Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները եւ, մասնաւորապէս, արտաքին գործերի նախարարութիւնը հերթական անգամ ի ցոյց դրեցին իրենց քաղաքական դիմագիծը` ջանադրաբար փորձելով արցախեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ իրենց ամբողջական ձախողումները եւ յանցաւոր անգործութիւնը բարդել ուրիշների վրայ:
Ապրիլի 5-ին լրատուամիջոցներից մէկին տրուած արտաքին գործերի նախարարութեան մեկնաբանութիւնը փորձում է տպաւորութիւն ստեղծել, որ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններն, իբրեւ թէ, առաւելագոյն ջանքեր են գործադրել Արցախի շահերի պաշտպանութեան համար` ընդհուպ 2024 թուականի յունուար ամիսը, բայց այդ «առաքելութեանը» խանգարել են Արցախի իշխանութիւններն` իրենց մերժողական պահուածքով եւ սեփական նախաձեռնութեամբ Արցախի Հանրապետութիւնը լուծարելով:
Փաստերի նենգափոխման գործելաոճը նորութիւն չէ այս իշխանութիւնների համար: Միանգամայն ակնյայտ է, որ արցախեան հիմնահարցի բանակցային գործընթացը տապալելու հիմնական եւ առանցքային պատճառը Հայաստանի Հանրապետութեան գործող վարչախմբի ղեկավարի կողմից Փրակայում 2022 թուականի հոկտեմբերին կայացած քառակողմ հանդիպմանը Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան անվերապահ ճանաչումն էր` ներառեալ Արցախը:
Հիմա արդէն կարելի է վստահաբար արձանագրել, թէ ի՛նչ էր նշանակում այդ հանդիպումից ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովում գործող վարչապետի յայտարարութիւնը` «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը մի փոքր իջեցնելու մասին» եւ ի՛նչ աղէտալի հետեւանքներ այն ունեցաւ Արցախի ժողովրդի համար:
Ինչ վերաբերւում է երրորդ երկրներում Ազրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների չկայացման համար մեղադրանքներին, ապա մեր ունեցած հաւաստի տեղեկութիւններով այդ հանդիպման չեղարկումը պայմանաւորուած է եղել բոլորովին այլ հանգամանքներով, որի մասին ճիշդ կը լինի, որ վերջապէս խօսեն այդ գործի անմիջական պատասխանատուները: Եթէ խօսում ենք փաստերով, ապա առնուազն զարմանք է յարուցում, թէ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնից ինչո՛ւ չեն անդրադառնում չկայացած հանդիպումից օրեր անց նախատեսուած մէկ այլ հանդիպման, որին Արցախի ներկայացուցիչները պատրաստ են եղել մեկնել, սակայն ազրպէյճանական կողմն է հրաժարուել: Ակնյայտ է նաեւ, որ Հայաստանի ինքնահեռացումը նշուած բանակցային գործընթացից եւ միջազգային իրաւունքի ոտնահարմամբ շրջափակման մէջ գտնուող, ուժասպառ Արցախը հակառակորդի ճիրաններում մենմենակ թողնելը ինքնըստինքեան պարարտ հող ստեղծեց Պաքուի առաւելապաշտական եւ վերջնագրային դիրքորոշման համար:
Տարակուսանք է առաջացնում նաեւ իբրեւ թէ Արցախի Հանրապետութեան լուծարման մասին հրամանագրի մէջբերումը, որի մասին պարբերաբար յիշեցնում են միմիայն Հայաստանի Հանրապետութեան իշխանական շրջանակները: Այստեղ տեղին ենք համարում նշել, որ այն չի հրապարակուել, հետեւաբար իրաւական ուժ չի ստացել, եւ այն չէր կարող օրինական համարուել նախ` Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան իրաւակարգաւորումների տեսանկիւնից եւ ապա` միջազգային իրաւունքի լոյսի ներքոյ` ուժի սպառնալիքի տակ պարտադրուած լինելով:
Վերջապէս, Ազրպէյճանն Արցախում իրականացրել է ցեղասպանական գործողութիւններ` շրջափակման եւ ցեղային զտման միջոցով, ինչն արձանագրուել է միջազգային կառոյցների ու մի շարք պետութիւնների, այդ թւում` Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան կողմից: Հայաստանի արտաքին գերատեսչութիւնը, որը վերջին տասնամեակների ընթացքում ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժման ուղղութեամբ միջազգային պայքարի առաջնագծում էր, այսօր երեսպաշտօրէն յայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի հայութեան բռնի տեղահանութիւնից յետոյ… խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի Հանրապետութեան միջեւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման օրակարգից», դրանով իսկ օգնելով Ազրպէյճանին խուսափել պատասխանատուութիւնից եւ, փաստօրէն ի չիք դարձնելով Հայաստանի ու միջազգային գործընկերների ապագայ պայքարը արդարութեան վերականգնման համար:
Դիւանագէտների համահայկական խորհուրդը խստագոյնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները, ստի եւ կեղծիքի վրայ հիմնուած խաբեպատիր յայտարարութիւնները, որոնք համահունչ են Պաքուի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ու ռազմագերիների դէմ մոգոնուող շինծու մեղադրանքներին: Անհրաժեշտ ենք համարում վերստին զգուշացնել, որ Արցախի թեման վերջնականապէս փակելու Հայաստանի օրուայ իշխանութիւնների ապազգային եւ հիմնազուրկ գործողութիւնները լրջագոյն սպառնալիք են ստեղծել արդէն իսկ Հայաստանի Հանրապետութեան համար:
ԴԻՒԱՆԱԳԷՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ