ՀՀ սփիւռքի հիմնադիր նախարար,
ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան,
իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, փրոֆէսէօր
Սապունճեանի գերդաստանի բոլոր անդամներին, սգակիր կնոջը` Սիլվային, սիրասուն զաւակներին, լիբանանահայ համայնքին
Ցաւալի է, որ այսօր մեզ հետ չէ լաւագոյն հայ, ազնուագոյն բարեկամ, ազգային գործիչ, հայրենասէր եւ ազգասէր Նազարէթ Սապունճեանը:
Խորապէս վշտակցում եմ Սապունճեան ընտանիքին, քեզ` սիրելի՛ եւ համեստափա՛յլ Սիլվա, գործունեայ եւ կարող որդիներ, հարսներ ու աննման թոռներ, հարազատներ: Ցաւակցում եմ բոլորիս, քանզի գործունեայ, կենսախինդ, հզօր կազմակերպիչ ու հեռատես գործարար Նազարէթ հայորդու մահը մեծ կորուստ է ոչ միայն Սապունճեան գերդաստանի, լիբանանահայ համայնքի, այլեւ բոլորիս` նրան ճանաչողների համար:
Սապունճեան ընտանիքը Լիբանանի հիւրընկալ հողում իր աշխատասիրութեան, բանիմացութեան եւ պատասխանատուութեան շնորհիւ` կարողացաւ լայնածաւալ գործունէութիւն ծաւալել, իսկ Նազարէթ Սապունճեանն էլ դարձաւ այդ ամէնին ոգին եւ շունչը, կազմակերպիչն ու ղեկավարը: Նա օտար երկրում պատիւ ու հեղինակութիւն ձեռք բերեց եւ ապրեց իր կեանքը` որպէս համեստ եւ խելացի հայ:
Հայաստանի անկախութիւնից յետոյ անմիջապէս սերտօրէն կապուեց մայր հայրենիքի հետ` իրականացնելով տարբեր ծրագրեր, այդ թւում եւ` բարեգործական: Նրան վստահուեց Լիբանանի համայնքի անունից դառնալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի ներկայացուցիչը: Իմ յիշողութիւնից չեն ջնջւում հիմնադրամի նիստերի ժամանակ պարոն Սապունճեանի թաւ ձայնն ու խօսքը, երբ տարբեր առաջարկութիւններ էր անում սփիւռքահայութեան նուիրաբերած գումարները սիրելի եւ, աւա՛ղ, կորսուած հայրենիքի մի մասի` Արցախի ընկերային-տնտեսական հիմնախնդիրներին ուղղելու համար: Սապունճեանին յարգում եւ ականջալուր էին նրա առաջարկներին մեր երկու հայկական պետութիւնների նախագահները:
Նազարէթ Սապունճեանը դարձաւ նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութեան ջերմ բարեկամն ու խորհրդատուն: Նրա աշխուժ մասնակցութեամբ էինք Երեւանում կազմակերպում հայ ոսկերիչների համաժողովներն ու համահայկական ցուցահանդէսները:
Ես հնարաւորութիւն եմ ունեցել` հանդիպելու եւ գործակցելու նաեւ Սապունճեանի ընտանիքի հետ, լսելու Նազարէթի ազգային, ոգեղէն խօսքը, վայելելու նրա սիրասուն տիկնոջ, զաւակների ներկայութիւնը, քննարկելու հայրենիք-սփիւռք գործակցութեան նախաձեռնութիւններ, ազգաշահ ծրագրեր:
Նազարէթը իսկական նահապետ էր` արժանապատիւ ու իմաստուն: Անհուն սիրով եւ քնքշանքով էր վերաբերում իր գերդաստանին, կնոջը, հպարտանում իր զաւակներով ու թոռներով:
Նա խոնարհաբար ծառայում էր նաեւ Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցուն եւ ունէր ընդգծուած պատկառանք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ի նկատմամբ:
Թէեւ այսօր ֆիզիքապէս մեզ հետ չէ մեր բոլորի համար թանկ ու հարազատ Նազարէթ Սապունճեանը, սակայն դեռեւս երկար կը յիշուեն` նրա անցած ճանապարհը, թողած գործերը, իրականացուած բազմաթիւ ծրագրերը:
Ցաւակցում եմ ընտանիքին, նրան ճանաչողներին եւ բոլորիդ հետ միասին սգում Նազարէթ Սապունճեանը երկրային կեանքի աւարտը, յայտնում եմ իմ խորին ցաւակցութիւնը եւ կիսում ձեր վիշտը: