Հարցազրոյց` Արուեստի Պատմութեան Պրոֆեսոր Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուի Հետ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Լոս Անջելեսի հեղինակաւոր «Փօլ Գեթթի» թանգարանը, Դեկտեմբերի 15ին կազմակերպել էր հայ ականաւոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի գլուխգործոցներից թանգարանում պահուող 13րդ դարի Զէյթունի Աւետարանի էջերի մասնաւոր ցուցադրութիւնը: Այս բացառիկ ձեռնարկին հրաւիրեալների փոքրիկ խմբում էին նաեւ «Ասպարէզ»ի խմբագիր Արա Խաչատուրեանն ու լրագրող Նանէ Աւագեանը:
«Գեթթի»ի ձեռագրերի աւագ համադրող (curator) դոկտոր Էլիզաբեթ Մորիսոնը այցելուներին ներկայացրեց ձեռագրերի պատմութիւնը` նշելով, որ իրենց հաստատութիւնը հպարտ է ունենալու հայ Միքելանջելօ համարուող Ռոսլինի աշխատանքներից: Նա պատմեց Աւետարանի մասին, եւ թէ ինչպէս են տուեալ էջերն յայտնուել թանգարանում, այնուհետեւ մանրամասներ ներկայացրեց էջերի կառուցուածքի, գրանիւթի, բովանդակութեան մասին: Զէյթունի Աւետարանը պատկերուած է թանկարժէք մագաղաթի վրայ եւ լի է ռոսլինեան հիասքանչ արուեստին բնորոշ պատկերագրութեամբ ու մանրազնին զարդանախշերով:
«Գեթթի»ում պահուող էջերի պատկերները ոսկեզօծ խորաններ են, որտեղ գերակշռող գոյներն են կապոյտն ու կարմիրը: Իւրաքանչիւր զոյգ խորան ունի համանման, սակայն չկրկնուող զարդային յարդարանք` հիմնական բաղադրիչներով, որոնց թւում են գլխազարդի վրայ խաչի կամ աղբիւրի երկու կողմերում գտնուող թռչուններ, իսկ եզրային մասերում` ծառեր կամ թփեր: Դոկտոր Մորիսոնը տեղեկացրեց, որ Զէյթունի Աւետարանի այս էջերը «Գեթթի» թանգարանում հանրային ցուցադրութեան կարող են ներկայացուել 50 կամ 100 տարուայ ընթացքում ընդամէնը եօթ անգամ` հայ մշակոյթի այս անգնահատելի գանձերի երկարակեցութիւնն ապահովելու նպատակով:
Ձեռագիրը իւրաքանչիւր ժողովրդի հոգեւոր եւ նիւթական մշակոյթի ամենաթանկ յուշարձանն է` տարբեր գիտութիւնների, արուեստների եւ հմտութիւնների համադրման արգասիք: Ամէն ձեռագիր ոչ միայն իր ժամանակի մտածողութիւնն ու պատմութիւնն ամբարող կոթող է, նաեւ` իր ապրած տարիների, դժուարին ճանապարհի կենդանի վկայ: Հնադարեան ձեռագրերից իւրաքանչիւրը փրկուած մի վկայութիւն է մեր կորուսեալ հայրենիքի, երբեմնի շէն բնակավայրերի, ծաղկուն վանքերի, մշակոյթի եւ մեր ժողովրդի մասին: Հայկական ձեռագրերի շարքում իր իւրայատուկ պատմութեան եւ գեղարուեստական արժանիքների տեսանկիւնից բացառիկ տեղ ունի 1256 թուականին ստեղծուած Զէյթունի Աւետարանը, որը խորհրդանիշն է նաեւ հայի դիմակայելու եւ գոյատեւելու կամքի: Այս մասին էր նաեւ, ցուցադրութիւնից յետոյ, «Գեթթի»ի «Հերոլդ Ուիլեամզ Աուդիթորիում»ում`արուեստի պատմաբան, պրոֆեսոր Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուի հանրային դասախօսութիւնը: «Փրկուած առարկաներ եւ գերեվարուած վայրեր. Արուեստն ու մշակութային ժառանգութիւնը Ցեղասպանութեան ընթացքում» խորագրով ձեռնարկն անցկացւում էր «Գեթթի»ի Հետազօտական հիմնարկի խորհրդի հովանաւորութեամբ, տարին մէկ անցկացուող Թոմաս եւ Բարբարա Գեթգենզ հեղինակաւոր դասախօսութիւնների շրջանակում, որի նպատակն է ներկայացնել համաշխարհային արուեստի պատմութեան ոլորտում կատարուած առաջատար ուսումնասիրութիւնները:
Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուն իր բանախօսութիւնը սկսեց 1994 թուականին Նիւ Եորքում ցուցադրուած մանրանկարչական էջերի մասին պատմութեամբ, որոնք ներկայացուել էին որպէս արուեստի գործեր, մինչդեռ, ըստ բանախօսի, այլ կերպ պէտք է ներկայացուէին: «Հայոց Ցեղասպանութիւնն էր պատճառը, որ Զէյթունի Աւետարանից առանձնացուած էջերն ամերիկեան արուեստի ցուցահանդէսի մաս էին դարձել: Ցեղասպանութիւն, որ ոչ միայն մարդկանց բնաջնջումն էր, նաեւ` նրանց մշակոյթի ոչնչացումն ու իւրացումը: Իմ ելոյթում կը խօսեմ ցեղասպանութիւնների ազդեցութեան մասին վայրերի եւ առարկաների վրայ: Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, այն վայրերը, որոնք կապ են ունեցել հայկական մշակոյթի հետ, յատկապէս` հոգեւոր կոթողները, վերացուել են, կամ փոխակերպուել: Այդ վայրերն ու դրանց պատկանող առարկաները, որոնց կոչում ենք վերապրած առարկաներ, այս դէպքում` Զէյթունի Աւետարանի սուրբ էջերը ստացել են «նոր կեանք»` որպէս արուեստի գործեր եւ յայտնուել են թանգարաններում», ելոյթի նախաբանում նշեց Զէյթլեան Ուոթենփաուն:
Զէյթունի Աւետարանը կիլիկեան մանրանկարչութեան հռչակաւոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի կողմից առաջին ստորագրուած Աւետարանն է, որ գրուել եւ ծաղկուել է 1256թ.ին Կոստանդին Ա. Բարձրբերդցի կաթողիկոսի պատուէրով: Աւետարանի պատմութիւնն առանձնայատուկ է, ինչպէս իր գեղարուեստական արժէքը: Դարեր շարունակ, Զէյթունի Աւետարանը ձեռքից ձեռք է անցել, եւ հրաշքով փրկուել կոտորածներից, երկրաշարժներից եւ հայ ժողովրդին պատուհասած այլ արհաւիրքներից: Կաթողիկոսի մահից յետոյ, պահպանուել են Աւետարանի ճակատագրին վերաբերող հետաքրքիր տեղեկութիւններ: Մարաշի մօտ գտնուող Ֆուրնոս բնակավայրի աւերման ժամանակ, նշւում է, որ այն ձեռք է բերում Մահտեսի Յակոբ անուանումով մի անձ, ով Աւետարանը պահ է տալիս Ս. Աստուածածին եկեղեցում: Եկեղեցին, ըստ որոշ աղբիւրների գտնւում էր Զեյթունում, եւ այդ է հաւանական պատճառներից է, որ Աւետարանը յայտնի է «Զէյթունի Աւետարան» անունով: Յատկանշական է, որ Աւետարանին փրկչական ուժ են վերագրել: Բազմաթիւ յարձակումների ժամանակ, երբ գիւղեր ու քաղաքներ են աւերուել եւ մեծաթիւ զոհեր են եղել, ձեռագիրը պահպանողներն անվնաս են մնացել: Ըստ որոշ աղբիւրների, Աւետարանը հետագայում դառնում է Զէյթունի իշխանական տներից մէկի` Սուրէնեան-Բասիլոսեան իշխանների սեփականութիւնն ու պահւում է եկեղեցում: 1915 թ.ին, երբ սկսւում է Զէյթունի գաղթը, իշխանական ընտանիքն ապաստանում է Մարաշում` իր հետ տանելով նաեւ Աւետարանը: Սակայն, Թալէաթի հրահանգով, նրանք քշւում են Դէր Զօր, որտեղ եւ կոտորւում են: Նախապէս տեղեակ լինելով իշխանական ընտանիքի հետագայ ճակատագրից, ոմն Յարութիւն Տէր Ղազարեան, Սուրէնեան իշխանին համոզում է մէկ օրով Աւետարանը յանձնել իրեն, եւ այսպիսով փրկում է գիրքը: Սակայն Մարաշից փախչելու ճանապարհին, Տէր Ղազարեանի քոյրերի մօտ պահ տուած Աւետարանը կորչում է: Որոշ ժամանակ անց, մի թուրք ներկայանում է Մարաշի այդ օրերի հայոց առաջնորդին եւ նրան է վաճառում Աւետարանը` ասելով, որ կրկնուող երազներում իրեն յանձնարարուել էր գիրքը յանձնել: Այսքանով սակայն չի աւարտւում ձեռագրի ոդիսականը, քանի որ որոշ ժամանակ անց, այն յայտնւում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանում: 1961թ.ին, Պոլիս կատարած հովուապետական այցի ժամանակ, Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգէն Ա.ը ծանօթանում է սուրբ մատեանին, եւ աւելի ուշ` 1969թ.ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքից այն ստանում որպէս նուէր: Վազգէն Ա.ն էլ այն յանձնում է Մատենադարանին, որտեղ Զէյթունի Աւետարանը գտնում է իր վերջնական հանգրուանը: Շուտով սակայն, պարզ է դառնում, որ ձեռագրից թերթեր են պակասում, այն էլ ամենաարժէքաւոր` խորանների նկարազարդ թերթերը: 1940ականներին պարզւում է կորսուած էջերը գտնւում են Միացեալ Նահանգներում` Հայոց Ցեղասպանութիւնը վերապրած Ադամեաններրի ընտանիքում, որտեղից էլ սկիզբ է առնում այս էջերի ամերիկեան ոդիսականը:
«Միջնադարեան ձեռագրի ժամանակակից կեանքը` ցեղասպանութիւնից մինչեւ արդարադատութիւն սկսւում է 2010 թուականի Յունիսի 1ից, Լոս Անջելեսի Գերագոյն դատարանում: Այդ օրը Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմը «Ջ. Փօլ Գեթթի» թանգարանին դատի էր տուել` պահանջելով վերադարձնել 13րդ դարի հայկական աւետարանի պատկերազարդ էջերը», գրում է Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուն իր «Կորած Էջեր» գրքում, որի գրելու դրդապատճառը Զէյթունի Աւետարանի պատմութեան ուսումնասիրութիւնն էր` Կիլիկիան թագաւորութիւնից մինչեւ Արեւմտեան Հայաստան, Սիրիա, Մեսեչուսեց եւ Լոս Անջելես: «Երբ լսեցի դատական հայցի մասին, ցանկացայ մասնակցել ընթացող քննարկումներին, որովհետեւ այն շատ առումներով ինձ էլ էր առնչւում` որպէս արուեստի պատմաբան, «Գեթթի»ի երբեմնի աշխատակից, եւ նաեւ այն, որ Հայոց Ցեղասպանութիւնն իմ անձնական պատմութեան մասն է», «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշում է Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուն` «Եու. Սի.» Դէյվիսի Կալիֆորնիայի համալսարանի արուեստի պատմութեան պրոֆեսորը, ում հիմնական հետազօտութիւնները կենտրոնացած են Միջին Արեւելքի դիտողական մշակոյթների, յատկապէս` ճարտարապետութեան պահպանութեան, թանգարանների եւ մշակութային ժառանգութեան պատմութեան ուղղութեամբ:
Ստորեւ՝ «Ասպարէզ»ի զրոյցը Հեղնար Զէյթլեան Ուոթենփաուի հետ.
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք ծաւալուն ուսումնասիրութիւն էք կատարել Զէյթունի Աւետարանի մասին: Ինչպէ՞ս կորսուած էջերը յայտնուեցին «Գեթթի» թանգարանում:
ՀԵՂՆԱՐ ԶԷՅԹԼԵԱՆ ՈՒՈԹԵՆՓԱՈՒ.- «Գեթթի» թանգարանի դէմ դատական հայցի մասին տեղեկացայ թերթից, եւ շատ զարմացած ու հետաքրքրուած էի, քանի որ ոչինչ չգիտէի Զէյթունի Աւետարանի այդ էջերի մասին: Ցանկացայ աւելին տեղեկանալ, եւ այդպէս սկսուեց իմ ուսումնասիրութիւնը, որ դարձաւ գիրք եւ հրատարակուեց 2019 թուականին: Այն Աւետարանի իւրատեսակ կենսագրութիւնն է՝ 1256 թուականից մինչեւ դատական հայցը:
Միացեալ Նահանգներում Աւետարանի էջերը յայտնուել են Ցեղասպանութիւնը վերապրած Ադամեան ընտանիքի միջոցով: Մարաշում, ձեռագրի` ձեռքից-ձեռք անցնելու ընթացքում, այն յայտնւում է Ադամեանների ընտանիքում, եւ նրանք համոզուած լինելով, որ գաղթի ճանապարհին իրենց կը կողոպտեն, որոշում են այն թողնել ամերիկեան մի միսիոների մօտ: Ընտանիքի կրտսեր որդին սակայն, չի ցանկանում հրաժարուել Աւետարանից, եւ մի քանի էջ առանձնացնում է ու վերցնում իր հետ: Ընտանիքը ժամանում է Ամերիկա 1924թ.ին, ինչի մասին տեղեկութիւն կայ Էլիս Այլընդ կղզու գրանցամատեանում: Ադամեանների համար այդ էջերը հայրենիքից բերուած սուրբ մասունք էին, եւ նրանք չէին պատրաստւում դրանք վաճառել: Այսպիսով, մինչեւ 1990ականները, դրանք մնում են Մեսեչուսեցում, Ադամեանների ընտանիքում, մինչ ժառանգներից`Գիլ Ադամեանը որոշում է պարզել, թէ էջերն ինչ են իրենցից ներկայացնում: Արդիւնքում, Աւետարանի կորսուած էջերը, 1994 թուականին առաջին անգամ ցուցադրւում են Նիւ Եորքում` «Գանձեր Երկնքից» ցուցահանդէսում: Մասնագէտներն այստեղ բացայայտում են, որ դրանք պատկանում են Թորոս Ռոսլինին: 1994 թուականին «Գեթթի» թանգարանը գնում է դրանք Գիլ Ադամեանից շուրջ մէկ միլիոն դոլարով:
2010 թուականին Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմը դատական հայց է ներկայացնում «Գեթթի»ի դէմ` պահանջելով վերադարձնել Զէյթունի Աւետարանից պատռուած եւ յափշտակուած նկարազարդ էջերը: Իր հերթին, թանգարանը պնդում էր, որ դրանք գնել է օրինական ճանապարհով: Երկար դատական վէճերից յետոյ, 2015թ.ի Սեպտեմբերին, կողմերը համաձայնութեան եկան, եւ դատական վճռով որոշուեց, որ էջերը կը մնան թանգարանում, սակայն դրա սեփականատէր է ճանաչուելու եկեղեցին: Թանգարանը յայտարարեց, որ մեծ պատիւ է համարում ունենալ հայկական արուեստի եզակի այդ նմուշները եւ փոխեց էջերի ծագման մասին բնորոշումը` նշելով, «Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ընծայ` ըստ ձեռք բերուած համաձայնութեան»:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում դատարանի վճիռը: Աւետարանի էջերը չվերադարձուեցին, սակայն մնալով «Գեթթի»ում դարձան հայ մշակոյթի իւրատեսակ դեսպաններ:
ՀԵՂՆԱՐ ԶԷՅԹԼԵԱՆ ՈՒՈԹԵՆՓԱՈՒ.- Կարծում եմ, ամենակարեւորն այն է, որ կողմերի միջեւ կայացաւ զրոյց եւ համաձայնութիւն, որ էջերը կրօնական առարկայ են եւ պատկանում են հայոց եկեղեցուն: «Գեթթի»ի համար նոյնպէս կարեւոր էր ճիշդ տեղեկութիւններ ունենալ թանգարանում պահուող նիւթերի մասին: Կան կարծիքներ, որ էջերը պէտք է վերադարձուէին, բայց պէտք է յիշել, որ Հայաստանի Հանրապետութիւնը դատին մասնակից չի եղել:
Մենք ցանկանում ենք, որ այդ էջերի մասին հոգ տարուի, եւ ներկայացուի սերունդներին, եւ «Գեթթի»ն ունի դրանք պահպանելու հիանալի միջոցներ: Համաձայն եմ կարծիքին, որ այս տեսակի ստեղծագործութիւնները նման են հայկական մշակոյթի դեսպանների նման մեծ թանգարաններում, որովհետեւ դեսպանը նաեւ երկխօսութիւն խթանելու, ներգրաւուածութիւն ապահովելու առաքելութիւն ունի: Ես ցանկանում եմ, որ «Գեթթի»ի նման հեղինակաւոր հաստատութիւնն աւելի մեծ ներգրաւուածութիւն ունենայ հայ համայնքի հետ տարբեր մակարդակներում` միջնադարեան արուեստից բացի, նաեւ ներկայի մարտահրաւէրների մասով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Զէյթունի Աւետարանի էջերն առիթ դարձան ձեր համար ծաւալուն ուսումնասիրութեան, որ աշխարհին ներկայացրեց Հայոց Ցեղասպանութիւնն այլ հարթութիւնում:
ՀԵՂՆԱՐ ԶԷՅԹԼԵԱՆ ՈՒՈԹԵՆՓԱՈՒ.- Ես հետաքրքրուեցի այս դատական հայցով` աւելի լաւ հասկանալու, թէ ինչ կատարուեց Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ մեր հարուստ մշակոյթի հետ: Հայերս, գիտենք, թէ որքան մեծ է աւերածութիւնների չափը, նկատի ունեմ, որ իւրաքանչիւր ընտանիք ունի տուն, ունեցուածք կորցնելու պատմութիւն, տեղեակ է, թէ որքան եկեղեցիներ ու մշակութային եւ հոգեւոր արժէքներ են այրուել կամ թալանուել: Բայց փորձեցի համակարգուած մօտենալ այս հարցին`հասկանալու իրական ծաւալները, որոնց մասին տեղեկատուութիւնը շատ չէր: Ուրախ էի բացայայտելու նախկինում գիտնականների կատարած աշխատանքը, սակայն կարեւոր է, թէ ինչպէս ենք մենք այս հարցերին մօտենում այժմ, երբ ունենք, հետազօտութեան համար նոր, տարբեր գործիքներ ու մեթոդներ: Սա հսկայական թեմա է, իսկ իմ գիրքը միայն մէկ առարկայի մասին է, մինչդեռ կան շատ այլ պատմութիւններ, որոնք պէտք է պատմել: Այս դատավարութիւնն ինձ մղեց ստեղծել Հայոց Ցեղասպանութեան մասին պատմութիւն այն հարթութեան վրայ, որը խորութեամբ չէի գնահատել նախկինում`օրինակ, թէ որքան խորն ու կործանարար էր հայկական մշակոյթի ոչնչացումը, եւ սա առաւել կարեւոր է դարձնում պահպանուած առարկաների գոյութիւնը: Նաեւ հասկացայ, թէ ինչու էր մեր եկեղեցու համար այդքան կարեւոր, որպէսզի «Գեթթի»ն ճանաչի այս ձեռագրի իրական պատմութիւնը, որ այն կրօնական առարկայ էր, եւ պատկանում էր եկեղեցուն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Գեթթի» թանգարանը բարձր է գնահատում հայ մշակութային ժառանգութիւնը, ինչի մասին մասնաւոր զրոյցում եւս մէկ անգամ նշեցին հաստատութեան բարձրաստիճան ներկայացուցիչները:
ՀԵՂՆԱՐ ԶԵՅԹԼԵԱՆ ՈՒՈԹԵՆՓԱՈՒ.- «Գեթթի»ի սկզբունք է` հաւաքել միջնադարեան արուեստի միայն գլուխգործոցներ, այլ ոչ թէ ուղղակի լաւ գործեր: Այսպիսով, երբ 1994ին թանգարանը հնարաւորութիւն ունեցաւ գնելու Թորոս Ռոսլինի ստեղծագործութիւնը, նրանք միանգամից դա արեցին, քանզի Ռոսլինը արուեստի աշխարհում ճանաչուած է որպէս հայ Միքելանջելօ:
«Գեթթի»ն ունի հայկական ձեռագրերի փոքրիկ, բայց շատ արժէքաւոր հաւաքածու: Դրանց շարքում է նաեւ 17րդ դարի մանրանկարիչ Խիզանի Մեսրոպի հրաշալի աւետարանը: Նրանք շարունակում են հաւաքել միջնադարեան ձեռագրեր` այդ թւում հայկական, որոնք ձեռք են բերում արուեստի շուկայում կամ մասնաւոր վաճառքի միջոցով, այսինքն` դա հանրային աճուրդ չէ, բայց լիովին օրինական է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Գեթթի»ի հետազօտական կենտրոնը մեծ կարեւորութիւն տուեց նաեւ ձեր ուսումնասիրութեանը, եւ ձեզ ընտրեցին որպէս ամէնամեայ հեղինակաւոր դասախօսութեան բանախօս: Ի՞նչ նշանակութիւն ունէր այս նախաձեռնութիւնը:
ՀԵՂՆԱՐ ԶԷՅԹԼԵԱՆ ՈՒՈԹԵՆՓԱՈՒ.- «Գեթթի»ի թանգարանն աշխարհի արուեստի ամենահարուստ հաստատութիւններից է, եւ նրանք կարող են նպաստել մեր մշակութային ժառանգութեան հանրահռչակմանն ու դրանց պաշտպանութեան հարցերի արծարծմանը: Այս առումով նաեւ, մեծ նշանակութիւն ունէր, որ որպէս համաշխարհային արուեստի պատմութեան ոլորտում առաջատար հետազօտութիւն, «Գեթթի»ի Հետազօտական հիմնարկի խորհուրդը` Թոմաս եւ Բարբարա Գէյթգենների «Gaehtgens Lecture» դասախօսութիւնների շրջանակներում ընտրել էր ինձ: Ես շատ ուրախ էի, որ այս տարի ինձ էին ընտրել, եւ նաեւ հաճելիօրէն զարմացած՝ հաշուի առնելով դատավարութեան փաստը, որտեղ ես մասնակցել էի, սակայն բաւական ժամանակ է անցել, եւ այս նախաձեռնութիւնը վկայեց, որ պատրաստ ենք զրուցելու եւ համագործակցելու: Իմ ելոյթում էլ անդրադարձայ համայնքի եւ թանգարանի միջեւ համագործակցութեան կարեւորութեանն ու անհրաժեշտութեանը: Եւ այս առումով էլ, կարծում եմ, որ աներեւակայելի դրական քայլ էր «Գեթթի»ի կողմից, եւ ուրախալի էր նաեւ համայնքի լայն արձագանգը, ինչի արդիւնքում դասախօսութեան վայրը տեղափոխուեց աւելի մեծ սրահ: Դա նշան էր, որ հայ համայնքն հետաքրքրուած է, եւ թանգարանը պէտք է ընդլայնի մեր համայնքի ներգրաւումը: Յուսով եմ, որ սա կը լինի հայկական բազմատեսակ նիւթերի շուրջ «Գեթթի»ի եւ հայկական հաստատութիւնների համատեղ նախագծերի սկիզբը:
Չափազանց կարեւորում եմ նաեւ, որ 2020 թուականին «Գեթթի» թանգարանը յայտարարութիւն տարածեց ի աջակցութիւն Արցախում հայկական ժառանգութեան պաշտպանութեանը: Մարդիկ ասում են, որ այդ յայտարարութիւնները պարզապէս թուղթ են: Այո, դա թուղթ է, բայց ամէն ինչ սկսւում է թղթից, դա ներգրաւման սկիզբն է, եւ մեր խնդիրն է հետեւողական լինելը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ելոյթում անդրադարձաք Արցախի ցեղասպանութեանը` ընդգծելով մշակութային արժէքների ոչնչացման դէպքերը, որոնք շարունակւում են այսօր էլ: Որքանո՞վ է կարեւոր մշակութային ոլորտի գործիչների, պատմաբանների արձագանգը, ներգրաւումը նման սպառնալիքների պարագայում:
ՀԵՂՆԱՐ ԶԷՅԹԼԵԱՆ ՈՒՈԹԵՆՓԱՈՒ.- 2020 թուականին սկիզբ առած արցախեան պատերազմը, որը գագաթնակէտին հասաւ 2023 թուականի աշնանը` Ադրբեջանի կողմից հայերի ցեղային զտումով, շատերն անուանում են Հայոց երկրորդ ցեղասպանութիւն: Հայկական մշակութային եւ կրօնական նշանակութեան վայրերի միտումնաւոր ոչնչացումն Ադրբեջանի քաղաքականութեան առանձնայատկութիւններից է: Եւ մենք գիտակցում ենք, որ մշակոյթը կարող է վերանալ, եւ այն չվերականգնուող աղբիւր է, ինչպէս ասում են` երբ միջնադարեան եկեղեցին քանդւում է, այն անհետանում է ընդմիշտ: Արցախեան դէպքերը պատճառ դարձան տարբեր միջազգային ատեաններում դատավարութիւնների, որոնց նպատակը, ի թիւս այլ հարցերի` կանխել մշակութային ժառանգութեան ոչնչացումն ու պատասխանատուութիւն պահանջել այդ ժառանգութեան դէմ նախկինում կատարուած յանցագործութիւնների համար:
Ականատեսը լինելով, թէ ինչ է կատարւում Արցախում, ինչ է կատարուել Ջուղայում, պատերազմից յետոյ, փորձում էի գտնել ձեւեր, թէ ինչպէս կարող եմ նպաստել` ուշադրութիւնը կենտրոնացնելու Արցախի յուշարձանների վերացման վտանգի, Նախիջեւանի յուշարձանների նկատմամբ արդէն իսկ տեղի ունեցած յանցագործութեան վրայ: Մաս եմ կազմում աշխարհասփիւռ հայ գիտնականների համագործակցութեամբ ստեղծուած նախագծերի, որոնք զբաղւում են յատկապէս մշակութային ժառանգութեան խնդիրներով, եւ դրանց շարքում մեծ տեղ ունի օրինակ Համլէտ Պետրոսեանի` «Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» ծրագիրը:
Ներկայում ներգրաւուած եմ նաեւ մի նախագծում, որ առնչւում է ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանում Ադրբեջանի դէմ Հայաստանի ներկայացրած հայցին: Դատական գործընթացում, փաստաբաններն ու արուեստի պատմաբանները շատ տարբեր մօտեցումներ ունեն ապացոյցների, հետազօտութեան նկատմամբ: Այս գործի շրջանակներում ընկերացել եմ բազմաթիւ իրաւաբանների հետ, եւ կարծում եմ, որ նման հարցերի դէպքում կարեւոր է համագործակցութեան որոշակի աստիճան ունենալ: Որպէս արուեստի պատմաբաններ, մեր աշխատանքը երբեմն կարող է լինել վերացական, հեռացուած առօրեայ կեանքից, բայց ընթացիկ իրադարձութիւններն ինձ ստիպեցին գիտակցել, որ նաեւ մենք պատասխանատուութիւն ունենք, քանի որ մշակոյթի կամ ճարտարապետութեան գործերը, որ ուսումնասիրում ենք` կարող են անհետանալ, եւ մենք պէտք է դրա դէմ պայքարի մասը կազմենք:
«Ասպարէզ»