ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Մեր հանրութեանը խորհուրդ կը տամ վերջապէս սթափուել, աւելի շատ հետեւել թշնամու լուրերին, քան` թշնամուն նուիրուածօրէն ծառայող մեր իշխանութեան իրականութիւնը թաքցնող ստերին, որովհետեւ թշնամին բացայայտ է գործում, մեր իշխանութիւնը ամբողջովին իրենց ծուղակում է, պատրաստակամօրէն ծառայում է իրենց, անմնացորդ կատարում նրանց պահանջները, նրանք ստելու կարիք չո նեն:
Յիշեցնեմ` 110 տարի առաջ էլ չհաւատացինք մեզ ոչնչացնել ծրագրող թշնամու յայտարարութիւններին, մտածելու, կազմակերպուելու փոխարէն, ինչպէս այսօր, շարունակեցինք մեր տօնախմբութիւնները:
Այսօր ժողովրդին սարսափեցնում, ծնկի են բերում, լռեցնում պատերազմի վտանգով, եւ ոչ մէկը չի անդրադառնում, որ թշնամին այլեւս պատերազմելու, մարդկային կորուստ տալու կարիքը չունի, ոչ թէ` Թրամփին տուած խոստումը պահելու համար, այլ քանի որ ներկայ իշխանութիւնը իրենց բոլոր պահանջները անմիջապէս եւ աւելիով է բաւարարում:
Ականատես ենք, թէ ինչպէ՛ս է Ամերիկան «խաղաղութեան» խոստումներով շարունակում ոչնչացնել երկրները, ժողովուրդներին: Տեսնում ենք` որո՛նք են այս երկրի իրական տէրերը, որոնք իրենց սիոնիզմով եւ Մոսատով խեղդամահ են անում աշխարհը:
Բարեբախտաբար աշխարհում գործող նոր հաղորդամիջոցները, իրենց կեանքը վտանգելով իրականութիւնը բացայայտող տարբեր բնագաւառների առաջադէմ մտածողները, փրոֆեսէօրներ, անուանի դասախօսներ, ռազմական գործիչներ, զօրավարներ, լրագրողներ, արհամարհելով ամէն վտանգ, անողոքաբար բացայայտում են նախկինում գործուած եւ ներկայում գործուող, բայց աշխարհին ստով հրամցուած ու պարտադրուած, ամենակալ պետութիւնների իրենց շահերի համար սուտ պատրուակներով հրահրած պատերազմների, կործանած երկրների, հարիւր հազարներով ոչնչացրած ժողովուրդների, տեղահանած, իրենց հողից կտրած, թափառական մարդկութեան մի նոր տեսակ ստեղծածների ողջ իրականութիւնը:
Այդ ամէնն արւում է մեզ նման մոլորուածներին, ընդհանրապէս ժողովուրդներին արթնացնելու համար, որ ժողովուրդները սթափուեն, չհաւատան այլեւս ստայօդ պատերազմների մէջ ներգրաւուած արդարացումներին, չհաւատան դեռ շարունակուող թունոտ քարոզչութիւններին, տէր կանգնեն իրենց ինքնութեանն ու իրենց երկրներին, յատկապէս` մեր նման արդէն թշնամու ծուղակում յայտնուածները:
Ժամանակին միահեծան, աշխարհակալ երկրների դէմ նոր հզօրացող երկրների ներկայութիւնն ու նրանց խաղաղ բարգաւաճման դաշինքը սկսել է ստուեր գցել, խարխլել նախկին հզօրների հիմքերը: Նրանք ամէն միջոց օգտագործելու են իրենց առաջատար դերը չզիջելու, իրենց հզօրութիւնը պահպանելու համար: Իսկ դա նշանակում է նոր պատերազմներ, նոր կորուստներ:
Այս ռազմատենչ երկիրը, որի անգիտակից հերթական զոհերից մէկն ենք նաեւ մենք, որն իր շահի համար հարկ եղած դէպքում չի խնայում նաեւ իր քաղաքացիներին, երկար տարիներ ի վեր դանդաղօրէն քայքայում է մեր երկիրը` մեր գլխին պարտադրելով ներկայ հայակեր իշխանութիւնը, հիմա էլ յանուն իր մեծ նպատակի` իր մեծագոյն մրցակցի` ոչնչացմանը, մեզ ներքաշում է մեր տարածքի վերջին պատառի` «Զանգեզուրի միջանցք»-ի յանձնմանը, մեր վերջնական կործանմանը:
Իսկ ի՞նչ ենք անում մենք:
Կազմակերպուելու, միաւորուելու, միակ ազգային կուսակցութեան` ՀՅԴ շուրջ համախմբուելու, ժողովրդին իր խաբուած, իրեն պարտադրուած վիճակը, իր որդեգրած դէպի կործանում տանող անտարբերութեան կործանարար հետեւանքը լուրջ բացայայտումներով ներկայացնելու փոխարէն, անձնական էժանագին վիրաւորանքներով, իշխանութիւնը զբաղեցրածների յիմարութիւնները, նրանց հայհոյանքները, նրանց գռեհիկ արտայայտութիւնները վերլուծելով ենք ժամանակ վատնում` աւելի մխրճուելով անիմաստ, անարդիւնք քաշքշուկների մէջ:
Գուցէ երկրից անհետացել են լուրջ մտածողները, ասպարէզը զիջել թշուառների մի վոհմակի, որոնց գերի դարձած` խոնարհօրէն հետեւում ենք, թէ դեռ ի՜նչ աւերներ են գործելու, թշնամու ի՛նչ նոր պատուէրներ են իրագործելու:
Որքան էլ ներկայ իշխանութեան ապազգային քաղաքականութիւնը բացայայտողներին, ժողովրդին, երկրին սպառնացող վտանգը ահազանգողներին, նրանց համախմբել ցանկացողներին օրէնքի ուժով լռեցնում, տարբեր պատժամիջոցների են ենթարկում` իշխանութիւնը իրենց ձեռքում պահելու համար, միեւնոյն է ժողովուրդը տեսնում է, արդէն թաքցնել հնարաւոր չէ թշնամուն ծառայող իր իշխանութեան գործունէութիւնը, եւ աններելի է, որ լռում է:
Աններելի է, որ լռեց եւ դեռ լռում է երկրի Անկախութեան հռչակագրում փոփոխութիւններ անելու նրանց արդարացումներին:
2019 թուականից սկսեալ ներկայ թրքապաշտ իշխանութիւնը, թշնամու կարգադրութեամբ, փորձում է ազատուել 1990թ, օգոստոս 23-ին Հայաստանի Անկախութեան հռչակագրից, որը մեր վերանկախացած երկրորդ հանրապետութեան հիմնաքարն է:
Ժողովուրդը հարց չի դարձնում, թէ թշնամին ի՞նչ իրաւունք ունի Հայաստանի հռչակագրի, սահմանադրութեան, կամ երկրի խորհրդանիշերի փոփոխութիւն պահանջելու:
Չէ՞ որ ՀՀ չի պատերազմել, չի պարտուել, չի յանձնուել, ըստ իրենց յայտարարութեան, երկրի սահմանները չեն «փոփոխուել», եւ ներկայ իշխանութիւնը այն անուանում է ինքնիշխան պետութիւն:
Եթէ իրապէս ՀՀ ինքնիշխան է, որը տեղի ու անտեղի անվերջ շեշտւում է, եւ հայերէնին քիչ թէ շատ տիրապետող իւրաքանչիւր անձ գիտէ ինքնիշխան բառի իմաստը, ուրեմն ինչո՞ւ այս փոփոխութիւնները նոյնիսկ քննարկման հարց չեն դառնում:
Ամենաանգրագէտ քաղաքացին անգամ գիտի, որ երկրի հռչակագիրը անփոփոխ է, եթէ երկիրը չի պարտուել ու թշնամուն չի յանձնուել:
Ակնյայտ է, որ հռչակագրի փոփոխութիւնը անհրաժեշտ է ոչ միայն թշնամուն, այլ ներկայ իշխանութեան անօրէն գործած պետական դաւաճանութիւնը քողարկելու, արդարացնելու համար:
1990 թուականից ի վեր հռչակագրում ընդունուած կէտերից` հայոց համազգային նպատակներից է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը, ինչպէս գիտէք, արհամարհուեց դեռ առաջին նախագահի` Լեւոն Տէր Պետրոսեանի կողմից, եւ որը շարունակւում է առ այսօր:
Բնականաբար ներկայ թրքահաճոյ իշխանութիւնը իր ներքին ձգտումին համապատասխան, նաեւ իր վերադասի` թշնամու պահանջով, աստիճանաբար ջնջում է այն հիմնական դրոյթները, որոնք մեր անկախ պետականութեան անբեկանելի մասն են կազմում` հետագայում ինքնիրեն պատասխանատուութիւնից ազատելու համար: Ահա թէ ինչո՛ւ ժողովուրդը իրաւունք չունի անտարբեր ձեւանալու նաեւ այս հարցում, քանի որ դա իր երկրի ամրութեանն է վերաբերւում:
Ուզում եմ շեշտել նաեւ, որ, այո՛, Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, Հայաստան է եւ վերջ, ինչպէս` Սիւնիքը, Արմաւիրը, Արարատը, այն ամէնը, ինչ դարեր հայութեան է պատկանել: Բաւական է այն, որքան Արցախի դէմ պատերազմի խայծ հռչակեցիք:
Թշնամին չի վախենում, հեշտօրէն ձեռք բերածը իր հայրենիքն է համարում, մենք մեր դարաւոր հայրենիքից, որի ազատագրման համար հարիւր հազարաւոր կեանքեր ենք զոհել, անմիջապէս հրաժարւում ենք` պատերազմը հրահրած պատճառ դարձնելով:
Ուշքի եկէք, բաւական է, այս դաւաճանների գործողութիւնները թաքցնող սրինգի տակ պարէք:
Յաւելեալ անգամ յիշեցնեմ, մեր երկրորդ անկախութիւնը նոյնպէս Արեւմուտքի անմիջական մասնակցութեամբ իրագործուեց, ուստի առաջին իսկ վայրկեանից, առաջին նախագահից` ԼՏՊ-ից փոխանցուող պարտադրանք դարձան` թուրքերի հանդէպ ինքնակամ ծնկի գալը, նրանց պատուէրները կատարելը, նրանց հաճոյանալը եւ յատկապէս Արցախի հանդէպ ժողովրդի թշնամական տրամադրուածութիւնը, այն Հայաստանի մաս չընդունելը:
Մինչեւ այս իրականութեան հետ չառերեսուենք, չբացայայտենք, մեղաւորներին չդատենք, մեր երկրի վիճակը նոյնն է մնալու: Որքան էլ նորերը գան, շարունակելու են նոյն քաղաքականութիւնը, քանի դեռ բուն պատասխանատուն եւ նրանց թրքապաշտ ցանցը երկրի ներսում է:
Այո՛, ամէն անգամ յիշեցուելու է, որ ԼՏՊ-ի թրքապաշտութեամբ սկսուած մեր անկախութիւնը արգիլեց օգտագործել, յիշեցնել Ցեղասպանութիւնը, վկան մեր առաջին արտաքին գործոց նախարար` Րաֆֆի Յովհաննիսեանի, Ցեղասպանութեան յիշեցման պատճառով պաշտօնազրկումը:
2008-ին ականատեսը եղանք մեր կրած նուաստացման, առանց պահանջների թուրքերի հետ հաշտութեան ստորագրման ցանկութեան, որը թէեւ այդ տարում չիրականացուեց, ժողովրդի, յատկապէս սփիւռքի ըմբոստացման շնորհիւ, սակայն դրա արդիւնքում իրականացուեց «Ֆութպոլային դիւանագիտութիւնը», որը յանգեցրեց Հայաստանի ֆութպոլի խմբի իր իսկ խաղադաշտում հանդէս գալ առանց Արարատի խորհրդանիշի համազգեստով:
Մենք ազգային վիրաւորանք չապրեցինք, ոչ ոք պատասխանատուութեան ենթարկուեց, ոչ մէկը բացատրութիւն պահանջեց: Ժողովուրդը մարսեց ու հանգիստ շարունակեց իր առօրեան` օրէ օր աւելի ատելով արցախահայ իր երկրի ղեկավարին:
Եթէ 2008-ին թուրքերին ինքնակամ հաճոյանալու քայլ էր դա, որը ժողովուրդը այսօրուայ անտարբերութեամբ ընդունեց, 17 տարի անց մէկ այլ ղեկավար, արդէն` ոչ ատելի արցախահայ, այլ թշնամու կողմից յատուկ ընտրուած ու մարզուած, իր վերադասին անսակարկ նուիրուածութիւնը հաստատելու, նրա պահանջը ամենայն ճշդութեամբ կատարելով` սահմանամուտքի կնիքից քերում-հանում է հայութեան ազգային խորհրդանիշ Արարատը:
Եւ դեռ իր ամբարտաւանութեամբ համարձակւում, իրաւունք է վերապահում յիմարագոյն (արեւմտահայը կ՛ասէր` ափեղ-ցփեղ) պատճառաբանութիւններով, արդարացնել իրեն պարտադրուած հրամանի իրագործումը:
Ու ես աւելի ցաւում եմ մեր լերան համար, որը բաւական չէ, որ գերեվարուած է, դեռ էլ մեր ճակատագրի պէս անվերջ քաշքշուկների է ենթարկւում, այն էլ` իր հարազատ երկրի կողմից, իր հողի վրայ: Պարզւում է` ոչ միայն հայ լինելն է դժուար, այլ հայ բնութեան մաս լինելն էլ նոյնքան դժուար է ու փորձութիւններով լի:
Սարսափելին այն է, որ այս ամէնի հետ ժողովուրդը հաշտուած է ու հանգիստ շարունակում է իր պարերն ու ուրախութիւնները: Իսկ աշխարհը անհանգիստ տրոփիւնի մէջ է, նախկին քայիտաներն ու ԻՊ-ները այսօր երկրներ են ղեկավարում:
Մենք դեռ տարածուած սփիւռք ունենք այդ երկրներում: Ունենք հաստատութիւններ, հարստութիւններ, հիմնականում նաեւ` աճող սերունդ: Ինչպէ՞ս ենք անտեսում այս ամէնը: Ո՞վ է տէր կանգնելու մեր հայրենակիցներին, եթէ ոչ` մեր սեփական երկիրը, բայց անշուշտ` ոչ ներկայ ազգի թշնամի իշխանութիւնը:
Աշխարհն ականատես է պաղեստինցիներին առաջարկուող գերութեան` ոչնչացման մի նոր տարբերակ խաղաղութիւն անուան տակ: Երեք տարի տեւող Ուքրանիոյ Արեւմուտքի ուժերով պատերազմը շարունակւում է երրորդ համաշխարհայինի վտանգ յարուցելով աշխարհում:
Բոլորը զինւում են, բացի մեզնից: Թշնամու պահանջով, նրա հրամանի համաձայն, կրճատւում է առանց այդ էլ մեր երկրի ողորմելի վիճակում գտնուող ռազմական պիւտճէն, որը յաւելեալ անգամ հաստատումն է մեր գերեվարուած վիճակին:
Իրականում ճիշդ են անում պաշտպանութեան անհրաժեշտութիւն չունենք, քանի որ մեզ պաշտպանում է թշնամին, կարեւոր չէ` ներսի թէ դրսի: Թշնամին թշնամի է եւ վե՛րջ:
Երկրի ղեկավարը վախենում է միջազգային ամբիոններում գերիների հարցը բարձրաձայնելու, հրաժարւում է իր երկրի կարեւորագոյն տարածքի բնածին անունը` Զանգեզուրի միջանցք, արտաբերելու, ուրանում է, նոր տէրերին իր անսակարկ հաւատարմութիւնը` շեշտելու համար աշխարհով մէկ ցուցադրելով իր ողբալի քաղաքական, պետական, մարդկային, ազգային տգիտութիւնը: Այդ էլ` այն տէրերի, որոնց ընդունելութեամբ դեռ հարբած` ուշքի չի գալիս, իսկ նրանք իր երկրի անունն անգամ չեն յիշում, շփոթում են Ալպանիայի հետ: Եւ դրանք այն տէրերն են, որոնք վարձել են իրեն որպէս իրենց գործակալ, որի համար վճարւում է ինքը:
Մեր ժողովուրդը մի՞թէ չի հասկանում, վերլուծում այս ամէնը: Մի՞թէ չի զգում, որ մենք այլեւս անկախ պետութիւն չենք, որ` ներկայ իշխանութեան, հետեւաբար մեր բոլորի շնչառութիւնը թշնամու ձեռքին է: Բայց ինչպէ՞ս հասկանայ, երբ պարերով, կերուխումներով է տարուած:
Մեր առաջին պետականութիւնը ստեղծողները այս ստահակների համար չզոհեցին իրենց կեանքերը, բանտերում ու աքսորներում չոչնչացուեցին, որ դուք այսօր պարելով յանձնէք թշնամուն:
Բաւական է` որքան փրկութիւն սպասեցիք Եւրոպայից կամ հզօրագոյն Ամերիկայից, նրանց անմիջական զոհերն էք դուք:
Ի՞նչ են իրենցից ներկայացնում այս վարձկանների հաւաքածուն, որ ազատօրէն քայքայում, ոչնչացնում է մեր եւ մեր զաւակների, մեր թոռներին պատկանող երկիրը, ու ողջ մի ազգ անկարողութեան մատնուած` սպասում է իր վախճանին:
Չէ՞ք յոգնել զոհ դառնալուց: Հիմա ո՞ւմ էք սպասում:
Չեմ կարող թոյլ տալ օտար երկրում մեծ դժուարութեամբ հայ մեծացած իմ թոռս շարունակի ապրել օտար երկրում ինձ նման անվերջ իր դիմագիծը փնտռելով, ինքն իր մէջ խորանալով, իր ոտքերի տակ հայրենի հողի ուժը չզգալով:
Բաւական է, կանգ առէք եւ զգացէք ձեր ոտքերի տակից սահող հողի շարժումը, լսէք երկրի աղերսը, վախեցէք սերունդների անէծքից: Դուք իրենց զրկում էք երկիր ունենալու, երկրի տէր զգալու ազգային անփոխարինելի ուժից:
(Շար. 2 եւ վերջ)
5 հոկտեմբեր 2025