ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան անդամ Իշխան Սաղաթէլեան հետեւեալ յայտարարութիւնը կատարած է նախանցեալ օր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամլոյ ասուլիսին ընթացքին վերջինիս արտայայտած կեցուածքներուն մասին:
«Նիկոլ Փաշինեանն այսօր վերջնականապէս բացայայտեց վերջին շրջանում Հայ առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի եւ միւս ընդդիմադիր գործիչների դէմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը: Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշուարկներ չեն, դրանք պայմանաւորուած են Թուրքիայի եւ Ազրպէյճանի հետ ձեռք բերուած նոր համաձայնութիւններով:
Բռնապետական այս վարքագծի խորքում թաքնուած է հերթական զիջումը` այս անգամ Սիւնիքը` «Զանգեզուրի միջանցքի» տեսքով:
Այսօր Փաշինեանը փաստացի հաստատեց, որ համաձայն է Սիւնիքով միջանցք տրամադրել Ազրպէյճանին (մինչեւ հիմա հերքում էին):
Միջանցք, որտեղ Հայաստանի ինքնիշխանութիւնն ու իրաւազօրութիւնը լինելու են սահմանափակ: Սա Էրտողանի նշած` «աւելի ճկուն մօտեցման» բովանդակութիւնն է:
Սա Մաքրոնի եւ Արեւմուտքի կողմից խրախուսուած աւելի խիզախ քայլերի պտուղներն է:
Միջանցք` թուրք-ազրպէյճանական դաշինքի համար, զիջում` դարձեալ ոչնչի դիմաց:
Սակայն, սա զուտ ներհայաստանեան հարց չէ, սա նաեւ աշխարհաքաղաքական խնդիր է: Սա նոր փոթորկի սկիզբն է` ոչ միայն Հայաստանի, այլ ողջ տարածաշրջանի համար:
Յատուկ ուզում եմ շեշտել. այս ծրագիրը հակասում է ոչ միայն Հայաստանի պետական շահերին, այլեւ Հայաստանի Հանրապետութեան միջազգային գործընկերների` տարածաշրջանում կայունութեան եւ ինքնիշխանութեան պաշտպանման ուղենիշներին:
Նիկոլի վարչակարգը արտատարածաշրջանային ուժերին այս տարածաշրջան բերելով` ոչ թէ կայունութիւն ու խաղաղութիւն է ապահովելու, այլ սկիզբ է դնելու բռնութիւնների ու անկայունութեան նոր շղթայի` անկանխատեսելի հետեւանքներով:
Շատ յստակ է, որ այս առաջարկի պարունակում քննարկուող «ամերիկեան», «եւրոպական» ընկերութիւնների անուններն ընդամէնը խայծ են` տպաւորութիւն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխաւոր շահառուն Թուրքիան ու Ազրպէյճանը չեն:
Հայաստանի իրական դաշնակիցները հիմա զգում են Արցախի նկատմամբ Ազրպէյճանի վերահսկողութեան բոլոր բացասական հետեւանքներն ուղիղ իրենց վրայ: Արտատարածաշրջանային ուժերի մուտքը Սիւնիք միայն վատթարացնելու է այս վիճակը:
Ուզում եմ նաեւ յստակ ասել. անկախ մեր նկատմամբ իրականացուող բռնաճնշումներից, բանտարկութիւններից, հեղինակազրկմանն ուղղուած արշաւներից, մենք պայքարելու ենք Հայաստանի թրքացման այս ծրագրի դէմ: Մենք դա անելու ենք մեր ժողովրդի հետ, ովքեր գիտակցում են այս ծրագրի վտանգը:
Մենք անելու ենք մեզնից կախուած ամէնը` Հայաստանը թուրքական վիլայէթի վերածելու ծրագրի խափանման համար»: