի աշխարհագրական դիրքի համար, մեղադրել մեր նախնիներին, որ եկել, բնաւորուել են լեռների արանքում, աշխարհից կտրուած այս հատուածում:
Բայց թէ ինչպէ՛ս ենք մենք այն մեկուսացրել, առաւել փոքրացրել, մի բուռ դարձրել ու դեռ շարունակում ենք է՛լ աւելի փոքրացնել, այդ հարցին երբեք չենք անդրադառնում, մեղաւորներին երբեք չենք պատժում ու միշտ մեղադրելով նրանց, որոնք փրկութեան չեն հասել մեզ, արդարացնում ենք մեր անտարբեր կեցուածքը մեր կորուստների հանդէպ:
Մեր խեղճութեան, մեր կործանման համար այլոց մեղադրելով արդարանալը դարձրել ենք այլեւս մեր դիմագիծը, մեր պաշտպանութեան միակ միջոցը:
Այսօր էլ, երբ կանգնած ենք մեր լինելութեան վիհի եզրին, երբ մեր ձեռքից խլում են մեր կեցութեան, մեր ապագայ սերունդների ամենավերջին հասանելիքը, փորձում են աստիճանաբար ոչնչացնել մեզ, մենք աւելի շատ կենտրոնացած ենք պատերազմի յանցագործ ներկայ իշխանութեան զրպարտութիւնները պարզաբանելով, քան` կենտրոնանալու մեր գոյատեւման հիմնական խնդրին, միջոցներ գտնելու մեր ունեցուածքը փրկելու, պահպանելու:
Գուցէ շատերիդ վիրաւորական թուայ տգիտութիւն կամ անգիտութիւն բառը, որն օգտագործում եմ, բայց մի՞թէ անգիտութիւն կամ տգիտութիւն չէ, որ մինչ այսօր մենք չենք իմացել մեր երկրի առաւելութիւնը` աշխարհագրական եւ առաւել եւս քաղաքական առումով:
«Զանգեզուրի Միջանցք»-ը, որի համար հիմա գլուխ են կոտրում, ոչ միայն մեր թշնամիները, այլ նաեւ` աշխարհի հզօրները, ամենախօսուն վկան է մեր անտարբեր տգիտութեան:
Մենք միշտ ճզմուած լինելով քաղաքական ծանր իրավիճակներում` երբեք չենք անդրադարձել ու քննարկել, թէ ի՛նչ առաւելութիւններ ու հնարաւորութիւններ է տուել մեզ մեր դիրքը աշխարհաքաղաքական կեանքում, մեր երկրի հզօրացման ու հարստացման համար ի՛նչ հնարաւորութիւններով օժտել մեզ, որն անփութօրէն արհամարել ենք, այլապէս այդքան նենգօրէն չէինք յանձնի Արցախը:
Մենք նոյնիսկ չենք գնահատում, չենք մեծարում մեր ժողովրդի այն հեռատես ու հերոս անձերին, որոնք իրենց կեանքի գնով պահպանեցին մեր երկրի կարեւորագոյն հատուածները` Սիւնիքը, ողջ Զանգեզուրը, որն այսօր մեր երկիրը յօշոտողների ցանկում դարձել է անգնահատելի, թանկարժէք հատուած իրենց երկրների, իրենց սերունդների շահաբերութեան համար:
Այդ ինչպէ՞ս է, որ միջնադարից սկսեալ մեր երկրով են անցել առեւտրական քարաւանները` հասնելով մինչեւ Միջին Ասիա, Չինաստան, պատմութեան մէջ յայտնի «Մետաքսի ճանապարհ» անուանումով, որի մասին աւելի շատ ուսումնասիրութիւններ կան օտարների կողմից, քան` հայերիս, եւ այդ նոյն ճանապարհը այսօր մենք յանձնում ենք թշնամուն` մեր ապահովութիւնն ու մեր երկրի եկամուտը վտանգելով:
Մենք նոյն անտարբերութեամբ ենք վերաբերւում այս կարեւորագոյն մեր սահմանին, որքան անտեսուած մնաց Նախիջեւանը, Կովկասը Միջին Արեւելքին կապող առեւտրային յայտնի այդ հանգոյցը, որը սպասարկել է վաճառականներին եւ ճանապարհորդներին բարձրագոյն արհեստավարժութեամբ:
Մեր արհամարհած հողի վրայ քարաւանատներ, մաքսատներ` յարկեր վճարելու անցակէտեր, ապրանքներ փոխանակող կայաններ, պահակակէտեր են կառուցուել այդ ճանապարհով անցնող վաճառականների կեանքի եւ ապրանքների ապահովութեան ու հանգստի համար, որոնցից մէկն էլ նշանաւորը Վայոց Ձորի քարաւանատունն է եղել:
Աւելի ուշ, արդէն 11-րդ դարում, Անին իր հարիւր դարպասներով, արեւելքի ամենահռչակաւոր առեւտրական քաղաքն է դարձել: Դուինն ու Արտաշատը` նոյնպէս:
Կարսը, որը մենք կորցրինք մեր զինուորների դաւաճանութեան պատճառով, կարեւորագոյն հանգոյց է եղել Երզնկայից մինչեւ Կոստանդնուպոլիս: Աշխարհամասերը իրար կապող մեր ժայռերի միջով անցնող այս ճանապարհը, առեւտրից զատ, նաեւ մշակութային զարգացման, փոխանակումների կապ է եղել:
Ու՞ր են այս բոլորը, ու՞ր ենք մենք հիմա… Մեր դպրոցականները ինչու՞ չգիտեն այս ամէնը իրենց ուսման տարիներից: Չէ՞ որ սա իրենց երկրի պատմութիւնն է ու նաեւ` հպարտութիւնը:
Ինչո՞ւ Իրանը ինքն իրեն է կոտորում այս ճանապարհը օտար գիշատիչներին չյանձնելու համար` քաջ գիտենալով, որ այն վտանգ է ներկայացնում իր երկրին, իսկ մենք լուռ սպասում ենք, որ մեր ձեռքում մնացած այս ամենակարեւոր հատուածը, որը դեռ մեզ է պատկանում, բայց որի ճակատագիրը յանձնել ենք թրքահաճոյ մի խրտուիլակի, որին օգտագործում, ղեկավարում են ամերիկեան, անգլիական եւ իսրայէլեան երկրներ քանդող գաղտնի կազմակերպութիւնները, (որն արդէն ամենեւին էլ գաղտնի չէ), որ մինչ այսօր դեռ իր ժողովրդի ապահովութեանը վերաբերող այս հարցը գաղտնի է պահում, եւ մենք կրկին անտարբեր սպասում ենք, որ իր նոր սուտով արդարացնի թշնամուն յանձնած մեր իրաւունքը: Թոյլ ենք տալիս, որ նա շարունակի մեր երկրի կառավարումը` մեր ոչնչացմամբ թշնամուն ծառայելով:
Դրամով նրա պատրաստակամ հպատակութիւնը օգտագործելով մեր թշնամիները արեւմուտքի միացեալ ուժերով փորձում են իրականացնել ոչ թէ մեր, այլ իրենց ծրագիրը:
Իմ այս յայտարարութիւնը նոյնպէս գաղտնիք չէ այլեւս, որովհետեւ այդ մասին ազատօրէն բարձրաձայնում են իրենց իսկ երկրի պատերազմաձիգ քաղաքականութեան դէմ յայտնի գործիչներ, որոնք մտահոգուած են ոչ թէ մեր երկրի համար, այլ մտահոգուած են իրենց երկրի վաղուայ օրով, որը դէպի անկում է գնում:
Մեր ժողովուրդը եթէ մի փոքր աւելի սերտ կապ ունենար իր երկրի, իր տարածքների հետ, այսօր արդէն ալեկոծուած` ոտքի կանգնած պիտի լինէր մեր շրջափակման դէմ, տէր կանգնէր փրկելու գոնէ այդ կարեւորագոյն վերջին հանգոյցը` «Զանգեզուրի միջանցք»-ը, որը երկար ժամանակ քննարկւում է թշնամու հետ, լսում ենք նրանց յայտարարութիւնը, բայց ոչ մէկ խօսք, ոչ մէկ բացատրութիւն ենք լսում մեր յանցագործ իշխանութեան կողմից, բացի լուրերի ժխտումից:
Պատերազմի այս յանցագործը թշնամու օգտին փոփոխութեան է ենթարկում նաեւ երկրի անձեռնմխելին` սահմանադրութիւնը, ոչնչացնում է երկրի Անկախութեան հռչակագիրը, աղաւաղում է ուսումնական հաստատութիւնները, դասագրքերը, որքան էլ կրկնութիւն հնչի, դարձեալ կրկնելու եմ, քանզի վտանգուած են դրանք:
Երկրի հաւատքի բարձրագոյն մարմինի ղեկավարին` կաթողիկոսին, ստորագոյն ձեւով վարկաբեկելով, փորձում է երկրի բուն հաւատքը իր այլանդակ միջամտութեամբ իրեն ենթակայ դարձնել, որը` ըստ երկրի բարձրագոյն սահմանադրութեան, առանձին ինքնաղեկավար մարմին է, եւ երկրի ղեկավարը իրաւունք չունի միջամտելու նրա գործերին:
Բայց քանի որ թուրքերը զգուշացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում եւ պէտք է վերացնել, բնականաբար պէտք է կատարել նրանց պահանջը, եւ այդ պահանջի գործադրողը աւելի յարմար անձ չէր կարող լինել, քան` այս անբարոյ թշուառական ղեկավարը, որը ինչպէս ամէն ինչում, իր այլանդակ մակարդակով է գործում:
Մենք պէտք է ընդունենք, որ մեր երկիրը այլեւս մեզ չի պատկանում, այս ոչնչութիւնը մեր երկիրը հիմնովին Արեւմուտքի ճորտը դարձրեց, հսկայական պարտքի տակ դրեց երկիրը, որի գումարը մեր զաւակներն են վճարելու, այն էլ, լաւագոյն դէպքում, եթէ երկիրը հրաշքով մնայ:
Եւ սպասել, համբերել մինչեւ ընտրութիւնները` յոյս ունենալով, որ այս անգամ չի ընտրուելու, չարաչար սխալւում էք:
Եթէ հիմա ժողովուրդը ոտքի չկանգնի եւ չփրկի երկիրը թշնամուն ծառայող այս վոհմակից, յետոյ շատ ուշ է լինելու:
30 յուլիս 2025