Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՐԷ ԳԷՈՐԳԵԱՆ

2025-ի յունիսի 13-ին Իսրայէլը սկսեց «Առիւծի վերելք» (Rising Lion) ռազմական գործողութիւնը` ուղղուած Իրանի միջուկային եւ ռազմական ենթակառուցուածքների դէմ: Իսրայէլի օդուժը, օգտագործելով F-35 կործանիչներ եւ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), հարուածներ հասցրեց Նաթանզի, Ֆորտոյի եւ Պուշեհրի միջուկային կենտրոններին, ինչպէս նաեւ` Համատանի ռազմախարիսխին: Պատերազմի հրահրման Իսրայէլի նպատակներից էր խաթարել Իրանի միջուկային ծրագիրը, որը, Իսրայէլի պնդմամբ, մօտ էր ռազմական կիրառման համար անհրաժեշտ մակարդակին: Իսրայէլի վարչապետը յայտարարել էր, թէ գործողութիւնը «պաշտպանական» էր` կանխելու Իրանի կողմից միջուկային սպառնալիքը: Բայց եւ այնպէս` ակնյայտ էր, որ Իսրայէլի համար Իրանի վրայ յարձակուելու, թերեւս, բարենպաստ ժամանակն էր ընտրուած:

Իրանն արագ արձագանգեց` հակադարձելով «Խիստ պատիժ» գործողութեամբ: Իրանի պատասխան հարուածներին (աւելի քան` 550 հեռահաս հրթիռ եւ 1000 պայթուցիկ ԱԹՍ) դիմակայելու համար Իսրայէլն օգտագործել է իր բազմաշերտ հակահրթիռային պաշտպանութեան համակարգը:

Իրանը թիրախաւորել էր Իսրայէլի ռազմական կենտրոնները, ներառեալ` Թել Աւիւի մերձակայքում գտնուող ռազմախարիսխը եւ Arrow հակահրթիռային պաշտպանութեան համակարգի կայանները: Իրանի արտգործնախարար Ապպաս Արաղչին յայտարարել է, որ գործողութիւնները «պաշտպանական» էին եւ նպատակ ունէին «պատժել նախայարձակ»-ին: Պատերազմը զգալի կորուստներ պատճառեց երկու կողմերին էլ:

Զոհերի թիւը տարբեր աղբիւրներում հակասական են` պայմանաւորուած ռազմական գրաքննութեամբ, քարոզչութեամբ եւ տեղեկատուութեան սահմանափակ հասանելիութեամբ: Օրինակ` Իրանի պաշտօնական աղբիւրները հակուած են ընդգծելու քաղաքացիական զոհերի թիւը, մինչդեռ Իսրայէլը պնդում է, որ իր հարուածները եղել են ճշգրիտ եւ ուղղուած` ռազմական թիրախներին:

Ըստ Ամերիկայում գործող Human Rights Activists in Iran (HRANA) կազմակերպութեան, Իսրայէլի հարուածների պատճառով մինչեւ 2025-ի յունիսի 24-ը զոհուել է 974 մարդ, այդ թւում` 268 ռազմական անձնակազմի անդամ, 387 քաղաքացիական անձինք եւ 319 չճանաչուած անձինք: Վիրաւորների թիւը կազմել է աւելի քան 3000: Իսկ Իրանի առողջապահութեան նախարարութեան հաշուետուութիւնների համաձայն, զոհուել է 610-ից մինչեւ 1060 մարդ, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են (աւելի քան` 90 տոկոս): Վիրաւորների թիւը տատանւում է 2500-ից մինչեւ 4700:

Իսրայէլի պաշտօնական տուեալների համաձայն, Իրանի հրթիռային եւ ԱԹՍ յարձակումների պատճառով զոհուել է 28-30 մարդ, որոնք գրեթէ բոլորը քաղաքացիական անձինք են (մէկ զինուոր զոհուել է Պեր Շեւայում, եւս եօթ զինուոր վիրաւորուել է): Վիրաւորների թիւը կազմում է աւելի քան 3238 մարդ:

Պատերազմը ներքաշեց այլ խաղացողների եւս. մասնաւորապէս Եմէնի հութիները յարձակումներ իրականացրին Իսրայէլի ռազմական նաւերի վրայ Կարմիր ծովում: Ամերիկան, աջակցելով Իսրայէլին, լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայեց Պարսից ծոցում: Թուրքիան, չնայած Իսրայէլի հետ լարուած յարաբերութիւններին, չէզոք դիրքորոշում որդեգրեց, սակայն Ազրպէյճանը, լինելով Իսրայէլի ռազմավարական դաշնակիցը եւ Իրանի հարեւանը, յայտնուեց բարդ դիւանագիտական եւ անվտանգային իրավիճակում եւ մեղադրուեց Իսրայէլին հետախուզական տուեալներ փոխանցելու մէջ, որոնք հիմնուած էին Նախիջեւանի վրայով իսրայէլեան անօդաչուների անցման մասին հաղորդումների վրայ, որոնք նկատուել են 2025-ի յունիսի 13-ին:

Գաղտնիք չէ, որ Ազրպէյճանը Իսրայէլի կարեւոր դաշնակիցն է Հարաւային Կովկասում: Ըստ Stockholm International Peace Research Institute-ի, 2016-2021-ին Իսրայէլն իրականացրել է Ազրպէյճանի զէնքի ներմուծման մինչեւ 69 տոկոսը, ներառեալ` անօդաչու թռչող սարքերը, որոնք կիրառուել են 2020-ի Արցախի դէմ պատերազմում: Ազրպէյճանը, իր հերթին, Իսրայէլին մատակարարում է նաւթ` ապահովելով նրա նաւթի ներմուծման մինչեւ 65 տոկոսը: Այս կապերն Իրանում ընկալւում են որպէս սպառնալիք:

Իրանի կողմից Ազրպէյճանը բազմիցս մեղադրուել է Իսրայէլին հետախուզական տուեալներ տրամադրելու եւ նրա տարածքը Իրանի դէմ գործողութիւնների համար օգտագործելու մէջ: Սրա վառ ապացոյցներից է Իսրայէլի «Մոսատ»-ի 8-րդ տնօրէն Տանի Եաթոմի 2023-ի հարցազրոյցը, որտեղ այն հարցին, թէ ի՞նչ նշանակութիւն ունի Իսրայէլի եւ Ազրպէյճանի համագործակցութիւնն Իսրայէլի ազգային անվտանգութեան համար, նա պատասխանում է, որ այդ հանգամանքը Իսրայէլին տալիս է Իրանի դէմ գործելու բազմաթիւ հնարաւորութիւններ` սկսած կործանիչների լիցքաւորման համար ազրպէյճանական օդակայանների օգտագործումից մինչեւ Իրանից հետախուզական տեղեկատուութեան հաւաքման համար Ազրպէյճանի տարածքի լիարժէք օգտագործումը:

Իրանը պաշտօնապէս չի հաստատել Ազրպէյճանի տարածքի օգտագործումը, սակայն ընկերային ցանցերում եւ որոշ լրատուամիջոցներում տարածուել են մեղադրանքներ, որ Ազրպէյճանը «հաշուեյարդար է տեսնում» Իրանի հետ` թոյլ տալով Իսրայէլին օգտագործելու իր օդային տարածքը:

Հարկ է նշել, որ Իրանի դէմ իրականացուած գործողութիւններում Ազրպէյճանի ներգրաւուածութեան հարցը բաւականին զգայուն է ընկալւում Ազրպէյճանում, ինչը փաստում է նաեւ այն հանգամանքը, որ այս նիւթին անդրադարձաւ անձամբ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաճիեւը, որը մասնաւորապէս նշեց. «Վերջին շրջանում որոշ լրատուամիջոցներ եւ ընկերային ցանցերի էջեր տարածում են ամբողջովին անհիմն եւ կեղծ պնդումներ այն մասին, թէ իբր Ազրպէյճանը իսրայէլական կողմի յանձնարարութեամբ հաւաքագրել է ազրպէյճանցիների`որպէս գործակալների եւ ուղարկել Իրանի տարածք: Այս տեսակի անհեթեթ եւ երեւակայական մեղադրանքները որեւէ առնչութիւն չունեն իրականութեան հետ եւ ներկայացնում են բացայայտ ապատեղեկատուութիւն: Մենք կտրականապէս հերքում ենք նման կեղծ լուրերն ու անհիմն մեղադրանքները»:

Ազրպէյճանը պահպանել է չէզոք դիրքորոշում` յայտարարելով, որ իր տարածքը չի օգտագործուի երրորդ կողմերի դէմ գործողութիւնների համար: Այս դիրքորոշումն արտացոլուել է արտգործնախարար Ճէյհուն Պայրամովի 2025-ի յունիսի 14-ի յայտարարութիւններում, երբ նա զանգահարել է իր իրանցի գործընկեր Ապպաս Արաղչիին` վստահեցնելու, որ Ազրպէյճանը չի թոյլատրում իր տարածքի օգտագործումը որեւէ երրորդ կողմի դէմ: Այս յայտարարութիւնները ցոյց են տալիս Ազրպէյճանի փորձը` խուսափելու ուղղակի առճակատումից:

Իրանի նախկին դեսպանը Ազրպէյճանում` սէյետ Ապպաս Մուսաուին, Իսրայէլի կողմից Ազրպէյճանի օդային տարածքի օգտագործման մասին ասել է. «Իմ ծանօթութիւնը նրանց հետ ցոյց է տալիս, որ նրանք չունեն այնքան խիզախութիւն, որ նման դաւադրութիւններ կազմակերպեն` ուղղակիօրէն կամ անուղղակիօրէն Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ: Նրանք տեսել են Քաթարում Ամերիկայի ռազմախարիսխի ճակատագիրը: Իրանը չի կատակում ազգային անվտանգութեան հարցում: Եթէ այս մեղադրանքները հաստատուեն, դա կարող է համապատասխան ժամանակին եւ վայրում հետեւանքներ ունենալ նրանց համար»:

Իրանի դեսպանը Հայաստանում` Մեհտի Սոպհանին, նոյնպէս խօսել է Իսրայէլի կողմից Ազրպէյճանի օդային տարածքի հնարաւոր օգտագործման մասին` առաջացնելով Ազրպէյճանի արտգործնախարարութեան կոշտ արձագանգը: Ազրպէյճանի արտգործնախարարութիւնը Սոպհանիի յայտարարութիւնները որակել է «սադրիչ» եւ «անհիմն»` ընդգծելով, որ նման մեղադրանքները վնասում են երկու երկրների միջեւ փոխադարձ յարգանքի եւ տարածքային ամբողջականութեան վրայ հիմնուած յարաբերութիւններին:

Այս պարունակում բաւականին հետաքրքիր էր Իրանի նախագահ Մասուտ Փեզեշքեանի յուլիսի 4-ի այցը Ստեփանակերտ` Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ECO) 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս այցը, որը նրա առաջին արտասահմանեան այցն էր Իրան-Իսրայէլ հակամարտութիւնից յետոյ, կրում էր խորհրդանշական եւ ռազմավարական նշանակութիւն, չնայած այն ոչ միանշանակ ընկալուեց հասարակութեան տարբեր հատուածների կողմից:

Իրանի հասարակութեան զգալի մասը, մասնաւորապէս` իշխանամէտ եւ պահպանողական խմբերը, դրական են ընդունել Փեզեշքեանի այցը Ստեփանակերտ` այն դիտարկելով որպէս Իրանի ազգային շահերի պաշտպանութեան խորհրդանշական քայլ: Փեզեշքեանի այցը Ստեփանակերտ ընկալուել է որպէս ազդանշան Ազրպէյճանին եւ Իսրայէլին, որ Իրանը չի հանդուրժի իր սահմանների մօտ թշնամական գործողութիւններ:

Հասարակութեան մի մասի մօտ էլ այս այցը ոչ միայն քննադատութեան մեծ ալիք է բարձրացրել, այլ նաեւ մեծ հակազդեցութիւն է առաջացրել իրանական հասարակական եւ քաղաքական շրջանակներում` ընդհուպ մինչեւ այն, որ ընկերային ցանցերի պարսկալեզու տիրոյթում շրջանառւում են «քաղաքական սնանկութիւն» խորագրով գրառումներ` պահանջելով նախագահի պաշտօնանկութեան գործընթացի մեկնարկ եւ նրա հեռացում:

Այսպիսով, Իրան-Իսրայէլ պատերազմը Ազրպէյճանին դրել է բարդ ընտրութեան առջեւ: Չնայած Իսրայէլի հետ ռազմավարական կապերին, Ազրպէյճանը փորձել է խուսափել ուղղակի ներգրաւուածութիւնից` պահպանելով չէզոքութիւն: Սակայն Իրանի մեղադրանքները եւ սահմանային լարուածութիւնը խորացրել են երկու երկրների միջեւ անվստահութիւնը: Պատերազմը նաեւ ընդգծել է Ազրպէյճանի ուժանիւթային ենթակառուցուածքների խոցելիութիւնը եւ տարածաշրջանային կայունութեան կարեւորութիւնը: Իրանի կողմից հնարաւոր հակահարուածները կարող էին թիրախաւորել Ազրպէյճանի ուժանիւթային կենտրոնները, ինչպիսիք են Պաքու-Թիֆլիս-Ճէյհան (BTC) խողովակաշարը եւ Southern Gas Corridor-ը, որոնք կարեւոր են Եւրոպայի ուժանիւթային մատակարարումների համար: Ի պատասխան` Ազրպէյճանը 2025-ի յունիսի 15-ին ամրապնդել է այս կենտրոնների պաշտպանութիւնը, ներառեալ` ռազմական ներկայութեան ուժեղացումը խողովակաշարերի երկայնքով: Ուստի Ազրպէյճանը կանգնած է դիւանագիտական մարտահրաւէրի առջեւ` հաշուի առնելով Իրանի հետ յարաբերութիւնները եւ Իսրայէլի հետ ռազմավարական գործընկերութիւնը:

«Դրօշակ»

 

Նախորդը

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Յաջորդը

«Լա Լիկա». Պարսելոնա Յաղթանակով Սկսաւ

RelatedPosts

Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
Խմբագրական «Հայրենիք»-ի.  «Ի՜նչ Հիասքանչ Աշխարհ Մը…»
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. «Ի՜նչ Հիասքանչ Աշխարհ Մը…»

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?