ԺՈՒԼԻԵԹ ԴԱՒԹԵԱՆ
Սոյն թուի մարտի 20-ին ՀՀ Հանրային ալիքի եթերի «Հարցազրոյց» հաղորդաշարում սփռուեց ՕԹԱՆ-ի նախկին գլխաւոր քարտուղար Անտերս Ֆոկ Ռասմուսենի հետ հարցազրոյցը` խաղաղութեան գործընթացի մասին: Հարցազրոյցի ընթացքում եղան ուշագրաւ յայտարարութիւններ եւ հաստատումներ:
Հարցազրոյցի 5:05 րոպէում Ռասմուսենին յիշեցնում են նախորդ այցի ժամանակ իր հնչեցրած այն մտքի մասին, թէ` «Ղարաբաղում ցեղային զտումները կարմիր գիծ կը լինեն Արեւմուտքի համար»:
Հիմա «Դուք ընդունո՞ւմ էք, որ դուք սխալուեցիք», հարցնում է հաղորդավարը: Ռասմուսենը պատասխանում է. «Ես ի հարկէ առաջիններից մէկը կը լինեմ, որ կ՛ընդունէի, թէ Եւրոմիութիւնը, միջազգային համայնքը չարձագանգեցին այնպէս, ինչպէս ես կը ցանկանայի, որ արձագանգեն: Այն պահին, երբ Ազրպէյճանը յարձակուեց Լեռնային Ղարաբաղի վրայ, ես հասկացայ, որ սխալ էի պատկերացնում միջազգային համայնքի արձագանգը»:
Ցեղասպանութիւնները, զանգուածային ջարդերը, տեղահանումները ունենում են իրենց անժխտելի, անյետաձգելի հետքերը հասարակական/հաւաքական կեանքի, մշակոյթների, հոգեբանական ապրումների եւ յիշողութիւնների վրայ: Առիթից օգտուելով` ես կ՛ուզենայի իւրաքանչիւր հայ անհատի յիշեցնել 20-րդ դարի սկզբի հայկական, ասորական եւ յունական կոտորածներից ու ցեղասպանութիւնից յետոյ բոլոր այն պատահարները, երբ միջազգային համայնքը «սխալ պատկերացումներ» է ունեցել ու նախընտրել է ականատես լինել, բայց լռել կամ ահաւոր դանդաղ արձագանգել մարդու` մարդու դէմ կատարուած ոճրագործութիւններին` զանգուածային սպանութիւններ, տեղահանումներ, ցեղասպանութիւն, յուսալով, որ իւրաքանչիւր հայ անհատ իր անձնական պարտքը կը համարի տէրը կանգնելու իր հայրենիքի, մշակոյթի եւ ժառանգութեանը` յոյս չկապելով որեւէ արտաքին ուժի, կառոյցի, պետութեան կամ կազմակերպութեան:
Այսպիսով`
- *Յոյների ցեղասպանութիւն (1914-1923)*. Օսմանեան կայսրութիւնը սպաննել է մօտ 350.000-750.000 յոյների: Միջազգային հանրութիւնը չկարողացաւ միջամտել:
2.*Հայոց ցեղասպանութիւն (1915-1923)*. Օսմանեան կայսրութիւնը ծրագրուած կերպով սպաննել է մօտ 1,5 միլիոն հայերի: Միջազգային հանրութիւնը տեղեակ էր վայրագութիւնների մասին, սակայն չկարողացաւ միջամտել;
- *Ասորիների ցեղասպանութիւն (1915-1920)*. Օսմանեան կայսրութիւնը եւ քրտական ցեղերը սպաննեցին մօտ 250.000-500.000 ասորի քրիստոնեաների:
- *Ուքրանական Կոլոտոմոր (1932-1933)*. Խորհրդային Միութեան բռնի սովը սպաննեց մօտ 3-5 միլիոն ուքրանացիների: Միջազգային հանրութիւնը դանդաղեց այդ վայրագութեան իրողութիւնը հաստատելու հարցում:
- *Ողջակիզում (1933-1945)*. Նացիստական Գերմանիան իրագործեց վեց միլիոն հրեաների եւ միլիոնաւոր այլ մարդկանց ծրագրուած սպանութիւններ: Աշխարհը անհրաժեշտ կերպով չարձագանգեց` նոյնիսկ Վատիկանը լռեց:
- *Պիաֆրաններ Նիկերիայում (1967-1970)*. Նիկերիայի կառավարութիւնը վայրագութիւններ կատարեց Պիաֆրանի բնակչութեան դէմ, ներառեալ` համատարած սպանութիւններն ու սովամահութիւնը: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ դանդաղ արձագանգելու համար:
- *Արեւելեան Թիմորի բնակիչների ջարդը Ինտոնեզիայում (1975-1999)*. Ինտոնեզիայի զինուորականները վայրագութիւններ իրականացրեցին Արեւելեան Թիմորի բնակչութեան նկատմամբ, այդ թւում` համատարած սպանութիւններ եւ բռնի տեղահանումներ: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ ոչ բաւարար արձագանգի համար:
- *Ռուանտայի ցեղասպանութիւն (1994)*. Մօտ 800.000 մարդ, հիմնականում` թութսի ցեղային խմբից, սպաննուեց 100 օրուայ ընթացքում: Միջազգային հանրութիւնը չկարողացաւ միջամտել, չնայած` մօտալուտ ցեղասպանութեան մասին նախազգուշացումներ եղել էին:
- *Քամպոտիայի ցեղասպանութիւն (1975-1979)*. Կարմիր խմերների վարչակարգը մօտ 8 միլիոն բնակչութիւնից սպաննեց մօտ 1,7-2,2 միլիոն մարդու` մահապատժի, հարկադիր աշխատանքի եւ սովի միջոցով:
- *Հազարների ջարդը Աֆղանիստանում (1990-2000-ականներ)*. Թալիպանը եւ ծայրահեղական այլ խմբաւորումները թիրախաւորել են Հազարա փոքրամասնութեանը, դաժանութիւններ գործելով` շատերին ստիպել են փախչել: Միջազգային հանրութիւնը հիմնականում անտեսել է խնդիրը:
- *Պոսնիայի ցեղասպանութիւն (1992-1995)*. պոսնիացի սերպերի ուժերը Սրեպրենիցայում սպաննել են մօտ 8000 պոսնիացի (պոսնիացի մահմետական) տղամարդու եւ տղաների: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ հակամարտութեանը դանդաղ արձագանգելու համար:
- *Տարֆուրի ցեղասպանութիւն (2003-2004)*. Սուտանի կառավարութիւնը եւ Ժանժաուիտ աշխարհազօրը սպաննեցին մօտ 300.000 մարդու եւ միլիոնաւորների տեղահանեցին:
- *Ղպտիների ջարդը Եգիպտոսում (2011-2013)*. Ղպտի քրիստոնեաները ենթարկուեցին հալածանքների եւ բռնութիւնների, ներառեալ` եկեղեցիների ռմբակոծութիւններ եւ համայնքների վրայ յարձակումներ: Միջազգային հանրութիւնը քննադատութեան արժանացաւ ոչ բաւարար արձագանգի համար:
- *Եզիտիների ջարդը Իրաքում (2014 թ.)*. ՏԱՀԵՇ-ի գրոհայինները թիրախաւորել են եզիտի փոքրամասնութեանը, սպաննելով հազարաւորների եւ ստրկացնելով շատերին: Միջազգային հանրութիւնը դանդաղ արձագանգեց` թողնելով եզիտիներին միայնակ:
- *Ռոհինճայի ցեղասպանութիւն (2016-2017)*. Միանմարի զինուորականները եւ պուտտայական ծայրայեղականները սպաննեցին հազարաւոր ռոհինճա մուսուլմանների եւ հարիւր հազարաւորներին տեղահանեցին` յանգեցնելով փախստականների զանգուածային ճգնաժամի:
- *Ալեւիների սպանութիւնները Սիրիայում (2025)*. Ալեւիների վերջին սպանութիւնները տեղի ունեցան սոյն թուի մարտի սկզբին, ժամանակաւոր կառավարութեան ուժերի ձեռքով: