Ես հեռանում էի օտարութեան ճանապարհով.
Մերոնք շշմած էին, անակնկալի էին եկել.
Նայում էին բեկուած, անմխիթար ու լացակում.
Մայրս իր տրտմութեան արցունքներն էր թափում,
Որ լուանամ վէրքերս,
Որ կեանքն էր պատճառել ինձ,
Եւ կը պատճառի այնուհետեւ…
Հրաժեշտիս համբոյրին` ասաց.
«Է չեմ տեսնի քեզ»…
Կարօտս
Դեռ
Սրտումս
Է…
Չգիտեմ հայրս ի՞նչ կ՛ասէր, եթէ լինէր.
Նա մահացել էր տարիներ առաջ.
Ես իմ ափով փակեցի աչքերը,
Որ դեռ նայում էին ինձ
Ու ոչինչ չէին արտայայտում.
Նա գիտէր, որ կողավեր եմ,
Ինքնասածի,
Չեմ լսի իրեն
Ու չեմ անի այն, ինչ ասում է:
Իսկ եղբօրս մեկնումին`
Ասել էր.
«Էլ չե՜ս գայ… էլ չեմ տեսնի…»…
Այդպէս եղաւ:
Ես չգիտեմ,
Արդեօք կ՛ուզէի չհեռանալ:
Այնպէս չէր,
Որ հեռուն կանչում էր ինձ,
Բայց տեղս այլեւս ինձ դուր չէր գալիս,
Թէեւ չէր էլ հրում,
Բայց դաւադրութեան մի անկիւն կար,
Նախանձութիւններ կային,
Որ բացասաբար էին ազդում վրաս,
Եւ ես, գուցէ որպէս պատասխան,
Հեռանում էի:
Դա այնքան էլ համոզիչ չէ:
Ես հեռանում էի իրագործածներիցս,
Որոնցով գոհ էի,
Որ բազմաթիւներն էին գնահատում,
Արժանաւորութեամբ էի երախտապարտ:
Բայց նախանձութեան թոյնն էլ շատ էր:
Ափսոսում էի,
Որ արածներս էլ չեմ անի…
Էլ չեմ լինի
Մեր գերդաստանային հանդէսներում
Եւ ընկերական հաւաքոյթներում…
Ես հեռանում էի օտարութեան ճանապարհով,
Սրտումս տանում էի
Մի ամբողջ աշխարհ:
Հետս տանում էի մօրս արցունքները
Եւ ընտանիքս,
Ահաւոր երկիւղով,
Որ չթափթփեմ օտարութեան ճանապարհում: