«Չեմփիընզ լիկ»-ի 5-րդ շաբթուան մրցումները ամբողջացան չորեքշաբթի գիշեր, եւ Լիվըրփուլ իր դաշտին վրայ պարտութեան մատնեց ախոյեան Ռէալ Մատրիտը` 2-0 արդիւնքով: Լիվըրփուլ իր յաղթանակներու շարքը շարունակեց եւ արձանագրեց իր յաջորդական 5-րդ յաղթանակը` «Չեմփիընզ լիկ»-ի մէջ, առանձին գրաւելով պարագլուխի դիրքը եւ ձեռք ձգելով ամբողջական 15 կէտերը: Մինչ Ռէալ Մատրիտ, որուն վիրաւորներու ցանկը բաւական երկար է, վերջին 5 մրցումներուն իր 3-րդ պարտութիւնը կրեց:
Լիվըրփուլ վերջին անգամ 2009-ին յաղթած էր Ռէալին (4-0), որմէ ետք ընդհանրապէս Ռէալ կը յաղթէր «Չեմփիընզ լիկ»-ի ճակատումներուն, ինչպէս պատահած էր 2018-ի եւ 2022-ի «Չեմփիընզ լիկ»-ի աւարտականներուն:
Առաջին կիսախաղը սպիտակ հաւասարութեամբ աւարտելէ ետք Լիվըրփուլ աւելի սկսաւ ճնշել Ռէալի բերդին վրայ, եւ արժանթինցի միջնապահ Ալեքսիս Մաքալիսթըր 52-րդ վայրկեանին բացաւ մրցումին հաշիւը` 21 տարեկան Քոնըր Պրատլիի փոխանցումէն օգտուելով: Պրատլի, որ աջ ծայրի յետսապահ դիրքին վրայ կը խաղար, շատ լաւ ելոյթ ունեցաւ եւ քանի մը անգամ կրցաւ զսպել Քելիան Էմպափէի յարձակումները: 59-րդ վայրկեանին ձախ կողմի յետսապահ Էնտրու Ռոպերթսոնի ֆաուլէն ետք, Ռէալ Մատրիտ շահեցաւ փենալթի մը: Էմպափէ լաւ ձեւով հարուածեց, սակայն Լիփըրվուլի պահեստի բերդապահ Քելեհըր ձախ կողմ ցատկելով զսպեց փենալթին: 10 վայրկեան ետք, այս անգամ Ռէալ Մատրիտի ձախ յետսապահ Ֆերլան Մենտիի կոշտ ֆաուլէն ետք, Լիվըրփուլ ձեռք ձգեց փենալթի մը, որ Սալահ արագօրէն հարուածեց դէպի Քորթուայի բերդին աջ կողմը, բայց… գնդակը դպնալէ ետք Ռէալի բերդի սիւնին դուրս ուղղուեցաւ:
76-րդ վայրկեանին Էնտրու Ռոպերթսոնի օդէն փոխանցումէն ետք Քոտի Կաքփօ գլխու հարուածով նշանակեց Լիվըրփուլի 2-րդ կոլը: 90 վայրկեաններէն ետք, նախ Լիվըրփուլ Լուի Տիասի միջոցով, ապա Ռէալ Վասքեսի եւ Տիասի շնորհիւ ստոյգ առիթներ կորսնցուցին մրցումին արդիւնքը փոխելու, բայց մրցումը վերջ գտաւ 2-0 արդիւնքով::»
Պէտք է ըսել, որ Ռէալ ժխտական մրցանիշ մը ձեռք ձգեց` կրելով իր 3-րդ պարտութիւնը իբրեւ ախոյեան` խմբակի խաղերու գծով, մտնելով «Չեմփիընզ լիկ»-ի մրցանիշներու ցանկին մէջ: Ռէալ այժմ 24-րդ դիրքը կը գրաւէ եւ տակաւին ունի 3 մրցումներ Աթալանթայի, Զալցպուրկի եւ Պրեսթի դէմ:
Օրուան անակնկալ արդիւնքներէն մէկն էր Մոնաքոյի պարտութիւնը իր դաշտին վրայ Պենֆիքային դէմ, երբ 2-1 արդիւնքով կը յաղթէր: Պենֆիքա վերջին 6 վայրկեաններուն կրցաւ 10 հոգիով 2 կոլ նշանակել Մոնաքոյին դէմ, որուն կեդրոնի յետսապահ Վիլֆրետ Սինկօ 2 դեղին քարտեր ստացաւ եւ հեռացուեցաւ դաշտէն` 58-րդ վայրկեանին:
Կարմիր աստղ Պելկրատ իր կարգին անակնկալ պարտութեան մատնեց Գերմանիոյ անցեալ տարուան փոխախոյեան Շթութկարթը 5-1 արդիւնքով:
Իր նախորդ 4 մրցումները պարտուած Սերպիոյ ախոյեանը իր առաջին 3 կէտերը ձեռք ձգեց այս մրցաշարքին:
Տինամօ Զաղրեպ Խրուաթիոյ մէջ 3-0 արդիւնքով ծանր պարտութիւն մը կրեց գերմանական Պորուսիա Տորթմունտէն:
Ստորեւ կը ներկայացնենք 5-րդ շաբթուան մրցումներուն արդիւնքները եւ ընդհանուր դասաւորումը 5 մրցումներէ ետք` նկատի ունենալով, որ տակաւին երեք մրցում պիտի կատարեն բոլոր խումբերը.
Տինամօ Զաղրեպ – Տորթմունտ 0-3
Լիվըրփուլ – Ռէալ Մատրիտ 2-0
Սելթիք – Ֆ.Ք.Պրիւժ 1-1
Մոնաքօ – Պենֆիքա 2-3
Ասթոն Վիլա – Եուվենթուս 0-0
Փ.Ս.Վ. Այնտհովըն – Շախթիոր Տոնեցք 3-2
Պոլոնիա – Լիլ 1-2
Կարմիր Աստղ Պելկրատ – Շթութկարթ 5-1
Շթուրմ Կրաց – Ժերոնա 1-0
Մանչեսթըր Սիթի – Ֆեյենուրտ 3-3
Ինթեր Միլան – Ռետ Պուլ Լայփցիկ 1-0
Պայերն Միւնիխ – Փարիզ Սեն Ժերմեն 1-0
Պարսելոնա – Պրեսթ 3-0
Եանկ Պոյզ Պեռն – Աթալանթա 1-6
Պայեր Լեւերքուզըն – Ռետ Պուլ Զալցպուրկ 5-0
Սփորթինկ Լիզպոն – Արսենալ 1-5
Սփարթա Փրակա – Աթլեթիքօ Մատրիտ 0-6
Սլովան Պրաթիսլաւա – Ա.Սէ.Միլան 2-3
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | Կէտ |
| 1 – Լիվըրփուլ | 15 (12-1) |
| 2 – Ինթեր Միլան | 13 (7-0) |
| 3 – Պարսելոնա | 12 (18-5) |
| 4 – Տորթմունտ | 12 (16-6) |
| 5 – Աթալանթա | 11 (11-1) |
| 6 – Պայեր Լեւերքուզըն | 10 (11-5) |
| 7 – Արսենալ | 10 (8-2) |
| 8 – Մոնաքօ | 10 (12-7) |
| 9 – Ասթոն Վիլա | 10 (6-1) |
| 10 – Սփորթինկ Լիզպոն | 10 (10-7) |
| 11 – Պրեսթ | 10 (9-6) |
| 12 – Լիլ | 10 (7-5) |
| 13 – Պայերն Միւնիխ | 9 (12-7) |
| 14 – Պենֆիքա | 9 (10-7) |
| 15 – Աթլեթիքօ Մատրիտ | 9 (11-9) |
| 16 – Ա.Սէ.Միլան | 9 (10-8) |
| 17 – Մանչեսթըր Սիթի | 8 (13-7) |
| 18 – Փ.Ս.Վ. Այնտհովըն | 8 (10-7) |
| 19 – Եուվենթուս | 8 (7-5) |
| 20 – Սելթիք | 8 (10-10) |
| 21 – Ֆեյենուրտ | 7 (10-13) |
| 22 – Ֆ.Ք. Պրիւժ | 7 (4-7) |
| 23 – Տինամօ Զաղրեպ) | 7 (10-15) |
| 24 – Ռէալ Մատրիտ | 6 (9-9) |
| 25 – Փարիզ Սեն Ժերմեն | 4 (3-6) |
| 26 – Շախթիոր Տոնեցք | 4 (4-8) |
| 27 – Շթութկարթ | 4 (4-11) |
| 28 – Սփարթա Փրակա | 4 (5-14) |
| 29 – Շթուրմ Կրաց | 3 (2-6) |
| 30 – Ժիրոնա | 3 (4-9) |
| 31 – Կարմիր Աստղ Պելկրատ) | 3 (9-17) |
| 32 – Ռետ Պուլ Զալցպուրկ | 3 (3-15) |
| 33 – Պոլոնիա | 1 (1-7) |
| 34 – Ռետ Պուլ Լայփցիկ | 0 (4-10) |
| 35 – Սլովան Պրաթիսլաւա 36 – Եանկ Պոյզ Պեռն | 0 (4-18 0 (2-17) |


