Աւստրալիոյ թենիսի բաց մրցաշարքի Գ. հանգրուանին վեթերան Նովաք Ճոքովիչ 2 ժամ 22 վայրկեան տեւող մրցումէ մը ետք բաւական հանգիստ յաղթանակ մը արձանագրեց չեխ Թոմաս Մաքաչի դէմ (թիւ 25)` հասնելով 1/8-րդ աւարտական: Թիւ 7 դասուած Ճոքովիչ (37 տարեկան) իր դէմ պիտի ունենայ այլ չեխ մը` Յիրի Լեհեչքան (թիւ 29), որ դուրս ձգեց ֆրանսացի Պենժամեն Պոնզին` 6-2, 6-3 եւ 6-3 արդիւնքով:
Սպանացի Քարլոս Ալքարաս (թիւ 3) մօտ 3 ժամ պայքարէ ետք դուրս ձգեց փորթուգալցի Նունօ Պորկեշը (թիւ 33)` 6-2, 6-4, 6-7 եւ 6-2 արդիւնքով, եւ այժմ պիտի մրցի բրիտանացի Ճեք Տրէյփըրի դէմ (թիւ 18), որ յաջորդական 3-րդ յաղթանակը տարաւ 5 սեթերէ ետք: Տրէյփըր դուրս ձգեց աւստրալիացի Ալեքսանտր Վուքիչը (թիւ 68)` 6-4, 2-6, 5-7, 7-6 եւ 7-6 (10-8) արդիւնքով, 4 ժամ բուռն պայքարէ ետք:
Աղջկանց մրցումներուն, թիւ 1 թենիսվումըն Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) դժուար յաղթանակ մը տարաւ թիւ 42 դասուած դանիացի Քլարա Թաուսոնի վրայ` 7-6 եւ 6-4 արդիւնքով, 2 ժամ 8 վայրկեան պայքարէ ետք: Թաուսոն 5 անգամ կրցաւ Սապալենքայի սերվիսը կոտրել, բայց ի վերջոյ Սապալենքա ինքզինք գտաւ եւ յաղթեց մրցումը:
«Ամէն անգամ, որ սերվիս կորսնցնէի, ես ինծի կ՛ըսէի, թէ պիտի պարտուիմ… Բայց ի վերջոյ ձեւով մը կրցայ յաղթել այս դժուար մրցումը», ըսաւ Սապալենքա:
Թիւ 6 դասուած Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) անակնկալ պարտութիւն մը կրեց սերպ Օլկա Տանիլովիչէն (թիւ 55)` 7-6 եւ 6-1 արդիւնքով:
1/8-րդ աւարտականին Արինա Սապալենքա պիտի մրցի 17 տարեկան Միրա Անտրէեւայի դէմ (թիւ 15), որ շատ դժուար մրցակից մը կը խոստանայ ըլլալ:
Ռուս Անտրէեւա, որ Փարիզի Ողիմպիականին արծաթ մետալակիրն էր, դուրս ձգեց լեհ Մակտալենա Ֆրեչը` 6-2, 1-6 եւ 6-2 արդիւնքով:
Ստորեւ` կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ) – Ռոպերթօ Քարպայես Պաէնա (Սպանիա) 7-6, 6-2 եւ 6-0
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Նունօ Պորկեշ (Փորթուգալ) 6-2, 6-4, 6-7 եւ 6-2
Ալեքսանտր Զվերեւ (Գերմանիա) – Ճէյքըպ Ֆիրնլի (Բրիտանիա) 6-3, 6-4 եւ 6-4
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Թոմաս Մաքաչ (Չեխիա) 6-1, 6-4 եւ 6-4
Յիրի Լեհեչքա (Չեխիա) – Պենժամեն Պոնզի (Ֆրանսա) 6-2, 6-3 եւ 6-3
Ճեք Տրէյփըր (Բրիտանիա) – Ալեքսանտր Վուքիչ (Աւստրալիա) 6-4, 2-6, 5-7, 7-6 եւ 7-6 (10-8)
Տոնա Վեքիչ (Խրուաթիա) – Տիանա Շնայտըր (Ռուսիա) 7-6, 6-7 եւ 7-5
Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) – Քլարա Թաուսոն (Դանիա) 7-6, 6-4
Փաուլա Պատոսա (Սպանիա) – Մարթա Քոսթիուք (Ուքրանիա) 6-4, 4-6 եւ 6-3
Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) – Լէյլա Ֆեռնանտես (Քանատա) 6-4, 6-2
Օլկա Տանիլովիչ (Սերպիա) – Ճեսիքա Փեկուլա (Միացեալ Նահանգներ) 7-6, 6-1
Միրա Անտրէեւա (Ռուսիա) – Մակտալենա Ֆրեչ (Լեհաստան) 6-2, 1-6 եւ 6-2



