Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նիկոլ Աղբալեան, Ազգային Գործիչը (Ծննդեան 150-Ամեակի Առիթով)

Յունիս 30, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Նիկոլ Աղբալեանը 20-րդ դարու առաջին կէսի այն նշանաւոր հայերից է, որի գործունէութիւնը խոր հետք է թողել մեր ազգային կեանքի միանգամից մի քանի բնագաւառներում: Նա`

1) Յ. Թումանեանի, Լ. Շանթի, Ա. Իսահակեանի, Դ. Դեմիրճեանի եւ ժամանակի միւս երեւելիների հետ միասին հայ գրական կեանքի կազմակերպիչներից էր եւ այն բացառիկ գրաքննադատը, որ եղաւ ոչ միայն յիշեալ գրողների երկերի առաջին արժեւորողը, այլեւ աւելի երիտասարդների` Վ. Տէրեանի, Ե. Չարենցի, Ս. Զօրեանի գրական մեծ ապագան անվրէպ կանխատեսողը: Որպէս գրական կեանքի կազմակերպիչ` Ն. Աղբալեանի մարդկային նկարագրի խօսուն արտայայտութիւն կարող է համարուել, օրինակ, այն, որ 1909-1913-ին ընթացքում Լ. Շանթի «Հին աստուածներ»-ի «գրադատական» երեկոների նախաձեռնողներից էր, որոնց միջոցով ոչ միայն գնահատւում եւ հանրայնացւում էր այդ նշանաւոր թատերգութիւնը` ճանաչում բերելով իր հեղինակին, այլեւ վերջինիս համար ապահովում էր որոշակի նիւթական հասոյթ: Ի դէպ, Լ. Շանթը, որ Ա. Համաշխարհային պատերազմի նախօրեակին գտնւում էր Կ. Պոլսում, իր իսկ վկայութեամբ, արեւմտահայ միւս մտաւորականների` Գ. Զօհրապի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սեւակի, Ռ. Զարդարեանի, Է. Ակնունիի եւ ուրիշների, ճակատագրից խուսափեց հէնց «Հին աստուածներ»-ի համար Թիֆլիսից Պոլիս փոխանցուած գումարի միջոցով:

2) Իր ժամանակի ազդեցիկ հայկական կուսակցութեան` ՀՅԴ-ի երկարամեայ ղեկավար դէմքերից էր, որը ոչ միայն գործուն մասնակցութիւն ունեցաւ հայ ազգային կեանքի բոլոր վճռորոշ հարցերի վերաբերեալ որոշումների կայացմանը, այլեւ` այդ որոշումների կենսագործմանը:

3) Ազգային-պետական գործիչ էր, որի` որպէս հանրային կրթութեան նախարարի, անուան հետ են կապւում մեր պետականաշինութեան ամէնից նշանաւոր երեւոյթներից մէկի` Հայաստանի համալսարանի հիմնադրումը (16 մայիսի 1919) եւ հանրակրթութեան համակարգի էական զարգացումը` 1919-20-ին:

Ն. Աղբալեանը նաեւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ճեմարանի հիմնադիրներից էր եւ այդ կրթօճախի երկու հիմնասիւներից մէկը` Լ. Շանթի հետ միասին: Մի կրթական հաստատութիւն, որը տասնամեակներ շարունակ եղել է եւ այսօր էլ է հայկական սփիւռքի ամէնից հեղինակաւոր կրթօճախներից մէկը, որտեղից դուրս են եկել` բազմաթիւ նշանաւոր մտաւորականներ, մասնաւորապէս գրողներ, գրաքննադատներ, խմբագիրներ, հանրային ակնառու գործիչներ, ինչպէս` Մ. Իշխանը, Ա. Ծառուկեանը, Գ. Բանեանը, Գ. Շահինեանը, Պ. Սնապեանը, Հ. Տասնապետեանը, Ե. Փամպուքեանը եւ ուրիշներ: Եթէ Աղբալեան գրաքննադատի մասին ընդհանուր առմամբ կարելի է պատկերացում կազմել նրա համապատասխան աշխատութիւններն ուսումնասիրելով, իսկ պետական գործչի մասին այս կամ այն չափով խօսւում է տարբեր առիթներով, ապա Աղբալեան ազգային գործիչը նոյնիսկ հայ մտաւորականութեան մեծ մասի համար այսօր էլ հիմնականում մնում է անյայտ, որովհետեւ այդ ոլորտը քաղաքականացուած (կուսակցականացուած) է, մի բան, որը, մեր կարծիքով, անթոյլատրելի է ոչ միայն Ն. Աղբալեանի, այլեւ իր ժամանակակիցներից շատերի դէպքում: Եւ դեռ հարց է, թէ գործունէութեան վերոյիշեալ ասպարէզներից յատկապէս ո՞րն է աւելի կարեւոր Ն. Աղբալեան երեւոյթը գնահատելու առումով` գրաքննադա՞տը, պետական գործի՞չը, թէ՞ ազգային գործիչը: Կարծում ենք` մի բան կասկածից վեր է. առանց Աղբալեան ազգային գործչին ճանաչելու` նրա դիմագիծը ոչ միայն ամբողջական չի լինի, այլեւ յաճախ նրա խօսքն ու գործունէութիւնը դժուար ընկալելի կը լինեն նաեւ միւս ոլորտներում: Ճանաչել Աղբալեան ազգային գործչին, մեր կարծիքով, նոյնն է, թէ ճանաչել Աղբալեան մարդուն: Ի հարկէ Ն. Աղբալեանի` որպէս մտաւորականի եւ ազգային-պետական գործչի, դիմանկարը միաձոյլ ամբողջութիւն է, հետեւաբար լիարժէք է միայն նշուած բոլոր կողմերի հանրագումարով: Իսկ Ն. Աղբալեան ազգային գործչի մասին մեր պատկերացումը ձեւաւորւում է ոչ միայն ժամանակակիցների վկայութիւնների միջոցով, այլեւ` իր իսկ հրապարակային եւ գրաւոր խօսքերի տողատակերից, որոնք, լինելով հեղինակի վկայութիւններն ու գնահատականները իր ժամանակակիցների եւ տարբեր իրադարձութիւնների մասին` անուղղակիօրէն դառնում են նաեւ վկայութիւններ իր մասին` որպէս մարդու եւ ազգային գործչի, քանզի այդ տողատակերից ակնյայտ են դառնում այն սկզբունքներն ու չափորոշիչները, որոնցով ապրել եւ գործել է նրանց հեղինակը:

Իսկ որո՞նք են այն ցուցիչները, որոնց համադրութեամբ կարող է ամբողջանալ Ն. Աղբալեան ազգային գործչի դիմանկարը: Մեր կարծիքով, այդ առումով կարեւոր են յատկապէս հետեւեալ իրողութիւնները.

1.- Լինելով գրչի մարդ` նա յաճախ գործուն կերպով ներգրաւուում էր գրչից շատ հեռու աշխատանքներում: Մասնաւորապէս, Ն. Աղբալեանը կամաւորական խմբերի կարգադրիչ մարմինի անդամ էր` Ռոստոմի (Ս. Զօրեան), Արմէն Գարոյի (Փաստրմաճեան), Յ. Արղութեանի, Ա. Գիւլխանդանեանի, բժ. Յ. Զաւրիեւի (Զաւրեան) եւ Ս. Վրացեանի հետ միասին: Նշուածներից, ըստ էութեան, գրչի մարդ էր միայն Ս. Վրացեանը: Կարգադրիչ մարմինը (գործել է Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին` 1914-1917-ին), զբաղուել է հայ կամաւորական խմբերի կազմաւորման, դրանց զինման, հանդերձաւորման եւ պարէնամթերքի մատակարարման հարցերով, բնականաբար` նշուած խնդիրների հետ կապուած յարաբերութիւններ պահպանելով սկզբում` ցարական իշխանութիւնների, ապա` Ժամանակաւոր կառավարութեան ներկայացուցիչների հետ: Այդ տարիներին Ն. Աղբալեանը յաճախ մեկնել է նաեւ պատերազմական գործողութիւնների շրջան եւ հանդիպումներ ունեցել կամաւորական խմբերի հրամանատարների եւ զինուորների հետ:

2.- Ա. Հանրապետութեան շրջանում` 1919-20-ին, Ն. Աղբալեանը Հայաստանի խորհրդարանի զինուորական յանձնաժողովի նախագահ Ռ. Տէր Մինասեանի (1920-ի մայիս-նոյեմբեր` Բիւրօ կառավարութեան զինուորական նախարար) հետ միասին ծրագրել է հայ կամաւորականներ խմբերի միջոցով հանրապետութեան տարածքը, մասնաւորապէս` Երեւանի շրջակայքը եւ մօտ գաւառները, թուրքական «տարր»-ից մաքրելու աշխատանքները: Այդ աշխատանքների առաջին փուլը տեղի ունեցաւ դեռեւս 1918-ի սկզբներին` մայիսեան հերոսամարտերի նախօրեակին, Արամ Մանուկեանի եւ Դրոյի գլխաւորութեամբ: Ս. Վրացեանի վկայութեամբ, այդ օրերին Ն. Աղբալեանը, որ դեռեւս գտնւում էր Թիֆլիսում, քարտէզի վրայ ուսումնասիրելով Հայաստանում հայկական եւ թուրքական բնակավայրերի տեղաբաշխուածութիւնը, հայ եւ մահմետական (իմա` թուրք) բնակչութեան թուային յարաբերակցութիւնը, թերեւս առաջինը հասկացաւ, որ առկայ վիճակը հայ ժողովրդին իր բնօրրանում ապրելու ոչ մի հեռանկար չի տալիս: Այդ օրերին Աղբալեանի բոլոր ճառերը Ազգային խորհրդում վերջանում էին մէկ յանկերգով. «Հայաստանը պէտք է հայացնել»: Հայաստանի հայացման գործի տեսաբանն էր նա:

Տարբեր պատճառներով Արամի եւ Դրոյի սկսած գործը չհասաւ իր տրամաբանական աւարտին: Այդ գործի անաւարտ մնալու հիմնական պատճառը, թերեւս, հէնց Հայաստանի Հանրապետութեան հռչակումն էր, որը, մի կողմից, թուրքական տարրին մղեց առժամանակ աւելի զուսպ կեցուածք ընդունելու, իսկ միւս կողմից` նորաստեղծ հանրապետութեան իշխանութիւնների գործունէութիւնը գտնւում էր «Անտանտ»-ի դաշնակից երկրների, մասնաւորապէս Անգլիայի խոշորացոյցի տակ, իսկ նրանք, մեղմ ասած, չէին խրախուսում մահմետական բնակչութեան նկատմամբ ուժի կիրառումը: Ոչ պակաս նշանակութիւն ունեցաւ նաեւ այն, որ Հայաստանի իշխանութիւններն իրենք էլ փորձում էին թուրք բնակչութեան պարագլուխների հետ շփումների միջոցով վերջիններին հասկացնել համատեղ խաղաղ ապրելու առաւելութիւնը, որը, սակայն, ցանկալի արդիւնք չտուեց:

(Շար. 1)

«Դրօշակ», թիւ 5 – 2025

Նախորդը

Ազգային Եղիշէ Մանուկեան Քոլեճի «Սիրան Մանուկեան» Մանկապարտէզի Ամավերջի Հանդէս

Յաջորդը

«Ֆորմիւլա 1». «Մաքլարեն» 1-2 Դիրքերը Կը Գրաւէ Աւստրիոյ Մէջ

RelatedPosts

Հաւատքի Մարդը  (Յարութ Չէքիճեանի Մահուան Քառասունքին Առիթով)
Անդրադարձ

Հաւատքի Մարդը (Յարութ Չէքիճեանի Մահուան Քառասունքին Առիթով)

Սեպտեմբեր 27, 2025
Շարունակուող Տերեւաթափ  (Համօ Վարդանեանի Քաղցր Յիշատակին)
Անդրադարձ

Շարունակուող Տերեւաթափ (Համօ Վարդանեանի Քաղցր Յիշատակին)

Սեպտեմբեր 27, 2025
Սուրբ Գէորգը Հայ Ժողովուրդի Կեանքին Մէջ
Անդրադարձ

Սուրբ Գէորգը Հայ Ժողովուրդի Կեանքին Մէջ

Սեպտեմբեր 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?