«Ես խնդրում եմ սովետական կառավարութեանը`
կրկնապատկել, եռապատկել
պահակախումբը Ստալինի շիրիմին,
որ Ստալինը վեր չկենայ
եւ նրա հետ՛ ստալինիզմը»
ԵՒԳԵՆԻ ԵՒՏՈՒՇԵՆԿՕ
Այս տողերը Խորհրդային Միութեան ռուս նշանաւոր բանաստեղծ, ժամանակի երիտասարդութեան կուռք Եւգենի Եւտուշենկոն գրել էր 1961թ, երբ Խրուշչովի հրամանով Ստալինի դին դամբարանից հանում, գիշերով թաքուն թաղում են Քրեմլինի պարսպի տակ:
Երկրում հաստատւում է հակաստալինիզմի օրէնք, որով բացայայտում էին նրա հրամանով երկրում գործուած ահռելի ոճիրները, որին վախից, ճնշումից, կենդանի մնալու, շատերն էլ առիթը օգտագործելով կոչում ձեռք բերելու մոլուցքով տարուած` մասնակից են դարձել, օգնել են նրա ոճիրներին, հարիւր հազարաւոր անմեղ մարդկանց աքսորին, սպանութիւններին, թունաւորումներին, ձերբակալութիւններին, բանտի խցերի անմարդկային չարչարանքներին:
Հակաստալինիզմը փորձեց մաքրել երկիրը, նոյնիսկ յետմահու, թէկուզ` ուշացումով, ներում շնորհել, «արդարացնել» անարդարօրէն դատապարտուածներին, աքսորուածներին, սպաննուածներին, ժողովրդին ազատագրել ստալինեան ախտաւոր հոգեբանութիւնից: Փորձեց մաքրել երկիրը այդ թունաւոր մթնոլորտից:
Բայց արդեօ՞ք հնարաւոր էր մի հրամանով վերացնել ժողովրդի մէջ արդէն արմատացած, բնաւորութիւն դարձած, առանց պատասխանատուութիւն կրելու ազատօրէն իրար հանդէպ հաշուեյարդար տեսնելու սովորոյթը: Հնարաւո՞ր էր, որ ներողութիւն խնդրէին նրա նախճիրին մասնակցողները:
Ահա մի մէջբերում` հաստատելու համար, թէ ինչպէ՛ս էր ժողովուրդը ընդառաջում ստալինիզմի չարիքները բացայայտելու օրէնքին:
Մեր երկրի Ա. Հանրապետութեան իրական վարչապետ Յ. Քաջազնունու աղջիկը` Մարգոն, հետեւեալն է յայտնում: «Թէեւ արածս ձեւականութիւն էր, բայց, այնուամենայնիւ, հօրս արդարացման համար դիմումը, որը ձեւակերպել էր յայտնի իրաւաբան Գրիգոր Չուբարը, յանձնեցի համապատասխան օրկաններին: Պատասխանը բացասական էր. «Վաշա պրոսբայ ատկլանենա» (Ձեր հայցը մերժւում է):
Յետոյ ինձ մօտեցաւ մարքսիզմ-լենինիզմի հիմնարկից մի աշխատակից եւ յայտնեց, որ դիմումը իր մօտ է եղել, ինքը կողմ է քուէարկել, բայց մի մեծ մարդ դէմ է արտայայտուել, եւ այդ պատճառով մերժել են հօրս նոյնիսկ յետմահու արդարացնել: Այդպէս էլ չիմացայ նրա անունը», ամփոփում է նա:
Տեսնո՞ւմ էք, Ստալինը չկար այլեւս, բայց նրա ներարկած թոյնն ու ատելութիւնը, իրար յօշոտելու մոլուցքը դեռ գերիշխող էր, շարունակւում էր:
Այդ մարդակեր ճիւաղի մահից 72 տարի եւ հակաստալինիզմի հրամանի հաստատումից 64 տարի անց, մեր երկրի այսօրուայ քաղաքական իրավիճակը հաստատում է, որ ստալինիզմը դեռ շարունակւում է, դեռ չի վերացել:
Մեր երկրի ներկայ իշխանութիւնը` Արեւմուտքի շահերի համար նշանակուածները, վերակենդանացրել են ստալինիզմը: Ակնյայտօրէն այդ մարդակերի շիրիմը հսկողները, զանց առնելով Եւտուշենկոյի խնդրանքը, թերացել են իրենց պարտականութեան մէջ, ինչպէս հարկն է` չեն հսկել, քանզի մեր երկրում այս վերջին տարիներին այն գործում է նոյն թիրախաւորումով, միայն թէ՛ նիկոլիզմ անուանումով:
Անգամներ անդրադարձել եւ համեմատել եմ մեր երկրում գործող ներկայ իշխանութեան, նրա անմիջական հպատակների, նրա իրաւունքները պաշտպանողների, այս բռնատիրական իշխանութեանը համակրող ժողովրդի կեցուածքը ստալինեան տարիների գործողութիւնների հետ` ոչ միայն համեմատելու, այլ անմիջականօրէն անտեղեակ սերունդին, որն ապրում է մակերեսի փայլով, յիշեցնելու, որ իրենց ծնողները մի ժամանակ արդէն ապրել են այս նոյն այլանդակ տարիները, որի պատճառով խեղաթիւրուել է մեր դիմագիծը, մեր հողի վրայ թուով փոքրացել ենք, անվերջ կորուստներ տուել, որը շարունակւում է առ այսօր, եւ որը վերջնական կործանման է տանում մեզ:
Յաճախակի անդրադառնում եմ, քանզի երկար տարիներ երկրում տիրող արգելքի, գրաքննութեան պատճառով, սուտի քարոզչութեամբ իրականութիւնը քողարկուեց ի վնաս մեր ազգային շահերի, եւ որը նոր թափով շարունակւում է այսօր:
Այսօր էլ ամէն ինչ հրամցւում է աղաւաղուած, եւ ժողովրդի այն մասը, որը կապ ունի իշխանութեան եւ նրա ծառայողների հետ, որը, ի դէպ, բաւական մեծ մաս է կազմում, մերժում է ընդունել դէպի կործանում առաջնորդող իր պետական համակարգը, որն աշխատում է յօգուտ թուրքական շահերի, եւ որոնք ստալինեան փորձառութեամբ գիտեն, որ շատ հեշտ է զրպարտութիւններով, ահաբեկումներով ու բռնութիւններով ժողովրդին խաբելն ու հնազանդեցնելը:
Միակ հարցում, որ նիկոլիզմը տարբերւում է ստալինիզմից, այն է, որ Ստալինը դարձաւ իր երկրի ազատարարը, յաղթեց նմանը չունեցող պատերազմում, որի մասնակիցը դարձաւ նաեւ հայ ժողովուրդը իր 300 հազար որդիների կեանքի գնով:
Ի տարբերութիւն Ստալինի` Նիկոլը հայրենի երկիրը ազատագրող հինգ հազարից աւել հայրենասէր երիտասարդների կեանքը խաբէութեամբ նուիրաբերեց իր երկիրը նուաճողներին, դարձաւ իր երկիրը ինքնակամ յանձնողը, իր ղեկավարած երկիրը դաւաճանողը:
Ստալին ճիւաղը Արցախի վարչական հսկողութիւնը յանձնեց Ազրպէյճանին, ոչ թէ այն հռչակեց ազրպէյճանական տարածք: Սրանք երկու տարբեր պետական համակարգեր են, որը ոչ միայն մեր նախկին համայնավար անճարակ ղեկավարները չկարողացան, ջանք չթափեցին ճշդելու, այլ ժողովրդին մատուցուեց սխալ ըմբռնումով:
Միայն 70 տարի յետոյ մեր հերոս որդիների կեանքի գնով տարածաշրջանը Ազրպէյճանի հսկողութիւնից, որի ախորժակը միշտ եղել էր այն վերջնականօրէն գրաւելը, ազատագրեց ու անկախացուեց:
Նիկոլ ճիւաղը, որ բառացիօրէն խաբէութեամբ զաւթեց իշխանութիւնը, Ազրպէյճանի ոտնաձգումից վերջնականօրէն ազատագրուած, պատերազմով իր անկախութիւնը ձեռք բերած Արցախը իր շքախմբով պաշտօնապէս յանձնեց թշնամուն, Ստալինից աւելի առաջ անցնելով` այն վերջնականօրէն յայտարարեց Ազրպէյճանի պատմական տարածք, անկախացած բնակչութեանն էլ տեղահանելով` դուրս նետեց իր դարաւոր երկրից: Հայերիս վերջնականապէս զրկեց նոյնիսկ այն ետ բերելու յոյսից:
Նիկոլիզմի առատաձեռնութեան շնորհիւ` Ազրպէյճանը ստացաւ իր ողջ կեանքում ձգտած, երբեք չստացած, բայց այժմ ամբողջովին տիրած մեր երկրի պատնէշ Արցախը:
Ստալին ճիւաղը պատերազմի աւարտին երկրի համար կռուած, պաշարման պատճառով գերեվարուած ու վերադարձած զինուորներին սպաննում կամ բանտարկում էր:
Նիկոլ ճիւաղը Արցախի ազատագրման համար կռուած, բայց իր նենգ դաւաճանութեամբ գերեվարուած, կամ առեւանգուած, անյայտ կորած զինուորներին, մինչեւ իսկ վարկաբեկելով, իր խմբակիցների հետ նրանց «դաւաճան» անուանելով, անամօթաբար յանձնեց թշնամու ողորմածութեանը, միաժամանակ անտարբեր հետեւելով իր մատնութեամբ գերեվարուած Արցախի քաղաքական գործիչների տանջանքներին, որոնք այս պահին Պաքուի բանտերում են փակուած` որպէս քաղաքական բանտարկեալներ:
Ստալին ճիւաղը հզօրացրեց երկրի բանակը, Նիկոլ ճիւաղը կազմալուծեց իր երկիրը պաշտպանող բանակը: Իր անընկճելիութեամբ յայտնի հայ բանակը, որը դարեր վարձել են այլ պետութիւնները իրենց յաղթանակի համար, մինչեւ ատամները զինուած օմօնականներին յաղթած, Արցախը ազատագրած հայ բանակը, թշնամու հրահանգով, այսօր գոյութիւն չունի:
Թէեւ կրկնութիւն է, բայց գրում եմ, որովհետեւ այն նուաստացումը, որը պարտադրում է մեզ նիկոլիզմը, ստալինիզմից անց է, երբ երկիրը իր անձնական տարածքը, իր գրպանի մանրադրամը դարձրած այս իշխանութիւնը, ցանկացած պահին իր գրպանից հանելով իր իսկ ղեկավարած երկրի քարտէզը, որի սահմանները օրէ օր կրճատում է, անպատկառօրէն ճօճում է` արդարացնելով հակաերկրի իր կեցուածքը: Իսկ ժողովուրդը խորշելու, ողբալու փոխարէն` դեռ շարունակում է նրան ամուր պահել:
Ստալին ճիւաղը Նախիջեւանը հայաթափեց, Ջաւախքը կտրեց մայր հողից:
Նիկոլ ճիւաղը հայաթափեց Արցախը, թոյլ տուեց Ազրպէյճանին` տիրել ՀՀ տարածքի արեւելեան սահմանի կարեւորագոյն ռազմական բարձունքներին, Նժդեհի հերոսական ջանքերով պահպանուած Սիւնիքի ողջ մարզին` Սիսիան, Գորիս, Կապան, ամէնօրեայ վտանգ ներկայացնելով այդ ողջ շրջանին:
«Զանգեզուրի միջանցք»-ի առ ու ծախը, որը Հայաստանի կարեւորագոյն ռազմավարական, տնտեսական զարկերակն է, իր կապը Իրանի հետ, եւ որի շուրջ բանակցութիւնները, ինչպէս` յանձնուած բոլոր շրջանների համաձայնութիւնները, խնամքով թաքցնում են ժողովրդից, թէեւ ժողովրդի հոգն էլ չէ, քանզի երկիրը վստահել են իրենց «ամենակալ» հօրը` Նիկոլին, ինչպէս` ժամանակին ժողովրդի հայր Ստալինին:
Ստալինը եկեղեցու դէմ պայքարով ժողովրդին կտրեց իր հաւատքից` այն փոխարինելով համայնավարութեան հաւատքով, ազգային ոգին երկրից վերացնելու: Պաշտամունքի սրբատեղիները` եկեղեցիները, փակուեցին, Ստալինին է՛լ աւելի հաճոյանալու համար մեծամասամբ դարձրեցին գոմեր ու պահեստանոցներ:
Այսօր նոյն ստալինեան ոգով, բայց նիկոլեան փողոցային վարուելակերպով մեծ արշաւ է ծաւալուել Հայ եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ: Նոյն պայքարն է ազգայնութեան դէմ:
Ստալինը եկեղեցիները գոմ դարձրեց, Նիկոլը` իր էութեան համապատասխան, իր ղեկավարած հաստատութիւնը` իշխանութիւնը, գոմ դարձրեց, ժողովրդին եւ երկրին ամբողջովին զրկելով իր երկրի տէրը լինելու իրաւունքից, ուր ջղագար, փողոցային բառապաշարով ու ոռնոցով իր զրպարտութիւններն ու ահաբեկումներն է շաղ տալիս, թուրքերի կողմից իրեն հրամայուածը որպէս օրէնսդրութիւն պարտադրում իր քաղաքացիներին:
Ստալինեան թունոտ արշաւը նաեւ մեր ժողովրդի միակ ազգային կուսակցութեան` ՀՅԴ-ի դէմ, որը ոգի էր առել մէկ այլ Ստալինի հետեւորդ` Լեւոն Տէր Պետրոսեանի օրօք, նոյն թափով կեանքի է կոչուել այսօր: Կեանքի է կոչուել, քանզի թուրքերի հետ բարեկամութիւնն է սերտացել, թուրքն է ղեկավարում մեր երկիրը, իսկ թուրքերի միակ եւ հիմնական թշնամին ՀՅԴ-ն է եղել եւ մնում է նոյն ուժով:
Թուրքը շատ լաւ գիտի, չի մոռացել, յիշում է եւ յիշելու է յաւէտ այս կուսակցութեան կարողութիւնը, նրա հաշուեյարդարը, որից չկարողացան փրկուել Ցեղասպանութիւն գործածները: Ցաւօք, մեր ժողովրդի մէջ դեռ գործում է ստալինեան հակադաշնակցական թոյնը, որը ժամանակ առ ժամանակ բորբոքում են երկրի թրքածին ղեկավարները:
Այս օրերին, երբ հայ-թուրքական բանակցութիւններն են իրենց վերջնական փուլին մօտենում, բոլորովին պատահական չէ այս կուսակցութեան դէմ նոր ուժով պայքարը: Բանտերը կրկին լեցւում են ազգանուէր անձերով, իւրաքանչիւրին շինծու յօդուածներով դատում են այնպէս, ինչպէս 1935-37, 38թթ էր: Նրանց կը պահեն այնքան, մինչեւ իրենց թուրք-ազերիական գործարքն աւարտուի` առանց խանգարիչ, հայրենանուէր տարրերի:
Կրկին մէջբերեմ Քաջազնունու ձերբակալութիւնը, իր աղջկայ վկայագրութեամբ, որ ինքներդ համեմատէք նմանութիւնը: «Էնկաւեդէն, (այսօրուայ Նիկոլին ծառայողները այդ ժամանակ այդ անուան տակ էին հանդէս գալիս NKVD) Քաջազնունուն ձերբակալում են Ստեփանաւանում եւ միաժամանակ խուզարկում իր տունը Երեւանում: Ամբողջ տունը շուռ ու մուռ տուին, նկարագրում է նա: Դա 1937թ. յուլիսի 28 էր: Այդ ժամանակ հայրս աշխատում էր Պետպլանում` որպէս ճարտարապետ: Նա մասնագիտութեամբ ճարտարապետ էր: Մեղադրւում էր լրտեսութեան մէջ, պնդելով, որ նա գողացել է ինչ-որ գծագիր, փորձել է այն տրամադրել օտար, թշնամի պետութիւնների գործակալներին: Եւ որպէսզի խոստովանի, նրան ենթարկում են աներեւակայելի տանջանքների, որի պատճառով մահանում է այդ նոյն էնկաւեդէի նկուղներից մէկում, իրեն տանջող ինչ-որ մի ոչնչութեան ոտքեր տակ, մարմինն էլ նետում են նկուղի փոսերից մէկի մէջ»:
Բայց չէ՞ որ Ստալինը հեռաւոր Մոսկուայում էր, իսկ հայը «յանուն» Ստալինի, խոշտանգում, սպաննում էր իր պետութեան հիմնադիրին:
Այսօր էլ Նիկոլին հաւատարմօրէն ծառայողների աչքի առջեւ տեղի ունեցաւ Արցախի յանձնումն ու հայաթափումը, մեր սահմանների բզկտումը, սակայն զօրավարներից, բանակը ոչնչացման տարած անձանձից ոչ մէկը քաջութիւն ունեցաւ ճշմարտութիւնը յայտնելու, ծպտուն չհանեց, երբ հազարաւոր երիտասարդներ իրենց կեանքն էին զոհում, որ այս ցնցոտիները իրենց պայմանաւորուած դաւաճանութիւնը իրագործեն թշնամու հետ ու որպէս նախկինների մեղք նրանց վզին փաթաթելով` ժողովրդին տրամադրեն նրանց դէմ:
Ո՛չ մէկ մտաւորական, ո՛չ մէկ պատմաբան բերանը բացեց եւ մինչեւ օրս չի բացում, երբ այս փողոցային ղեկավարը Արցախը իր յանձնումից յետոյ յայտարարեց Ազրպէյճանի տարածք, երբ մեր սահմաններն է կտրատում, մեր տարածքները փոքրացնում, իշխանութիւնը դարձնելով իր անձնական հաշիւները մաքրելու միջոց, ամենավերջին փողոցային բառապաշարը դարձնելով պետական լեզու եւ մտածողութիւն:
Նիկոլիզմը, ինչպէս ստալինիզմը, այնպէս է կաշկանդել երկիրը, որ ոչ մէկը հաշիւ պահանջեց, երբ մի ողորմելի անձ ժողովրդին խաբում էր անվերջ «Յաղթում ենք, յաղթում ենք» յայտարարելով, երբ հազարաւոր երիտասարդներ էին մեռնում 44-օրեայ, աշխարհում չլսուած թշնամու հետ համաձայնեցուած արցախեան պատերազմում: Բայց պարզուեց այդ «Յաղթում ենք»-ը իրենց` դաւաճանութեան գործարքի յաղթանակի մասին էր, իսկ մենք` միամիտ ժողովուրդս, կուրօրէն հաւատում էինք այդ ոչնչութեան ստին, որ իբր մենք ենք յաղթում:
Այսօր այդ սինլքորը դեռ ազատ ման է գալիս երկրում ու իր դաւաճանութեան դէմ ստացած դրամներով լիառատ ու երջանիկ ապրում է երկրում, իսկ իր կերուխումերից մի քանի քայլ այն կողմ հանգչում են իր ստին զոհ գնացած հազարաւոր լուսաւոր հոգիներ:
Ստալինիզմը, ըստ յայտարարութեան, երկիրը փրկեց իմփերիալիզմից:
Նիկոլիզմը երկիրը փրկեց ռուսական «գերութիւնից»:
Պարզւում է` նիկոլիզմը իր ծառայութեան 7 տարիների ընթացքում աւելի ահռելի, անվերականգնելի վնասներ հասցրեց իր երկրին, քան Ստալինը` 29 տարիների ընթացքում:
Ստալինիզմը աւարտուեց երկրի լիակատար յաղթանակով ու ծաղկումով, նիկոլիզմը աւարտելու է երկրի լիակատար ոչնչացմամբ:
Այո՛, ժողովուրդն է ստեղծում բռնապետներին, իրենք էլ միասնաբար ոչնչացնում են երկիրը, իսկ երբ սթափւում են, այլեւս ոչինչ է մնում փրկելու:
Ահա թէ ինչո՛ւ յոյսս այլեւս կտրած իմ երկրից ու ժողովրդից եւ մտածելով մարդկութեան բարօրութեան, դեռ իրենց ամբողջականութեան համար պայքարող, զոհուող երկրների մասին, կրկնօրինակելով ռուս բանաստեղծ Եւգենի Եւտուշենկոյին, ես էլ դիմում եմ այդ երկրներին եւ ժողովուրդներին`
Ես խնդրում եմ աշխարհի ժողովուրդներին
կրկնապատկել, եռապատկել
հսկողութիւնը Նիկոլի իւրաքանչիւր քայլին,
որ նա յանկարծ չթափանցի ձեր երկրները`
իր հետ բերելով երկիր ոչնչացնող իր ախտը` նիկոլիզմը:
13 յուլիս 2025