ԻՐԻՆԱ ԲԱՐՍԵՂԵԱՆ-ԿՐՊԷԵԱՆ
Երբ քո կենսագրութիւնը ինքդ ես կերտում…
Միացեալ Նահանգների Արեւմտեան ափ այցելութիւնս հէնց այդտեղ էլ մտադիր էի աւարտել, եթէ եւս մէկ անակնկալ տեղի չունենար իմ կեանքում: Անակնկալ լինելը այնքան էլ անսպասելի չէր, քանի որ յաջող վերջաբանն ակնկալում էի` կամ… կամ … աւարտ ունենալու սպասումով:
Իմ անհանգիստ բնաւորութիւնը, անընդհատ նորի փնտռտուքը միշտ նորանոր անհարթ ճանապարհներով են տարել ու բացայայտումներ անելու նոր հնարաւորութիւններ ստեղծել… Ի հարկէ չի նշանակում, որ ամէն ինչ հեշտ է տրուել, ընդհակառակը, միշտ դժուարութիւնները յաղթահարելով եմ անցել առաջ, բառիս բուն իմաստով` կերտելով կենսագրութիւնս:
Անակնկալը, որը փոխեց 2024 թուականի ամրան ու աշնան տրամադրութիւնս` պատճառելով մեծ ոգեւորութիւն ու հետաքրքրութիւն իմ կեանքին, այն լրագրողական մրցոյթն էր, որի յայտարարութիւնը պատահական նկատեցի համացանցում ու առանց որեւէ ակնկալիքի` դիմեցի: Նոյնիսկ մտավախութիւն ունէի, որ չեմ անցնելու, որովհետեւ հաւատացած էի, որ շատ աւելի երիտասարդ ու իմ գիտցածից աւելի բարձր մակարդակի անգլերէնի իմացութեամբ լրագրողներ կ՛ընտրուեն: Ուրախութեանս չափ չկար, երբ նամակ ստացայ, որ յաղթահարել եմ մրցոյթի առաջին` գրաւոր փուլը, եւ անցել հարցազրոյցի փուլ: Այն նոյնպէս շատ լաւ անցաւ. հարցազրուցավարը նոյնիսկ խոստովանեց, որ առաջին դիմորդն եմ, ում հետ արդէն կէս ժամից աւելի զրուցում է. միւսների հետ սովորաբար հարցազրոյցը տեւել էր տասնհինգ րոպէ, ո՛չ աւելի: Յաջողութեամբ յաղթահարելով մրցութային երկու փուլերը` դարձայ հայաստանեան այն 50 լրագրողներից մէկը, որոնք պէտք էր մեկնէին ԱՄՆ` Ուաշինկթըն, լրագրութեան դասընթացների մասնակցելու: Այս մասին վերադարձից յետոյ ռատիոհաղորդում պատրաստեցի ու ամբողջ երկշաբաթեայ դասընթացները մանրամասն ներկայացրի (https://hy.armradio.am/archives/616583):
Շատ ծանրաբեռնուած ծրագիր էր, մանաւանդ` առաջին շաբաթը, երբ ժամը 09:00-18:00-ը մենք դասեր ունէինք:
Դասընթացին այստեղ կ՛անդրադառնամ միայն այնքանով, որքանով այս ճամբորդութիւնն առնչուեց իմ գրքերի ներկայացմանը Ուաշինկթընում եւ Նիւ Եորքում, որովհետեւ յօդուածաշարը վերաբերում է հենց այդ թեմային:
Ողջ ինքնաթիռը «Թաթուլ Կրպէեան…» է տանում…
Առնուազն 18 ուղեւորի ճամպրուկներում Թաթուլ Կրպէեանի ու Գետաշէնի ինքնապաշտպանութեան մասին գրքերս էին… լրագրող գործընկերներս սիրայօժար օգնեցին ինձ, որ գրքերս տեղափոխենք: Իւրաքանչիւրը` երկուական, երեքական, չորսական կամ հինգական, որքան որ կարողացան, տեղաւորեցին իրենց ճամպրուկներում: Աւելի՛ն` ճանաչուած փրոֆեսէօր Ռուբինա Փիրումեանն ու ամուսինը, որ նոյն օդանաւում էին, հինգական գիրք էլ իրենց հետ տարան Լոս Անճելըս: Ամէն բան ե՛ւ իրական էր, ե՛ւ անիրական… ես, յամենայն դէպս, նման իրավիճակ երբեւէ չեմ պատկերացրել… բայց պարտադիր չէ, որ մեր կեանքում կատարուեն այն դէպքերը, որոնք պատկերացնելի են կամ հնարաւոր…
Ինչո՞ւ եմ զարմանում… Իմ կեանքը, իմ ընտանիքի կեանքը… անհնարինը հնարաւոր դարձնելու բազում-բազում դիպուածների շղթաներ են…
Այսուհետեւ ԱՄՆ-ում գրքերս հայ եւ օտար ընթերցողներին կը պատմեն Գետաշէնի մասին ճշմարտութիւնը
Նախ գրքերս նուիրեցի մեր ամերիկացի դասընթացավարներին, որոնք յայտնի լրագրողներ էին: Նրանց արձագանգները կարեւոր են լինելու…
Յաջորդ անհրաժեշտ հանգրուանը, որի մասին մտադրուել էի դեռ Երեւանում ու նախապատրաստուել, Քոնկրեսի գրադարանին օրինակներ նուիրելն էր: Դեռ մի քանի տարի առաջ հայերէն տարբերակը մեր ընկերներից մէկի միջոցով ուղարկել էի գրադարանին: Կապ հաստատեցի Քոնկրեսի գրադարանի հայկական եւ վրացական բաժինների պատասխանատու, պատմական գիտութիւնների դոկտոր Խաչիկ Մուրատեանի հետ եւ պայմանաւորուեցի: Խաչիկը մեծ ուրախութեամբ համաձայնուեց` խոստանալով, որ անձամբ ինձ համար նաեւ շրջայց կը կազմակերպի:
Գրադարան գնացի դասընթացների աւարտի օրը: Այդ օրը մեր դասերը սովորականից շուտ աւարտուեցին, բայց մինչեւ ժամը 15:00-ը շատ ժամանակ կար, ու ես քայլերս ուղղեցի Սմիթսոնեան թանգարան, որի մասնաշէնքերից մի քանիսն արդէն հասցրել էի այցելել: Անպայման ուզում էի նաեւ Արշիլ Կորքու (Ոստանիկ Ադոյեան) կտաւները տեսնել: Սմիթսոնեան թանգարանի ենթաբաժին համարուող այդ բարձրայարկ շէնքում տեղակայուած Ժամանակակից արուեստի հսկայական թանգարանը բացւում էր Արշիլ Կորքու հանրայայտ կտաւով` «Նկարիչն ու իր մայրը»: Անսահման մեծ հպարտութեամբ ու գերագոյն հրճուանքով հոգիս պարուրուեց, երբ դիմացս երեւաց բաղձալի կտաւը, աւելի մեծ էր ուրախութիւնս, երբ ներսի սրահներում 20-21-րդ դարի մեր օրերի ժամանակակից հսկաների կողքին տեսայ Կորքու այլ կտաւներ եւս: Ամբողջ թանգարանը տակնուվրայ արեցի, յետոյ սուրճ խմեցի նախասրահի սրճարանում, որտեղ հասնելու համար անցայ յատուկ շարժական ճանապարհով, որի առաստաղն ամբողջութեամբ պատուած էր արծաթափայլ աստղիկներով` իսկը, կարծես` հեքիաթում…
Երբ դուրս եկայ թանգարանից, դեռ ժամանակ ունէի, ու մի լաւ հանգստացայ Քափիթոլիումի եւ Քոնկրեսի գրադարանի միջեւ փռուած այգում: Տաք, կենարար, հրաշալի եղանակ էր` աշնան տաքուկ արեւով ու ընդարմութեամբ լեցուն:
Խաչիկ Մուրատեանը սպասում էր ինձ գրադարանի նախասրահում: Միասին գնացինք արխիւ, յետոյ` հայագիտութեան բաժին, ուր գրադարակների վրայ շարուած հայերէն գրքերի մէջ կային նաեւ բազմաթիւ հնատիպ գրքեր, եզակի քարտէզներ: Անչափ տպաւորիչ էր ընդարձակ ընթերցասրահը, որտեղ աշխատելը իւրաքանչիւր գրասէրի կամ գիտնականի համար կարող է կեանքի երազանք լինել, յաճախ` անհաս:
Երբ գրքերս նուիրեցի գրադարանին եւ անձամբ Խաչիկ Մուրատեանին, նա շատ կարեւորեց յատկապէս արցախեան առաջին պատերազմի տարեգրութեան սկզբնական շրջանի մասին անգլերէն գրքիս առկայութիւնը գրադարանում` որպէս ազրպէյճանական զեղծարարութեան դէմ անգլիախօս միջավայրում գործող լաւագոյն միջոցներից մէկը:
Շնորհահանդէս-դասախօսութիւններ Նիւ Եորքում եւ Ուաշինկթընում
Շնորհիւ իմ լաւ բարեկամի` Սարիկ Արմէնեանի, այսուհետեւ գրքերս հասանելի կը լինեն նաեւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան ափում: Դեռ Երեւանից նրա անմիջական օժանդակութեամբ ու խորհրդով կապ հաստատեցի Ուաշինկթընի ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի յանձնախումբի հետ: Այս կարեւոր կառոյցը գործում է ԱՄՆ-ի ՀՅԴ երկու կեդրոնական կոմիտէների եւ ՀՅԴ Բիւրոյի վերահսկողութեան ներքոյ:
Յանձնախմբի ներկայիս վարիչ տնօրէնը` Արամ Համբարեանը, նոր եռանդով ու վճռակամութեամբ է վարում գրասենեակի աշխատանքները:
Առանց յանձնախմբի արտաքին հաղորդակցութեան բաժնի ղեկավար Եղիսաբէթ Չուլճեանի` անհնար է պատկերացնել ոչ միայն այս, այլեւ քաղաքական հարցերի վերաբերեալ գործերի ընթացքը: Ուաշինկթընի գրասենեակի երիտասարդ պատասխանատուներից է Թերեզա Երիմեանը, որը զբաղւում է կրթական ծրագրերի համակարգմամբ ու ղեկավարմամբ: Նրա անմիջական օգնութեամբ էլ կազմակերպեցինք իմ հանդիպում-դասախօսութիւնները եւ գրքերի շնորհահանդէսները Նիւ Եորքում եւ Ուաշինկթընում:
Եղիսաբէթ Չուլճեանի եւ նորընտիր աշխատակից Ալեքս Գալիցկիի հետ հոկտեմբերի 19-ին ճանապարհուեցինք Նիւ Եորք, ուր հրաւիրուած էինք մասնակցելու Հայ դատի տարեկան ամէնամեայ կալային: Դէպի Նիւ Եորք մայրուղին անցնում էր աշնանային բազմերանգ անտառների միջով: Մէկը միւսից գեղեցիկ տեսարանները յաջորդում էին միմեանց, իսկ մենք նաեւ հիանում էինք Եղիսաբէթ Չուլճեանի` Հայ դատի յանձնախմբի գործունէութեան մասին հետաքրքիր պատումներով: Իսկ չհիանալ սերունդների տասնամեակների ազգանուէր, հիմնականում կամաւոր կատարած գործերով` անհնար էր:
Նիւ Եորքում մեզ դիմաւորեց Մեսրոպ քհնյ. Լագիսեանը: Ս. Լուսաւորիչ Մայր եկեղեցում արդէն երեք տասնամեակ նա նուիրաբար ծառայութիւն է մատուցում հայ համայնքին: Տէր հօր ընտանիքը ջերմօրէն հիւրընկալեց ինձ: Միասին էլ մասնակցեցինք Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի Արեւելեան շրջանի հիմնադրամի կազմակերպած 18-րդ տարեկան կալային, որը տեղի ունեցաւ Քուինզ արուարձանի Terrace on the Park-ի սրահում: Երեկոյին պատուեցին ու յարգանքի տուրք մատուցեցին Հայ դատի աշխատանքներին նուիրաբար ծառայած հայ եւ օտարազգի անձանց: Ի նշան իմ հանդէպ ցուցաբերած յարգանքի` Հայ դատի գրասենեակին նուիրեցի իմ երկու գրքերը, Թաթուլ Կրպէեանի բանաստեղծութիւնների ժողովածուն եւ «Թաթուլ Կրպէեան» երգերի ձայնասկաւառակը:
Երբ 2017 թուականին Հայաստանի Հանրային ռատիոյում իմ հեղինակային «Ժամանակի վկան» հաղորդաշարին զուգահեռ նաեւ պատրաստում էի «Հայ դատ» ծրագրի շաբաթական հաղորդումներ, չէի կարող պատկերացնել, որ մի օր կը մասնակցեմ Հայ դատի կալայի, այն էլ` Նիւ Եորքում: Բայց անակնկալները մեզ սպասում են այնտեղ, որտեղ չենք էլ կարող պատկերացնել դրանց գոյութեան կամ հնարինութեան մասին…
Հոկտեմբերի 20-ին Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցում հոգեհանգստեան պատարագ մատուցուեց ի յիշատակ Թաթուլ Կրպէեանի: Պատարագից յետոյ եկեղեցու սրահում կայացաւ գրքերիս շնորհահանդէսը-դասախօսութիւնը: Տիկին Լալիկ Վարդանեանի ողջոյնի խօսքից յետոյ յոտնկայս երգեցինք ՀՀ պետական օրհներգը` «Մեր հայրենիք»-ը, ապա ունկնդիր եղանք մայր եկեղեցու հովիւ Մեսրոպ քհնյ. Լագիսեանի ողջոյնի յուզիչ խօսքին: Տէր Մեսրոպն անակնկալ մատուցեց ինձ եւ ներկաներին` յայտարարելով, որ գրքերը կը նուիրուեն մասնակիցներին` եկեղեցու վարչութեան անմիջական ֆինանսական հոգածութեամբ:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Նիւ Եորքի մասնաճիւղի նախագահ Հրանդ Մարգարեանը ներկայացրեց իմ գործունէութիւնը: Նրա խօսքով` «Աննախադէպ էր մեծ թուով երիտասարդների ներկայութիւնը»:
Շնորհահանդէսը կազմակերպուած էր շատ բարձր մակարդակով: Կազմակերպչական աշխատանքի ծանրութեան մի բաժինն էլ իր ուսերին էր վերցրել երէցկինը` Օժէն Լագիսեանը, իսկ Թամար Լագիսեանը լուսանկարեց շնորհահանդէսի ամբողջ ընթացքը: Ներկաները մեծ հետաքրքրութեամբ լսեցին արցախեան առաջին պատերազմի վերաբերեալ դասախօսութիւնս, որից յետոյ ուրախութիւնից փայլող աչքերով, գրքերս գրկած, հրաժեշտ տուեցին ինձ` իրենց հետ տանելով նաեւ մեր հանդիպման յուշն ու յուզիչ ապրումները:
Առանձնայատուկ պէտք է անդրադառնամ հանդիպումները կազմակերպելու գործում մեծ հոգացութիւն դրսեւորած Հրանդ Մարգարեանին ու նրա ընտանիքին:
Բնագէտ, քիմիագէտ, թատերագիր, բանաստեղծ, մի խօսքով` բազմատաղանդ Հրանդ Մարգարեանի ընտանիքն ամերիկահայ ճանաչուած ընտանիքներից է: Ցաւօք, արդէն հանգուցեալ նրա կինը` Ժանեթ Մուրադեանը, որ համաշխարհային մակարդակի բժիշկ էր, ամուսնու հետ գրեթէ 7 տասնամեակ Նիւ Եորքի հայկական մշակութային ու հասարակական կեանքի առանցքում են եղել: Այժմ դուստրը` Երազն է շարունակում մօր մասնագիտական ուղին: Իսկ որդին` Կամքը, Հարվըրտի համալսարանի շրջանաւարտ, այժմ արդէն բաւականին յաջողակ իրաւաբան է Նիւ Եորքում: Հրանդ Մարգարեանի ձեռամբ Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան Նիւ Եորքի մասնաճիւղի կողմից ինձ շնորհուեց Պատուոյ գիր` շրջանակի մէջ առնուած:
Երեկոյեան պէտք էր վերադառնայի Ուաշինկթըն` շարունակելու լրագրութեան դասընթացը: Շատ ժամանակ չունէի Նիւ Եորքում շրջելու: Հրանդ Մարգարեանն ու որդին ընկերակցեցին ինձ` մի քանի ժամում ցոյց տալով քաղաքի ամենայայտնի հատուածներն ու յուշարձանները, այդ թւում` Ազատութեան արձանը, որի շուրջը պտտուեցինք եռայարկ հսկայական նաւով:
Հրաժեշտ տալով Նիւ Եորքին` հասկացայ, որ շատ կարճ էր մի քանի ժամը մշտարթուն, հնօրեայ, բայց միշտ նորաձեւ, քմահաճ, փոքր-ինչ գոռոզ քաղաքն ամբողջութեամբ զգալու ու ընկալելու համար… Այն տարօրինակ սառնութիւն ունէր… մի տեսակ միախառնուած ինչ-որ անյայտ ու անբացատրելի մտերմութեան հետ, որը կարծես ինձ ծանօթ էր վաղու՜ց, շա՜տ վաղուց…
Նիւ Եորքը երբեւէ տեսածս ամենախենթ քաղաքն էր. խելագար քաղաք` բառի բուն իմաստով, անհասկանալի շարժման, կշռոյթի ու զարգացման չընդհատուող ընթացքի մէջ…
Ասում են, եթէ մէկը կայանայ Նիւ Եորքում, այնուհետեւ աշխարհը հեշտ կը լինի նուաճելը… միգուցէ…
Ուաշինկթընում գրքերիս շնորհահանդէս-դասախօսութիւնը կայացաւ հոկտեմբերի 27-ին:
Ուաշինկթընի հայկական եկեղեցում կրկին հաւաքուել էին հայոց պատմութեամբ հետաքրքրուած անձինք, նրանցից շատերը եկել էին ընտանիքներով` երեխաների հետ: Եկել էին հեռու թաղամասերից ու արուարձաններից կամ մօտակայ քաղաքներից:
Ներկայ էին նաեւ կազմակերպիչները` Եղիսաբէթ Չուլճեանն ու Թերեզա Երիմեանը:
Յաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին` այցելութեանս վերջին օրը (յուսամ` ոչ վերջինը ընդհանրապէս), Թերեզա Երիմեանի ընտանիքի հետ իրենց տանը սրճելուց յետոյ միասին ուղեւորուեցինք Հայ դատի գրասենեակ, ուր հանդիպեցի Հայ դատի պատասխանատու Արամ Համբարեանին ու Եղիսաբէթ Չուլճեանին: Զրուցեցինք աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, ապա նրանց եւ գրասենեակին գրքեր նուիրեցի, լուսանկարուեցինք:
Մի քանի ժամ ազատ էի, ու կրկին չափչփեցի քաղաքը, այցելեցի Բնութեան պատմութեան թանգարան, իսկ երեկոյեան իմ սիրելի Թերեզայի ընկերակցութեամբ հասայ օդակայան:
Ուաշինկթընի Տալլաս օդակայանը աշխարհում տեսածս ամենամաքուրներից էր` կահաւորուած նորագոյն արհեստագիտութեան ամենավերջին խօսքով, որոնցից ամենատպաւորիչը անվարորդ գնացքն էր, որն ուղեւորներին մեծ արագութեամբ տեղափոխում էր տարբեր ելքերի մօտ: Ես վերադառնում էի հայրենիք, ուր ինձ նոր անակնկալներ էին սպասում…
2024, Երեւան
(Շար. 4 եւ վերջ)
***