Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Այնճարում Հայակերտ Արուեստի Ցուցասրահը

July 8, 2025
| Արուեստ - Մշակոյթ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր

Լիբանանի գեղատեսիլ հայաւան Այնճարում գործում է արուեստի ցուցասրահ, որը 2024 թ.ին բոլորելով իր յոբելենական 5-ամեակը` շարունակում է հարստացնել Այնճարի մշակութային մթնոլորտը: Այն բացուել է 2019 թուականի սեպտեմբերին, Այնճարի 80-ամեակի առիթով, յայտնի ազգանուէր բարերարներ Կայծակ եւ Ծովիկ Զէյթլեանների նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ: Առաջին օրուանից ցայսօր դրա տնօրէնուհին ճանաչուած մանկապարտիզպանուհի, մշակութասէր Նաթալի Քենտիրճեանն է, որի քրտնաջան նուիրումով արուեստի ցուցասրահն բարգաւաճում, հարստանում է իր ցուցասրահով: Այս ստեղծուած է քաջալերելու  այնճարցի եւ ընդհանրապէս պապենական արմատներով մուսալեռցիների արուեստագէտներին: Նաեւ նպատակ ունի գեղանկարների վաճառքից եղած շահոյթը բաժանել Այնճարի դպրոցներին:

Արուեստի ցուցասրահի հանդիսաւոր բացման ժամանակ, որին ներկայ էին բազում այնճարցիներ, իր ջերմ ու բարձր մասնագիտական խօսքն ասաց անուանի մտաւորական, արուեստագիտութեան դոկտոր Մովսէս Ծիրանին: Ուշագրաւ է եւ գնահատելի, որ ընթացիկ հինգ տարիներին արուեստի ցուցասրահ յաճախում են ոչ միայն հայրենասէր ու մշակութասէր այնճարցիները ու պէյրութցիները, այլ նաեւ նման մարդիկ` Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Քանատայից, Եւրոպայի երկրներից: Նրանց թւում եղել են նաեւ Քորէայի, Ճափոնի, Ֆրանսայի դեսպաններ, Հոլանտայի, Գերմանայի, Ամերիկայի գիտնականներ, պաշտօնեաներ: Շատերը իրենց կարծիքն ու բարձր գնահատանքը արձանագրած են արուեստի ցուցասրահում եղած յատուկ մատեանում:

2023 թ.ին Լիբանան այցելած Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանը գրել է. «Արցախեան սիրով եւ մեծ հպարտութեամբ երկրորդ անգամ այցելում եմ այս ցուցասրահը: Տիկին Նաթալին խանդավառութեամբ ներկայացրեց ամէն մի նկարի պատմութիւնը: Ուրախ եմ, որ այստեղ ծանօթացայ Այնճարի տաղանդաւոր նկարիչ Գօգօ Կարապետի (Սգայեան) հետ: Ես միշտ քեզ հետ եմ եղբօր պէս»:

Արթուր Թովամեան

Լիբանանցի արաբ մտաւորականը գրել է. «Մենք սիրահարուեցինք եւ կը գնահատենք, կը հիանանք հայ ժողովրդի կապուածութեանը` իր ժառանգական, մշակութային, պատմական արժէքներին: Եւ կ՛աղօթենք, որ Աստուած հայ ժողովրդին խաղաղութիւն տայ»:

Մարք Պէյրութի

Ջերմօրէն անդրադարձել է նաեւ հայաստանցին. «Ուրախ եւ հպարտ եմ, որ այսքան հզօր ժառանգութիւն ունենք սփիւռքում, եւ այս ամէնը ներկայացւում է միջազգային հանրութեանը»:

Նարինէ Մարգարեան
Հայաստանի Հայոց ցեղասպանութեան
թանգարան հիմնարկի գիտաշխատող

Նշելի է, որ արուեստի ցուցասրահն ունի մշտական ցուցասրահ ու նաեւ պարբերաբար կազմակերպում է Համազգայինի հետ գործակցելով, անհատական ցուցահանդէսներ, ինչը նոյնպէս հաճելի մթնոլորտ է ստեղծում այնճարցիների համար:

Մշտական ցուցասրահի հեղինակների քանակը շուրջ 30 է: Անշուշտ մէկ յօդուածում հնարաւոր չէ թուել այդ բոլոր երեսուն անունները եւ ներկայացնել նրանց գործերը:

Ուստի կ՛անդրադառնամ մի քանիսին: Սակայն շեշտեմ, որ այդ բոլոր երեսուն անձինք ունեն իրենց արժէքաւոր նեդրումը եւ տեղը թէ՛ բուն Այնճարի եւ թէ՛ ընդհանրապէս հայ արդի գեղանկարչութեան ոլորտում: Առայժմ յիշատակեմ մի քանի անուններ. Գօգօ Կարապետ (Սգայեան), Նանօր Հաճեան, Րաֆֆի Անտոնեան, Նշան Տէր Գալուստեան, Վարդան Գապաքեան, Վարուժան Մարտիրեան:

Գօգօ Կարապետի գործերը իւրայատուկ վերացական ոճի են, որոնցմով բացառիկ անկրկնելի կերպով նա մտածում, ներկայացնում, ենթափիլիսոփայական ձեւով դրսեւորում է մարդկային կեանքի, հոգու, մտքի, զգացումների խորիմաստը: Նաեւ մասնագիտական բարձր վարպետութեամբ է դրսեւորում գոյնի, գծի, ձեւի համադրութիւնը, որոնք վերացականօրէն այլաբանական կերպով արտայայտում են իր` մարդու եւ գեղանկարչի աշխարհըմբռնումը:

Նանօր Հաճեանի բնապատկերները կենդանի շնչով են ներկայացնում իր պաշտելի բնութիւնը: Վայելելով նրա գեղանկարները` թւում է, թէ այս բնութիւնը խօում է քեզ հետ, զգում ես ամէն մի ճիւղի, տերեւի բոյրը եւ լսում ես նրա ներքին ձայնը:

Նշան Տէր Գալուստեանի (ԱՄՆ-ից) հիմնական գործերը Այնճարի գեղատեսիլ ուրոյն կերպարով արտայայտուող պատկերներ են: Այնճարի սքանչելի բնութեան, որոշ չափով ինքնատիպ տների եւ այլնի հետ քեզ մտերմացնող, հարստացնող բարձր մասնագիտական գեղանկարներ են:

Նայում ես, ու քեզ թւում է, թէ այդ պահին ինքդ ներկայ ես նրա գծած այդ կենդանաշունչ պատկերների մէջ:

Րաֆֆի Անտոնեանի գեղանկարները մարդկային էութիւնը ամփոփում են իրենց իւրօրինակ ձեւի արտայայտութեամբ: Բարձր մասնագիտական ոճով, որոշ դէպքերում` բուն իրական, որոշ` վերացական մօտեցմամբ, նա գոյն-գծով պատկերում է մարդու յուզական մտային աշխարհը` դուրս բերելով այն զանազան որակաւորումների զուտ կենցաղային փակուղիներից: Նրա գործերը, ասես, խօսում են իրենց դիտողների հետ` այդպիսով հարստացնելով նրանց հոգեմտաւոր աշխարհը:

Քանդակագործ Վարդան Գապաքեանի գործերը նոյնպէս իւրօրինակ են: Տղամարդու եւ կնոջ իւրատեսակ կերպարները մետաղեայ ձեւով արտայայտում են նրանց իրական, բնութիւնից պարգեւած էութիւնը, եղելութեան իմաստը, ընդհանուր ու տարբեր յուզաշխարհը: Եւ դա արուած է քանդակագործի բարձր ձիրքի այլաբանական ձեւակերպումով: Նայողը կարող է հաւատալ, որ տեսնում է այդ կնոջ եւ տղամարդու մէջ զուտ սովորական մարդկային կերպարանք: Սակայն առաւել խելամիտ հայեացքով հասկանում ես, թէ որքա՛ն տարբեր իմաստասելիքներ կան բնութիւնից ստեղծուած կին եւ տղամարդ էութիւնների մէջ: Դա փայլուն կերպով ներկայացնում է քանդակագործ Վարդան Գապաքեանը:

Արուեստի ցուցասրահն ներկայացնում է նաեւ տաղանդաւոր քանդակագործ, լուսահոգի Վարուժան Մարտիրեանի գործերը: Չափազանց ինքնատիպ, իւրատեսակ, հիմնականում փայտից ստեղծած ազդեցիկ եւ դիտողի հետ խօսող մարդ-քանդակներ են: (Ի դէպ, 2024 թ.-ին Այնճարում բացուեց Վարուժան Մարտիրեանի տուն-թանգարանը):

… Չափազանցութիւն չէ վստահօրէն ասել, որ Լիբանանի հայաւան Այնճարի այս արուեստի ցուցասրահն իր էութեամբ հետաքրքրական ու արժէքաւոր դեր ունի ընդհանրապէս հայ ազգային կերպարուեստի մէջ, նաեւ` գաղափարապէս եւ բարոյապէս մաս կազմելով մայր հայրենիքի մշակոյթի յարատեւ ընթացքին:

… Այնճար հայաւանում առկայ է տարածուած խօսք. Այնճարը փոքրիկ Հայաստան է:

Իմ մէջ ծնուեցին այս տողերը.

Սա իմ Այնճարն է,
Այստեղ ես «հիւր» չեմ,
Ինձ հարազատ է ամէն մարդ:
Այնճարն ունի իր բարդութիւնները,
Բայց, այդուհանդերձ,
Այնճարը, այո՛,
Փոքրիկ Հայաստան է:

Հայ ժողովրդի պատմութեան մէջ դարերից ցայսօր սփիւռք հասկացութիւնը հիմնականում աշխարհագրական երեւոյթ է: Քանզի աշխարհի որ երկրներում էլ ապրի հայը` Եւրոպա, Արեւելք, ԱՄՆ, նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւններ եւ այլն, հայը մշտապէս եւ ամէն տեղ իր ստեղծագործական վառ տաղանդով պահում ու զարգացնում է իր ազգային մշակոյթի բոլոր ոլորտները:

Շատ պարագաներում` նաեւ զարգացնելով այն ժողովուրդների մշակոյթը, որոնց աշխարհագրական տարածքում է ստիպուած ապրում: Սփիւռք կոչուածի մէջ հայ ժողովրդի ստեղծած հիանալի գրականութիւնը` արձակ, պոէզիա, ճարտարապետական անմահ կոթողները, թատերական, երաժշտական ոլորտների սքանչելի դրսեւորումները համայն  հայ աշխարհի, հայ ժողովրդի ազգային միասնականութիւն եւ ամբողջութիւն են: Դրանք անշեղելի մաս են կազմում հայրենիքի` Հայաստանի մշակոյթին: Մենք մի՛ ազգ ենք, մի՛ ժողովուրդ: Եղել ենք, կանք ու կը լինենք մեր մեծ, մեր փոքր… ո՛չ, մեր միակ ընդհանուր հայրենիքով. դա մեր ոգին է, մեր միտքը, մեր մշակոյթը:

Երեւան – Պէյրութ

Նախորդը

Մարիա Վոշի Ֆելիեթոններուն Ներգործութիւնը

Յաջորդը

«Ֆորմիւլա 1». Հուլքենպերկ Փոտիում Բարձրացաւ «Մաքլարեն»-ներու Ետին

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Բեմական Տեղադրում Եւ Ապրող Պաստառներ

February 9, 2026
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

«Գայեանէ» Պալէի Դպրոցի «Մարդուկ Ջարդուկ»-ը

January 19, 2026
Ոտնակոխ Տունը
Արուեստ - Մշակոյթ

Կանացի Աչքերով Զ.

January 12, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.