Տարին աւարտում ենք կեղծիքների եւ շարունակուող անտարբերութեան մէջ մխրճուած: Աւարտում ենք պատմութեան եւ սերունդների առջեւ գլխահակ մեղանչումով: Աւարտում ենք մեր տարածքների անվերադարձ կորստով, տեղահանուած ժողովրդով:
Ի՞նչ պատասխան ենք տալու սերունդներին, ինչպէ՞ս ենք արդարանալու մեր կորուստների համար, մի՞թէ հնարաւոր է արդարանալ:
Ո՞վ է բացայայտելու, կամ ե՞րբ կը բացայայտուեն, մեր ձեռքով թշնամուն նուիրաբերած այն գործարքների իրական մանրամասները, որով կորցրինք սերունդներին պատկանող մեր երկրի կարեւորագոյն հատուածը:
Ճիշդ է, որ ոչինչ գաղտնի է մնում այս արեւի տակ (ինչպէս ասում են), այն էլ` յատկապէս համացանցային այս առաջընթաց բացայայտումներում, սակայն մեր մեծագոյն ողբերգութիւնն այն է, որ Արցախը թշնամուն յանձնած իրական փաստերը ի սկզբանէ արդէն կեղծուած են այն յանձնածների կողմից, եւ բնականաբար այդ հաշուարկուած կեղծն է տեղ գրաւել ե՛ւ մեր ե՛ւ միջազգային փաստաթղթերում:
Բոլորովին պատահական չկարծէք առաջին իսկ օրից նախկինների թունոտ վարկաբեկումը, որ երբ յանձման ժամանակը գար, ժողովուրդը արդէն պատրաստ էր կուրօրէն հաւատալու, որ թշնամու հետ համաձայնեցուած յանձնումը նախկինների գործն էր, եւ ոչ թէ` իրեն հրամանատար անուանող ճղճղան դաւաճանի:
Իսկ թշնամին իր «յաղթանակը» չնսեմացնելու համար վստահաբար հիմնայատակ ոչնչացրած կը լինի բոլոր փաստերը: Նրանց համար արիւնից փոխանցուած սովորոյթ է պատմութեան կեղծիքը, չէ՞ որ այդ կեղծիքներով անյայտութիւնից երկրի տէր դարձան, երկիր նուէր ստացան: Իրենց հայրերի հայր Աթաթուրքը հսկայական դրամ վատնեց իր երկրի արիւնոտ պատմութիւնը կեղծելու, արիւնից մաքրուած նոր պատմութիւն ստեղծելու համար` այն դարձնելով այդ երկրի ուղեցոյցը, եւ որին հաւատարմօրէն, առանց բացառութեան, հետեւում են երկրի իրերայաջորդ իշխանաւորները:
Մենք չկարողացանք մեր բոլոր պատմաբաններով ոչ միայն այդ կեղծիքները բացայայտել, մեր դէմ կատարուած ցեղասպանութիւնը հաստատել, այլ ենթարկուեցինք երկրորդ ցեղասպանութեան, եւ այս անգամ արդէն մենք յանձնեցինք մեր հողերն ու հարստութիւնները նոյն թշնամուն: Յանձնեցինք` առանց խղճի խայթի, մեր լռութեամբ, մեր համակերպուածութեամբ: Մեր դարաւոր իրականը կեղծեցինք, թշնամու պապենական հող համարելով` իրեն նուիրեցինք, երբ այդ թշնամին ոչ պապ է ունեցել, ո՛չ էլ հող, այլ ընդամէնը` մի վարձկան գործակալ մեր հողում:
Հաւանաբար գտնուեն պատմութեան անաչառութեան հետեւորդներ, որոնք կը փորձեն` որպէս յաւելուած, հայոց պատմութեան էջերում տեղադրել իրականութիւնը, որը ցաւօք չի փոխի եղելութիւնը` ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՈՒՍՏԸ:
Մենք պատասխան չունենք տալու սերունդներին ո՛չ Արցախի յանձնման, ո՛չ էլ փաստերի կեղծմման համար: Ինչպէ՞ս տանք, երբ ոչինչ արինք եւ ոչինչ ենք անում կեղծիքներից մաքրուելու համար:
Կարդում եմ միջազգային լուրերը, մեր լրատուութիւնը` մեր արտաքին քաղաքականութեան մասին, միաժամանակ լսում` արտաքին թշնամու պահանջ-յայտարարութիւնը, որը Հայաստանից պահանջում է Ազրպէյճանին խոստացած իր պարտականութիւնների շուտափոյթ կատարում: Աւելի տեղեակներս գիտենք, թէ ի՛նչ պարտականութեան մասին է խօսքը` Սիւնիքի ճանապարհային խոստացեալ միջանցքն է:
Սակայն մեր երկրի ղեկավարը չի բարեհաճում բացատրութիւն տալ, թէ երկրի հաշուին իր խոստացեալ ո՛ր պարտականութիւնների մասին է յոխորտում թշնամին, չէ՞ որ այդ խոստումները ազգային սեփականութեանն է վերաբերւում:
Բացատրութեան փոխարէն, ինչպէս միշտ, մի տխմար արտայայտութիւն է նետում ամբոխին` կրկին թաքցնելով երկրի համար յոյժ վնասակար իր գործարքը:
Դեռ որքա՞ն են շարունակուելու այս զանգուածային կեղծիքը եւ դրա դէմ թմբիրով օրօրուող մեր անտարբեր կեցուածքը:
Երկրի արտաքին գործոց նախարարը լաւատեսութիւն է յայտնում Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանի բացման համար, թութակի նման կրկնելով թշնամու հրամանը իբրեւ համաձայնութիւն «նախ բացել սահմանը եւ յետոյ շարունակել քննարկումը»:
Անշուշտ այլ բան հնարաւոր չէ սպասել:
Յիշո՞ւմ էք, 2009 թ. հոկտ. 10-ին հանրածանօթ ատելի նախկինների օրօք, Ցիւրիխում կնքուելիք հայ-թուրքական համաձայնութիւն-արձանագրութիւնը, որը նոյնպէս «առանց նախապայմանի» վրայ էր հիմնուած, սակայն շնորհիւ սփիւռքի եւ Հայաստանի ժողովրդի միահամուռ կամքի ու նաեւ նախկին նախագահի ժողովրդի կամքը առաջնակարգ ընդունելու պատրաստակամութեան` չեղեալ յայտարարուեց:
Նախկիններին մեղադրողը, նրանց թաղածը այսօր ինքն է կենդանացնում մէկ այլ աւելի վատթար, երկրի համար վտանգաւոր գործարքով, բայց այս անգամ արդէն` ժողովրդի լուռ համաձայնութեամբ: Ուրեմն ընդամէնը 5 տարի էր պէտք ժողովրդին կատարեալ անզգայացնելու համար:
Այսինքն, ի՞նչ կայ որ, նախ կը բացենք սահմանը, թշնամուն կը յանձնենք այն, ինչ որ նա ուզի, ինչպէս Արցախում վարուեցինք, յետոյ կը քննարկենք, կամ ընդհանրապէս չենք քննարկի: Ինչո՞ւ քննարկենք, այսինքն ո՞ւմ հետ քննարկենք, անտարբեր ժողովրդի՞ հետ, որը ժամ առաջ անհամբերութեամբ ուզում է վայելել թուրքական «առատութիւնը»…
Կամ` մի՞թէ 2018-ից սկսած որեւէ հարց է քննարկուել ժողովրդի գիտութեամբ: Միայն հրամցուել են երկրի համար կործանարար վերջնական որոշումները, որը ժողովուրդը դժբախտաբար ընդունել է անտարբեր միաձայնութեամբ:
Վերջերս Ստեփանակերտում թշնամին, այն նոյն թշնամին, որը 30 տարի պատեպատ էր զարնւում, հսկայական դրամ էր վատնում իր ոտքի մի ծայրը Արցախի տարածքը մտցնելու համար, աշխարհում չլսուած միջոցով` սկուտեղի վրայ իրեն մատուցուած «յաղթանակն» էր տօնում, հարիւր հազարաւոր հայ տեղահանուածների, նրանց ստեղծածի, նրանցից խլուածի վրայ, այդ նոյն հրապարակում, ուր ընդամէնը 5 տարի առաջ հայութեան հպարտութիւն զինուորական շքերթն էր իր տողանցքն անում:
Ողջ հայութիւնը անտարբեր համակերպուածութեամբ հետեւեց թշնամու տողանցքին, այնպէս` ինչպէս հետեւեց Շուշիի յանձնումին, հարիւր հազարաւոր Ստեփանակերտի իր հայրենակիցների սուս ու փուս տեղահանութեանը: Այնինչ իր հողում, իր աչքի առջեւ մի նոր, աւելի զարհուրելի ցեղասպանութիւն էր տեղի ունենում, այս անգամ` իր իսկ երկրի ղեկավարի համաձայնութեամբ եւ մասնակցութեամբ:
Անշուշտ թշնամին իր յաղթանակը արժեւորելու համար չի բացայայտելու իր էժան, մի քանի դոլարով գնուած «յաղթանակը», եւ կեղծիքը շարունակուելու է, քանի դեռ գործարքը չի աւարտուել:
Փորձում եմ գտնել այն բացթողումները որը մեր ժողովրդին ոչ միայն այսքան հեշտօրէն պառակտեց, այլ` անգամ իր ապագան կործանողին, թշնամու հետ գործակցելով իր ժողովրդին ցեղասպանութեան ենթարկածին, դեռ շարունակում է որպէս իր երկրի ղեկավար ընդունել, պաշտպանել, հաւատալ նրա կեղծ յայտարարութիւններին:
Ուզում եմ հասկանալ, թէ ինչո՞ւ, ինչպէ՞ս մեր ժողովուրդը, որը ինքնակամօրէն պայքարեց նոյն Արցախի ազատագրման համար, երբեք չվարանեց զոհեր տալուց, 33 տարի պահեց, ծաղկեցրեց իր հրաշք երկիրը, հիմա այսքան անտարբեր ընդունեց եւ մայր հողի այդ նոյն չքնաղ հատուածի` Արցախի կորուստը եւ Ստեփանակերտի մի հրամանով հանգիստ դատարկումը` դարերով իր արմատները այնտեղ խրած ժողովրդից: Կարծես դա իր հողը երբեք չէր եղել, իր հայրենակիցներն այնտեղ չէին ապրել, ինքը երբեք ոտք չէր դրել այնտեղ: Կարծես դա ոչ թէ մեր, այլ հեռաւոր մի անյայտ երկրի մասնիկն էր եղել:
Ուրեմն սուտ էին մեր մեծութիւնների մեր բնազդների մէջ տեղ գտած հայրենասիրութիւնը յղկելու, դաստիարակելու, բանտերից, աքսորից, կախաղանից առաջ, հայրենակարօտ հեռուներից, մինչեւ իսկ անապատներից մեզ յղած պատգամները, իրենց հոգու թելերով հիւսած բանաստեղծութիւնները, իրենց տքնաջան հայրենակարոտ աշխատանքը, որոնք մեծ հպարտութեամբ` մանկապարտէզներից սկսած, դպրոցներում, երեկոներում, մինչեւ իսկ խնճոյքներում զիլ ձայնով հնչեցրինք:
Սուտ է եղել մեծ հպարտութեամբ` ֆիտայական, հերոսական երգերով մեր երիտասարդներին դաստիարակելը: Ի՞նչ եղան դրանք, ո՞ւր մնացին, ինչո՞ւ չարթնացան, կեանք չառան մեր մէջ:
Մի՞թէ մի ձախող խրտուիլակ էր պէտք այդ ամէնը մեր մէջ սպաննելու համար:
Ուրեմն դա արել ենք` միայն խանդավառուելու համար, մակերեսայնօրէն, վայրկեանի ազդեցութեամբ ոգեւորուելու, գինովցած զգացումներին գոհացում տալու, ոչ թէ դրանք մեր հոգու, մեր արեան մէջ ներծծելու, դրանցով ամրանալու, դրանց խորութիւնը հասկանալու, ԴՐԱՆՔ ՄԵՐ ԱՆՑՆԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՈՒՂԵՑՈՅՑԸ ԴԱՐՁՆԵԼՈՒ:
Բայց չէ՞ որ մեր գլխին մեզ բնաջնջած եւ դեռ հիմնայատակ բնաջնջել ցանկացող թշնամու սուրն է կախուած եղել միշտ: Չէ՞ որ մենք դեռ հողային, սահմանային, պահանջատիրական հարցեր ունէինք այդ նոյն թշնամուց: Ինչպէ՞ս, ինչպէ՞ս կարող էինք մեր գոյատեւման երդում չդարձնել մեզ կրթող պատգամները:
Ինչպէ՞ս, ինչպէ՞ս կարողացանք մեր ծոցում հարազատ երկրի դէմ թշնամի բազմացնել եւ մեր անտարբերութեամբ երկրի լիիրաւ տէրը դարձնել մի խումբի, այն էլ` այնպիսի տէր, որ ողջ երկիրը տարածքային, հոգեմտաւոր բոլոր հարստութիւններով անմնացորդ իրենց յանձնեցինք, իրենց սեփականութիւնը դարձրինք` լռութեամբ, խոնարհօրէն ընդունելով նրանց կործանարար բոլոր քայլերը` եւ դեռ շարունակում ենք ընդունել` գիտենալով հանդերձ գալիք մեծագոյն աղէտը` մեր անկախութեան, մեր պետականութեան կորուստը:
Ինչպէ՞ս, ինչպէ՞ս պատահեց, որ ելեկտրոնային այս սրընթաց ժամանակներում, երբ հսկայական ժամանակ ենք վատնում ընկերային ցանցերում հրամցուող սուտ լուրերի իսկութիւնը ճշդելու, մեր երկրում մի ամբողջ ժողովուրդ կուրօրէն հաւատում է հրամցուած խօսքերին եւ պառակտիչ յերիւրանքներին: Եւ ողբերգութիւնն այնտեղ է, որ իսկութիւնը բացայայտողներն են քարկոծւում այդ կոյր հաւատացեալ զանգուածի կողմից: Երկրի տէրերը ամբողջութեամբ դարձել են այդ կոյր, անհայրենիք հաւատացեալները:
Աշխարհի բոլոր ծայրերում ամէն մարդ հնարաւորինս փորձում է պաշտպանուել ինքնութեան (identity thefts) տուեալները գողացողներից, իսկ մենք մեր ինքնութիւնը, այսինքն մեր երկիրը իր բոլոր արժէքներով յանձնել ենք ինքնութեան մեծագոյն աւազակապետներին եւ հանգիստ նստած` դիտում ենք, թէ նրանք ինչպէ՛ս են մեր անունից վատնում, փոշիացնում մեր իրաւունքները` իրենց շահերի համար, ինչպէ՛ս են ոչնչացնում դարերով կերտած մեր ինքնութիւնը:
Մեծագոյն ողբերգութիւնն այն է, որ ողջ համակարգը իրենց ձեռքում պահող ներկայ համակարգի մէջ հնարաւոր չէ գտնել որեւէ օրէնսդիր մարմին, որին կարելի լինի դիմել գոնէ մնացորդացը փրկելու համար:
Յատկապէս այս օրերին, այս հրդեհուած աշխարհում, գէրպետութիւնների այս բացայայտ սանձարձակ աւերում մենք դեռ յոյսով սպասում ենք նրանցից գալիք փրկութեան, այն դէպքում, երբ նրանք փորձում են կուլ տալ մի փոքր ազգի` նրա երկրին տիրանալու համար: Իսկ մենք մեր հրաշք տարածքները թշնամուն զիջելով` անտարբեր մոխրանում ենք մեր իսկ ստեղծած հրդեհում, եւ ոչ մէկիս հոգը չէ:
Եւ բոլորովին պատահական չէ նոյեմբեր 13-ի Էրտողանի` հայերի հասցէին արուած յայտարարութիւնը` «Մեր հողերի մասին երազանքների յետեւից տարիներ շարունակ ընկնելով` Հայաստանը ղարաբաղեան պատերազմի դասը քաղեց եւ տեղն ընկաւ»:
Զայրանո՞ւմ էք, բայց նա ընդամէնը կրկնում է Հայաստանի վարչապետի յայտարարութիւնը, որ Արցախը Ազրպէյճանի տարածք է եղել ի սկզբանէ: Նրա այդ յայտարարութեան ժամանակ ոչ մէկը զայրացաւ, ոչ մէկը այդ պահին ընդմիշտ չլռեցրեց նրան: Ոչ մէկը ընդվզեց, ոչ մէկը հարց տուեց այդ մտային հիւանդին, թէ ինչպէ՞ս է Տիգրանակերտը յայտնուել «նրանց տարածքում», գուցէ Տիգրան Մեծն է այն նուիրել: Չզարմանաք, երբ շուտով Սիւնիքն ու յարակից տարածքները դառնան Նժդեհի կողմից բռնագրաւուած, թշնամուն վերադարձուող տարածքներ:
Սուտը, կեղծիքը արդէն այնպէս են մխրճուել ժողովրդի ուղեղի մէջ, որ անդամալուծել են նրանց ուղեղները, նրանց ինքնասիրութիւնը, ազգային արժանապատուութիւնը:
Այսօր ժողովուրդը ի սպառ մոռացել է ազգային պարտականութիւն կոչուող զգացումն անգամ:
Եթէ ոչ, ապա ինչպէ՞ս է մեր ժողովրդի ինքնասիրութիւնը, ազգային պարտականութիւնը թոյլ տալիս դեռ երկիրը վաճառքի հանողներին հանդուրժել նրանց ներկայութիւնը, նրանց ողորմելի, երկրի համար ամօթալի կերպարանքը:
Թէ՞ անպայման Լեւոն կոչեցեալ մեծագոյն յանցագործն է Արեւմուտքի օգնութեամբ իր գրպանի թափթփուկներից մէկին մեզ պարտադրելու:
Չէ՞ որ իւրաքանչիւր սերունդի վրայ ի վերուստ պարտք է դրուած իրեն յանձնուած երկիրը, ուր իր ծիների իմաստն ու խորհուրդն է ամփոփուած, պահել, պահպանել եւ առաւել զարգացրած, ընդլայնած յանձնել յաջորդ սերունդներին: Իսկ ի՞նչ արինք մենք մեր ունեցած մի կտորը, մեծագոյն կորուստներով ձեռք բերածն անգամ, առանց աչք թարթելու, ոչնչացրինք եւ դեռ ոչնչացնում ենք:
Ճիշդ է, որ զայրանում ենք թշնամու մեզ տուած բնորոշումից` մոռանալով, որ թշնամին աւելի անաչառօրէն է վերլուծում մեզ, քան` ինքներս մեզ: Որովհետեւ մեր ազգային սնապարծութիւնը թոյլ չի տալիս մեզ մեր ցաւոտ բացթողումները ընդունել:
Իրականութիւնն այն է, որ մենք նոյնիսկ մեր երազանքների ետեւից չընկանք, այլ միայն երգեցինք խնճոյքներում, կամ կուսակցութիւնների հաւաքոյթներում, երբեք չերդուեցինք այդ երգերից բխող պատգամը իրականութիւն դարձնել:
Եւ մեր ուղեցոյցը յանձնած մի մարդու, որը մեր կոկորդում խեղդեց նոյնիսկ երազանքով տարուած մեր երգերը, Ստամպուլի փոխարէն Արցախը դարձրեց արեան ծով, եւ որպէս հատուցում ժողովրդի անմնացորդ վստահութեան` նրան նուիրեց մի հսկայ ԵՌԱԲԼՈՒՐ:
Այո՛, թուրքը իրաւունք ունի ծաղրելու մեր երազանքն անգամ, որովհետեւ նա ո՛չ երազում, ո՛չ էլ արթմնի չէր կարող տիրանալ մեր Արցախին, եթէ մենք այսօրուայ ոչնչութեան, ծաղրածուի զոհը չդառնայինք:
Վերջին երեք տարիների իրադարձութիւններում կեղծիքը այնպիսի զանգուածային ուժգնութեամբ է պաշտօնապէս պարտադրւում ժողովրդին, որ նոյնիսկ այսօրուայ ապրողները, այդ կեղծուող իրադարձութիւններին ականատեսներն անգամ դեռ չեն կարողանում, կամ չեն ուզում իրականութիւնը զանազանել հրամցուող կեղծիքից: Չէ՞ որ դա էլ ազնուութիւն ու աշխատանք է պահանջում, չէ՞ որ դա է հայրենասիրութեան հիմքը:
Բնականաբար սերունդները այդ կեղծիքով են ընդունելու Արցախի յանձնումը: Թէեւ այսօրուայ ապրողների համար Արցախի յանձնումը արդէն իսկ մոռացութեան մատնուած եղելութիւն է, իսկ շատերի համար նաեւ` վերջապէս ազատում:
Շատ շուտով այն կը դառնայ հայ զբօսաշրջիկների ցանկալի վայրը, ինչպէս մեր կորցրած Արեւմտահայաստանի շրջանները, ուր կը գնան նաեւ հեռաւոր սփիւռքից անգամ, ինչպէս նախկինում, կը նկարուեն, կը պարծենան իրենց այցելած տեղերով եւ թշնամու վերելքով հիացած` կը վերադառնան ու հանգիստ կը շարունակեն իրենց անտարբեր առօրեան, մոռանալով, որ իրենց հայրենի հողը տնքում է թշնամու շնչից, իր վրայ նրա մահաբեր ներկայութիւնից, նրա ոտքերի վայրագ շփումից:
Կը մոռանան, որ իրենց անտարբերութեան պատճառով թշնամուն կեանքի իրաւունք տուին մեր այդ հրաշք հողերի վրայ: Իրենք կը մոռանան, սակայն մայր հողը երբեք չի մոռանայ, որ իրեն դաւադրաբար յանձնեցին թշնամուն:
Այո՛, այս իշխանութեան ներքոյ մէկ չարաբաստիկ տարի եւս աւարտում ենք մայր հողի կորստով, հարիւր հազարաւոր այդ հողից տեղահանուած ժողովրդով, այդ հողի համար իրենց կեանքը նուիրաբերած հերոսների անվերադարձ բացակայութեամբ` որպէս խարազան եւ որպէս ամօթ ընդունելով մեր ձեռնպահ աջակցութիւնը ներկայ ինքնահռչակ իշխանութեան բոլոր գործողութիւններին:
Տարին աւարտում ենք կեղծիքների մէջ թաւալուած, անյոյս ու անհեռանկար:
1 դեկտ., 2023 թ.