Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պարզւում Է` Գրքերս Ու Մտաւոր Առողջութիւնը Փոխկապակցուած Են

Մարտ 24, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԻՐԻՆԱ ԲԱՐՍԵՂԵԱՆ – ԿՐՊԷԵԱՆ

Նարինջների քաղաքում նարինջներն արդէն հազուադէպ են

Մայիսի 9-ին` հինգշաբթի, նախատեսուած էր այցելութիւն Օրենճ Քաունթիի հայկական համայնք (OC Armenian community): Երբ առաջին հայերն սկսել են հաստատուել այս բնակավայրում, ասում են, այն հարուստ է եղել վայրի նարնջենիների պուրակներով, որոնք տասնամեակների ընթացքում գրեթէ վերացել են եւ մեր ճանապարհին արդէն հազուադէպ էին հանդիպում:

Մինչ գլխաւոր միջոցառման սկսուելը հանդիպում ունեցայ Ա. Կ. Մինասեան ազգային վարժարանի (Արի Կիրակոս Մինասեան ազգային վարժարան) աշակերտների հետ, շրջեցի վարժարանում ու ծանօթացայ ընդհանուր կրթական համակարգին ու հնարաւորութիւններին: Այն Օրենճ Քաունթիի ամէնօրեայ միակ հայկական վարժարանն է: Հիմնադրուել է 1986 թուականին, Քալիֆորնիայի Սանթա Անա քաղաքի Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցու հոգաբարձուների նախաձեռնութեամբ: Եկեղեցին, վարժարանը եւ կուսակցական ու համայնքային կառոյցները նոյն տարածքում են գտնւում, ինչպէս որ է գրեթէ  բոլոր հայկական համայնքներում: Ինձ այդ օրը սիրով ընկերակցեցին ու համայնքային կառոյցներին ծանօթացրին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Կարօ Մատենլեանը եւ Արմինէ Յովակիմեանը:

Օրենճ Քաունթիում գրքերիս շնորհահանդէս-ներկայացումը կազմակերպել էին` Օրենճ Քաունթիի Հայ դատի գրասենեակը, ՀՅԴ «Շանթ» ուսանողական ընկերութիւնը, ՀՅԴ Օրենճ Քաունթիի «Արմէն Գարօ»  կոմիտէն եւ «Աշոտ Երկաթ» մասնաճիւղը, Քալիֆորնիայի Իրուայնի համալսարանի (UCI – the University of California, Irvine) հայ ուսանողների միութիւնը, Չեփմըն համալսարանի հայ ուսանողների միութիւնը եւ Հայ իրաւաբան ուսանողների միութիւնը (Chapman University’s Armenian Student Association – ASA, and Chapman ALSA):

Յաջակցութիւն «Սրբազան շարժում»-ի

Մայիսի 10-ի առաւօտեան, կրկին Սարիկ Արմէնեանի ընկերակցութեամբ, այցելեցինք մի հրաշք մանկապարտէզ` Ս. Աստուածածին Ազգ. Ռիչըրտ Թիւֆենքեան մանկամսուր, որտեղ սովորում էր նրա երեխաներից ամենակրտսերը: Լաւագոյն պայմաններով յագեցած մանկապարտէզը նման էր գողտրիկ առանձնատան, որը ջերմ տուն էր յիշեցնում: Ամէն բան այնպէս էր կահաւորուած, որ երեխաներն օտարութեան զգացում չունենան, այլ զգան ինչպէս հարազատ տանը: Շատ գունագեղ ու տպաւորիչ էին թէ՛ բակը, թէ՛ քնասենեակները եւ թէ՛ պարապմունքների համար նախատեսուած սենեակները:

Կլենտէյլը պատրաստւում էր երեկոյեան մեծ երթին` Սուրբ Մարիամ եկեղեցու բակից մինչեւ ՀՀ հիւպատոսարան: Այն կազմակերպել էր ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի երիտասարդական միութիւնը: Սպասելիքները մեծ էին, ենթադրւում էր, որ հանրահաւաքն ընդգրկելու էր հայ համայնքի բոլոր շերտերը: Այդպէս էլ եղաւ: Այս անգամ նորից առաջարկեցին ելոյթ ունենալ, եւ ես չհրաժարուեցի: Այստեղ նոյնպէս ինձ անակնկալ էր սպասւում, որը շատ յուզիչ էր, եւ` ո՛չ միայն ինձ համար:

Հազարաւոր ամերիկահայեր դուրս էին եկել փողոց` արտայայտելու իրենց աջակցութիւնը «Սրբազան շարժում»-ին, որը մեծ թափ էր առնում Հայաստանում` ընդգրկելով նորանոր գաղափարակիցների: Տարբեր կուսակցական, խմբային ու արժէքային տարբերութիւններ ունեցող հազարաւոր անձինք միասին քայլում էին Կլենտէյլի փողոցներում` ցոյց տալով, որ համաձայն չեն այն ամէնին, ինչն ապօրինաբար կատարւում է ՀՀ սահմաններին` իշխանութիւնների համաձայնութեամբ: Այնտեղ էին` Արեւմտեան Ամերիկայի հայկական բոլոր կուսակցական ու հոգեւոր առաջնորդները, հասարակական կազմակերպութիւնների ղեկավարները, յայտնի հայեր: Հէնց եկեղեցու բակում կրկին կարճ հարցազրոյց տուեցի «Ալֆա Նիւզ»-ի տնօրէն Արթուր Սահակեանին: Երբ հասանք ՀՀ հիւպատոսարանի առջեւ, սկսուեցին հիմնական ելոյթները: Ելոյթ ունեցողների մէջ էի նաեւ եւս: Երբ հաւաքը վարողները յայտնեցին, որ ելոյթ եմ ունենալու, ներկաները ծափողջոյնների տարափով ու հաւանութեան գոչիւններով ողջունեցին իմ բեմելը: Իմ ելոյթը սկսեցի այս տխուր խօսքերով. «Չէի պատկերացնի, որ կը գամ մի օր Ամերիկա ու մարդաշատ հաւաքում ելոյթ կ՛ունենամ` ասելով, որ Տաւուշը Հայաստան է»: Յիշում եմ, որ միասնութեան կոչեր եմ արել, ու խօսել եմ բաւականին (հաւանաբար այդ օրուայ տեսանիւթերը կը լինեն համացանցում, եթէ ոեւէ մէկին հետաքրքրում է, կարելի է գտնել): Յիշում եմ, որ յուզուած էի, միաժամանակ` վճռական: Իմ ելոյթից յետոյ կազմակերպիչները հաղորդեցին, որ այժմ անակնկալ կերպով առցանց միացել են Հայաստան եւ ողջոյնի խօսքով հանրահաւաքի մասնակիցներին կը դիմեն ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ Ասպրամ Կրպեյեանը եւ Գառնիկ Դանիէլեանը: Հաւաքի մասնակիցներն էլ աւելի ոգեւորութեամբ ու բարձր ծափողջոյններով ողջունեցին այդ լուրը: Շատ յուզուել էի: Մարդիկ մօտենում ու գրկախառնւում էին, իրենց ջերմ մաղթանքներն էին յղում ինձ ու Ասպրամին: Անմոռանալի զգացումներով լի երեկոյ էր Կլենտէյլում, լի` ոգեւորութեամբ, հաւատով, միասնութեամբ, միակամութեամբ ու մեծ յոյսերով:

Մայիսի 11-ի առաւօտեան Թամար Մանուէլեանի եւ Նորայր Դերձակեանի հետ այցելեցինք «Ապրիլ» եւ «Սարդարապատ» գրատներ: Երկուսում էլ մեզ ջերմութեամբ ընդունեցին:

Ու, ի դէպ, ինչպէս ամէն տեղ աշխարհում մարդիկ պատրաստ են ամէն տեսակի անարժէք իրի համար վճարել, նոյնիսկ` մեծ փողեր, բայց, երբ խօսքը գնում է գրքի մասին, անմիջապէս ասում են` օ՜, ո՛չ, թա՛նկ է… առանց իսկ անդրադառնալու, որ գրողը տարիներ քրտնաջան աշխատում է, որ ի վերջոյ լոյս աշխարհ գան այդ փոքրիկ, բայց հրաշք երեւոյթները` գրքերը… Թէեւ ասում են նաեւ, որ ամէնուր ընթերցողների թիւը նուազել է, բայց, այնուամենայնիւ, գրքի վաճառքից աւելի շատ շահում են գրավաճառները, քան` հեղինակները:

Մայրերի տօնը` մօրս մասին յուշերով

Այնուհետեւ մի քանի օր ազատ էի, առջեւում տօնական օրեր էին. մայիսի 12-ին ողջ Ամերիկան նշում էր Մայրերի օրը, ես էլ այդ հանգստեան օրերը նուիրեցի ընկերներիս ու բարեկամներիս, որոնք բազմաթիւ են Քալիֆորնիայում: Երկու օր անցկացրի մայրիկիս կողմից ազգականներիս տանը, որոնց չէի տեսել նրանց` ԱՄՆ տեղափոխուելուց յետոյ, գրեթէ` 30 տարի: Միասին այցելեցինք մի քանի թանգարաններ (Norton Simon Museum, Getty Center): Դեռ ուսանողական տարիներից մեծ հետաքրքրութիւն ունեմ արուեստի ստեղծագործութիւնների նկատմամբ, իսկ պատմաբանի մասնագիտութիւնն օգնում է աւելի խորութեամբ պատկերացնել այն ժամանակաշրջանները, որոնց ընթացքում կերտուել են մշակոյթի նմուշներն ու արուեստի գլուխ գործոցները: Այնպէս որ, եթէ երբեւէ կորեմ, ապա ինձ փնտռէք թանգարաններում:

Մայիսի 12-ին` Մայրերի օրը, հրաշալի առիթ էր ազգականներիս հետ նաեւ ոչ միայն մեր մայրերին, այլեւ մեր բոլոր հարազատներին յիշելու, կարօտելու, տխրելու, յուզուելու, ուրախ պահերը վերապրելու եւ, ընդհանրապէս, յիշողութիւնների գիրկն ընկնելու:

«Ո՛չ թէ մարդասպան, այլ` հայ արդարութեան վրիժառու»

Մայիսի 17-ին իմ առաջարկով այցելեցինք Միսաք Թորլաքեանի (Ազգային վրիժառու, Բազուկ) շիրիմին: Թամար Մանուէլեանի հետ ճանապարհուեցինք Էվերկրին (Evergreen Cemetery) գերեզմանատուն, որտեղ, այլազգիների կողքին, ննջում են բազմաթիւ հայեր: Շիրիմը գտնելու համար դիմեցինք պահակին, որը, երբ լսեց անունը, անմիջապէս արձագանգեց.«The assassin?» («Մարդասպա՞նը»), Թամարը պատասխանեց. «Not assassin, but Armenian Justice Avenger», («Ոչ թէ մարդասպան, այլ` Հայ արդարութեան վրիժառու»):

1921 թուականի յուլիսի 18-ին Միսաք Թորլաքեանը Կոստանդնուպոլսում դիմահար կրակոցով ահաբեկեց Պաքուի հայկական ջարդերի (եռօրեայ կոտորածին զոհ գնաց 30.000 հայ) համահեղինակ եւ համակազմակերպիչ, ներքին գործերի նախկին նախարար Պեհպութ խան Ճիվանշիրին:

Վերադարձին տխուր ապրումները փոքր-ինչ ցրեցին մի քանի անգամ քաղաքի տարբեր հատուածներում հանդիպած ամերիկեան քաղաքային աւտոբուսները, որոնց վրայ մեծադիր պաստառներով գովազդւում էր ժպտերես ու խնդուն Քարտաշեան ընտանիքը:

Մոնթեպելլոյի յուշահամալիր. ամենահինն Ամերիկայում

Մայիսի 16-ին ինձ ընկերակցելու ցանկութիւն էր յայտնել ՀՕՄ-ի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան ատենապետուհի Վիգի Մարաշլեանը` գեղեցկատես, բարձրահասակ, ճանաչուած հայ հասարակական գործիչ: Ես մեծ սիրով ընդունեցի նրա հետ այդ օրն անցկացնելու առաջարկը եւ խնդրեցի այցելել Մոնթեպելլոյում գտնուող Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր: Պիքնել այգում ընդարձակ, կանաչապատ, տափարակ բլուրի վրայ վեր էր խոյանում եկեղեցու նմանութեամբ յուշարձանը, որի վրայի անգլերէն եւ հայերէն գրութիւնները յուշում են, որ այն նուիրուած է 1915-21 թթ. ցեղասպանուած 1,5 միլիոն հայերի յիշատակին: Կառուցման թուականը 1968 թ. ապրիլի 21-ն է: Հրանտ Աղբաբեանի կերտած 23 մեթրանոց ութ հոյակերտ սիւների ու նոյնքան էլ կամարների միաձոյլ խոյանքով վեր յառնած սպիտակ պեթոնից յուշարձանն ամենահինն ու առինքնողն է Լոս Անճելըսում, նաեւ` ողջ Ամերիկայում:

Վերջապէս գտայ 33 տարի փնտռածս

Վիգի Մարաշլեանն ինձ տարաւ փաստաբան Անի Մկրտիչեանի գրասենեակ, որը գտնւում էր Կլենտէյլի կենտրոնական հատուածում: Այս անգամ ես էի հարցազրուցավարը:

Սակայն սկսեմ մի փոքր աւելի խորքից… ետ գնալով գրեթէ 33 տարի…

1991 թ. Գետաշէնում իրականացուած խորհրդա-ազրպէյճանական համատեղ «Օղակ» պետական ահաբեկչական, ցեղասպանական յատուկ գործողութիւնից մի քանի օր յետոյ, մայիսին էր, յստակ օրը չեմ յիշում, Հայաստանի հեռուստատեսութեամբ ցուցադրուեց մօտ 35 րոպէանոց ժապաւէն, որը պատրաստել էր Հայաստան այցելած CBS ամերիկեան լրատուական գործակալութեան լրագրողական խումբը` ճանաչուած հեռուստահաղորդավար Պըրի Ուոքըրի (Bree Walker) գլխաւորութեամբ: Տարիներ անց ես սկսեցի փնտռել ժապաւէնը մեր ընտանեկան արխիւի համար: Երկար փնտռտուքի ընթացքում, ամերիկահայ մեր հայրենակիցների հետ իւրաքանչիւր հանդիպման ժամանակ ես միշտ հարցուփորձ էի անում այն ակնկալիքով, որ միգուցէ ոեւէ մէկը տեղեակ լինի ժապաւէնի հեղինակներից:

Յուրախութիւն ինձ, իմ զրոյցներից մէկի ընթացքում նշմարուեցին որոշակի հնարաւորութիւններ` գտնելու որոշ նիւթեր: Տարիներ առաջ ինձ հետ կապ հաստատեց Միացեալ Նահանգներում բնակուող սփիւռքահայ հայրենակցուհիներից մէկը` Զարմինէն, եւ փոխանցեց մի տեսաժապաւէն, որտեղ CBS ամերիկեան լրատուական գործակալութեան ամերիկացի լրագրողուհի Պըրի Ուոքըրի պատրաստած ժապաւէնն էր Հայաստանի մասին: Տեսանիւթն այնքան էլ որակեալ չէր, քանի որ ձայնագրուած էր անմիջապէս հեռուստատեսային եթերի ընթացքում:

Այդ ժամանակուանից սկսած` ես աւելի գործուն կերպով շարունակեցի իմ որոնողական աշխատանքները, որոնք ընթացան նաեւ անմիջականօրէն ԱՄՆ-ում այս այցելութեան ընթացքում:

Մայիսի 4-ին, երբ Սան Ֆրանսիսքոյում հայկական համայնքային բազմամարդ հաւաքոյթի ժամանակ տարածւում են իմ գրքերի` յաջորդ օրը կայանալիք շնորհահանդէսի եւ դասախօսութիւնների մասին յայտարարագրերը, ներկաներից մէկը` մի երիտասարդ` Արմէն Գարիգեան անունով, տուն է տանում գովազդային թերթիկը եւ ցոյց տալիս տատիկին: Մեծ մայրը` Մաքօ Մկրտիչեանը, անսպասելիօրէն ասում է թոռանը. «Իսկ դու գիտե՞ս, որ մայրդ անձամբ ճանաչել է Թաթուլ Կրպէեանին եւ եղել է Գետաշէնում ամերիկացի լրագրողների խմբի հետ ու թարգմանել նրանց ու Թաթուլ Կրպէեանի զրոյցները»:

Օրեր անց, երբ արդէն Լոս Անճելըսի արուարձան Լա Քրեսենթա քաղաքի հայկական կենտրոնում տեղի ունեցաւ հերթական շնորհահանդէս-դասախօսութիւնս, ներկայ էին նաեւ նոյն երիտասարդը` Արմէնը, իր մայրիկի` Անի Մկրտիչեանի հետ: Ուրախութեանս չափ չկար: Աւելի քան 33 տարուայ փնտռտուքս անսպասելիօրէն պսակուել էր յաջողութեամբ:

Վերադարձիցս մէկ օր առաջ` մայիսի 16-ին, ես եւ Անին հանդիպեցինք Կլենտէյլի` իր փաստաբանական գրասենեակում, եւ ձայնագրեցինք բացառիկ վկայութիւններ գետաշէնեան տարեգրութիւնից:

Յ. Գ.- Երբ վերադարձայ Հայաստան, այս մասին առանձին հաղորդում պատրաստեցի Հանրային ռատիոյի` իմ հեղինակային «ժամանակի վկան» հաղորդաշարով: Անի Մկրտիչեանի ու իմ զրոյցի մանրամասնութիւնները կարող էք փնտռել Հանրային ռատիոյի համացանցային պաշտօնական կայքէջի «ժամանակի վկան» հաղորդաշարի համապատասխան հարթակում` հետեւեալ յղումով https://hy.armradio.am/archives/575757

Վերջին օրը «Կեթթի վիլլայ»-ում

Մայիսի 17-ին աւարտւում էր ճամբորդութիւնս Լոս Անճելըսում եւ իմ մշտական ուղեկիցների` Հիլտա Սալիպայի ու Թամար Մանուէլեանի հետ այցելեցինք «Կեթթի վիլլա» հռչակաւոր թանգարանը, որը գտնւում է Մալիպուի ծովափնեայ հրաշագեղ բլուրներից մէկի վրայ: Հռչակաւոր մեծահարուստ Փոլ Կեթթին անցեալ դարի կէսերից կառուցել է այդ հրաշագեղ առանձնատուն-համալիրը, եւ տարօրինակն այն է, որ ոչ մի օր չի բնակուել, աւելի՛ն, նոյնիսկ չի այցելել այդտեղ: Հին հռոմէական պալատի ոճով կառուցուած շքեղ առանձնատանը նա հաւաքել է արուեստի հանճարեղ ստեղծագործութիւններ ամբողջ աշխարհից, որոնք այժմ հսկայական եկամուտներ են բերում պետութեանը եւ փառաւորում այն ստեղծողի ու մտայղացողի անունը յաւերժութեան համար:

Խոստովանեմ, որ աւելի հրաշալի աւարտ չէի կարող պատկերացնել ԱՄՆ Քալիֆորնիա նահանգ կատարածս երկշաբաթեայ այցելութեան համար: Մտորումներ անանց արժէքների, մարդկային անգնահատելի ջերմութեան ու նուիրումի, ապրումակցման, փոխադարձութեան, գնահատանքի ու բարձր արժեհամակարգի մասին մտքերով էլ հրաժեշտ տուեցի Հիլտային ու Թամարին` ինքնաթիռում շարունակելով մտորել այցելութեան իւրաքանչիւր պահի մասին: Ամէն ինչ ամերիկեան խենթ արագութեամբ էլ ընթացել էր, բայց` յագեցած յիշարժան դէպքերով, դէմքերով, ապրումներով, յոյզերով ու մտքի նորանոր փայլատակումներով…

Խօսք երախտիքի

Երախտագիտութիւնս եմ յայտնում` կազմակերպչական դժուարին աշխատանքը կանոնակարգած Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ բոլոր կառոյցներին, կազմակերպչական յանձնախմբի բոլոր անդամներին (Հիլտա Սալիպա, Թամար Մանուէլեան, Ռիթա Ապատճեան, Քնար Քահքէճեան, Նորայր Դերձակեան, Նորա Շիթիլեան-Քէլէշեան, Արմինէ Յովակիմեան, Նորա Մանուկեան-Պօղարեան)` մարդկային ու մասնագիտական որակների, պարտաճանաչութեան, գրքերիս շնորհահանդէսները, իմ հանդիպումներն ու դասախօսութիւնները տարբեր քաղաքներում բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար: Առանձնայատուկ շնորհակալութիւնս եմ ուղղում, մասնաւորապէս, Հիլտա Սալիպային եւ Թամար Մանուէլեանին` մշտապէս իմ կողքին լինելու եւ կազմակերպչական աշխատանքի հիմնական բեռը կրելու համար:

Երախտիքի ջերմ զգացումներով եմ յիշելու ճանաչուած հասարակական եւ համայնքային գործիչներ` բարերար դոկտոր Մայք Սարեանին, Վիգի Մարաշլեանին, Կարօ Մատենլեանին, Սարիկ Արմէնեանին եւ միւս բոլոր անձանց ու կառոյցներին` կազմակերպչական աշխատանքին նպաստելու, մասնակցութեան ու պատրաստակամութեան եւ, պարզապէս, ջերմ ընդունելութեան համար:

Շնորհակալութիւնս շնորհահանդէսների ընթացքում ինձ եւ գիրքը ներկայացրած հայ համայնքային եւ հասարակական գործիչներին` Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Սան Ֆրանսիսքոյի «Նիկոլ Աղբալեան» մասնաճիւղի ատենապետուհի Լենա Մանուկեանին,  Նորայր Դերձակեանին, Դանիէլ Օհանեանին (UCLA) եւ այլոց:

Ի վերջոյ, իմ մեծ հիացմունքն ու երախտիքի խօսքն եմ յղում մեր հարիւրաւոր հայրենակիցներին` անկախ տարիքից ու սեռից, որ սիրով մասնակցեցին գրքերիս շնորհահանդէսներին, ինձ հետ հանդիպումներին ու դասախօսութիւններին:

Թաթուլ Կրպէեանի հետ ճանապարհը դէպի յաւերժութիւն շարունակւում է: Իսկ բոլոր նրանք, որոնք կը միանան մեզ այդ ճանապարհի որեւէ հատուածում եւ որեւէ պահի, կամ կերպ, կամ չափով, նոյնպէս կը դառնան այդ յաւերժական ընթացքի անքակտելի մասը` անկախ տեղից ու ժամանակից:

 2024, Երեւան
(Շար. 3)

***
(Շար. 1)
(Շար. 2)

Նախորդը

Իր Մահկանացուն Կնքեց Վերժին Չերչեան-Աբրահամեանը

Յաջորդը

«Ֆորմիւլա 1». Փիասթրի Շահեցաւ Չինաստանի Կրան Փրին

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?