ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
Աքաղաղներն ասես մի բան գիտէին, ձեն-ձենի տուած` կանչել սկսեցին, երբ մութը դեռ խորը քնած էր թաւուտներում: Ջոկատը գիւղից հեռու էր արդէն, երբ գոմի դռները ջարդող կենդանիների մայունների ու բառաչների արձագանգները, դիմացի սարին դիպչելով, մասնատուեցին հազար բեկորների ու տարածուեցին կանաչ սարահարթերով ու երկնած դաշտերով: Իրենց տարածքներ ներխուժած ձայներից արթնացած թռչունները քչփչալ սկսեցին ձորաբերաններով, մացառուտներով ու ծառերի մէջ սեղմուած արահետներով լուռումունջ առաջ շարժուող մարդկանց մասին: Գիշերուայ շաղը հագուստը թրջում էր մինչեւ ծնկները` շուրջը տարածելով գարնան թարմ կանաչի բոյրը: Ինչ-որ տեղ ձորում, մանկան պէս, թնկթնկում էր քնահարամ առուն: Աղջամուղջի ետ քաշուող վարագոյրը բացայայտում էր կանաչ բլուրների, եւ ծաղկափթիթ դաշտերի ու մարգագետինների թատերաբեմը: Ծմակների գորշութեան մէջ տամկահոտ մամուռն ու խոնաւ փայտը թաքցնում էին ինչ-որ հին ու կարեւոր ասելիք: Անտառապատ լեռների վրայ մէջքը շտկող քնատ հսկայի կերպարանքով մուժը ակնարկում էր այս յաւիտենական եւ անյատակ անեզրութեան խորքերում ապրող խորհրդաւոր եւ անպարտելի ոգու գոյութեան մասին: Ամպերից պոկուեց եւ արթնացող օրուայ վրայ դանդաղ թեւածեց միայնակ արծիւը: Թեւածեց դանդաղ, հպարտ, իշխելով ընդարձակ համայնապատկերի վրայ, ասես` լայնատարած թեւերին կրելով ազատութեան շունչը: Հրամանատարը հրահանգեց մարել ծխախոտները, շշուկները դադարեցնել եւ երեք մասի բաժանուած, դիմահայեաց լեռնանման բլրի տեսադաշտից խուսափելով, ոլորապտոյտ շրջանցումներով հասնել նախօրօք ճշդուած դիրքեր:
Փոթորկին նախորդող լիցքաւորուած անդորրի պահն էր: Արեւի արծաթ շողերը բլուրից սահելով` փորձում էին բացայայտել ջոկատի դիրքերը:
Հրամանատարը եւս մէկ անգամ հեռադիտակով զննեց շրջապատը, ուսումնասիրեց շարժի նշաններ ցոյց չտուող թշնամական յենակէտերը եւ դիմացի երփներանգ դաշտին հպանցիկ հայեացք նետելով` գլխով խօսուն շարժում արեց երգչի կողմը: Երգիչն ուսից վար բերեց ինքնաձիգը ու բռունցքած աջը վեր պարզած գոչեց.
Յառաջ, նահատակ ցեղի անմահներ,
Վեց դարու անմոռ վրէժի զրահներ,
Կատարն հայրենի լեռանց հեռագոյն`
Երթանք կոթողել դրօշակն եռագոյն:
Անմահներ բառի հետ ճարճատեց գնդացիրը, ու երգը փամփուշտի ծայրին գնաց-հասաւ խոժոռ բլրի գագաթը: Գնդացրին աջից ու ձախից ձայնակցեցին ինքնաձիգների կրակահերթերը, եւ այս ահարկու աղմուկից բարձր սիզախոտի մէջ առաւօտեան քուջուջն անող կարմրատոտիկ կաքաւները գլխապատառ նետուեցին տարբեր կողմեր: Քիչ անց, բլրի գագաթից դիմացի մարգագետնի մանր բլրակների ու սակաւախիտ անտառի վրայ տեղաց գնդակների կարկուտը: Դժուար չէր հասկանալը, որ հակառակորդը սպասում էր այս յարձակմանը եւ զինապաշարի առումով գերազանցում էր յարձակուողներին: Նրա գլխաւոր առաւելութիւնը բարձր եւ իշխող դիրքն էր, որտեղից թիրախի տակ էր առնելու առաջխաղացման իւրաքանչիւր փորձ: Նա նաեւ խրամատներ ու պաշտպանական այլ կառոյցներ էր ստեղծել, ինչը գրեթէ անիմաստ էր անելը նրա համար, ում խնդիրը անակնկալ յարձակումն ու առաջխաղացումն էր` գրաւելու նպատակով մի քանի գիւղերի ու ճանապարհների վրայ իշխող, ռազմավարական նշանակութեան բլուրը: Հրամանատարը, յամենայն դէպս, կրակային առաջին հակագրոհից յետոյ գոհունակութեամբ արձանագրեց իր համար, որ դիրքերն ու մարտիկների տեղաբաշխումը վատ չէր արուած: Նա ականջը սրած, փորձում էր հասկանալ` որքան ճշդօրէն են մարտիկները կատարում հրամանը, երբ ինքն էլ շատ յստակ չէր պատկերացնում, թէ ինչպէ՛ս կարելի է ե՛ւ փամփուշտը խնայել եւ` չզիջել նախաձեռնութիւնը, հակառակորդին ազատ գործելու հնարաւորութիւն չընձեռել: Պարբերաբար մարող եւ կատաղութեամբ բռնկուող կրակահերթերը մօտ երկու ժամ յաջորդում էին իրար: Հրամանատարը անցնում էր դիրքից-դիրք` ստուգելով տղերքի ոգին եւ դիրքապահ խմբերի կազմակերպական վիճակը: Հրամանատարը հարուածող ուժը կենտրոնացրել էր կենտրոնում, որտեղից պէտք էր կարողանար թեւերին օժանդակութիւն հասցնել, հարուածը վերցնել իր վրայ եւ, միաժամանակ, ճեղքումը նախաձեռնէր: Մարգագետինը յաղթահարելու դէպքում բլուրի գագաթ տանող լանջի կուզի նման գոգաւորութիւնը կը պաշտպանէր վերեւից տեղացող գնդակներից, իսկ այդ ընթացքում, դիմացի կրակակէտերը առնելով կրակի տակ, հնարաւորութիւն կը ստեղծուէր, որ աջ ու ձախ թեւերից տղերքն առաջանային: Գնդացրորդը սկսել էր նեարդայնանալ չճկուող դիմակայութիւնից:
– Շա՛ն որդի, ինձ չե՞ս տեսնում, որ կակաչներն ես հնձում: Ախր կակաչը գարունն է, գարունն ինչո՞ւ ես սպաննում: Հրամանատա՛ր, թոյլ տուր դիրքս փոխեմ, դիմացինս քոռ է, հասնեմ մինչեւ բլրի ստորոտը, թէ չէ սա դաշտում կակաչ չի թողնի:
– Առանց հրամանի ոչ ոք չշարժուի տեղից,- գոռում էր հրամանատարը:
Մենք քաջ տոհմի զաւակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջութիւն,
Ինչ էլ որ լինի` չենք հանդուրժի պարտութիւն:
Ուրեմն` առաջ զարկենք թմբուկ յաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատուական,
Թող իմանան` մենք չենք դառնայ խաղալիք,
Այնպէս պիտ ծեծենք, որ յիշեն հօր հարսանիք:
Երգիչն ինքն էր իր տեղն ընտրել եւ ընտրել էր այնպէս հմտօրէն, որ երգը սաւառնում էր մարտադաշտի վրայով, հասնում էր դիրքերը ու գլորւում էր դէպի աջ թեւի անդնդախոր կիրճն ու ձախ թեւի ձորակը:
Տղերքը կրակահերթերն արձակում էին երգի կշռոյթի հետ: Երբեմն նրանց թւում էր, որ ոչ թէ Երգիչն է երգում, այլ` զէնքերի փողերը:
Արեւն սկսել էր վեր մագլցել` թէժացնելով առանց այն էլ տաք մթնոլորտը: Հակառակորդի անընդհատ կրակը ինչ-որ պահի սկսեց վերածուել մարող տեղատարափի:
Հաւանական է ինչ-որ բան են մտմտում, խորհեց Հրամանատարը: Մօտ քառասուն րոպէ անց հայհոյախառը աղմուկն ու անկանոն, խառը կրակահերթերը պայթեցին աջ թեւում: Կարծես թէ արդարանում էին Հրամանատարի մտավախութիւնները: Հակառակորդը, ըստ երեւոյթին, փորձելու էր իրենց դիրքերը շրջանցել թեւերից ու թէեւ իր ընտրած տարածքը երկու կողմերից սեղմուած էր կիրճով ու ձորակով, բայց պատերազմական գործողութիւնների ժամանակ սա չկաշկանդող եւ ոչ վճռորոշ հանգամանք էր, ինչն էլ այդ պահին կարծես փաստւում էր: Հրամանատարը աջ թեւի դասակի տղերքի նուիրուածութեանը չէր կասկածում, բայց ի սկզբանէ մտահոգ էր, թէ փորձառութեան պակասը արդեօ՞ք վատ դեր չի խաղայ: Այնտեղ էին Արջը, Դանդուռ Արմոն, Ճուտը, Լոլոզը, Բուդեոնին ու միւսները` Սիրուն Սամոյի գլխաւորութեամբ: Սիրուն Սամոն իրենց էր միացել ուսումը կիսատ` փախչելով Ռեազանի օդատեսանթային ուսումնարանից: Զինուորական այդ դպրոցի տղերքի հմտութիւններին ու քաջութեանը Հրամանատարը ծանօթ էր դեռ Աֆղանստանից եւ հիմա հաշուարկել էր, որ Սիրուն Սամոյի սառնասրտութիւնն ու կողմնորոշուելու կարողութիւնը պիտի լրացնէին դասակի տղերքի անփորձութեան բացը: Ի հարկէ Հրամանատարը կարող էր աւելի ուժեղ թեւ ձեւաւորել, բայց դա կարող էր անել եղած պաշարները հաշուի առնելով եւ ոչ միւս ուղղութիւնների հաշուին: Միւս կողմից` տեղի ունեցողը կարող էր լինել կեղծ թիրախաւորում` ուշադրութիւնը շեղելու եւ այլ թեւում հիմնական հարուածը հասցնելու նպատակով:
Հրամանատարն իր մօտ կանչեց եւ աջ թեւին օժանդակութեան ուղարկեց Աֆղանցուն, Դիպուկահարին, Վարժապետին ու Առզօ Ազնաւուրեանին:
– Աֆղանցի՛, տղերքին կը գօտեպնդես, Դիպուկահար` կը նստես կիրճի պռնկին, որպէսզի ծիտը չանցնի կիրճով: Ժողովո՛ւրդ, տղերքին կը փոխանցէք` Հրամանատարն ասում էր` գիտեմ, հնարաւոր չէ անել անհնարինը, բայց յիշէք, որ թիկունքում մեր մայրերն են, հայրերը, քոյրերն ու երեխեքը: Ու մէկ էլ յիշէք երդումը. «… Իսկ եթէ հարկ լինի նաեւ կեանքիս գնով…»:
Հրամանատարի ականջներում ձայները չէին զատւում` ստեղծելով խառնիճաղանճ մետաղեայ ժխոր: Նրան թւում էր, թէ աջ թեւում հակամարտող կողմերը փոփոխական յաջողութեամբ մօտենում են ու հեռանում իրարից: Միւս երկու ուղղութիւններով նա ուժեղացրել էր կրակը, որպէսզի հակառակորդը չկարողանայ աջ թեւի ուղղութեամբ յաւելեալ ուժ առանձնացնել, եւ եթէ սա շեղող մարտավարութիւն էր, ապա ձեռնպահ մնար միւս թեւերի վրայ անակնկալ գրոհների մտադրութիւնից: Երկնքի կենտրոնում դիրքաւորուած արեւը խանձող թիրախի տակ էր առել մարտադաշտը: Կռուողների աչքերի առջեւ մթնում ու լուսաւորւում էր` պատրանք ստեղծելով, թէ իրիկնանում էր: Հրամանատարին թւում էր` կորցնում է ոչ միայն ժամանակի զգացողութիւնը, այլեւ` մարտը զգալու բնազդը: Ճիշդ կէսօրին կապուեց Սիրուն Սամոն ու յայտնեց, որ յատուկ նշանակութեան ջոկատի անակնկալ յարձակումը կասեցուած է, հակառակորդը նահանջում է` հետը տանելով վիրաւորների ու ամենայն հաւանականութեամբ կորուստներ ունի: Մեր կողմից Դանդուռ Արմոն վիրաւորուել է ուսից, իսկ Սեւ Սքեն վազելիս բարձր տեղից վայր է ընկել` ջարդել է ոտքը, բախտը բերել է, որ ձորը չի գլորուել: Վտանգաւոր բան չկայ, երկուսին էլ Ռուզանը վիրակապեց, տարաւ թթանոցի կողմը:
– Հրամանատար,- ասաց Սիրուն Սամոն,- դիմացինի մօտ շփոթ է նկատւում, ես ուզում եմ առաջանալ:
– Սամօ՛, հասանք տուն` հարսանիքիդ քաւոր եմ կանգնելու, յանկարծ ծրագրերս չձախողես, մենք ձեզ թիկունքից կ՛աջակցենք: Ոնց որ հակառակորդի միւս թեւերում էլ առաւօտուայ առիւծները չեն:
Յետոյ մտքում աւելացրեց. «Ցաւներդ տանեմ, տղե՛րք»:
Ուղիղ 15 անց 15 րոպէին կենտրոնի դասակի գնդացրորդը դիրքաւորուեց բլրի գագաթին: Տղերքը արագ տեղ էին հասել եւ արդէն տեղաւորուել էին հակառակորդի խրամատներում` կանխելու համար հնարաւոր հակագրոհը: Ընդհանուր ճեղքումն ապահոված աջ թեւից հակառակորդը վերջնականապէս քաշուեց` տեսնելով, որ յարձակուողները յայտնւում են իրենց թիկունքում եւ կարող են շրջափակման մէջ վերցնել: Ձախ թեւից, ցամաքած առուակի հունով, ականանետի ծանր փողն ուսին, լայն-լայն, դանդաղ-դանդաղ քայլերով բլուրն էր բարձրանում Քեռին, իսկ մի երեք մեթր հեռուից, քեռու ոտնահետքով, գլուխը կախ բարձրանում էր Կախգլուխ Համօն: 15-ն անց 45 րոպէին Հրամանատարը կապուեց գլխաւոր շտաբի հետ եւ զեկուցեց, որ յանձնարարութիւնը կատարուած է, բլուրը գտնւում է մեր հսկողութեան տակ: Դասակների հրամանատարները հակիրճ ու նախնական զեկոյց էին տալիս, Հրամանատարը նայեց շուրջն ու բացագանչեց.
– Երգչին չեմ տեսնում, երգիչն ո՞ւր է: Ո՞վ է տեսել երգչին, ո՞վ մի բան կ՛ասի, ծօ՛, քեզ յանձնարարե՞լ էի աչքդ երգչից չկտրես, խօսիր ի՞նչ էս լալկուել:
– Հրամանատար ջան էնէ իրար կողքի էինք, մեզ հետ կրակում էր, որ հակագրոհն սկսուեց ինքն էլ առաջ վազեց ու… էլ չեմ տեսել:
– Մարտը յաղթեցինք, բայց պատերազմը տանուլ կը տանք,- սառը ասաց Հրամանատարը եւ ձեռքի հեռադիտակը ողջ ուժով հարուածեց գետնին,- մեղաւորը ես եմ, պիտի չզիջէի,-տղաները պապանձուել էին եւ վաղորդայնի շաղի պէս խանդավառութիւնը համբարձւում էր երկինք:
– Ինչ-որ տեղից յայտնուած մի վախեցած թռչուն ստուգողական կանչերով ուզում էր ճշդել` վերադարձե՞լ է արդեօք խաղաղութիւնը: Նրան հեռուից հեգնեց կաղկանձող մի շուն: Ոչ ոք չէր համարձակւում խօսել համրացած հրամանատարի ներկայութեամբ: Հեռւում, աղաւնու չափ երեւացող սպիտակ ձին խաղաղ արածում էր դաշտում, ասես` աշխարհի վրայ ոչ մի արտառոց բան տեղի չէր ունեցել: Լռութիւնը ծանր փռուեց համայնապատկերի վրայ: Անգամ գետը զսպում էր խորը շնչառութիւնը, որը հառաչանք էր յիշեցնում: Այդ պահին կրկին յայտնուած արծուի ամպէ բարձունքներից, իսկ աւելի շուտ գետնի տակից յորդած ու բլուրների, կիրճերի ու անտառների վրայով ալիքուեց մի ձայն.
Գարահիսար լերան լանջին`
Նա էլ ընկաւ վիրաւոր.
Կուրծքը պատռած, սիրտը խոցուած,
Չար թշնամու գնդակով:
Ժայռոտ լերան լերկ կատարից
Վար սլացիր, սէգ արծիւ,
Թեւերդ բաց, լայն թեւերդ
Ու ջիւանուն հով արա:
Ե՜րգիչը, Երգի՜չը, ո՞ղջ ես, Երգի՛չ ջան, բա ո՞ւր ես: Բացագանչեցին ու աղմկեցին տղերքը, ինչ- որ մէկը չդիմացաւ եւ սկսեց օդում կրակահերթեր արձակել:
– Որտե՞ղ ես, Երգի՛չ,- գոռաց Հրամանատարը:
– Ե՛ս ձեր պահած Երգիչը,- լսուեց պատասխանը,- Ձեր քարտէսների վրայ ինչո՞ւ չէք նշում, որ թշնամին մարտադաշտում մոշի թփեր է տեղակայել: Երկու ժամ է տանջւում եմ սրանց մէջ, վրաս սաղ տեղ չմնաց: Հէնց փորձում էի ազատուել բոլորն ինձ վրայ էին կրակում,- ձայնը մի պահ լռեց, բայց դեռ ասելիք ունէր,- թէ չէ Երգչին կարելի է սպաննել, բայց երգը ո՞նց կը սպաննեն, դէ թող սպաննէին էս հինգ հազար տարում:
– Երգի՛չ ջան, բեղիս մազի չափ չեմ կասկածում, որ էս պատերազմը յաղթելու ենք: Ճո՛ւտ, Ճուտն ո՞ւր է, Ճո՛ւտ ուրեմն վազում էս ներքեւ, վերցնում էս մեքենաս, հասնում ես գիւղ, գտնում էս գիւղապետին, ասում ես, որ երկու գառ պիտի մորթի` մէկը յաղթանակը նշելու համար, միւսը մատաղ ենք անելու` բաժանենք: Ասում էս գիւղը պատրաստ պահիր եւ քէֆի ու էսօրուայ ամենակարեւոր միջոցառման համար:
Յետոյ թռնում էս քաղաք, գտնում էս Սրբազանին, իմ անունից ասում էս. «Սրբազա՛ն, մէկ դար լռած եկեղեցու վերաօծումը պիտի անես էսօր, քեզ անձնական խնդրանք` Հրամանատարից: Խնդրում ենք անպայման գաս եւ շատ մոմեր վերցնես հետդ… ինչի՞ էս ծիծաղում, ժպի՛տ, շա՞տ ծիծաղելի բան եմ ասում»:
– Չեմ ծիծաղում, ժպտում եմ, Հրամանատա՛ր: Ախր, ցաւդ տանեմ, դու կարդացած, համարեա բանաստեղծ մարդ էս, էդ որտե՞ղ էս տեսել, որ անզանգ եկեղեցին օծեն ու դեռ ներսում էլ մոմ վառեն:
Այս անգամ երկար ու խորամանկ ժպտաց Հրամանատարը, ժպտաց ու ծիծաղեց բարձրաձայն, յետոյ լրջանալով` ասաց.
Ա՛յ միամիտներ, մեր գիւղից դուրս գալու պահից զանգը Գիւմրիից ճանապարհ է ընկել դէպի գիւղ, մինչեւ Սրբազանը գայ, տեղում կախուած է լինելու: Հէնց Սրբազանը մտաւ գիւղ, զանգը ուժգին խփում էս, Ճո՛ւտ, էնքան բարձր, որ ղօղանջները տարածուեն գիւղի վրայ, գիւղն անցնեն ու տարածուեն էս դաշտերի, էս անտառների, էս գետ ու աղբիւրի վրայ:
Երանի մեզ, տղե՛րք, երանի ինձ, որ էս ամէնը տեսայ: Երանի պապս ողջ լինէր ու ինձանից առաջ մտնէր եկեղեցի, զանգերի աւետիսի հետ մոմերի մաքրող-սրբող լոյսը վառէր հաւատաւոր ժողովրդի հետ…
Ինչ էի ուզում ասել… Հա, Երգի՛չ ջան, խնդրում եմ էս պահին համապատասխան մի բան երգես մեզ համար…
– Չե՛մ երգի,- կտրեց մոշի փշերից ծուատուած Երգիչը,- չեմ երգի մինչեւ ձեռքս աւտոմատ չբռնեմ: Երգիչը աւտոմատը վեր պարզեց, շուռ եկաւ դէպի գիւղը, որտեղից առաւօտեան ջոկատը ճանապարհ էր ընկել, ապա շրջուեց այն կողմը, ուր ծուարած վէրքերն էր լիզում թշնամին եւ Հրամանատարի պէս բեղը ոլորելով կանչեց.
Ախ էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ,
Արարատի գլխին դրօշ պիտի՛ դնենք վաղ թէ ուշ,
Հերթով լինի, երթով լինի, պիտի՛ գնանք վաղ թէ ուշ:
Կորցրեցինք մեր հողերը, երբ մեր ազգը թուլացաւ,
Բահ ու գրիչ շատ սիրելուց զէնք բռնելը մոռացաւ,
Յոյսը միայն Աստծոյ վրայ` սրի դերը ուրացաւ,
Խաչով լինի, գրչով լինի պիտի՛ գնանք վաղ թէ ուշ:
(Շար. 2 եւ վերջ)