Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պարզւում Է` Գրքերս Ու Մտաւոր Առողջութիւնը Փոխկապակցուած Են

Մարտ 10, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԻՐԻՆԱ ԲԱՐՍԵՂԵԱՆ-ԿՐՊԷԵԱՆ

Հայաստանում եւ Արցախում քաղաքական ծանր կացութեամբ, ինչպէս նաեւ` ամերիկահայ համայնքի ներքին դժուարութիւններով պայմանաւորուած, ի վերջոյ հնարաւոր եղաւ 2024 թ. գարնանը ձեռք բերել համաձայնութիւն` կազմակերպելու իմ այցելութիւնը եւ գրքերի շնորհահանդէսները ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում:

Գիտաժողովը, որին հրաւիրուած էի, կազմակերպել էր ՀՕՄ-ի (Հայ օգնութեան միութիւն) Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը: Այցելութեան եւ ճամբորդութեան հովանաւորութիւնն ստանձնել էր անուանի բարերար, բժիշկ Մայք Սարեանը, իսկ կազմակերպչական աշխատանքի ողջ ծանրութիւնն իր վրայ էր վերցրել ՀՅԴ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան շրջանի Կենտրոնական կոմիտէն: Մէկ տասնեակից աւելի փոքր եւ մեծ կազմակերպութիւններ, բազմաթիւ անհատ անձինք մասնակցեցին այս գործընթացին, որն էլ պատուով իրականացրին:

Աննկարագրելի են տպաւորութիւններս, որոնք պէտք է ջանամ ներկայացնել այս յօդուածաշարով, որի երկրորդ մասը եւ վերջաբանը, թէեւ սկզբնապէս անմիջական կապ չունէին առաջինի հետ, սակայն դէպքերի անակնկալ զարգացմամբ ակամայից դարձան շարունակութիւն ու աւարտ` մէկ ընդհանրական յօդուածաշարի համար…

Չծերացող հրեշտակների քաղաքում

Ճամբորդութիւնս սկսուեց մայիսի 2-ին, իսկ Լոս Անճելըս հասայ մայիսի 3-ի առաւօտեան: Օդակայանում ինձ դիմաւորեցին երկու գեղեցկադէմ կանայք` Հիլտա Սալիպան եւ Թամար Մանուէլեանը: Ողջ այցելութեանս ընթացքում նրանք լինելու էին իմ ուղեկիցները: Գնացինք հիւրանոց` ճանապարհին քննարկելով երկու շաբաթուայ համար նախատեսուած ծրագրերն ու անելիքները:

Հիլտա Սալիպային ներկայացնելու համար բաւական է մի դրուագ պատմեմ: Սալիպա ընտանիքը յայտնիներից է ոչ միայն Ամերիկայում, այլեւ` ամբողջ աշխարհում, ուր որ հայկական համայնքներ կան: Մինչ այդ նրա ամուսնու` Յովիկ Սալիպայի ազգային կեանքում ունեցած գործուն մասնակցութեան մասին տեղեակ լինելով, նամակ գրեցի Հիլտային` խնդրելով Յովիկ Սալիպային փոխանցել խնդրանքս` գրքերս ԱՄՆ-ում ներկայացնելուն օժանդակելու նպատակով: Շատ ուրախացայ, երբ լսեցի նրա անմիջական ու զուսպ պատասխանը. «Բայց այս տեսակ ձեռնարկները ես եմ կազմակերպողը, ես կրնամ կազմակերպել»: Հաճելի էր գիտակցելը, որ շփւում ես գործունեայ կնոջ հետ, որ անմիջապէս խորութեամբ ընկալեց խնդրի ազգային բնոյթը եւ նշանակութիւնը:

Ահա՛ եւ, շնորհիւ այս նախնական ձեռնարկումների` մայիսի 2-17-ին ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում (Լոս Անճելըս եւ Սան Ֆրանսիսքօ) կայացաւ «Թաթուլ Կրպէեան. Հիւսիսային Արցախի Գետաշէնի ենթաշրջանի ինքնապաշտպանութիւնը» (Երեւան, 2019 թ.) եւ «Tatul Krpeyan: the Self-Defense of the Getashen Sub-district in Northern Artcakh,» Yerevan, 2019, հայերէն եւ անգլերէն գրքերիս շնորհահանդէսը` աջակցութեամբ եւ մասնակցութեամբ մէկ տասնեակից աւելի կազմակերպութիւնների (ՀՕՄ-ի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան, Օրենճ Քաունթիի Հայ դատի գրասենեակի, ՀՅԴ «Շանթ» ուսանողական ընկերութեան, ՀՅԴ Օրենճ Քաունթիի «Արմէն Գարօ» կոմիտէին եւ «Աշոտ Երկաթ» մասնաճիւղի, Սան Ֆրանսիսքոյի Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան «Նիկոլ Աղբալեան» մասնաճիւղի, Քալիֆորնիայի Իրվայնի համալսարանի (UCI – the University of California, Irvine) հայ ուսանողների միութեան, Չեփմըն համալսարանի հայ ուսանողների միութեան եւ հայ իրաւաբան ուսանողների միութեան (Chapman University՛s Armenian Student Association – ASA, and Chapman ALSA):

 Հայ ուսանողներն ամէնուր են
(Այցելութիւն ամերիկեան համալսարանական քոլեճներ)

ԱՄՆ-ին եւ, մասնաւորապէս, հայ համայնքին ծանօթութիւնս կայանում էր նաեւ կրթական տարբեր հաստատութիւններ այցելութեամբ` ամերիկեան եւ ամերիկահայ կրթական համակարգի, ուսումնական հաստատութիւնների հնարաւորութիւնների, ծրագրերի ծանօթութեամբ, աշակերտների եւ ուսանողների հետ շփումով: Դա ինքնանպատակ չէր, այլ` պայմանաւորուած իմ դասախօսական ու լրագրողական փորձով ու հետաքրքրութիւններով:

Մայիսի 2-ին Թամար Մանուէլեանի հետ այցելեցինք College of the Canyons (COC) համալսարանական կեդրոն: Հսկայական տարածքի վրայ սփռուած, մի քանի քոլեճներից եւ համալսարաններից բաղկացած ուսումնական կենտրոնն աւելի քան տպաւորիչ էր: Այստեղ կրթութիւն են ստանում բազմաթիւ հայ ուսանողներ: Հետաքրքրական է, որ դասախօսութեանս ներկայ էին խորհրդային յայտնի քաղաքական ու հասարակական գործիչների թոռներ, ծոռներ, որոնք այս քոլեճի ուսանողներ էին: Գեղեցիկ բնութիւնը, աղմկոտ ու խիտ քաղաքային կենտրոններից փոքր-ինչ հեռու գտնուելը, բնական տարածքի հետ գրագէտ մշակուած շէնքային յարմարաւէտ պայմանները նպաստում են ուսումնական գործընթացի արդիւնաւէտութեանը:

Քոլեճում գործում է Հայ ուսանողների ընկերակցութիւնը, որի ջանքերով կազմակերպուել էր իմ հանդիպում-դասախօսութիւնը եւ գրքերիս ներկայացումն աւելի քան երկու տասնեակ ուսանողների մասնակցութեամբ, որոնց մի մասը դասախօսութեանը միացել էր հեռակապով:

Հաճելի էր յաջորդ օրը Կլենտէյլում կայացած շնորհահանդէսին տեսնել College of the Canyons-ի ուսանողներից մի քանիսին, որոնք հիացմունքով նշեցին, որ այնքան էին հաւանել նախորդ օրուայ դասախօսութիւնը, որ հարկ էին համարել եւս մէկ անգամ ներկայ գտնուել գրքերի ներկայացմանը:

Փոքր-ինչ առաջ անցնելով իրադարձութիւնների ընթացքից` թեմային համահունչ պատմեմ նաեւ մայիսի 15-ին Los Angeles Valley College (LAVC) այցելութեանս եւ այնտեղ սովորող հայ ուսանողների հետ տպաւորիչ հանդիպման մասին: Ուսանողներն ամէնուր ուշադիր լսում էին դասախօսութիւնները, չնայած, որ ես երբեմն  մտահոգւում էի, որ իմ արեւելահայերէն խօսքը, մի գուցէ, դժուար ընկալելի լինի ո՛չ միայն արեւմտահայերէնին տիրապետողների, այլ նաեւ այն նախկին հայաստանցիների համար, որոնք ծնողների հետ արտագաղթելով Հայաստանից կա՛մ յետոյ էին ծնուել ԱՄՆ-ում կա՛մ շատ փոքր էին եղել արտագաղթելու պահին: Սակայն իմ մտահոգութիւնն ի զուր էր, որովհետեւ ամէնուր ուշադիր լսում էին, մասնակցում քննարկումներին ու հաւաստիացնում, որ ամէն ինչ հասկանալի է: Մտահոգւում էի նաեւ, որ վերջին տարիներին հայ իրականութեան մէջ տարուած հակաարցախեան, ապազգային, հակահայկական քարոզչութեան պատճառով  արցախեան առաջին պատերազմի եւ այլ հայրենասիրական թեմաները գուցէ անհետաքրքիր լինեն, սակայն հանդիպումները փաստեցին հակառակը: Թեման այժմէական էր ու հետաքրքրում էր ամերիկահայ երիտասարդութեանը:

Այցելութիւն հայկական կրթօճախներ

Լոս Անճելըսում հայ համայնքն սկսել է ձեւաւորուել 19-րդ դարի վերջին քառորդում: Ամերիկահայ համայնքն այսօր արդէն հաշուըւում է մէկ միլիոնից աւելի: Այստեղ անցած մէկ հարիւրամեակից աւելի տարիների ընթացքում ստեղծուել են հայ ազգային կեանքի կայունութիւնն ու զարգացումն ապահովող հիմնական ենթակառուցուածքները` եկեղեցիներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ, կուսակցական, մշակութային, բարեսիրական եւ այլ կառոյցներ: ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուել են 1992 թ. յունուարի 7-ին: 1992 թ. փետրուարին ԱՄՆ դեսպանութիւնը հիմնուեց Երեւանում, իսկ 1992 թ. մարտին ՀՀ դեսպանութիւնը` Ուաշինկթընում: Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնն աշխատանքն սկսեց 1995 թուականից:

Տասնամեակների յաջող փորձով ու պատմութեամբ, ազգային վարժարանների կողքին, կան նաեւ նորերը: Մեսրոպեան երկրորդական վարժարանում հանդիպում-դասախօսութիւնը, ճանաչողական այցերը Վահան եւ Անուշ Շամլեան ազգային (միջնակարգ) վարժարան եւ Ս. Աստուածածին Ազգային Ռիչըրտ Թիւֆենքեան մանկամսուր, նոր պատկերացումներով հարստացրին սփիւռքահայ կրթական համակարգի մասին գիտելիքներս:

Իմ գրքերն ու մտաւոր առողջութիւնը փոխկապակցուած են

«Թաթուլ Կրպէեան. Հիւսիսային Արցախի Գետաշէնի ենթաշրջանի ինքնապաշտպանութիւնը», Երեւան, 2019 թ., («Tatul Krpeyan: the Self-Defense of the Getashen Sub-district in Northern Artcak» Yerevan, 2019)», հայերէն եւ անգլերէն գրքերիս առաջին շնորհահանդէսը տեղի ունեցաւ մայիսի 4-ին, ՀՕՄ-ի Լոս Անճելըսի գրասենեակում, որը գտնւում է Արեւմտեան Կլենոքս պողոտայի վրայ:

Գրքերս պէտք էր ներկայացնէի «Մտաւոր առողջութիւն» խորագրով գիտաժողովի երկրորդ բաժնում: Գիտաժողովի հովանաւորն էր անուանի բարերար Խաթուն Սարեանը` Մայք Սարեանի մայրը: Առաջին բաժնի խորագիրն էր. «Անցեալի վշտի յաղթահարում: Դիմակայունութիւն եւ հակազդեցութիւն («Moving past grief. Resilience and Resistance.)»: Բանախօսներն էին Նորա Շիթիլեան-Քէլէշեանը եւ Քնար Քահքէճեանը:

Առաջին հայեացքից, մի գուցէ, իրար հետ չկապուող թեմաներ էին քննարկւում գիտաժողովում, սակայն գրքերիս բովանդակութեանը ծանօթանալով` ընթերցողը անպայման կը նկատի մտաւոր առողջութեան հետ ուղղակի եւ անմիջական կապը: Իմ երկու գրքերը, որոնցում արտացոլուած են 1987 թ. աշուն – 1991 թ. գարուն ժամանակաշրջանի Գետաշէնի ենթաշրջանի ինքնապաշտպանական մարտերը, մաքառումը, յաղթանակներն ու անկումը, անցեալի վշտի յաղթահարման, իւրօրինակ դիմակայունութեան եւ հակազդեցութեան անփոխարինելի գիտելիք են հետագայ ժամանակների ու պատմութեան համար, որից, ցաւօք, դասեր քաղեցին մեր թշնամիները, սակայն` ո՛չ մենք (ասուածի ապացոյցն են 2020 թ. պատերազմը, ապա 2023-ին` Արցախի շրջափակումը, ցեղասպանութիւնը, բռնի հայաթափումն ու հայրենազրկումը): Դրանցում արծարծւում են ազգային-ազատագրական պայքարի անօրինակ դրուագներ, որոնց իմացութիւնն ազգային ինքնութեան առողջութեան գրաւական է իւրաքանչիւր հաւաքական հանրոյթի համար: Անցեալի պատմութիւնից դասեր քաղելն ազգային կառոյցներին օգնում է գտնել դէպի առաջընթաց տանող կենսունակ ուղիներ, որոնք ինքնին ապահովում են դէպի յաւերժութիւն տանող կայուն ընթացքը:

Անակնկալներ ողջ կեանքի համար

Անակնկալների պակաս չկար մայիսի 4-ին` շնորհահանդէսի օրը, որը իրադարձութիւն էր ոչ միայն իմ կեանքում: Անսպասելի ու հաճելի պահերի մի փունջ ինձ էր սպասում, իսկ մի շքեղ «ծաղկեփունջ» էլ ես էի նախապատրաստել մասնակիցների համար:

Այդ օրը հնչած երեք երգերը թէ՛ կատարողների, թէ՛ առաջին անգամ կատարուելու առումով անակնկալ էին. առաջին երգը Թաթուլ Կրպէեանի հեղինակած երգն էր` «Կռունկը», որի ե՛ւ խօսքերի ե՛ւ երաժշտութեան հեղինակը Թաթուլ Կրպէեանն է: Այդ երգը, որն աւելի քան երկու տասնամեակ առաջ իր իւրօրինակ մեկնաբանութեամբ գործիքաւորել էր «Մարաթուկ»  ազգագրական երգի-պարի համոյթի գեղարուեստական ղեկավար Ալեքսանդր Կարապետեանը, կատարեց նրա դուստրը` ԱՄՆ-ում բնակուող երգչուհի Արաքս Կարապետեանը` նուագակցութեամբ տաղանդաւոր տուտուկահար Տիգրան Զաքարեանի:

Երկրորդը Նունէ Դիլանեանի հեղինակած երգն էր. դեռ 1991 թ., երբ զոհուեց Թաթուլը, նա 13-ամեայ աղջնակ էր, եւ Թաթուլ Կրպէեանի կերպարով ու աննախադէպ հերոսութեամբ ներշնչուած` իր պաշտելի հերոսին ձօնեց «Քաջն Թաթուլ» երգը: Նա նոյնպէս բնակւում է ԱՄՆ-ում եւ սիրով ներկայ գտնուեց շնորհահանդէսին` անձամբ կատարելով իր գրած երգը:

Նշեմ նաեւ, որ այս երկու երգերի գործիքաւորումը 2015 թ. կատարեց ՀՀ պաշտպանութեան նախարարութեան «Զօրական» համոյթի գեղարուեստական ղեկավար գնդապետ Արամ Գալստեանը: Երգերն առաջին անգամ «Զօրական» համոյթի կատարմամբ ներկայացուեցին Թաթուլ Կրպէեանի ծննդեան 50-ամեակի պետական յոբելենական հանդիսութեան ժամանակ` 2015 թուականի հոկտեմբերի 28-ին, Ալ. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնում: Դրանք նաեւ ձայնագրուեցին եւ առանձին ձայնասկաւառակով նուիրուեցին մեր ընտանիքին` ի պահ:

Երրորդն աշուղ Գէորգի` Գէորգ Գրիգորեանի գրած «Մայրամուտ իջաւ» հանրայայտ երգն էր: Այն նոյնպէս գրուել է 1991 թ.` ներշնչուած Թաթուլ Կրպէեանի կերպարով եւ ազդուած` Գետաշէնի ողբերգական անկումից: Այս երգը կատարեց ազգային եւ յեղափոխական երգերի լաւագոյն կատարողներից մէկը` անուանի երգիչ Գառնիկ Սարգսեանը: Ընդ որում, Գառնիկ Սարգսեանը, Արաքս Կարապետեանը, Նունէ Դիլանեանը եւ Տիգրան Զաքարեանը մեծ սիրով ու ոգեւորութեամբ ընդունեցին հրաւէրս` մասնակցելու շնորհահանդէսին` յուզելով ներկաներին իրենց ելոյթներով, որի համար խորապէս երախտապարտ եմ: Նշեմ նաեւ, որ, թէ՛ նրանց մասնակցութիւնը շնորհահանդէսին եւ թէ՛ երգերը, որոնք առաջին անգամ էին հնչում նրանց շուրթերից, անակնկալ էին, բացառութեամբ «Մայրամուտ իջաւ» սիրուած երգի, որը վաղուց ի վեր ընդգրկուած է Գառնիկ Սարգսեանի երգացանկում:

Իսկ ինձ համար անակնկալ էր ինձ տրուած «ճանաչման վկայագիր»-ը, որը շնորհեց գիտաժողովին ներկայ գտնուած ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի ծերակուտական Էնթընի Փորթանթինոն (Senator Anthony Portantino):

2024 թ., Երեւան
(Շար. 1)

Նախորդը

«Հայ Ուսանողութիւնը Արցախի Համար. 2025» Մրցոյթ

Յաջորդը

«Էն. Պի. Էյ.» Սելթիքս Յաղթեց Լէյքըրզին

RelatedPosts

25-Ամեակ Հարաւի Ազատագրութեան.  Հարաւային Լիբանան` Պատերազմի Կիզակէտ Եւ Դիմադրութեան Օրրան
Անդրադարձ

25-Ամեակ Հարաւի Ազատագրութեան. Հարաւային Լիբանան` Պատերազմի Կիզակէտ Եւ Դիմադրութեան Օրրան

Մայիս 24, 2025
«Ապագայ Լրագրողներ»-ու Ծրագիրի Չորրորդ Փուլի Մասնակիցները Ծանօթացան Լուր Գրելու Սկզբունքներուն
Անդրադարձ

«Ապագայ Լրագրող»-ներու Չորրորդ Փուլի Մասնակիցները Կը Գրեն

Մայիս 24, 2025
Վահէ Պէրպէրեան Երեւոյթը
Անդրադարձ

Վահէ Պէրպէրեան Երեւոյթը

Մայիս 24, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?