ԻՐԻՆԱ ԲԱՐՍԵՂԵԱՆ-ԿՐՊԷԵԱՆ
Գիտե՞ս, դաշնակցականները կարգին էլ մարդիկ են…
Ինչպէս մեզնից իւրաքանչիւրը, այնպէս էլ ես, Միացեալ Նահանգներում բնակուող բազմաթիւ մտերիմներ ու ծանօթներ ունեմ: Նրանցից են նաեւ համալսարանական իմ երկու ընկերուհիները, որոնցից մէկը` Կարինէն, ներկայ էր շնորհահանդէսին: Օրեր անց, երբ «Ամերիքանա» հանրայայտ թաղամասում հանդիպեցինք երեքով, ակամայից լսեցի նրանց երկխօսութիւնը:
Կարինէն պատմում էր շնորհահանդէսից ստացած իր տպաւորութիւնները մեր միւս ընկերուհուն.
– Գիտե՞ս, բաւականին կարգին մարդիկ են էս դաշնակցականները, ես առաջին անգամ էի շփւում, շատ տպաւորուած եմ, իրօք շատ բարձր մակարդակով կազմակերպուած միջոցառում էր:
Սան Ֆրանսիսքօ. «Օդանաւից պարահանդէս»…
Շնորհահանդէսից անմիջապէս յետոյ մենք` Հիլտա Սալիպան, մեր անփոխարինելի վարժ վարորդը` Թամար Մանուէլեանը, եւ ես, մեկնեցինք Սան Ֆրանսիսքօ: Ճանապարհը ձգւում էր Խաղաղական ովկիանոսի ափով եւ գրեթէ 5-6 ժամ պէտք էր վարէինք մինչեւ տեղ հասնէինք: Ճամբեզրի ամբողջ երկայնքով խնամուած այգեստաններ էին կամ էլ անասնապահական ագարակներ` հարիւրաւոր պարարտ կովերով, ոչխարներով, տոհմական ձիերով: Աչքդ շոյում էին խնձորենիների, տանձենիների, ձիթենիների, նռնենիների, դեղձենիների, սալորենիների, բալենինների, կեռասենիների եւ այլ մրգերի խնամքով մշակուած հսկայական չափերի հասնող այգիները: Նոյնքան հետաքրքիր էին տարբեր բանջարաբոստանային մշակաբոյսերի տնկաստանները` հաւասար գծուած շարքերով ու սահմանաշերտերով:
Հանդիպեցինք նաեւ մի քանի այրուած այգիների, որոնք նոյնպէս ձգւում էին քիլոմեթրերով: Քալիֆորնիայի հանրայայտ հրդեհների ճարակ դարձած սեւաթոյր ծառերը` արմատախիլ արուած, շերտ-շերտ դարսուած էին կրակից սեւացած ու խանձուած հողին, հաւանաբար` նորերով փոխարինելու նպատակով: Խղճալի տեսարան էր. ընդարձակ այգիներն ամբողջութեամբ մոխրացած ու սեւացած էին…
Շատ ուշ էր, որ հասանք Սան Ֆրանսիսքօ: Յոգնած էինք, մանաւանդ Թամարը, որ ամբողջ ճանապարհին միայնակ էր վարում մեքենան: Սան Ֆրանսիսքոն մեզ դիմաւորեց քամոտ ու պաղ երեկոյով: Ովկիանոսի սառնաշունչ քամին տարուբերում էր հսկայ արմաւենիները ու յուշում, որ այստեղ տարբեր է Լոս Անճելըսից:
Մենք հրաւիրուած էինք Սան Ֆրանսիսքոյում տեղի ունեցող երիտասարդական աւարտական ամէնամեայ խնճոյքին: Բայց արդէն ժամը 23:30 էր, իսկ մենք տարակուսում էինք` ի՞նչ անել, չէ՞ որ շատ ուշ էր, եւ խնճոյքն էլ, մի գուցէ, աւարտուելու վրայ էր: Բայց որոշեցինք գոնէ մտնել եւ տեղեկացնել, որ հասել ենք: Մտանք ներս ու տեսանք հարիւրաւոր հայերի` Սան Ֆրանսիսքոյից, շրջակայ քաղաքներից ժամանած երիտասարդութեան, շքեղ տօնական հագուկապով, յեղափոխական երգերի ու հայկական պարեղանակների ներքոյ շուրջպար բռնած: Ընդարձակ դահլիճի աղմուկի մէջ դժուար էր հասկանալ` ո՞վ ո՛վ է, բայց գտանք կազմակերպչին, որը առաջարկեց ինձ ողջոյնի խօսք ասել: Այն պահին, երբ ուզում էի հրաժարուել, նկատեցի սեղանին դրուած իմ` յաջորդ օրը կայանալիք շնորհահանդէսի մասին մեծադիր յայտարարութիւն-թռուցիկը, ու միանգամից համաձայնուեցի: Կազմակերպիչը յայտարարեց, որ ես ժամանել եմ Սան Ֆրանսիսքօ եւ ողջոյնի խօսք ունեմ ասելու: Երբ բեմ բարձրացայ, առաջին միտքը, որ եկաւ, հետեւեալն էր. «Մենք երկար, շա՜տ երկար եկանք-եկանք, ու մի յայտնի խօսք կայ «օդանաւից ընկանք պարահանդէս»: Անսպասելի հիւմըրից դահլիճը պայթեց ուրախ ծափահարութիւններից ու հաւանութեան ճիչերից, սակայն յաջորդ իսկ վայրկեանին լռեց, երբ տեղեկացրի, որ վաղը, յուրախութիւն ինձ, տեղի կ՛ունենայ գրքերիս շնորհահանդէսը Սան Ֆրանսիսքոյում, որոնք նուիրուած են Գետաշէնի ինքնապաշտպանութեան պայքարին եւ Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպէեանի գործունէութեանը:
Ես իջայ բեմից ծափողջոյնների ներքոյ ու հրաժեշտ տալով կազմակերպիչներին` գնացինք հիւրանոց, քանի որ շատ յոգնած էինք:
* * *
Մայիսի 5-ի օրուայ երկրորդ կէսին նախատեսուած էր իմ դասախօսութիւնը եւ գրքերիս ներկայացումը նոյն այն դահլիճում, որտեղ գիշերը պարահանդէսն էր: Կիրակի էր եւ նախ այցելեցինք Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի ու մասնակցեցինք պատարագին, հաղորդութիւն ստացանք, որից յետոյ մեզ սպասում էին Գռուզեան-Զաքարեան Վասպուրական ազգային վարժարանում` հանդիպելու դպրոցի աշակերտութեան ու ուսուցչական անձնակազմի հետ: Վարժարանի տնօրէն Կրէյս Անտոնեանի հետ, որ կրթական ոլորտում երկար տարիների փորձառութեամբ բազմավաստակ մանկավարժ է, շրջեցինք դասասենեակներով, ծանօթացանք կրթական ծրագրերին ու ուսումնական հնարաւորութիւններին: Աւարտին նրա եւ վարժարանի սաների հետ լուսանկարուեցինք դպրոցի բակում, ասֆալթին գծագրուած Հայաստանի Հանրապետութիւնն Արցախի հետ միասին պատկերող մեծ քարտէսի շուրջը:
Ժամը 14:00-ին «Խաչատուրեան» Հայ կեդրոնի «Սարոյեան» սրահում տեղի ունեցաւ շնորհահանդէսը, որն այս անգամ կազմակերպել էր Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Սան Ֆրանսիսքոյի «Նիկոլ Աղբալեան» մասնաճիւղը` ատենապետուհի Լենա Մանուկեանի ղեկավարութեամբ եւ անմիջական մասնակցութեամբ: Նրա ողջոյնի խօսքից յետոյ իմ կենսագրականը ներկայացրեց Լոս Անճելըսից յատուկ այդ նպատակով Սան Ֆրանսիսքօ ժամանած եւ իմ այցելութիւնն Արեւմտեան Ամերիկայի տարբեր շրջաններում կազմակերպած յանձնախմբի անդամներից Նորայր Դերձակեանը: Գրեթէ երեք ժամ տեւած հանդիպումն աւարտուեց հարցուպատասխանով, լուսանկարուելով ու միմեանց հետ ջերմ խօսքուզրոյցով:
Շնորհահանդէսից յետոյ փոքր-ինչ շրջեցինք Սան Ֆրանսիսքոյում, եղանք ծովափին: Ովկիանոսում` ափից ոչ շատ հեռու, երեւում էր հանրայայտ Ալքաթրաս բանտը, իսկ ալիքների վրայ խաչաձեււում էին քաղաքի այցեքարտ համարուող մետաղեայ կամուրջները: Ովկիանոսային հաճելի գարնանային եղանակ էր. երեկոյեան եւ առաւօտեան ցրտաշունչ քամուն օրուայ ընթացքում փոխարինեց տաք արեւը: Սան Ֆրանսիսքոյի ծովափնեայ այդ հատուածը զբօսաշրջիկներով լիքն էր ու համեմատաբար` աւելի աղտոտ:
Սան Ֆրանսիսքոն իւրօրինակ քաղաք թուաց ինձ` շատ տարբեր Լոս Անճելըսից: Բլուրների վրայով քաղաքը սփռւում էր Խաղաղական ովկիանոսի ափին` կանաչի ու ջրերի մէջ ողողուած ափերով, հարուստ ու շքեղ առանձնատներով, երբեմն` ծայրայեղ կտրուկ նեղ փողոցներով, որոնցով անցնելիս շունչդ պահում էիր վախից: Կարծում եմ Սարոյեանից աւելի լաւ չեմ նկարագրի Սան Ֆրանսիսքոն. «Եթէ դու ողջ ես, ապա Սան Ֆրանսիսքոն թոյլ չի տայ քեզ ձանձրանալ, իսկ, եթէ դու մահացել ես, Սան Ֆրանսիսքոն քեզ կեանք կը վերադարձնի»:
Իսկ իմ զգացողութեամբ` Սան Ֆրանսիսքոն ներշնչանքի քաղաք է…
Յաջորդ օրը` մայիսի 6-ին, հայկական հետքի փնտռտուքը մեզ տարաւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշարձանի մօտ, որի կառուցումն սկսուել էր 1930 թուականի սկզբին եւ աւարտուել 1934 թուականին: Ուղղագիծ ուրուագծերով հսկայական պեթոնից խաչը վեր է խոյեանում Տաւիտսըն լերան վրայ: Այն տեսանելի է քաղաքի տարբեր մասերից, յատկապէս, երբ լուսաւորւում է Զատկին եւ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը: Լեռը պատուած է բարձրաբերձ, հաստաբուն ծառերով, որոնք փաթաթուած են խիտ լիանաններով: Դէպի խաչը տանող արահետները կառուցապատուած են աստիճան-սալերով, որպէսզի հեշտացնեն այցելուների վերելքն ու վայրէջքը: Յուշարձանի հեղինակը Ճորճ Քելհամն է: Բարձրութիւնը 103 ոտնաչափ է: 1934 թուականին բացման արարողութեանը մասնակցել է նախագահ Ֆրանքլին Ռուզվելթը: Թէեւ սկզբից այն Զատկի տօնին նուիրուած յուշարձան էր, հետագայում հայկական կազմակերպութիւնների ջանքերի շնորհիւ փոխեց նշանակութիւնը: 1997 թուականից մինչեւ օրս յուշարձանի սեփականութեան իրաւունքը տնօրինում է Հիւսիսային Քալիֆորնիայի Հայ-ամերիկեան կազմակերպութիւնների խորհուրդը: Խաչի պատուանդանի վրայի գրութիւնը յիշեցնում է. «Ի յիշատակ Ցեղասպանութեան զոհերուն: 1998, ապրիլ 24», իսկ աւելի վարում` Աւետիս Ահարոնեանի խօսքերը.
«Այսքան չարիք
Թէ մոռանան մեր որդիք,
Թող ողջ աշխարհն
Կարդայ հայուն նախատինք»:
Տաւիտսըն լերան բարձունքից կարելի է տեսնել ամբողջ Սան Ֆրանսիսքոն` սփռուած ովկիանոսի կապտականաչ եզերքին:
Իջնելով լերան բարձունքից` ճանապարհ ընկանք Լոս Անճելըս` այս անգամ Ֆրեզնոյով: Ի տարբերութիւն ժամանման ճանապարհի` մենք անցնում էինք խիտ բնակավայրերի միջով: Ճամբեզրերին երկկողմանիօրէն փռուած էին բարեբեր այգիներ ու տարբեր բանջարաբոստանային տնկաստաններ: Ընդհանրապէս Քալիֆորնիան յայտնի է գիւղատնտեսութեան զարգացման բարձր մակարդակով:
Սասունցի Դաւթից Թեհլիրեան ու Սարոյեան
Ֆրեզնոյում առաջին հայկական կանգառը Սասունցի Դաւթի յուշարձանն էր քաղաքի կենտրոնում` քաղաքապետարանի առջեւի փոքրիկ պուրակում: Քանդակագործ Վարազ Սամուէլեանի կերտած յուշարձանը տեղադրուել է 1971 թուականին: Հայ ինքնութեան պրոնզաձոյլ վկայ յուշարձանը միակը չէր ովկիանոսից այն կողմ գտնուող հեռաւոր քաղաքում, որտեղ մի տեսակ հայկականութիւն կար ամէնուր: Ֆրեզնոն տարբերւում է Լոս Անճելըսից ու Սան Ֆրանսիսքոյից` աւելի հասարակ, համեմատաբար փոքր ու ինքնատիպ: Այստեղ հասանք 4-ով` մենք` երեք կանայքս, եւ մեզ էր միացել նաեւ Նորայր Դերձակեանն իր աւտոմեքենայով:
Ես անհամբեր սպասում էի յաջորդ կանգառներին` Ուիլիըմ Սարոյեանի տուն-թանգարան եւ հայ մեծանուն վրիժառու Սողոմոն Թեհլիրեանի յուշարձան այցելութեանը:
Սիրտս անհանգիստ տրոփում էր, երբ մօտեցայ Սարոյեանի տանը: Այն կարծես վաղուց ինձ ծանօթ լինէր: Ի հարկէ գիտէի ժապաւէններից ու հրապարակուած տարբեր լուսանկարներից: Փոքրիկ, միայարկ, համեստ, ամերիկեան ոճի տուն էր, դիմացը` վեր խոյացող արմաւենիով եւ կողքին աճող ծիրանենիով: Սրտի տրոփով բռնեցի դրան բրնակն ու լուսանկարուեցի. այն նոյն բրնակը, որին ողջ կեանքի ընթացքում հպուել էր մեծն Սարոյեանը: Անբացատրելի զգացողութիւն էր, երբեք չմոռացուող ու անկրկնելի: Ափսո՜ս, չկարողացանք ներս մտնել, քանի որ նախապէս պէտք էր ամրագրած լինէինք այցելութիւնը: Սարոյեանն ինձ համար առանձնայատուկ գրող եւ հայի կերպար է, նրա մասին ունեմ մի քանի ռատիոհաղորդում, որոնք տարբեր տարիների եթեր են հեռարձակուել. դրանք կարելի է գտնել համացանցում (https://soundcloud.com/armradio/ajovstkp497t): Յուսամ ինձ չեն քարկոծի, եթէ անկեղծանամ` ասելով, որ իմ սիրտն էլ միշտ լեռներում է, ինչպէս Սարոյանինը, ու միշտ ափսոսանքով եմ դիտում այն լուսանկարը, երբ նա այցելել էր Եղէգնաձոր` իմ ծննդավայրը, իսկ ես այնքան փոքր եմ եղել, որ չէի կարող նրան հանդիպել կամ յիշել:
Յաջորդ կանգառը Ֆրեզնոյի «Արարատ Մասիս» հայկական գերեզմանատունն էր, որն առանձնանում է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշարձանով: Այստեղ են ամփոփուած Ուիլիըմ Սարոյեանի, Սողոմոն Թեհլիրեանի եւ բազմաթիւ այլ հայերի, նաեւ Տէր Զօրի անապատից բերուած Հայոց ցեղասպանութեան անյայտ զոհերի մասունքները:
Սողոմոն Թեհլիրեանի շիրիմի առջեւ կանգնած` զգացմունքներս փոթորկւում էին: Ես միայն իմ փոխարէն չէի խօսում նրա հետ, այլ նաեւ` Թաթուլ Կրպէեանի: Նա Թաթուլի կուռքն էր, հայ ազգային հերոս, որին պաշտում էր ապագայ Ազգային հերոսը: Ես մտքումս խօսում էի Սողոմոնի հետ, փոխանցում` իմ ու Թաթուլի պատգամները, խնդրում` ապաւէն լինել հայ ազգին այս սարսափելի դժուար ժամանակներում, երբ Արցախը կորցրել ենք ու անելանելի վիճակում յայտնուել: Շատ տխուր էր մեր հանդիպումը… եւ փորձում էի յուշաքարից ինձ նայող Սողոմոնի հայեացքից յոյս ու պայքարի ուժ կորզել…
Առինքնող են յուշահամալիրում տնկուած եղեւնիները: Միանման ուրուագծով, դէպի երկինք խոյացող, գրեթէ նոյն բարձրութեամբ կոնաձեւ ծառերը յստակութիւն են ներշնչում ու ակամայից կենտրոնացնում մտքերդ, տակնուվրայ անող զգացմունքներդ` դրանք նոյնասլացք ուղղորդելով դէպի երկինք:
Փոքր-ինչ մտամոլոր ու խառն յոյզերով հրաժեշտ տուեցինք հայ մեծերին ու գրեթէ լուռ մտածումներով ճանապարհուեցինք Լոս Անճելըս:
Այս անգամ ես եմ հարցազրոյց տալիս
Մայիսի 7-ին հիւրընկալուեցի «Ալֆա նիւզ» լրատուական գործակալութիւն եւ փոքրիկ հարցազրոյց տուեցի այցելութեանս նպատակի մասին: Ինձ ուղեկցում էր կազմակերպչական յանձնաժողովի անդամ Նորա Մանուկեան-Պօղարեանը: Հարցազրոյցից յետոյ հանդիպեցի գործակալութեան տնօրէն Արթուր Սահակեանի հետ: Հրաժեշտ տալով` ես ու Նորան մի փոքր շրջեցինք Կլենտէյլում: Առաջին անգամ էի ոտքով քայլում քաղաքի կենտրոնական «Ամերիքանա» հանրայայտ առեւտրային կենտրոնի տարածքում, որտեղ նաեւ մեծ գրախանութ կայ, ուր նոյնպէս եղանք ու նաեւ սրճեցինք: Ամէնուր հայերէն էի լսում, կարծես Երեւանում լինէի, եթէ երբեմն հանդիպող այլազգիները չլինէին, նոյնիսկ կը շփոթուէի` կարծելով, որ Հայաստանում եմ: Թէեւ հիմա Հայաստանում էլ է շատ բան փոխուել այս առումով…
Ընդհանրապէս Ամերիկան ինձ համար խենթ արագութեան երկիր էր: Մարդիկ այստեղ իրենց կեանքի մեծ մասն անցկացնում են ճանապարհներին, մեքենան նրանց կեանքի ամենաանհրաժեշտ միջոցն է: Միայն գովազդային ու լրատուական հաղորդումներից ծանօթ, գերժամանակակից տիզայնով, Իլոն Մասկի ստեղծած մեքենաները, որոնք աւելի շատ յիշեցնում են զրահամեքենաներ, յաճախ կարելի էր հանդիպել մայրուղիների վրայ: Աշխարհը մեծ արագութեամբ առաջ է գնում` դեռ չկողմնորոշուած` տուրք տա՞լ արհեստական բանականութեանը, թէ՞ այն սահմանափակել… իսկ մեզ աշխարհաքաղաքական վերջին տարիների դէպքերը ետ տարան մէկ դարով եւ նոյնիսկ աւելի…
Եւս մէկ հարցազրոյց տուեցի, այս անգամ «Արմինիըն Ուիքլի շաբաթաթերթի համար` յօդուածագիր-հեղինակ Դալար Քէօսէեանին: Յօդուածը` «Dr. Irina Barseghyan-Krpeyan is preserving the legacy of Armenian freedom fighters» խորագիրով տպագրուեց մայիսի 28-ին` իմ վերադարձից օրեր անց: Այն կարող էք գտնել թերթի համացանցային պաշտօնական կայքէջում` հետեւեալ յղումով.
Dr. Irina Barseghyan-Krpeyan is preserving the legacy of Armenian freedom fighters
Մայիսի 8-ին, երեկոյեան ժամը 19:00-ին Կլենտէյլում ՀՀ հիւպատոսարանի առջեւ նախատեսուած էր հանրահաւաք` յաջակցութիւն «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման:
Այդ օրն առաւօտից անցկացրի Արեւմտեան Ամերիկայի Հայ դատի եռանդուն ու ճանաչուած անդամ Սարիկ Արմէնեանի եւ ընկերուհի Վանուհի Ասսարեանի ընկերակցութեամբ: Այցելեցինք հանրայայտ Հանթինկթընի գրադարան, արուեստի թանգարան եւ բուսաբանական այգի: Շատ տպաւորիչ ճամփորդութիւն էր` համեմուած գործնական ու ճանաչողական բնոյթի զրոյցներով: Իսկ ամենահաճելին Սարիկի` իմ գրքից ստացած տպաւորութիւնն էր, աւելի ճիշդ` այդ տպաւորութիւնն արտայայտելու կերպը: Պատմեց, թէ ինչպէ՛ս է նախորդ օրը երեկոյեան ամբողջութեամբ կարդացել գիրքս. «Շատ յոգնած օր էի ունեցել, ու փորձեցի մի փոքր հանգստանալ: Սկսեցի թերթել գիրքը ու չզգացի, թէ ինչպէս եւ քանի ժամ անցաւ: Ուշքի եկայ, երբ շրջեցի վերջին` 170-րդ էջը: Մի շնչով կարդացել էի, կարծես ժապաւէն դիտելիս լինէի, այնքան պատկերաւոր ու հետաքրքիր էր»: Սա գրքիս մասին լսածս ամենազգացմունքային ու տպաւորիչ գնահատականներից մէկն էր: Շնորհակալ եմ, սիրելի՛ Սարիկ:
Ցոյցը, որին պէտք էր մասնակցէինք, վաղուց սպասուած էր, քանի որ Արցախի բռնի հայաթափումից յետոյ թշնամական օղակը գնալով սեղմւում էր նաեւ ՀՀ-ի շուրջը` պարտադրելով Հայաստանին գնալ նոր ապօրինի տարածքային զիջումների: Հերթը Տաւուշի մարզի գիւղերինն էր, որտեղից սկսուել էր «Տաւուշը յանուն հայրենիքի» քայլերթը դէպի Երեւան: Ընդվզման հուժկու ալիքը` «Սրբազան շարժում» անունով, հետզհետէ ընդարձակւում էր` առաջնորդութեամբ Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանի:
Յաջակցութիւն «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման` Կլենտէյլում բազմամարդ ցոյցի մասնակիցներս մեր բողոքի ձայնը բարձրացրինք ՀՀ-ում կատարուող իշխանական ապօրինութիւնների, ազրպէյճանաթուրքական հայատեացութեան հետեւողական քաղաքականութեան դէմ: Առաջարկեցին, որ ես նոյնպէս ելոյթ ունենամ, բայց քանի որ անակնկալ էր առաջարկը, հրաժարուեցի, սակայն օրեր անց վերլուծելով տեղի ունեցածը` վերանայեցի որոշումս. ճիշդ չէր հրաժարուելը, մանաւանդ երբ մարդիկ սպասում են քո խօսքին: Չափազանց տպաւորուած էի ցոյցի նախապատրաստական ու բուն մասնակցային ընթացքով: Եռագոյն եւ կուսակցական դրօշներով, պաստառներով, համապատասխան խորհրդանշական շապիկներով, ընտանիքներով աւանդաբար մասնակցում են հայկական ցոյցերին ու հանրահաւաքներին, որոնց ամենաոգեւորուած մասնակիցները երեխաներն ու երիտասարդութիւնն են: Նրանք երգում են, վանկարկում, դրօշներ են ծածանում ու քայլում են առաջին շարքերում: Երբեք չեմ մոռանայ Սարիկ Արմէնեանի երեք երեխաների եւ նրանց ընկերների ոգեւորուած, փայլատակող հայեացքները, երբ Սարիկը կրակոտ ու ոգեշունչ ելոյթ էր ունենում, իսկ իրենք աչքները չէին կտրում նրանից: Սարիկ Արմէնեանը` մայրը, հայուհին, Հայ դատի անդամը, այդ պահին լաւագոյն օրինակն էր թէ՛ փոքրիկների, եւ թէ՛ մեծերի համար: Սփիւռքում ի պաշտպանութիւն հայրենիքի նախաձեռնուած ամէն գործողութիւն ոգի է բարձրացնում: Այս մթնոլորտում են սերնդէ սերունդ մեծանում հայ մանուկները, որոնք, թէեւ հայրենիքից հեռու, սակայն կայանում են որպէս հայրենիքի արժէքը գիտակցող ու յանուն հայրենիքի գործող հայեր:
2024, Երեւան
(Շար. 2)
—-