Որեւէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակոյթը ոչնչացնելու նպատակով իրականացուած գործողութիւնները ազգային-մշակութային ցեղասպանութիւն են կոչում: Ըստ ցեղասպանութեան եզրոյթի հեղինակ Ռաֆայէլ Լեմքինի, ցեղասպանութիւնը ոչ միայն ազգային կամ կրօնական խմբի վերացումն է ֆիզիքական բնաջնջմամբ, այլեւ` նրա ազգային-հոգեւոր մշակոյթի ոչնչացումը:
Ըստ ցեղասպանագէտների, մշակութային ցեղասպանութիւնը հետապնդում է հիմնականում երկու նպատակ, առաջին` այն վերապրողների հոգու սպանութեան, նրանց հոգեբանական բռնութեան ենթարկելու փորձ է, երկրորդ` այն հետապնդում է բնաջնջուած բնիկ բնակչութեան գոյութեան պատմական հետքերի վերացումը կամ դրանց իւրացումը` ցեղասպանութեան հեղինակների կողմից: Այլ կերպ ասած` մշակութային ցեղասպանութիւնը կոչուած է պայքարելու պատմական յիշողութեան, ազգային ինքնութեան, մարդկային արժանապատուութեան եւ արդարութեան դէմ:
Հայ ժողովուրդը դրա վառ օրինակն է: Հայոց ցեղասպանութեանը յաջորդած տարիներին հանրապետական Թուրքիայում նպատակամղուած ոչնչացուել են Արեւմտեան Հայաստանի լքուած եկեղեցիներն ու վանքերը, հազարաւոր միջնադարեան ձեռագիր մատեանները, զաւթուել է եկեղեցական գոյքը, հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինուել են թուրքականով, ծրագրաւորուած ոչնչացուել են հարիւրաւոր ճարտարապետական յուշարձաններ, կամ չէզոքացուել է դրանց հայկական ինքնութիւնը: Հայկական ճարտարապետական շինութիւնները հետեւողականօրէն պայթեցուել են, որպէս թիրախ օգտագործուել թուրքական բանակի զօրավարժութիւնների ժամանակ: Որոշ գիւղական վայրերում` ցեղասպանութիւնից ի վեր դրանք ծառայում են որպէս գոմ, պահեստ, բանտ:
Հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի դէմ Թուրքիայի բարբարոսական այդ գործելակերպը շարունակւում է նաեւ մեր օրերում, Ազրպէյճանի միջոցով: Քաղաքակիրթ մարդկութիւնը 21-րդ դարասկզբում Ազրպէյճանի կողմից մշակութային ցեղասպանութեան սահմռկեցուցիչ օրինակի ականատեսը եղաւ: Նախիջեւանում 1997-2006 թուականներին պաշտօնական Պաքուն պետական մակարդակով կազմակերպուած լայնածաւալ մշակութային ցեղասպանութիւն կազմակերպեց, որի հետեւանքով ի սպառ վերացան շուրջ 28 հազար մշակութային կառոյցներ, այդ թւում` շուրջ 6 հազար միջնադարեան բացառիկ խաչքարեր:
Իսկ այսօր, երբ Արցախն ընկել ու հայաթափուել է, Ազրպէյճանը բացառիկ հնարաւորութիւն է ստացել իրականացնելու ամբողջական մշակութային ցեղասպանութիւն այն վայրում, որտեղ հայ ժողովուրդն ունեցել է հազարամեակների բնիկ ներկայութիւն, եւ որը համարուել է հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի բնօրրաններից մէկը:
Ազրպէյճանի նպատակն ու ցանկութիւնը յստակ է. հայութեան բարոյալքում, ինքնութեան պարպում, որպէսզի հայ ժողովուրդը վերջնականապէս եւ անվերադարձ մոռանայ Արցախի մասին: Այլ խօսքով` Ազրպէյճանի համար ոչ միայն Արցախի հայաթափումն ու արցախահայութեան հայրենազրկումն է կարեւոր, այլեւ` այն ցաւը, հոգեկան անկումը, որ պէտք է պատճառի ողջ հայութեանը:
«Դեդոն ու Բաբոն», Դադիվանքը, Գանձասարը, Ամարասը, Ղազանչեցոցը, Ծիծեռնավանքը, Տիգրանակերտը, Կատարոյ վանքը, Մայրաբերդը, Կանաչ ժամը (արդէն ամբողջովին աւերուած) եւ հազարաւոր այլ պատմական ու մշակութային եզակի յուշարձաններ կանգնած են ի սպառ վերացման կամ ինքնութեան խեղման վտանգի առջեւ: Դրանից բացի, մենք կանգնած ենք նաեւ հայկական քաղաքակրթութեան անքակտելի մասը համարուող արցախեան մշակոյթի (իր բոլոր բաղադրիչներով հանդերձ) աստիճանական կորստի վտանգի առջեւ, որը ծանր ու անդառնալի հարուած է լինելու հայկական քաղաքակրթութեան եւ մշակոյթի համար:
Սա լուրջ մարտահրաւէր է ողջ հայ ժողովրդի համար: Պէտք չէ նստենք եւ ողբանք, ինչպէս դա յաճախ անում ենք Արեւմտեան Հայաստանի մեր պատմամշակութային ժառանգութեան ոչնչացուած կոթողների եւ արժէքների համար:
Յանուն Արցախի տարուող քաղաքական պայքարին զուգահեռ, մենք պէտք է մէկտեղենք նաեւ մեր բոլոր ջանքերը` կանխելու հայկական քաղաքակրթութեան դէմ հերթական մշակութային ցեղասպանութիւնն, այս անգամ` Արցախում: Ծրագրաւորուած ու նպատակային կերպով մենք պէտք է ստիպենք ՄԱԿ-ի մասնագիտացուած կառոյցներին եւ միջազգային համապատասխան կազմակերպութիւններին գործնական յստակ քայլեր ձեռնարկելու` կանխելու համար 2020 թուականից ի վեր ազրպէյճանցիների կողմից Արցախում ծաւալուած մշակութային ցեղասպանութիւնը: Այլապէս, ձեւական բնոյթի յայտարարութիւնները (ինչպիսիք են Արցախի հայաթափման եւ Ազրպէյճանի գործողութիւնները դատապարտող մերօրեայ յայտարարութիւնները) չեն կարող կանխել Արցախին սպառնացող մշակութային աղէտը:
Սա ողջ հայութեան համար ոչ պակաս օրակարգային առաջնահերթութիւն է, եթէ, ի հարկէ, ցանկանում ենք մի օր վերադարձնել Արցախը:
Պատմական ու մշակութային կոթողներն այն վաւերագրերն են, որոնք վկայում են որեւէ տարածքի պատկանելիութեան մասին: Հայոց ցեղասպանութիւնից մէկ դար անց էլ Թուրքիան դեռեւս փորձում է ազատուել Արեւմտեան Հայաստանի բռնագրաւեալ տարածքների հայկական հետքերից: Նոյն կերպ եւ աւելի նպատակային գործում է Ազրպէյճանն Արցախում: Եթէ չկանխենք այդ գործընթացն այսօր, ապա ընդամէնը մի քանի տասնամեակ անց «քաղաքակիրթ աշխարհը» չի էլ յիշի Արցախի հայկական պատկանելիութեան մասին: Վկան` Նախիջեւանը: