ԱՐՄԷՆ ՃԵՆՏԵՐԵՃԵԱՆ
Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան «Քնար» պարախմբի մայիսի 18-ին «Էմիլ Լահուտ» սրահում կայացած ելոյթի առիթով կ՛ուզէի կիսել տպաւորութիւններս ընթերցողների հետ:
Դէպքերի բերումով, մի քանի անգամ ներկայ գտնուեցի «Քնար»-ի անհատական եւ խմբային փորձերին: Ինձ հիացրեց մեր երիտասարդների յամառ եւ տաժանակիր, միեւնոյն ժամանակ սիրով եւ մեծ նուիրումով աշխատելու համբերութիւնը, ամէն ցատկի եւ պտոյտի կատարման, դերասանական վարպետութեան որակն աւելի ու աւելի կատարելագործելու առումով, յատկապէս, եթէ նաեւ նկատի ունենանք պարուսոյցների անզիջում եւ արհեստավարժ պահանջները:
Բարձր ճաշակով եւ արհեստավարժութեան մեծ վարպետութեամբ հայրենի յայտնի պարուսոյցներ Ժակլին Սարխոշեանին ու Կարէն Մակինեանին յաջողուել էր ամենայն մանրամասնութեամբ ընտրել ելոյթի ծրագիրը, որն ընդգրկում էր ոչ միայն հայկական, այլեւ տարբեր ժողովուրդների ազգային պարեր: Ըստ իս, ելոյթի ծրագրի այսպիսի ընտրութիւնը արժեւորւում է նաեւ նրանով, որ երիտասարդ կատարողների մօտ ձեւաւորւում է ամբողջական պատկերացում ինչպէս հայկական, այնպէս էլ տարբեր ազգերի պարարուեստի մասին, որը մեծ դեր ունի ցանկացած արուեստագէտի մտաւոր զարգացման համար: Այս առումով, ուշադրութեան է արժանի պարուսոյցների կողմից հայկական եւ տարբեր ժողովուրդների պարերին բնորոշ կշռոյթի, երաժշտութեան եւ պարային շարժումների յստակ եւ հետաքրքիր բեմականացումը, որն, ի դէպ, ամբողջապէս եւ մեծ վարպետութեամբ կարողացան ներկայացնել մեր հրաշալի երիտասարդները: Յատկապէս կ՛ուզէի ընդգծել ելոյթի ընթացքում ներկայացուած պարերում խորէոգրաֆիական բարդ տարրերի կիրառումը, որն առանձնակի հմայք էր տալիս կատարմանը` ընդգծելով կատարողի վարպետութիւնը: Մի դէպքում կանացի քնքուշ եւ նրբագեղ շարժումներին հակադրւում է տղաների առնական, խրոխտ եւ կրակոտ պարը: Մի այլ դէպքում համադրւում են տղաների ու աղջիկների նոյնատիպ, հաւասարաչափ եւ կտրուկ շարժումները: Աչք շոյող հաճոյքով պիտի նշեմ, որ բոլոր պարերում էլ գերիշխում էր հայկական ոգին, որը բեմից փոխանցւում էր դահլիճ եւ ամփոփւում էր բուռն ու երկարատեւ ծափողջոյններով:
Անպատճառ պէտք է նկատի ունենալ, որ երիտասարդների մեծ մասը, այնուամենայնիւ, ուսանողներ են, կամ աշխատում են, կամ համադրում են այս երկուսը: Եւ այո, «Պարը կեանք է» խորագիրը շատ դիպուկ ընտրուած է հէնց այս երիտասարդների համար, որոնք չնայած բազմազբաղութեանը` պարը ընտրել են որպէս կենսակերպ:
Եւ շաբաթուայ ընթացքում ընդամէնը երկու փորձերի արդիւնքում եթէ սիրողական պարախումբը իր յիսունեօթ անդամներով կարողանում է հասնել այսպիսի բարձրորակ ելոյթի, իսկապէս կարելի է նուաճում համարել:
Յատկանշական է, որ ելոյթի բոլոր պարերի բեմադրութեան ու բեմականացման հեղինակները տէր եւ տիկին Մակինեաններն են:
Այս ամէնի հանրագումարը, բնականաբար, պէտք էր լինէր «Էմիլ Լահուտ» լեփլեցուն սրահում ակնդիրների խանդավառ եւ աւելի քան ջերմ ընդունելութիւնը, որը իմ խորին համոզմամբ, բեմ բարձրացող ցանկացած մէկի արժեւորման եւ գնահատման լաւագոյն ձեւն է եւ երջանկութեան բաղկացուցիչը:
Շատ վստահօրէն, առանց չափազանցելու, «Քնար» պարախմբի այս ելոյթը ես կը գնահատէի երկու բառով. «Պարային հրավառութիւն»:
Անշուշտ շնորհաւորում եւ շնորհակալութիւն եմ յայտնում պետական երեսփոխան Յակոբ Թերզեանին` պարախմբի ելոյթը հովանաւորելու համար: Շնորհաւորում եմ «Քնար» պարախմբի մասնագիտացուած մասնաճիւղի վարչութեանը եւ բոլոր նրանց, ում աշխատանքի շնորհիւ մենք վայելեցինք մի բարձրաճաշակ երեկոյ:
«Քնար» պարախմբին յաջողութիւն եմ մաղթում` յաջորդ հիանալի ելոյթների ակնկալիքով:
23.05.2024


